Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-943-15.10.2024-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԼՈԳԻՍՏԻԿ ԿԵՆՏՐՈՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԼՈԳԻՍՏԻԿ ԿԵՆՏՐՈՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի մայիսի 14-ին: Համաձայնագրով նախատեսվում է 10.000.000 եվրոյի չափով վարկային միջոցների տրամադրում Հայաստանին՝ Համաձայնագրով սահմանված Ծրագրի իրականացման համար:

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին՝ ֆինանսավորելու Սյունիքի մարզում մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի կառուցմանը՝ ներառյալ տեխնիկական ապահովումն ու Ծրագրի իրականացման աջակցության խորհրդատվական ծառայությունները:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ՎԶԵԲ ստանդարտ պայմանների 9-րդ հոդվածով սահմանված կարգով՝

«9.1. Վարկային համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն ամսաթվին, երբ Բանկը վարկառուին կուղարկի ծանուցում այն մասին, որ Բանկի համար ընդունելի են 9.02 եւ 9.03 բաժիններում պահանջվող ապացույցները՝ այն է

ա) Վարկային համաձայնագիրը կատարվել եւ տրամադրվել է Վարկառուի անունից եւ պատշաճ կերպով լիազորվել կամ վավերացվել է խորհրդարանական, կառավարական եւ կորպորատիվ անհրաժեշտ բոլոր գործողություններով,

բ) Դրամաշնորհային համաձայնագիրը կատարվել եւ տրամադրվել է Վարկառուի անունից,

գ) Բանկը Վարկառուի անունից ստացել է իրավաբանական եզրակացություններ համապատասխան մարմնի կողմից Վարկային համաձայնագրի եւ Դրամաշնորհային համաձայնագրի առնչությամբ»:

Հաշվի առնելով վերոնշյալը եւ առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից «Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է:


ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԼՈԳԻՍՏԻԿ ԿԵՆՏՐՈՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթներով:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ Վարկառու) ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (այսուհետ՝ Վարկատու) միջեւ 2024թ. մայիսի 14-ին ստորագրված «Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» (այսուհետ՝ Ծրագիր) վարկային համաձայնագրի (այսուհետ՝ Վարկային համաձայնագիր) 2.01 բաժնի համաձայն՝ Վարկատուն համաձայնում է Վարկառուին տրամադրել 10 մլն եվրոյի չափով վարկավորում հետեւյալ պայմաններով եւ դրույթներով.

Այսպիսով՝ Վարկառուն պարտավորվում է վերոհիշյալ պայմաններով եւ դրույթներով սպասարկել եւ մարել վարկը:

Ծրագրի իրականացման համար Վարկատուի բաժնետերերի հատուկ հիմնադրամից տրամադրվելու է նաեւ 2 մլն եվրոյի չափով դրամաշնորհային ֆինանսավորում:

ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ՀՀ ֆինանսների նախարար
Վ. Հովհաննիսյանին

ՀՀ արդարադատության նախարար
Գ. Մինասյանին

Ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի
30.05.2024 թվականի թիվ 02/06.5/18853-2024 գրության

Հարգելի՛ պարոնայք

Հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով` Գ. Սանոսյան

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԼՈԳԻՍՏԻԿ ԿԵՆՏՐՈՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2024թ. մայիսի 14-ին ստորագրվել է «Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» (այսուհետ՝ Ծրագիր) վարկային համաձայնագիր՝ 10 մլն եվրո արժողությամբ:

Ծրագրի նպատակն է Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում (Սիսիանից 7 կմ հեռավորության վրա՝ Հյուսիս-հարավ ավտոմոբիլային միջանցքին հարող տարածքում) գտնվող 7.7 հա հողատարածքում մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի կառուցումը, դրա տեխնիկական ապահովումն ու Ծրագրի իրականացման աջակցության խորհրդատվական ծառայությունների մատուցումը: Ծրագրի իրականացման համար ՎԶԵԲ բաժնետերերի հատուկ հիմնադրամից կտրամադրվի նաեւ 2 մլն եվրո դրամաշնորհ:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել վարչական շենք՝ տանիքում արեւային էներգակայանով: Կենտրոնի տարածքում լինելու են մուտքի եւ ելքի ուղղությամբ տրանսպորտի մանրամասն զննման, մաքսային ձեւակերպումների, բեռնատար տրանսպորտի ռենտգենյան զննման մասնաշենքեր, մարդատար տրանսպորտի ռենտգենյան զննման հարթակ եւ այլ ենթակառուցվածքներ: Մուտքի եւ ելքի ուղղությամբ նախատեսված են 5 ուղեգիծ եւ 2 կշեռք՝ 100 տոննա կշռելու հնարավորությամբ: Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով եւ պարագաներով, ռենտգենաճառագայթային սարքավորումներով մարդատար տրանսպորտի, ձեռքի ուղեբեռի եւ փոքրածավալ բեռների զննման համար, մարդկանց սկանավորման ռենտգենաճառագայթային սարքավորումով, UHF ռադիոկայաններով, տվյալների մշակման կենտրոնով, փաստաթղթեր ընթերցող սարքերով, փաստաթղթերի իսկությունը ստուգող սարքերով, ելքի եւ մուտքի հատվածներում տեղադրվող հակաճառագայթային սաքավորումներով, բեռնատար մեքենաների տվյալները գրանցող սարքավորումներով եւ այլն:

ՀՀ մաքսային ենթակառուցվածքը ներկայումս բաղկացած է սահմանային մաքսային մարմիններից, մաքսատուն-վարչություններից, ժամանակավոր պահպանման պահեստներից, մաքսային պահեստներից, դրանցում առկա տեխնիկական միջոցներից, սարքերից, սարքավորումներից, ինչպես նաեւ մաքսային մարմինների կողմից շահագործվող տեղեկատվական համակարգերից: Այն ապրանքների մաքսային հսկողությունը, որոնց մաքսային ձեւակերպումները կատարվում եւ բաց են թողնվում ոչ թե անմիջականորեն մաքսային սահմանին, այլ երկրի խորքում տեղակայված մաքսային մարմիններում, իրականացվում է տվյալ տարածաշրջանում տեղակայված ժամանակավոր պահպանման պահեստներում կամ մաքսային պահեստներում, որոնք հանդիսանում են մասնավոր կառույցներ, գործում են ոչ բոլոր տարածաշրջաններում եւ միշտ չէ, որ ապահովում են մաքսային հսկողության կամ ապրանքների պահպանության համար բավարար պայմաններ: Հաճախ մաքսային մարմինները ստիպված են լինում ներմուծվող ապրանքների ժամանակավոր պահպանությունը կազմակերպել ներմուծողի պահեստում, քանի որ տվյալ տարածաշրջանը սպասարկող ժամանակավոր պահպանության պահեստներ կա՛մ չկան, կա՛մ դրանցում ազատ տարածք չկա, կա՛մ դրանք չունեն պահպանության համար բավարար պայմաններ:

Նման կենտրոնների ստեղծմամբ հնարավորություն է ընձեռվում՝ երկրի ամբողջ տարածքում ունենալու բավարար մաքսային ենթակառուցվածք թե՛ շենքային ու տարածքային պայմանների, թե՛ մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության եւ թե՛ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին մատուցվող ծառայությունների համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերի հասանելիության ու շահագործման հարմարավետության տեսանկյունից: Անհրաժեշտ է ձեւավորել այնպիսի մաքսային ենթակառուցվածք, որը հնարավորություն կտա՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին ընդունելու իրենց համար հնարավորինս ձեռնտու լոգիստիկ լուծումներ, իսկ մաքսային մարմիններին՝ իրականացնելու հնարավորինս արդյունավետ մաքսային հսկողություն:

Այս կենտրոններում ապրանքների ներմուծման եւ արտահանման դեպքերում մաքսային ձեւակերպումների հետ կապված ամբողջական գործընթացները իրականացվում են մեկ վայրում՝ հայտարարագրումից մինչեւ ապրանքների բացթողումը: Այստեղ հիմնական գործընթացները հիմնված են էլեկտրոնային համակարգերի եւ ծրագրային լուծումների կիրառման վրա: Նման կենտրոններում պետք է տեղակայված լինեն բոլոր այն պետական մարմինները եւ մասնավոր կազմակերպությունները, որոնք տրամադրում են ապրանքների ներմուծման եւ արտահանման համար անհրաժեշտ թույլտվության փաստաթղթեր, եւ դրանց տրամադրման համար այս կենտրոններում պարտադիր կլինի նրանց ներկայությունը:

Այսպիսով՝ էլեկտրոնային կառավարման համակարգերի եւ թվային լուծումների կիրառման վրա հիմնված կենտրոնի գործարկմամբ հնարավոր կդառնան նաեւ «Մեկ պատուհան» կոնցեպտի ամբողջական եւ լիարժեք ներդրումն ու կիրառումը, ինչը հնարավորություն կստեղծի՝ մեկ էլեկտրոնային հայտի միջոցով իրականացնելու ապրանքների մաքսային ձեւակերպումների, դրա համար անհրաժեշտ թույլտվության փաստաթղթերի ստացման գրեթե ամբողջական գործընթացը «Մեկ պատուհանի» սկզբունքով: Համակարգի գործարկումը կնպաստի ՀՀ սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների եւ սահմանափակումների պահպանմանն ուղղված միջոցառումների պարզեցմանը եւ դրա համար ծախսվող ժամանակահատվածի կտրուկ կրճատմանը: Կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա՝ անհրաժեշտ բոլոր գործառնություններն իրականացնելու մեկ վայրում՝ արդյունքում էականորեն նվազեցնելով ապրանքների ժամանման պահից մինչեւ դրանց բացթողումը ծախսվող ժամանակը, նվազագույնի կհասցվեն նաեւ մաքսային մարմին-տնտեսվարող սուբյեկտ շփումը, կոռուպցիոն ռիսկերը:

Վերոթվարկյալ նպատակներից ելնելով՝ առաջնահերթություն է ՀՀ Սյունիքի մարզում այսպիսի կենտրոնի ստեղծումը, քանի որ մարզում թեեւ գործում են թվով երկու ժամանակավոր պահպանության պահեստներ, սակայն դրանք չունեն բավարար թե՛ տարածքային, թե՛ շենքային պայմաններ, ինչպես նաեւ մաքսային հսկողության համար անհրաժեշտ ծավալով տեխնիկական հագեցվածություն՝ մարզի տարածքում արտաքին ապրանքաշրջանառության մաքսային սպասարկումն արդյունավետ կազմակերպելու համար: Այդպիսի պայմաններ առկա չեն նաեւ Սիսիան քաղաքում տեղակայված մաքսային մարմնի գտնվելու վայրում: Անհրաժեշտ ենթակառուցվածքային բացն առաջարկվում է լրացնել ՊԵԿ մաքսային ծառայության Սիսիան քաղաքում տեղակայված ստորաբաժանման բազայի վրա նոր մաքսային ու լոգիստիկ կենտրոն ստեղծելով, ինչը հնարավորություն կտա՝ Սյունիքի մարզում մաքսային գործառնությունների իրականացման ոլորտում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին մատուցելու բարձրակարգ ծառայություններ, ապահովելու մաքսային հսկողության անհրաժեշտ արդյունավետություն եւ էականորեն կրճատելու ապրանքների ժամանման պահից մինչեւ դրանց բացթողնման պահը ծախսվող ժամանակը: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տեխնիկատնտեսական հիմնավորման շրջանակներում առաջարկվել է Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոնը կառուցել այնպիսի վայրում, որտեղ հնարավոր կլինի մաքսային ձեւակերպումների, դրա համար անհրաժեշտ թույլտատվական փաստաթղթերի ստացման գրեթե ամբողջական գործընթացը ապահովել «Մեկ պատուհան» սկզբունքով, ինչպես նաեւ մատուցել համալիր այլ ծառայություններ, ինչը Սիսիանում ներկայումս գործող մաքսային մարմնի գտնվելու վայրում հնարավոր չէ ապահովել: Հարկ է նշել, որ Սիսիանում տեղակայված մաքսային մարմնում ներկայումս ձեւակերպվում է հարավային տարածաշրջանի բոլոր բեռնատարների շուրջ 70%-ը: Վերջինս ներկայումս աշխատում է իր ողջ հզորությամբ, սակայն մաքսային մարմնում առկա պայմանները նախատեսված են մոտ 60 բեռնատար ավտոմեքենաների կայանման համար, մինչդեռ այստեղ օրական ձեւակերպվում է է մինչեւ 85 բեռնատար ավտոմեքենա: Այստեղ թողունակության սահմանափակումները պայմանավորված են մաքսային մարմնի հարակից տարածքի նեղ բնույթով: Բացի այդ, այս մաքսային մարմնի ներկայիս շենքային պայմանները գտնվում են ոչ բարեկարգ վիճակում, եւ լրացուցիչ շինարարական աշխատանքները կարող են խոչընդոտել մաքսային մարմնի բնականոն աշխատանքը:

Հարավային ԱՏԳ կենտրոնը տեղակայվելու է Սիսիանում տեղակայված մաքսային մարմնից փոքր հեռավորության վրա: Շինարարական սահմանափակ աշխատանքներ եւ հողային աշխատանքներ, ըստ երեւույթին, նախկինում իրականացվել են, շինարարությունը սկսվել է մի քանի տարի առաջ, սակայն դադարեցվել է ֆինանսավորման սղության պատճառով: Ծրագրի շրջանակներում հնարավորություն է ընձեռվում վերափոխել այս կառույցները՝ ապահովելով ծախսերի եւ ժամանակի արդյունավետ կառավարում:

Ինչ վերաբերում է ապրանքաշրջանառության ծավալներին, ապա նշենք, որ 2022թ. ընթացքում Հարավային մաքսատուն-վարչությունում հայտարարագրվել է 373,000 տոննա բեռ, իսկ 2023թ. ընթացքում` 569,000 տոննա: Ձեւակերպված հայտարարագրերի քանակը 2022թ. կազմել է 8,100, իսկ 2023թ.` 14,300: Նշված բեռները 2022թ. տեղափոխվել են 17,600 տրանսպորտային միջոցներով, իսկ 2023թ.` 29,900 տրանսպորտային միջոցներով:

Միաժամանակ, կենտրոնի գործարկումը դրական ազդեցություն կունենա նաեւ մայրուղու երթեւեկության վրա. Հարավային մաքսատուն-վարչության շրջակայքի տարածքի նեղ բնույթը պատճառ է հանդիսանում, որ բեռնատարները երբեմն ստիպված լինեն հերթ կանգնել հարակից մայրուղու վրա: Ծրագրի իրականացմամբ ավելի լավ կկազմակերպվի երթեւեկության հոսքը տվյալ տարածքում՝ լուծելով նշված խնդիրը:

Ծրագրի համաձայնագրերով վարկային եւ դրամաշնորհային ֆինանսական միջոցներում ներառված չէ ՀՀ կառավարության համաֆինանսավորումը, որն ուղղվելու է ԱԱՀ գծով պարտավորությունների վճարմանը: Համաֆինանսավորումը կկազմի 2.4 մլն եվրո, որից` 2.0 մլն եվրոն վարկային միջոցների գծով, իսկ 0.4 մլն եվրոն՝ դրամաշնորհային միջոցների գծով:

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար կառաջացնի լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:

Կենտրոնի կառուցումը նախատեսվում է Հայաստանի համար ԵՄ տնտեսական եւ ներդրումային ծրագրի 4-րդ ուղենիշով (Կայունության բարձրացում հարավային շրջաններում): Կենտրոնի ստեղծումը հանդիսանում է նաեւ ներկայում որդեգրված Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնների ստեղծման ծրագրի բաղկացուցիչ մասը:

Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրի վավերացումը համարում ենք նպատակահարմար:

Պետական եկամուտների կոմիտե


ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԼՈԳԻՍՏԻԿ ԿԵՆՏՐՈՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու պետական մարմին եւ ծրագրի իրականացման մարմին է հանդիսանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, իսկ լիազորված ներկայացուցիչ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն