Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«4. Հանրապետության Նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը չի կարող գերազանցել 6-ը, իսկ դրանց թվաբանական միջինը՝ 3.5-ը:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետի ա. ենթակետում «տոնական օրերին» բառերը փոխարինել «օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական եւ հիշատակի օրերին» բառերով, իսկ «զինվորական, քրեակատարողական եւ փրկարար ծառայության, առանձնակի ռիսկայնության, ինչպես նաեւ հատուկ մասնագիտացման առանձնահատկություններով պայմանավորված`» բառերը փոխարինել «զինվորական, քրեակատարողական եւ փրկարար ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, ինչպես նաեւ առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնելու համար» բառերով.
2) 1-ին մասի 2-րդ կետի բ. ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«բ. հավելավճար` սույն ենթակետում նշված պայմաններից որեւէ մեկի կամ դրանցից մի քանիսի, այն է՝ դասային, դիվանագիտական աստիճանների, տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու, կոչումների, աշխատանքային եւ (կամ) ծառայության ստաժի, օտար լեզուների իմացության, Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի պաշտոն զբաղեցնելու համար պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացում կամ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների, ինչպես նաեւ ազգային անվտանգության մարմիններում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների), Պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների, ոստիկանության ծառայողների (բացառությամբ ոստիկանության պետի պաշտոն զբաղեցնող ծառայողի), փրկարար ծառայության տնօրենի տեղակալների, փրկարարական ծառայողների, քրեակատարողական ծառայողների եւ պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար կամ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների որակավորման համար՝ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում կամ Պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականի գնահատման հիման վրա՝ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում.»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 6.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6.1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներին, ինչպես նաեւ ազգային անվտանգության մարմիններում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողներին (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների), Պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողներին, ոստիկանության ծառայողներին (բացառությամբ ոստիկանության պետի պաշտոն զբաղեցնող ծառայողի), փրկարար ծառայության տնօրենի տեղակալներին, փրկարարական ծառայողներին, քրեակատարողական ծառայողներին եւ պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար կամ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին օրենքով սահմանված կարգով ատեստավորման արդյունքներով որակավորման համար տրվում է հավելավճար, որը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացման միջոցով:».
2) 6.2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.
3) 7-րդ մասից հանել «ինչպես նաեւ սույն հոդվածի 6.2-րդ մասով սահմանված,» բառերը:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասում «տոնական օրերին» բառերը փոխարինել «օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական եւ հիշատակի օրերին» բառերով.
2) 3.1-ին մասում «տոնական օրերին» բառերը փոխարինել «օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական եւ հիշատակի օրերին» բառերով, հանել «, եթե դրանք չեն կարգավորվում սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերը:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասում «գործունեության ոլորտով պայմանավորված ռիսկայնությունից ելնելով» բառերը փոխարինել «որպես առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձի» բառերով:
Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասում եւ 16.1-ին հոդվածի 3-րդ մասում «առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված եւ մասնագիտացում պահանջող» բառերը փոխարինել «առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող» բառերով:
Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով, 19-րդ հոդվածի 1.1-ին, 2-րդ, 3-րդ, 3.1-ին մասերով, 20-րդ հոդվածով, 21-րդ հոդվածով, 22-րդ հոդվածի 1-8-րդ մասերով, 24-րդ, 25-րդ հոդվածներով սահմանված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական, պրոբացիայի եւ փրկարար ծառայության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունների վրա:».
2) 5.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5.1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներին, ինչպես նաեւ ազգային անվտանգության մարմիններում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողներին (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների), Պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողներին, ոստիկանության ծառայողներին (բացառությամբ ոստիկանության պետի պաշտոն զբաղեցնող ծառայողի), փրկարարական ծառայողներին, քրեակատարողական ծառայողներին եւ պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար կամ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին ատեստավորման արդյունքներով որակավորման համար տրվում է հավելավճար, որի չափը եւ վճարման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սույն մասով սահմանված հավելավճար հաշվարկելու դեպքում պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներին, ոստիկանության ծառայողներին (բացառությամբ ոստիկանության պետի պաշտոն զբաղեցնող ծառայողի), ինչպես նաեւ փրկարարական ծառայողներին եւ քրեակատարողական ծառայողներին սույն օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը եւ պայմանագրային զինվորական ծառայության, ոստիկանության ծառայության, քրեակատարողական ծառայության, փրկարար ծառայության պաշտոնի համար սահմանված հավելումները չեն հաշվարկվում:».
3) 5.2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Պետական ծառայողի համար պաշտոնային դրույքաչափը հաշվարկելիս 19-րդ հոդվածի 1.1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված դրույթները գործում են, եթե պետական ծառայության ստաժի ընդմիջումը չի գերազանցում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը, կամ եթե պետական ծառայողը պաշտոնից ազատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հանրային ծառայության պաշտոն (պաշտոններ) կամ պետական պաշտոն (պաշտոններ): Ընդ որում, պետական ծառայության պաշտոնից ազատվելուց հետո հանրային ծառայության պաշտոն կամ պետական պաշտոն զբաղեցնելու եւ հանրային ծառայության պաշտոնից կամ պետական պաշտոնից ազատվելուց հետո պետական ծառայության պաշտոնի նշանակվելու ժամանակահատվածը չպետք է գերազանցի մեկ ամիսը: Հանրային ծառայության պաշտոն (պաշտոններ) զբաղեցնելու ժամանակահատվածը հիմնական աշխատավարձի բնականոն աճի մեջ չի հաշվարկվում:»:
Հոդված 10. Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասում «աշխատակազմի ղեկավարի» բառերը փոխարինել «գլխավոր քարտուղարի» բառերով:
Հոդված 11. Օրենքի 25-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին յուրաքանչյուր աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի համար հիմնական արձակուրդային վճարից (միջին աշխատավարձից) բացի, մեկ անգամ տրվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար՝ իր միջին ամսական աշխատավարձի չափով: Ընդ որում, մեկ օրացուցային տարվա ընթացքում պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տրվում է մեկ անգամ:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին, 3.2-րդ եւ 3.3-րդ մասերով.
«3.1. Պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի ամենամյա արձակուրդը կամ դրա մասը հաջորդ աշխատանքային տարի տեղափոխելու դեպքում լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տրվում է տվյալ աշխատանքային տարվա վերջում:
3.2. Պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տրվում է տվյալ աշխատանքային տարվա վերջում նաեւ այն դեպքում, եթե տվյալ օրացուցային տարում նրան արդեն վճարվել է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար:
3.3. Պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի աշխատանքից ազատման դեպքում՝
1) լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տրվում է տվյալ աշխատանքային տարում ձեռք բերված արձակուրդի իրավունքին համապատասխան (հասանելիք արձակուրդի օրերի համար).
2) նրան վճարված հիմնական եւ լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարները չաշխատած ամիսների համամասնությամբ պահվում կամ գանձվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով, եթե պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձն աշխատանքից ազատվում է մինչեւ այն աշխատանքային տարվա ավարտը, որի համար նրան տրամադրվել է ամենամյա արձակուրդ:»:
Հոդված 12. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում «տոներին» բառը փոխարինել «ոչ աշխատանքային տոնական» բառերով, «պայմաններում վարձատրության» բառերից հետո լրացնել «, աշխատավարձի ժամկետանց վճարման» բառերով:
Հոդված 13. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասից հանել «(բացառությամբ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվից պաշտոն զբաղեցնող անձի)» բառերը:
Հոդված 14. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված՝ մեկ օրացուցային տարվա ընթացքում լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը մեկ անգամ տրամադրելու, ինչպես նաեւ ամենամյա արձակուրդը կամ դրա մասը հաջորդ աշխատանքային տարի տեղափոխելու դեպքում լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տվյալ աշխատանքային տարվա վերջում տրամադրելու վերաբերյալ դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նոր սկսվող աշխատանքային տարիների ամենամյա արձակուրդների տրամադրման հետ կապված հարաբերությունների վրա:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հանրապետության Նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը համապատասխանաբար սահմանում են այդ մարմինների աշխատակազմերի ղեկավարները: Միեւնույն ժամանակ Օրենսդիրը նախատեսել է սահմանային կարգավորումներ առ այն, որ վերը թվարկված մարմիններում քաղաքացիական աշխատանք եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ամսական աշխատավարձի ֆոնդը հաշվարկվում է բազային աշխատավարձի կրկնապատիկի եւ այդ աշխատողների թվի արտադրյալով: Մյուս կողմից՝ այլ պետական մարմիններում քաղաքացիական աշխատանք եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու լիազորությունն Օրենսդիրը պատվիրակել է Կառավարությանը՝ առանց ամսական աշխատավարձի ֆոնդի հաշվարկման սահմանային կարգավորումներ նախատեսելու:
Ակնհայտ է, որ այս կատեգորիայի աշխատողների վարձատրության չափը համապատասխան մարմինների աշխատակազմերի ղեկավարներին պատվիրակելով՝ Օրենսդիրը՝ վարձատրության ֆոնդի սահմանաչափ է նախատեսել՝ զսպելու համար միանձնյա որոշումների արդյունքում վարձատրության համակարգում խզվածքներ առաջանալու ռիսկը եւ հավասարակշռելու պետական եւ մասնավոր հատվածում համադրելի աշխատանքների համար վարձատրության չափերը:
Անհրաժեշտ է ընդգծել, որ նշված կարգավորումները գործում են 2014 թվականից ի վեր, եւ երբեւէ չեն վերանայվել:
Վերոգրյալի հաշվառմամբ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է համահարթեցնել ստեղծված իրավիճակը՝ աշխատավարձի ֆոնդի հաշվարկման կարգավորումների փոխերեն նախատեսել նշված մարմիններում այդ կատեգորիայի աշխատողների վարձատրության չափը սահմանելու համար գործակիցների առավելագույն շեմ՝ 6 գործակից, միեւնույն ժամանակ՝ գործակիցների թվաբանական միջին մեծություն սահմանելով՝ 3.5 գործակիցը:
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով 2022-2023 թվականներին մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներին, ինչպես նաեւ ազգային անվտանգության մարմիններում (այդ թվում՝ պետական պահպանության ծառայությունում) զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողներին, ոստիկանության ծառայողներին, փրկարար ծառայության տնօրենի տեղակալներին, փրկարարական ծառայողներին, քրեակատարողական ծառայողներին եւ պրոբացիայի ծառայության ծառայողներին ատեստավորման արդյունքներով որակավորման համար հավելավճարներ նախատեսվեցին: Համապատասխան օրենքների փոփոխությունների արդյունքում «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջացել են նույնաբովանդակ դրույթների անհարկի կրկնություններ: Դրանով պայմանավորված՝ Նախագծով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ. ենթակետը, 7-րդ հոդվածի 6.1-ին մասը եւ 16-րդ հոդվածի 5.1-ին մասը: Առաջարկվում է նաեւ ուժը կորցրած ճանաչել Օրենքի 7-րդ հոդվածի 6.2-րդ մասը եւ 16-րդ հոդվածի 5.2-րդ մասը, ինչպես նաեւ խմբագրական բնույթի փոփոխություն կատարել 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ա. ենթակետում:
Նախագծով առաջարկվում է փրկարար ծառայության տնօրենի տեղակալներին ատեստավորման արդյունքներով որակավորման համար տրվող հավելավճարի վերաբերյալ կարգավորումը հանել Օրենքի 16-րդ հոդվածից, քանի որ նրանք փրկարար ծառայության ծառայողներ չեն հանդիսանում, իսկ նրանց հավելավճարների տրամադրմանը վերաբերող դրույթ սահմանված է նաեւ Օրենքի հասկացություններում եւ 7-րդ հոդվածի 6.1-ին մասում:
Նախագծով առաջարկվում է նաեւ ուժը կորցրած ճանաչել Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 8-րդ հոդվածի 3.1-ին մասից հանել «, եթե դրանք չեն կարգավորվում սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերը: Մասնավորապես Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է հետեւյալը. «Առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձանց դրույքաչափերը սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով՝ հաշվի առնելով սույն օրենքի 13-րդ, 14-րդ, 14.4-րդ, 16.1-ին հոդվածներով եւ սույն մասով նախատեսված առանձնահատկությունները: Առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող պաշտոններում, առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ: Սույն մասով սահմանված հավելումների վճարման չափերը, կարգը, ինչպես նաեւ առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բացառությամբ սույն հոդվածով, 13-րդ եւ 14.4-րդ հոդվածներով սահմանված դեպքերի:»: Այս առումով հարկ է նշել, որ Օրենքի 13-րդ, 14-րդ, 14.4-րդ, 16.1-ին հոդվածներով պաշտոնային դրույքաչափերի սահմանման առանձնահատկություններ սահմանված չեն, այլ համապատասխան հոդվածներով մի խումբ պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար սահմանված են հավելումների վճարման պայմաններ: Բացի այդ, Կառավարության 2023 թվականի մայիսի 25-ի N 792-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի «Առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը, կարգը, ինչպես նաեւ առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը սահմանելու մասին» N 446-Ն որոշումը:
Օրենքի 20-րդ հոդվածում առաջարկվում է կատարել լրացում, որով պետական ծառայողների համար կսահմանվի երաշխիք առ այն, որ նրանց պետական ծառայության վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը որոշող գործակցի մակարդակը հաշվի կառնվի նաեւ այն դեպքերում, եթե պետական ծառայողը պաշտոնից ազատվելուց հետո զբաղեցնի պետական պաշտոն եւ այդ պաշտոնից ազատվելուց հետո պետական ծառայության պաշտոնում նշանակվելու ժամանակահատվածը չգերազանցի մեկ ամիսը:
Օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ հիմնական արձակուրդային վճարից բացի, պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին վճարվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` իր միջին ամսական աշխատավարձի չափով: Աշխատանքից ազատվելու դեպքում միանվագ արձակուրդային վճարը տրվում է փաստացի աշխատած ամիսներին համամասնորեն:
Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է խտրականության արգելքի սկզբունքին՝ արտահայտելով, մասնավորապես, հետեւյալ իրավական դիրքորոշումները.
1) «. պետության պոզիտիվ սահմանադրական պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում՝ պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում՝ կխախտվեն ոչ միայն հավասարության, խտրականության արգելման, այլ նաեւ իրավունքի գերակայության եւ իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքները» (ՍԴՈ-731),
2) «Սահմանադրական դատարանը խտրականության արգելման սկզբունքի շրջանակներում թույլատրելի է համարում օբյեկտիվ հիմքով եւ իրավաչափ նպատակով պայմանավորված ցանկացած տարբերակված մոտեցում: Խտրականության արգելման սկզբունքը չի նշանակում, որ միեւնույն կատեգորիայի անձանց շրջանակում ցանկացած տարբերակված մոտեցում կարող է վերածվել խտրականության: Խտրականության սկզբունքի խախտում է հանդիսանում այն տարբերակված մոտեցումը, որը զուրկ է օբյեկտիվ հիմքից եւ իրավաչափ նպատակից» (ՍԴՈ-881),
3) «. խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսեւորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես՝ նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ (ՍԴՈ-1224):
Նախագծով առաջարկվում է Օրենքի 25-րդ հոդվածում սահմանել, որ մեկ օրացուցային տարվա ընթացքում պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տրամադրվում է մեկ անգամ, քանի որ պետական բյուջեով, մեկ ֆինանսական տարվա համար յուրաքանչյուր աշխատողի համար հատկացվում է մեկ միանվագ արձակուրդային վճարի գումար: Նույն հոդվածում առաջարկվում է նաեւ սահմանել, որ լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին տրամադրվում է աշխատանքային տարվա վերջում, եթե նա արձակուրդը տեղափոխում է հաջորդ աշխատանքային տարի, կամ, եթե տվյալ օրացուցային տարում նրան արդեն վճարվել է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար: Առաջարկվող կարգավորմամբ հնարավոր կլինի կանխել պետական բյուջեի վրա առաջացող ֆինանսական բեռը, որը ձեւավորվում է արձակուրդների չօգտագործման հետեւանքով:
Միեւնույն ժամանակ հիմք ընդունելով խտրականության արգելքի սկզբունքին վերաբերող՝ Սահմանադրական դատարանի (ՍԴՈ-731), (ՍԴՈ-881), (ՍԴՈ-1224) որոշումներում արտահատված դիրքորոշումները, Օրենքի 25-րդ հոդվածը առաջարկվում է լրացնել 3.3-րդ մասով եւ հստակեցնել միանվագ արձակուրդային վճարի հետգանձման դեպքերը, այն է՝ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի աշխատանքից ազատման դեպքում նրան վճարված հիմնական եւ լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարները չաշխատած ամիսների համամասնությամբ պահվում կամ գանձվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով, եթե պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձն աշխատանքից ազատվում է մինչեւ այն աշխատանքային տարվա ավարտը, որի համար նրան տրամադրվել է ամենամյա արձակուրդ:
«Հանրային ծառայության մասին» օրենքին համապատասխանությունը ապահովելու նպատակով առաջարկվում է նաեւ Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասում «աշխատակազմի ղեկավարի» բառերը փոխարինել «գլխավոր քարտուղարի» բառերով: Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասից առաջարկվում է հանել քաղաքացիական ծառայողներին վերաբերող կարգավորումը, քանի «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքի կարգավորումների համաձայն ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձը եւս հանդիսանում է քաղաքացիական ծառայող եւ Օրենքի 28-րդ հոդվածի կարգավորումներն այեւս կիրառելի չեն քաղաքացիական ծառայողների նկատմամբ:
2. Կարգավորման նպատակը
Նախագծային կարգավորումներով շտկվում են Օրենքի բազմաթիվ փոփոխությունների արդյունքում որոշ դրույթներում առաջացած եզրութաբանական, շարահյուսական բնույթի սխալները, Օրենքի 9-րդ եւ 16-րդ հոդվածների բովանդակությունը համապատասխանեցվում է այդ հոդվածների վերնագրերին:
Նախագծով պետական ծառայողների համար սահմանվում է երաշխիք պետական ծառայությունում աշխատած տարիների համար բնականոն աճի միջոցով գործակցի մակարդակը պահպանել նաեւ այն դեպքերում, երբ պետական ծառայողը պաշտոնից ազատվելուց հետո զբաղեցնում է պետական պաշտոն եւ այդ պաշտոնից ազատվելուց հետո պետական ծառայության պաշտոնում նշանակվելու ժամանակահատվածը չի գերազանցում մեկ ամիսը:
Նախագծով առաջարկվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին տրամադրել տվյալ աշխատանքային տարվա վերջում այն դեպքերում, երբ նրա ամենամյա արձակուրդը կամ դրա մասը տեղափոխվել է հաջորդ աշխատանքային տարի կամ եթե տվյալ օրացուցային տարում նրան արդեն վճարվել է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար: Նախագծով առաջարկվող կարգավորմամբ կնվազեցվեն այն դեպքերը, երբ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքից ազատման պարագայում կանխավճարով վճարված արձակուրդային գումարների հետգանձումները սահմանափակող դեպքերում պետական բյուջեին վնասներ են հասցվում:
Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանեցվում է «Հանրային ծառայության մասին» օրենքին, իսկ Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանեցվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքին:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագծերի փաթեթը մշակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում Օրենքից կհանվեն անհարկի կրկնություններ բովանդակող դրույթները, Օրենքում տարբեր հոդվածներում կիրառվող եզրույթները կհամապատասխանեցվեն, շարահյուսական բնույթի սխալները կշտվեն, ինչպես նաեւ 9-րդ եւ 16-րդ հոդվածների վերնագրերը կհամապատասխանեցվեն դրանց բովանդակությանը:
Նախագծով պետական ծառայողների համար կսահմանվի երաշխիք առ այն, որ նրանց պաշտոնային դրույքաչափը հաշվարկելիս 19-րդ հոդվածի 1.1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված դրույթները կգործեն նաեւ այն դեպքում, երբ պետական ծառայողը պաշտոնից ազատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում զբաղեցնի պետական պաշտոն (պաշտոններ):
5.Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության եւ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի եւ եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