Նախագծերի փաթեթի ընդունմամբ կկանոնակարգվեն հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները, կստեղծվեն համապատասխան իրավական հիմքեր` հարկային մարմնին հարկային հսկողության շրջանակում օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվության տրամադրման համար. այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:
««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 5-ի նիստում:
«Տեղեկատվություն ստանալու համար մեզ անհրաժեշտ է, որպեսզի այդ օրենքներում կատարվեն բացառություններ` հարկային մարմիններում տեղեկատվություն տրամադրելու առումով»,- մասնավորեցրել է Արթուր Մանուկյանը` հավելելով, որ առաջարկվող փոփոխություններով լիցենզավորված անձինք հարկային մարմնին իրավասու կլինեն բացահայտելու նաեւ սպառողների նույնականացնող տվյալները եւ տրամադրել տեղեկատվություն: Տեղեկատվության ցանկը եւ տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:
Հարկային արդյունավետ վարչարարություն իրականացնելու, ծախսերի իրական ծավալի վերաբերյալ տեղեկատվություն, որոշակի ինֆորմացիոն բազա ստանալու անհրաժեշտությամբ առաջարկվել է կողմ քվեարկել նախագծին:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: