Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-952-25.10.2024-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը սահմանում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության հիմնական սկզբունքները եւ կարգավորում է այդ ոլորտում պետական աջակցության իրականացման համակարգի ձեւավորման եւ գործունեության հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենսդրությունը

1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից եւ այլ իրավական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) բարձր տեխնոլոգիաներ՝ նոր հնարավորությունների, տեղեկատվության, գիտելիքի, փորձի, նյութական միջոցների ամբողջություն, որը միտված է տնտեսությունում մրցունակ արտադրանք մշակելուն, ստեղծելուն, արտադրելուն, եւ որի հիմքում դրված են գիտատեխնիկական նորարարությունները, ներառյալ՝ տեղեկատվական տեխնոլոգիաները.

2) տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ համակարգչային հիմքի վրա, մասնավորապես ծրագրային ապահովման, սպասարկման կամ կառավարման տեղեկատվական համակարգեր, ինչպես նաեւ բոլոր ձեւաչափերով տեղեկատվություն, ներառյալ` տվյալներ, պատկերներ (շարժական, անշարժ) ստեղծելու, փոխակերպելու, պահպանելու, պաշտպանելու, մշակելու, փոխանցելու եւ անվտանգ հայթայթելու համար օգտագործվող տեխնոլոգիաների բոլոր տեսակները.

3) hարթակ` ինքնաշխատ ծրագրային համակարգ, որի միջոցով ներկայացվում են համապատասխան դիմումներն ու կազմակերպվում է պետական աջակցության տրամադրումը.

4) վարձու աշխատող՝ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրին համապատասխան աշխատանքներ կատարող.

5) բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր, որոնց ավելացված արժեքի հարկի եւ (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկներով հայտարարագրած գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության առնվազն 90%-ը պետական աջակցության տրամադրման հաշվետու ժամանակաշրջանում ձեւավորվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակներից: Բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների որոշման համար հիմք է ընդունվում սույն կետում նշված հաշվարկներով (հաշվետվությամբ) հայտարարագրած տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչները.

6) իազոր մարմին՝ բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ինովացիոն ոլորտներում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող լիազոր մարմին.

7) պետական աջակցություն՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն յուրաքանչյուր եռամսյակ տրամադրվող գումար.

8) աշխատանքային միգրանտ՝ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող եւ Հայաստանի Հանրապետությունում օրինական աշխատանքային իրավունք ունեցող մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատող: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող երկքաղաքացին սույն օրենքի իմաստով  աշխատանքային միգրանտ չի համարվում.

9) նոր աշխատող` մինչեւ 30 տարեկանը ներառյալ, առաջին անգամ բարձր տեխնոլոգիաների ոլորտ մուտք գործած եւ Կառավարության կողմից սահմանված բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող մասնագիտական վարձու աշխատող.

10) մասնագիտական աշխատանք՝ Կառավարության կողմից սահմանված ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող անձնակազմի մասնագիտական աշխատանք.

11) պետական աջակցության տրամադրման հաշվետու ժամանակաշրջան՝ միգրանտների եւ նոր աշխատողների դեպքում՝ եռամսյակ, իսկ կադրերի պատրաստման եւ վերապաստրաստման գծով՝ ավարտական վկայականի տրման օրը:

Հոդված 4. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության սկզբունքները եւ նպատակները

1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունն իրականացվում է պետության եւ մասնավոր հատվածի համագործակցության, ինչպես նաեւ հրապարակայնության սկզբունքների հիման վրա:

2. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության նպատակն է բարձր տեխնոլոգիաների`

1) մրցունակության բարձրացումը,

2) նոր աշխատուժի ներգրավումը,

3) աշխատողների հմտությունների շարունակական բարձրացումը,

4) որպես արտադրանք արտահանող երկրի դիրքերի ամրապնդումը:

Հոդված 5. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության իրականցումը

1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակները՝ ըստ տնտեսական գործունեության դասակարգիչների, սահմանում է  Կառավարությունը:

2. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին (այսուհետ նաեւ՝ տնտեսավարող սուբյեկտ) պետական աջակցությունը տրամադրվում է սույն օրենքով: Պետական աջակցության այլ ուղղություններ կարող են  սահմանվել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով եւ այլ օրենսդրական ակտերով:

3. Լիազոր մարմինը, հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գերակայությունները՝ կարող է մշակել եւ Կառավարության հաստատմանը ներկայացնել պետական աջակցության տրամադրման այլ կարգեր:

4. Կառավարության կողմից սահմանված պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով նշված գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին պետական աջակցությունը տրամադրվում  է՝

1) աշխատանքային միգրանտների ներգրավման համար, որոնք իրականացնում են մասնագիտական աշխատանք եւ համարվում են տվյալ տնտեսավարող սուբյեկտի վարձու աշխատողները: Սույն ենթակետով սահմանված պետական աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է աշխատանքային միգրանտի աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով.

2)  նոր աշխատողների ներգրավման համար, ընդ որում՝

ա. նոր աշխատողների աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 100 տոկոսի չափով, եթե տնտեսավարող սուբյեկտի բոլոր վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը չի գերազանցում 30-ը,

բ. նոր աշխատողների աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով, եթե տնտեսավարող սուբյեկտի բոլոր վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը 31 եւ ավելի է.

3) Կառավարության կողմից հաստատված պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական  աշխատանք կատարող կադրերի պատրաստման եւ վերապատրաստման գծով կատարված կրթական ծախսերի փոխհատուցման նպատակով, ընդ որում՝

ա. տնտեսավարող սուբյեկտի մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատողների աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով, եթե տնտեսավարող սուբյեկտի վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը չի գերազանցում 30-ը,

բ. տնտեսավարող սուբյեկտի մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատողների աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 25 տոկոսի չափով, եթե վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը 31 եւ ավելի է:

5. Սույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետի կիրառման դեպքում փոխհատուցումը ներառում է նաեւ կադրերի պատրաստման եւ վերապատրաստման նպատակով տնտեսավարող սուբյեկտի կողմից կատարված գործուղման ծախսերը:

6. Սույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի կիրառության դեպքում տնտեսավարող սուբյեկտի միջոցներից կադրերի պատրաստման եւ վերապատրաստման հիմնավորումները (վկայական, վերապատրաստման ծախսերը հիմնավորող փաստաթղթեր եւ այլն) ուսումնասիրվում են լիազոր մարմնի կողմից:

7. Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի կիրառության նպատակով՝ վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը որոշվում է հետեւյալ կերպ՝

1) Գործող տնտեսավարող սուբյեկտի համար՝ տվյալ եռամսյակի յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ վարձու աշխատողների քանակների հանրագումարը հարաբերելով 3-ի:

2) Տվյալ եռամսյակում նոր ստեղծված (հաշվառված) տնտեսավարող սուբյեկտի համար՝ ստեղծման (հաշվառման) օրվանից մինչեւ եռամսյակի վերջը ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ աշխատողների քանակների հանրագումարը հարաբերելով տվյալ տնտեսավարող սուբյեկտի ստեղծման (հաշվառման) օրվանից մինչեւ եռամսյակի վերջն ընկած ժամանակահատվածի ամիսների (այդ թվում՝ ոչ ամբողջական ամիսների) թվի վրա:

3) Եթե տնտեսավարող սուբյեկտը ստեղծվել (հաշվառվել) է տվյալ եռամսյակի վերջին ամսին, ապա աշխատողների միջին եռամսյակային քանակ է համարվում այդ ամսվա վերջին օրվա դրությամբ կազմակերպության եւ անհատ ձեռնարկատիրոջ մոտ առկա աշխատողների քանակը:

8. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված՝ հաշվետու ժամանակաշրջանի համար տրամադրվող պետական աջակցությունների հանրագումարը չի կարող գերազանցել նույն հաշվետու ժամանակաշրջանի մասով տվյալ տնտեսավարող սուբյեկտի բոլոր աշխատողների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսը:

9. Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ նոր աշխատողների մասով պետական աջակցությունը տրամադրվում է վարձու աշխատողի՝ առաջին անգամ մասնագիտական աշխատանքի անցնելու պահից երեք օրացուցային տարիների համար:

10. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պետական  աջակցությունների տրամադրման կարգերը սահմանում է Կառավարությունը:

11. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված աջակցությունը տրամադրվում է հարկման ընդհանուր համակարգում եւ շրջանառության հարկի համակարգում գործող կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2032 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար: Ընդ որում, շրջանառության հարկի համակարգում գործող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը աջակցությունից օգտվելն սկսելու օրացուցային տարվան հաջորդող երրորդ օրացուցային տարին լրանալուց հետո կարող է շարունակել օգտվել աջակցությունից, եթե գործում է հարկման ընդհանուր համակարգում:

Հոդված 6. Տնտեսավարող սուբյեկտներին ներկայացվող պահանջները

1. Պետական աջակցության համար կարող են դիմել հետեւյալ տնտեսավարող սուբյեկտները.

1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած առեւտրային կազմակերպությունները,

2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերը:

2. Պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտների գործունեության իրականացման ոլորտը պետք է համապատասխանի Կառավարության կողմից սահմանված պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությանը կամ ներառի այն:

3. Սույն օրենքով սահմանված պահանջները բավարարող տնտեսավարող սուբյեկտները պետական աջակցություն ստանալու համար դիմում են կամավորության սկզբունքով՝ հարթակի միջոցով:

4. Տնտեսավարող սուբյեկտները պետական աջակցության ստացման համար հարթակի միջոցով ներկայացնում են դիմում: Պետական աջակցության համար դիմելու կարգը եւ դիմումին ներկայացվող պահանջները սահմանվում են լիազոր մարմնի կողմից:

5. Հարթակն ինքնաշխատ եղանակով բավարարում կամ մերժում է պետական աջակցության տրամադրումը:

Հոդված 7. Պետական աջակցության տրամադրման մերժման հիմքերը

1. Պետական աջակցության տրամադրման դիմումը մերժվում է, եթե`

1) դիմած տնտեսավարող սուբյեկտը չի համապատասխանում սույն օրենքով սահմանված՝ պետական աջակցություն ստանալու իրավունք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ներկայացվող պահանջներին.

2) դիմած տնտեսավարող սուբյեկտի 51 տոկոս եւ ավելի բաժնեմասի բաժնետերը կամ մասնակիցը կամ անհատ ձեռնարկատերը հանդիսացել է սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ պետական աջակցության իրավունքից զրկված տնտեսավարող սուբյեկտի 51 եւ ավելի բաժնեմասի բաժնետեր կամ մասնակից կամ անհատ ձեռնարկատեր.

3) Պետական աջակցություն ստանալու համար ներկայացված տվյալները թերի են կամ չեն համապատասխանում սույն օրենքի եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին.

4) դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ ունեն 100 հազար դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ, բացառությամբ եկամտային հարկի գծով պարտավորությունների, որոնք պետք է ամբողջությամբ կատարված լինեն:

Հոդված 8. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության դադարեցումը

1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պետական աջակցության տրամադրումը դադարեցվում է, եթե պետական աջակցության ստացման համար տնտեսավարող սուբյեկտը ներկայացրել է ոչ հավաստի տեղեկություններ:

2. Պետական աջակցության դադարեցման մասին որոշումն ընդունում է լիազոր մարմնի ղեկավարը՝ «Վարչարարության եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված համապատասխան վարչական ակտի հիման վրա:

3. Պետական աջակցության դադարեցման դեպքում պետական աջակցություն ստացած տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է սույն հոդվածի 2-րդ մասում նշված վարչական ակտի մասին իրազեկվելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնել խախտումը ներառող ժամանակաշրջանում, սույն օրենքի շրջանակում, կոնկրետ դեպքով աջակցության համար տրամադրված գումարները:

4. Տնտեսավարող սուբյեկտը զրկվում է սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված  պետական աջակցության ստացման իրավունքից, եթե մեկ տարվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտի մոտ հայտնաբերվել է դադարեցման հիմք հանդիսացող երկու եւ ավելի խախտման դեպք:

5. Լիազոր մարմինը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական ակտի կայացումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տվյալ տնտեսավարող սուբյեկտի մասին տվյալները հրապարակում է իր պաշտոնական կայքում:

Հոդված 9. Հրապարակայնությունը

1. Պետական աջակցություն ստացած, ինչպես նաեւ աջակցության համար դիմած եւ մերժված անձանց ցանկը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում:

2. Լիազոր մարմնի պաշտոնական կայքում հրապարակվում են նաեւ սույն օրենքի պահանջները խախտած տնտեսավարող սուբյեկտների անվանումները:

Հոդված 10. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրը

1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար ճյուղային հաշվառում իրականացնելու նպատակով լիազոր մարմինը հարթակում վարում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրը (այսուհետ` վարչական ռեգիստր):

2. Վարչական ռեգիստրը ներառում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի փաստացի գործունեության կամ դրանց գտնվելու վայրի, գործունեության հիմնական եւ ոչ հիմնական տեսակների, աշխատողների քանակի, օտարերկրյա մասնակցության, արտադրված արտադրանքի, մատուցված ծառայությունների ծավալի, արտահանման, ներդրումների (այդ թվում՝ օտարերկրյա), եկամուտների, ներմուծման եւ այլ անհրաժեշտ ցուցանիշների մասին շարունակական արդիականացման ենթակա տվյալների բազան:

3. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրը ստեղծվում է պետական եկամուտների կոմիտեի, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, լիազոր մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանակված եւ տրամադրված տեղեկությունների, ինչպես նաեւ տնտեսավարող սուբյեկտների հաշվետվությունների հիման վրա:

4. Տնտեսավարող սուբյեկտների հաշվետվությունների ձեւերը եւ ներկայացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

5. Կախված հավաքվող ցուցանիշների բնույթից` տնտեսավարող սուբյեկտների կողմից հաշվետվությունները ներկայացվում են ամսական, եռամսյակային կամ կիսամյակային պարբերականությամբ, որը որոշում է լիազոր մարմինը:

Հոդված 11. Տեղեկությունների տրամադրումը

1. Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի պետական գրանցում (հաշվառում) իրականացնող մարմինը յուրաքանչյուր եռամսյակ լիազոր մարմին է ներկայացնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների պետական գրանցման վերաբերյալ տեղեկությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Պետական եկամուտների կոմիտեի կողմից լիազոր մարմնին տրամադրվող տեղեկությունների շրջանակը եւ տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են լիազոր մարմնի ղեկավարի եւ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի համատեղ իրավական ակտով:

Հոդված 12. Պատասխանատվությունը սույն օրենքի դրույթները խախտելու համար

1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

2. Սույն օրենքի համաձայն բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից հաշվետվությունները չներկայացնելը առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված չափերով:

Հոդված 13. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մոնիթորինգը

1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, պետական աջակցություն ստացած անձանց ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով լիազոր մարմինն իրականացնում է մոնիթորինգ:

2. Մոնիթորինգն իրականացվում է տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ տվյալների հավաքման, տվյալների ստուգման, համեմատման, գնահատման, վերլուծությունների իրականացման միջոցով:

3. Մոնիթորինգի իրականացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

Հոդված 14. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից եւ գործում է մինչեւ 2032 թվականի հունվարի 1-ը:

2. Սույն օրենքով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

3. Սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված հարթակը գործարկվում է ոչ ուշ քան 2025 թվականի հուլիսի 1-ը: Մինչեւ հարթակի գործարկումը տնտեսավարող սուբյեկտներից դիմումներն ընդունվում եւ մշակվում են լիազոր մարմնի ղեկավարի հաստատած կարգով:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ԵՎ  «ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակ՟ցության մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապե՟տու՟թյան պետական բյուջեի ծախսերը 2025 թվականին կկազմի 29.3 մլրդ ՀՀ դրամ, 2026-2027թթ. յուրաքանչյուր տարվա համար 30.0 մլրդ ՀՀ դրամ, իսկ եկամուտների էական նվազեցում չի ակնկալվում:

Հիմնավորում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն