Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետում «որակավորմանը համապատասխանող» բառերը փոխարինել «մասնագիտությանը համապատասխանող» բառերով:
Հոդված 2. 8-րդ հոդվածի 1-ին մասը «փոխադրման» բառից հետո լրացնել «կամ կատարողականի գնահատման արդյունքներով» բառերով:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 10. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը
1. Մրցույթը հայտարարվում է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի: Եթե հայտարարված մրցույթը չի կայացել կամ մրցույթի արդյունքում քաղաքացիական ծառայության պաշտոնը չի համալրվել, ապա տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարվում է երկու ամսվա ընթացքում:
2. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքի առկայության դեպքում, եթե առկա է սույն օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին իրավական ակտը, կամ 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված հիմքի առկայության դեպքում, եթե առկա է սույն օրենքի 37-րդ հոդվածի 6.2-ին մասով նախատեսված լիազորությունները դադարելու մասին իրավական ակտը, կամ 37-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետով սահմանված հիմքի առկայության դեպքում, եթե առկա է սույն օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ծառայությունը դադարեցնելու վերաբերյալ իրավական ակտը, ապա մրցույթը կարող է հայտարարվել մինչեւ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալը:
3. Մինչեւ արտաքին մրցույթ հայտարարելը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար կարող է հայտարարվել մեկ ներքին մրցույթ: Վարչապետի աշխատակազմում եւ Հանրապետության նախագահի աշխատակազմում ներքին մրցույթ հայտարարելու մասին որոշումը կայացնում են համապատասխան մարմինների աշխատակազմի ղեկավարները: Ներքին մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ մարմնի հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող հանրային ծառայողները, քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները, ինչպես նաեւ տվյալ մարմնի այլ պետական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված հանրային ծառայողները, որոնց կադրերի ռեզերվի վարումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:
4. Քաղաքացուն չի թույլատրվում մասնակցել մրցույթին, եթե չի բավարարում սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները եւ (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը եւ (կամ) առկա է սույն օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված հիմքը:
5. Արտաքին մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի: Ներքին մրցույթն անցկացվում է միայն հարցազրույցի փուլով: Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը մրցույթն անցկացնող համապատասխան մարմինը հրապարակում է իր պաշտոնական կայքէջում եւ քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնական կայքէջում: Արտաքին մրցույթի դեպքում հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, իսկ ներքին մրցույթի դեպքում՝ ոչ ուշ, քան տասնհինգ օր առաջ:
6. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային եղանակով: Մրցույթի մասնակցության հարցը որոշում է գլխավոր քարտուղարը: Գլխավոր քարտուղարի՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի մրցույթի մասնակցության հարցը որոշում է քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը:
7. Թեստավորման փուլում ստուգվում են մասնակիցների մասնագիտական գիտելիքները, իսկ հարցազրույցի փուլում՝ մասնագիտական գիտելիքները եւ դրանք կիրառելու կարողությունները եւ կոմպետենցիաները:
8. Թեստավորումն անցկացվում է մրցույթի հայտարարությունը հրապարակելու օրվանից ոչ շուտ քան մեկ ամսվա եւ ոչ ուշ քան երեք ամսվա ընթացքում:
9. Թեստերը կազմվում են՝
1) սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրենսդրական ակտերից,
2) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված աշխատանքի բնույթը, իրավունքներն ու պարտականությունները կանոնակարգող գործառույթներից բխող օրենսդրությունից:
10. Սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով սահմանված օրենսդրական ակտերից թեստային առաջադրանքները կազմում եւ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրում է քաղաքացիական ծառայության գրասենյակը, իսկ 9-րդ մասի 2-րդ կետով սահմանված օրենսդրությունից թեստային առաջադրանքները՝ համապատասխան մարմինը: Քաղաքացիական ծառայության պաշտոնների ենթախմբերին համապատասխան՝ կազմվում են տարբեր բովանդակությամբ թեստային առաջադրանքներ:
11. Գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստային առաջադրանքները կազմում է քաղաքացիական ծառայության գրասենյակը, բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եւ Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարի մրցույթի: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եւ Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարի մրցույթի՝ սույն հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետով սահմանված օրենսդրությունից թեստային առաջադրանքները կազմում եւ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, իսկ Հաշվեքննիչ պալատում՝ Հաշվեքննիչ պալատը:
12. Թեստի ավարտից հետո մրցույթի մասնակիցը անմիջապես տեղեկանում է իր ստացած արդյունքների մասին: Թեստավորման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում մրցույթի մասնակիցն իր արդյունքների մասով կարող է բողոք ներկայացնել գլխավոր քարտուղարին, իսկ գլխավոր քարտուղարի մրցույթի դեպքում՝ քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարին:
13. Արտաքին մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման փուլում Կառավարության սահմանած նվազագույն միավորի շեմը հաղթահարած եւ առավելագույն միավորներ հավաքած հինգ մասնակիցը: Եթե միեւնույն արդյունք ունենալու դեպքում առավելագույն միավորներ հավաքած եւ թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցների թիվը հինգից ավելի է, ապա միեւնույն առավելագույն միավորներ հավաքած մասնակիցներն անցնում են հարցազրույցի փուլ:
14. Հարցազրույցն անցկացնում է տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի ձեւավորած հանձնաժողովը, բացառությամբ գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, ինչպես նաեւ վարչապետի աշխատակազմի եւ Հանրապետության նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների: Գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հանձնաժողովը, բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եւ Հաշվեքննիչ պալատի, ձեւավորում է քաղաքացիական ծառայության գրասենյակը՝ համակարգող փոխվարչապետի հաստատած հանձնաժողովի անդամության թեկնածուների ցանկից: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հանձնաժողովը ձեւավորում է Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարի մրցույթի հանձնաժողովը՝ Հաշվեքննիչ պալատը: Վարչապետի աշխատակազմի եւ Հանրապետության նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների հանձնաժողովները ձեւավորում են համապատասխան մարմինների աշխատակազմի ղեկավարները:
15. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, այն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, որի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվել է տվյալ մրցույթը, անձնակազմի կառավարման ստորաբաժանման ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, ինչպես նաեւ տվյալ պաշտոնի համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների տիրապետման մակարդակն ստուգելու կարողություններ ունեցող այլ անձինք:
16. Հանձնաժողովը կազմված է առնվազն հինգ անդամից:
17. Հարցազրույցի փուլում հաղթող է ճանաչվում Կառավարության սահմանած նվազագույն միավորի շեմը հաղթահարած մասնակիցը: Եթե Կառավարության սահմանած նվազագույն միավորի շեմը հաղթահարած մասնակիցների թիվը մեկից ավելի է, ապա հանձնաժողովը քվեարկությամբ հարցազրույցի փուլում հաղթող է ճանաչում երկու մասնակցի, որոնցից մեկին ընտրում է իբրեւ հաղթող ճանաչված առաջին մասնակից, մյուսին՝ հաղթող ճանաչված երկրորդ մասնակից: Հանձնաժողովը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է հարցազրույցի արդյունքների վերաբերյալ եզրակացություն: Եթե հարցազրույցի արդյունքում հաղթող է ճանաչվում մեկ մասնակից, ապա հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը հաղթող ճանաչված մասնակցին նշանակում է համապատասխան պաշտոնի: Եթե հարցազրույցի արդյունքում հաղթող է ճանաչվում երկու մասնակից, ապա հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը հաղթող ճանաչված առաջին մասնակցին նշանակում է համապատասխան պաշտոնի: Եթե հաղթող ճանաչված առաջին մասնակիցը պաշտոնի նշանակման համար դիմում չի ներկայացնում, ապա պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է համապատասխան պաշտոնի նշանակել հարցազրույցի փուլում հաղթող ճանաչված երկրորդ մասնակցին:
18. Եթե երկու անգամ անընդմեջ հայտարարված արտաքին մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ դիմում ներկայացրած քաղաքացիներից ոչ մեկը չի բավարարում սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով եւ (կամ) 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները, եւ (կամ) ներկայացված բոլոր դիմումներում առկա է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը, եւ (կամ) առկա է սույն օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված հիմքը, ապա համապատասխան մարմինը սույն օրենքով սահմանված կարգով կարող է փոփոխել տվյալ պաշտոնի համար սահմանված պահանջները:
19. Անվանացանկում կատարված լրացումների եւ փոփոխությունների հետեւանքով առաջացած քաղաքացիական ծառայության նոր պաշտոնները, բացառությամբ համապատասխան մարմնի վերակազմակերպման եւ (կամ) կառուցվածքային փոփոխության հետեւանքով առաջացած քաղաքացիական ծառայության պաշտոնների, զբաղեցվում են մրցույթով:
20. Համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայողի առաջխաղացումն իրականացվում է սույն օրենքով սահմանված մրցույթով կամ սույն օրենքի 14.1-ին հոդվածով սահմանված կարգով:
21. Մրցույթի արդյունքով նույն համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայության այլ պաշտոնի նշանակվելու դեպքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում:
22. Մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով: Մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում հայտարարվում է նոր մրցույթ, որն անցկացվում է սույն օրենքով սահմանված կարգով:
23. Մրցույթ անցկացնելու կարգը սահմանում է Կառավարությունը, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ Մարդու իրավունքների պաշտպանը:
24. Թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձեւավորելու, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունները, թեստային առաջադրանքների քանակը, հարցազրույցի անցկացման մեթոդաբանությունը եւ ձեւաչափը սահմանում է համակարգող փոխվարչապետը:»:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«3.Թեստավորմանը մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային եղանակով: Թեստավորման մասնակցության հարցը որոշում է քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը:».
2) 4-րդ մասի «Քաղաքացին չի մասնակցում» բառերը փոխարինել «Քաղաքացուն չի թույլատրվում մասնակցել» բառերով.
3) 5-րդ մասի «նվազագույն միավորից բարձր միավոր ստացած» բառերը փոխարինել «նվազագույն միավորի շեմը հաղթահարած» բառերով, իսկ «գրասենյակն առցանց կարգով» բառերը՝ «գրասենյակը տեղեկատվական հարթակում» բառերով.
4) 7-րդ մասի «հինգ թեկնածու, ապա հրավիրվում են տվյալ մասնագիտությունն ունեցող առաջին հինգ թեկնածուն» բառերը փոխարինել «թեկնածու, ապա հրավիրվում են վարկանիշային ցուցակի հաջորդ համարներում գրանցված տվյալ մասնագիտությունն ունեցող թեկնածուները» բառերով.
5) 9-րդ մասի «բոլոր խմբերի արդյունքներն ամփոփելու հաջորդ աշխատանքային օրը» բառերը փոխարինել «յուրաքանչյուր խմբի արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո» բառերով.
6) 10-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Վարկանիշային ցուցակում գրանցված թեկնածուն հանվում է վարկանիշային ցուցակից, եթե վարկանիշային ցուցակում գրանցվելուց հետո նշանակվել է հանրային ծառայության պաշտոնի կամ դիմում է ներկայացրել իրեն վարկանիշային ցուցակից հանելու համար:» բառերով.
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում «յոթ աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչեւ մրցույթ հայտարարելը» բառերով, իսկ 4-րդ մասում «յոթ աշխատանքային օրվա ընթացքում» բառերը՝ «մեկ ամսվա ընթացքում» բառերով:
Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետ.
«3.1) պահեստազորային կամ զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություներին մասնակցելու դեպքերում.».
2) 7-րդ կետի «այլ դեպքերում» բառերը փոխարինել «դեպքում» բառով:
Հոդված 7. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.1-ին հոդվածով՝
«Հոդված 14.1. Համապատասխան մարմնում կատարողականի գնահատման արդյունքներով քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելը
1.Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է ավելի բարձր թափուր պաշտոնում նշանակելու Կառավարության սահմանած կարգով վերջին երկու կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքներով դրական եզրակացություն ստացած այն քաղաքացիական ծառայողին, ով միաժամանակ՝
1) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները.
