ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 7-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանի խոսքով առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթում բովանդակային փոփոխություն չի կատարվել: Իրականացվել է միայն մեկ տեխնիկական փոփոխություն:
Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
Պատգամավորը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության առաջարկությամբ նախագծում կատարվել են տեխնիկական փոփոխություններ:
Քննարկված օրենսդրական նախաձեռնություններն արժանացել են հանձնաժողովի հավանությանը:
Հեղինակի բացակայության հիմքով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը: