National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.6.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
26.06.2024
Հայկական հնագույն պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը մշակութային ողբերգություն է, միջազգային օրենքի, մարդու իրավունքների կոպտագույն խախտում. Հայկ Մամիջանյան
1 / 1

Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Հարգելի՛ գործընկերներ,

Ես կցանկանայի լրացնել Հարավային Կովկասին վերաբերող հատվածում զեկուցողի կողմից ներկայացված փաստերը, քանի որ հայկական հարուստ ու հնագույն պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը ոչ միայն մշակութային ողբերգություն է, այլեւ միջազգային օրենքի եւ մարդու իրավունքների կոպտագույն խախտում:

Հայ մշակութային ինքնությունն իր խոր արմատներն ունի Հարավային Կովկասի պատմության մեջ: Այնուամենայնիվ, այս ժառանգությունը հետզհետե ավելի ու ավելի է վտանգվում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում:

Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը (Caucasus Heritage Watch), որն իրականացնում է հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության մշտադիտարկում, խնդրի վերաբերյալ ներկայացրել է համապարփակ զեկույցներ: 2023 եւ 2024 թվականներին կազմակերպության կողմից հրապարակված զեկույցներում ընդգծվում են հետեւյալ առանցքային միջադեպերը:

  • Սբ. Եղիշե Առաքյալի վանք: 9-րդ դարի հայկական այս վանքը զգալիորեն վնասվել է: 2023 թվականի լուսանկար-ապացույցից երեւում է, որ հեռացվել են հայերեն գրությունները եւ պղծվել կրոնական խորհրդանիշները: Գրությունների ու խորհրդանիշների ոչնչացումը սովորական երեւույթ է դարձել 2020 թվականի պատերազմի հետեւանքով Ադրբեջանի տիրապետության տակ հայտնված տարածքներում:
  • Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի: Խորհրդանշական տաճար, որը ենթարկվել է հրթիռակոծության Լեռնային Ղարաբաղի 2020 թվականի պատերազմի ժամանակ: Չնայած եկեղեցու պաշտպանությանն ուղղված միջազգային կոչերին՝ 2023 թվականին ոճրագործությունը շարունակվեց: Արբանյակային լուսանկարահանումը փաստում է պատմամշակութային ժառանգության այս կոթողի լրջագույն փոփոխությունների ու վնասների մասին: Մի շարք աղբյուրների պնդմամբ Ադրբեջանը փորձ է կատարում եկեղեցուց սրբել, ջնջել հայկական հետքը՝ վերածելով այն մեկ այլ՝ այսպես կոչված «ալբանական» եկեղեցու:
  • Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Կանաչ ժամ): Շուշիում տեղակայված այս եկեղեցին բազմիցս ենթարկվել է վանդալիզմի: 2023 թվականին ստացված հաղորդագրությունները ցույց են տալիս, որ եկեղեցու գմբեթն ու խաչը հանվել են, իսկ եկեղեցու ներքին հարդարանքը՝ պղծվել:
  • Սբ. Աստվածածին եկեղեցի: Մեկ այլ նշանակալից վայրը՝ Լեռնային Ղարաբաղի Հադրութ շրջանի Սբ. Աստվածածին եկեղեցին, վերափոխվել է եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել մզկիթի: Այս միջոցով ջնջվել է եկեղեցու հայկական ու քրիստոնեական ժառանգությունը:

Ադրբեջանի իշխանություններն այսքանով չեն սահմանափակվելու: Նրանք կանգ չառան մինչեւ Լեռնային Ղարաբաղում չիրականացրեցին ամբողջական էթնիկ զտում, որտեղ այս պահին որեւէ հայ չկա: Վստահ եմ, որ վաղ, թե ուշ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը կիրացվի ճիշտ այնպես, ինչպես 5 անգամ համաձայնեցվել ու հայտարարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից: Ադրբեջանի իշխանությունները պարզապես սարսափում են դրանից եւ ճիշտ են անում՝ պիտի վախենան: Նրանք այդ վախը վերափոխում են ագրեսիայի, որն ուղղում են մարդկանց, վանքերի ու մշակութային այլ արժեքների դեմ:

Մշակութային ժառանգության պահպանությունը հավաքական պատասխանատվություն է: Պաշտպանելով հայկական ժառանգությունը՝ մենք պաշտպանում ենք մշակութային բազմազանությունը, սատար կանգնում պատմական ամբողջականությանը եւ միջազգային իրավունքին: Եկեք միասնական լինենք բոլոր ազգերի մշակութային ինքնությունը պաշտպանելու ու պահպանելու մեր հանձնառության մեջ՝ երաշխավորելով, որ պատմությունը, որքան էլ խոցելի լինի, երբեք չի մոռացվի»,- ասել է  ԱԺ պատգամավորը: