Armenian      
Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.06.2024
Հոդված 1. «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-75-Ն օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին հոդվածով.

«Հոդված 8.1. Կենսաթոշակային խնայողությունների տեղափոխումը Հայաստանի Հանրապետությունում գործող կուտակային կենսաթոշակային ֆոնդեր

1. Անձը (այդ թվում՝ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված՝ փախստական ճանաչված անձը), որի համար (օգտին) Հայաստանի Հանրապետությունում գրանցված ներդրումային ֆոնդում (այսուհետ՝ այլ ներդրումային ֆոնդ), բացառությամբ Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակում գործող կուտակային կենսաթոշակային ֆոնդերի, կատարվել են կուտակային հատկացումներ, կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման հետ կապված ընթացակարգերը սահմանվելուց (նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց) հետո՝ երեք ամսվա ընթացքում, կարող է դիմել իր կենսաթոշակային խնայողությունները Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային համակարգ տեղափոխելու համար: Այս դեպքում տվյալ ներդրումային ֆոնդի՝ անձին պատկանող փայերը մարվում են, եւ դրա արդյունքով ստացված գումարը փոխանցվում է նրա ընտրած պարտադիր կենսաթոշակային ֆոնդին:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում անձի կողմից կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման համար դիմում չներկայացվելու դեպքում այլ ներդրումային ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմատիվ իրավական ակտով սահմանված ժամկետում մարում է անձին պատկանող՝ այլ ներդրումային ֆոնդի փայերը, եւ դրա արդյունքով ստացված գումարը փոխանցում է այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդին, որն իր ակտիվների կառուցվածքով ամենամոտն է տվյալ ներդրումային ֆոնդի ակտիվների կառուցվածքին:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը յուրաքանչյուր անձի համար կատարված փոխանցման դիմաց տվյալ անձի անվամբ բացված կենսաթոշակային հաշվին է փոխանցում համապատասխան պարտադիր կենսաթոշակային ֆոնդի՝ փոխանցված գումարին համարժեք քանակով փայեր՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով:

4. Կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման դիմումի հիման վրա կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը անձի համար բացում է կենսաթոշակային հաշիվ, եթե նրա համար արդեն իսկ առկա չէ կենսաթոշակային հաշիվ:

5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով պարտադիր կենսաթոշակային ֆոնդին միջոցների փոխանցումը չի համարվում անձի կողմից (համար) կենսաթոշակային ֆոնդի ընտրություն:

6. Մահացած անձի կենսաթոշակային խնայողությունները տեղափոխվում են Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային համակարգ՝ սույն հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ գործում է մինչեւ անձին պատկանող՝ այլ ներդրումային ֆոնդում փայերի մարման արդյունքով ստացված գումարը պարտադիր կենսաթոշակային ֆոնդին փոխանցելու՝ ներդրումային ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողի համար սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված նորմատիվ իրավական ակտով սահմանված ժամկետը լրանալուն հաջորդող օրը:

2. Սույն օրենքից բխող՝ կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման հետ կապված ընթացակարգերը սահմանող նորմատիվ իրավական ակտը կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

21.06.2024
Երեւան
ՀՕ-259-Ն