2) երկու տարի անընդմեջ աշխատում է նույն համապատասխան մարմնում.
3) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:
2.Քաղաքացիական ծառայողը չի կարող նշանակվել ավելի բարձր թափուր պաշտոնին, եթե տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվել է մրցույթ:
3. Սույն հոդվածի 1-ին մասը չի տարածվում անվանացանկում կատարված լրացումների եւ փոփոխությունների հետեւանքով առաջացած քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների, ինչպես նաեւ համապատասխան մարմնի վերակազմակերպման եւ (կամ) կառուցվածքային փոփոխության հետեւանքով առաջացած քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների վրա:»:
Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում «Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող» բառերը փոխարինել «Գաղտնիության ռեժիմը ապահովող» բառերով:
Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 19. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումը
1. Քաղաքացիական ծառայողներն իրավունք ունեն բարելավելու եւ պարտավոր են բարելավել իրենց մասնագիտական գիտելիքները եւ կոմպետենցիաները շարունակական մասնագիտական զարգացման սկզբունքի վրա հիմնված վերապատրաստումներին մասնակցելու միջոցով:
2. Կոմպետենցիաների, ինչպես նաեւ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների համանման (նույնաբովանդակ) գործառույթներից բխող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումները կազմակերպում է քաղաքացիական ծառայության գրասենյակը, իսկ համապատասխան մարմնի գործունեության հիմնական ոլորտներից բխող գործառույթների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումները՝ համապատասխան մարմինը:
3. Վերապատրաստումն իրականացվում է յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար ըստ անհատական ծրագրի, որը կազմվում է քաղաքացիական ծառայողի տարեկան կատարողականի գնահատմանը զուգընթաց իրականացված վերապատրաստման կարիքների գնահատման հիման վրա:
4. Վերապատրաստում իրականացվում է նաեւ քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների տիրապետման նոր պահանջների սահմանման դեպքում՝ քաղաքացիական ծառայողի կամ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի նախաձեռնությամբ:
5. Քաղաքացիական ծառայողն իրավունք ունի պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի համաձայնությամբ մասնակցելու իր զբաղեցրած պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների եւ համապատասխան մարմնի գերակա խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված վերապատրաստման դասընթացների:
6. Մեկանգամյա վերապատրաստման մասնակցության առավելագույն ժամկետը վեց ամիս է:
7. Համապատասխան մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները վերապատրաստումները կազմակերպելու եւ այդ վերապատրաստումներին քաղաքացիական ծառայողների մասնակցությունն ապահովելու համար:
8. Գլխավոր քարտուղարը վերապատրաստման կարիքների գնահատման արդյունքներն ամփոփելուց հետո կազմում է համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագիրը եւ ներկայացնում քաղաքացիական ծառայության գրասենյակ՝ համաձայնեցման:
9. Վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
10. Վերապատրաստումների արդյունքով քաղաքացիական ծառայողը ստանում է կրեդիտներ: Անհատական ծրագրով հաստատված համապատասխան կրեդիտներն ստանալուց հետո քաղաքացիական ծառայողը համարվում է վերապատրաստված:
11. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարգը, վերապատրաստողներին ներկայացվող հիմնական չափանիշները, կրեդիտների սահմանման հիմնական սկզբունքները, կարիքները գնահատելու եւ անհատական ծրագիր կազմելու, ինչպես նաեւ համապատասխան մարմնի վերապատրաստման ծրագիրը կազմելու ձեւը սահմանում է համակարգող փոխվարչապետը:
12. Օրենքով կարող է նախատեսվել քաղաքացիական ծառայողի պարտադիր վերապատրաստում անցնելու պարտականություն:»:
Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «ներքին կանոնները խախտելու եւ (կամ)» բառերից հետո լրացնել «ծառայողական քննություն անցկացնելու կարգը խախտելու եւ (կամ)» բառերը:
2) 12-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում «զինվորական ծառայության զորակոչված» բառերից հետո լրացնել «պահեստազորային կամ զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնող կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություներին մասնակցող» բառերը:
Հոդված 12. Օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասում «Փորձնակ գրանցելու եւ» բառերը փոխարինել «Փորձնակի գրանցման, ստաժի հաշվարկման, աշխատաժամանակի սահմանման եւ» բառերով:
Հոդված 13. Օրենքի 34-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«4. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովն անհամատեղելիության պահանջների եւ (կամ) այլ սահմանափակումների եւ (կամ) վարքագծի սկզբունքների եւ դրանցից բխող վարքագծի կանոնների եւ (կամ) շահերի բախման կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն եւ մեթոդական աջակցություն ստանալու համար կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:»:
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մաս՝
«6. Քաղաքացիական ծառայության էթիկայի հանձնաժողովը առաջարկում է բարեվարքության հարցերով կազմակերպչին տվյալ ծառայողական քննության շրջանակներում կատարել բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրություններ:»:
Հոդված 14. Օրենքի 35-րդ հոդվածի 3-4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«3.Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտից հետո բողոքի բացակայության դեպքում, իսկ բողոքարկման դեպքում համապատասխան եզրակացությունն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, գլխավոր քարտուղարը եզրակացությունը հրապարակում է այդ մարմնի պաշտոնական կայքէջում:
4.Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը եզրակացության հրապարակումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, քննարկում է եզրակացությունը եւ ընդունում համապատասխան որոշում, որը հրապարակվում է տվյալ մարմնի պաշտոնական կայքէջում:»:
Հոդված 15. Օրենքի 37-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1 կետով՝
«4.1) դատական կարգով մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում.».
2) 3-րդ մասի «Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գնահատման արդյունքները» բառերը փոխարինել «Կատարողականի մեկ կիսամյակի գնահատման արդյունքը» բառերով.
3) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերը (բացառությամբ 2-4-րդ, 11-րդ, 17-րդ կետերով նախատեսված հիմքերի) ի հայտ գալու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարելու մասին իրավական ակտ:».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին եւ 6.2-րդ մասեր՝
«6.1. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված հիմքերը ի հայտ գալու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարելու մասին իրավական ակտը ընդունում է սույն օրենքի 21-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված ժամկետը լրանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում:
6.2. Սույն հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարելու մասին համապատասխան իրավական ակտը կարող է ընդունել ոչ շուտ, քան թափուր պաշտոն առաջանալուց մեկ ամիս առաջ:»:
Հոդված 16. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետ՝
«3.1) ուսումնասիրում է համապատասխան մարմինների կողմից սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մրցույթ հայտարարելու ժամկետի խախտումները եւ անհրաժեշտության դեպքում առաջարկություն է ներկայացնում համակարգող փոխվարչապետին կամ վարչապետին.»:
Հոդված 17. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածի 2-3-րդ մասերով նախատեսված հոդվածների:
2. Սույն օրենքի 3-6-րդ, 8-14-րդ եւ 16-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում դրանցով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու օրը:
3. Սույն օրենքի 7-րդ հոդվածը եւ 15-րդ հոդվածի 2-րդ կետը ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
4. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ (այսուհետ՝ 1902-Լ որոշում) հաստատված N 1 հավելվածով նախատեսված միջոցառումներից է «Պետական հատվածում ոչ ֆինանսական շահադրդման համակարգի լավարկում» միջոցառումը, որի նպատակն է բարձրացնել հանրային ծառայության մրցունակությունը: Միաժամանակ նշված միջոցառման մասով ակնկալվող արդյունքներից է՝ հանրային ծառայության համակարգում անձնակազմի հավաքագրման եւ համալրման ընթացակարգերի բարելավումը, հանրային ծառայողների՝ արժանիքների վրա հիմնված առաջխաղացման եւ հորիզոնական շարժունությունը խթանելու նպատակով մեխանիզմների ներդրումը, պարտադիր եւ կամավոր բաղադրիչների, ինչպես նաեւ մասնավոր հատվածի լավագույն եւ միջազգային կիրառելի փորձի վրա հիմնված վերապատրաստման քաղաքականության մշակումը:
Ելնելով 1902-Լ որոշմամբ նախատեսված միջոցառման ապահովման անհրաժեշտությունից, դրան զուգահեռ իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների, ինչպես նաեւ Օրենքի մեջ առկա ոչ հստակ կարգավորումները որոշակիացնելու անհրաժեշտությունից՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՕ-205-Ն oրենքում (այսուհետ՝ Օրենք):
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմքում դրվել են ՏՀԶԿ ՍԻԳՄԱ-յի կողմից Հանրային ծառայության սկզբունքներին համահունչ քաղաքացիական ծառայության օրենսդրության վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում տեղ գտած դիտարկումները, ԵՄ-ի կողմից «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումների իրականացմանը» թվինինգ ծրագրի (այսուհետ՝ Թվինինգ ծրագիր) 2-րդ բաղադրիչի շրջանակում համալրման եւ ընտրության համակարգի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները, 4-րդ բաղադրիչի շրջանակում վերապատրաստումների գործող համակարգի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները, ինչպես նաեւ Օրենքի կիրառման ընթացքում համապատասխան գործընթացներում արձանագրված խնդիրները: Վերոգրյալով պայմանավորված Նախագծով Օրենքի 10-րդ եւ 19-րդ հոդվածները շարադրվել են նոր խմբագրությամբ, փոփոխություններ են նախատեսվել Օրենքի 11-րդ հոդվածում, ինչպես նաեւ առաջակություն է ներկայացվել Օրենքը լրացնել նոր՝ 14.1-ին հոդվածով:
Մասնավորապես, Նախագծով ներքին մրցույթն անցկացնելու համար նախատեսվել է միայն հարցազրույցի փուլ: Համապատասխան իրավական կարգավորում նախատեսելու համար հաշվի են առնվել թե՛ ներքին մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, թե՛ 2021-2023թթ ընկած ժամանակահատվածում ներքին մրցույթների մասով տեղեկատվական հարթակում գրանցված վիճակագրական տեղեկությունները (ներկայացվում է ստորեւ).
Արձանագրված տվյալների համաձայն 2021-2023 թվականներին համապատասխան մարմինների կողմից հայտարարվել է 1279 մրցույթ: 1074 մրցույթ ունեցել է մեկ դիմորդ, որից 822 մրցույթի դեպքում դիմորդ թեկնածուն նշանակվել է համապատասխան պաշտոնի:
Նշված փոփոխության համար հիմք է հանդիսացել նաեւ այն հանգամանքը, որ ներքին մրցույթի մասնակիցները հանրային ծառայողներ են, ունեն համապատասխան գիտելիքներ եւ փորձառություն, ուստի նպատակահարմար չէ արտաքին եւ ներքին մրցույթները նույն ընթացակարգով անցկացնելը: Ներկա օրենսդրական կարգավորումներով ներքին եւ արտաքին մրցույթների միջեւ միակ տարբերությունը կայանում է նրանում, որ ներքին մրցույթի դեպքում թեստի մասնագիտական իրավական գիտելիքները ստուգող առաջադրանքներում ընդգրկվում են հարցեր նաեւ ենթաօրենսդրական նորմատվ իրավական ակտերից: Օրենսդրական կարգավորումների բովանդակությունից եւ պրակտիկայում արձանագրված դժվարություններից ելնելով Վարչապետի աշխատակազմում եւ Հանրապետության նախագահի աշխատակազմում համալրման գործընթացներին վերաբերող որոշ լիազորություններ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի փոխարեն վերապահվել են համապատասխան մարմինների աշխատակազմի ղեկավարներին:
Վերանայվել են Օրենքով թեստային առաջադրանքների բովանդակությանը վերաբերող իրավական կարգավորումները: Կոմպետենցիաները թեստային առաջադրանքների միջոցով ստուգելու վերաբերյալ իրավական կարգավորումը հանվել է: Կոմպետենցիաները թեստավորման փուլում ստուգելը իբրեւ համակարգի գրավչությունը խոչընդոտող հանգամանք «քաղաքացիական ծառայության գրավչություն եւ առաջարկություններ» 2.3 ենթաբաղադրիչի շրջանակներում ներկայացվել է Թվինինգ ծրագրի փորձագետների, համապատասխան մարմինների, ինչպես նաեւ մրցույթի թեստավորման փուլին մասնակցող կամ մասնակցել ցանկացող քաղաքացիների կողմից: Մասնագիտական գիտելիքները ստուգող թեստային առաջադրանքների բովանդակային մասով եւս փոփոխություններ են նախատեսվել: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գրեթե բոլոր դեպքերում համապատասխան մարմինների կողմից հայտարարված մրցույթների մասնագիտական իրավական գիտելիքների բնագավառը ներառում է թեստային առաջադրանքներ Սահմանադրությունից, «Հանրային ծառայության մասին» օրենքից եւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքից: Ստորեւ ներկայացվում է 04.03.2024թ. դրությամբ «դիմումների ընդունումը շարունակվում է» կարգավիճակն ունեցող մրցույթների մասնագիտական գիտելիքները ստուգող թեստային առաջադրանքների բովանդակության վերաբերյալ վիճակագրական տեղեկություններ.
Ելնելով վերոգրյալից՝ Օրենքով նախատեսվել է իրավական կարգավորում, համաձայն որի Քաղաքացիական ծառայության գրասենյակը կազմում է թեստային առաջադրանքներ Օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված օրենքներից, որոնք ընդհանրական են, միաժամանակ նախընտրելի նաեւ համապատասխան մարմինների կողմից, իսկ համապատասխան մարմինները՝ քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող օրենսդրությունից:
Վերանայվել էր հարցազրույց անցկացնող հանձնաժողովի կազմում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց մասնակցությունը իբրեւ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց: Թե՛ ՍԻԳՄԱ, թե՛ Թվինինգ ծրագրի (2.5 ենթաբաղադրիչ, առաջարկություն 13) փորձագետների կողմից ներկայացվել էր հստակ դիրքորոշում, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չպետք է ներգրավվեն քաղաքացիական ծառայության գործընթացներում եւ մասնավորապես, ընտրող հանձնաժողովների կազմերում՝ հանձնաժողովի գործունեությունը հնարավոր քաղաքական ազդեցությունից զերծ պահելու նպատակով, սակայն փոխվարչապետ Տ. Խաչատրյանի նախագահությամբ կայացած պետաիրավական նախարարական կոմիտեի նիստում համապատասխան փոփոխությունը չի ընդունվել:
Նախագծով նախատեսվել է իրավական կարգավորում հարցազրույցի փուլում երկու մասնակցի՝ առաջին եւ երկրորդ մասնակիցների հաղթող ճանաչելու վերաբերյալ: Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե հարցազրույցի փուլ անցած մասնակիցը հաղթահարել է հարցազրույցի փուլը եւ պաշտոնի նշանակման համար դիմում չի ներկայացրել, ապա տվյալ պաշտոնի համար մեկ ամսվա ընթացքում հայտարարվում է մրցույթ: Տեղեկատվական հարթակում մրցույթների ժամանակացույցում 04.03.2024թ. դրությամբ 34 մրցույթ ունի «Հաղթողը չի ներկայացրել դիմում պաշտոնի նշանակվելու համար» կարգավիճակը: Տվյալ դեպքում հարցազրույցի փուլի միակ հաղթող ճանաչված անձի կողմից դիմում չներկայացնելու դեպքում նախատեսվել են իրավական մեխանիզմներ հարցազրույցի փուլը հաղթահարած երկրորդ մասնակցի ընտրության եւ նշանակման համար. նպատակն է՝ խնայել ժամանակը, ռեսուրսները, բարձրացնել մրցույթների արդյունավետությունը եւ համակարգի նկատմամբ գրավչությունը (Թվինինգ ծրագիր, 2.5 ենթաբաղադրիչ, առաջարկություն 17): Միաժամանակ նախատեսվում է բարձրացնել հարցազրույցի փուլ անցնելու համար Կառավարության որոշմամբ սահմանած նվազագույն միավորի շեմը՝ նախատեսելով նվազագույնը 70 տոկոս:
Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ Օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալու հիմքով քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարելու դեպքում, անձնական դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատելու կամ անձնական դիմումի համաձայն լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ իրավական ակտերի առկայության դեպքում (եթե իրավական ակտով սահմանված է ազատման կամ լիազորությունների դադարեցման ավելի ուշ ժամկետ) Նախագծով նախատեսվել է մրցույթը մինչեւ պաշտոնի թափուր լինելը հայտարարելու վերաբերյալ կարգավորում, որի նպատակն է ըստ անհրաժեշտության ապահովել տվյալ պաշտոնի արագ համալրումը, նվազեցնել որոշակի ժամանակահատվածում պաշտոնը չհամալրելու ռիսկերը եւ ապահովել աշխատանքի շարունակական գործընթացը (Թվինինգ ծրագիր, 2.5 ենթաբաղադրիչ, առաջարկություն 2):
Պրակտիկայում արձանագրված խնդիրներից ելնելով վերանայվել եւ հստակեցվել են առանձին ընթացակարգերի մասով ժամկետները, ինչպես նաեւ առանձին իրավական կարգավորումներ համապատասխանեցվել են տեղեկատվական հարթակի լուծումներին: Այսպես, ՀՀ առաջին փոխվարչապետի 2019 թվականի հունվարի 11-ի N 3-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 31-րդ կետում թվարկված են քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն կատարելու եւ պաշտոնների անձնագրերը հաստատելու (փոփոխելու) համար անհրաժեշտ հիմքերը (համապատասխան մարմնի վերակազմակերպումը կամ կառուցվածքային փոփոխությունը, համապատասխան մարմնի, ինչպես նաեւ կառուցվածքային ստորաբաժանման կամ գրասենյակի անվանափոխությունը, աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով՝ թափուր պաշտոնն այլ պաշտոնով փոխարինելը եւ այլն): Պրակտիկայում արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ թափուր պաշտոնն ընդգրկվել է վերը նշված հիմքերով պայմանավորված փոփոխությունների ցանկում եւ տվյալ թափուր պաշտոնի համար մրցույթը սահմանված ժամկետում չի հայտարարվել: Հարկ է նշել, որ քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն կատարելու եւ պաշտոնների անձնագրերը հաստատելու (փոփոխելու) համար համապատասխան մարմնի կողմից Քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանը ներկայացված փաստաթղթերը N 3-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 35-րդ կետի համաձայն Քաղաքացիական ծառայության գրասենյակը ուսումնասիրում է մինչեւ 30 աշխատանքային օրվա ընթացքում:
Մեկ այլ դեպքում Օրենքի 10-րդ հոդվածի 17-րդ մասի համաձայն՝ եթե երկու անգամ անընդմեջ հայտարարված արտաքին մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, (...), ապա համապատասխան մարմինը սույն օրենքով սահմանված կարգով փոփոխում է տվյալ պաշտոնի համար սահմանված պահանջները: Տվյալ դեպքում եւս իրավակարգավորումների եւ սահմանված ժամկետների միջեւ առաջանում են անհամապատասխանություններ: Ժամկետը վերանայելու համար հիմք է ընդունվել նաեւ այն հանգամանքը, որ քաղաքացիական ծառայության համակարգում կան մարմիններ, որոնց միայն քաղաքացիական ծառայության պաշտոնների ընդհանուր թվաքանակը գերազանցում է մի քանի հարյուրը: Համապատասխան մարմիններում կադրերի շարժը, հոսունությունը բավականին բարձր է, իսկ մրցույթների հայտարարությունները սահմանված ժամկետում ապահովելը՝ խնդրահարույց:
Նախագծով նախատեսվել թեստավորման փուլն անցկացնելու համար ժամկետային սահմանափակում: Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ համապատասխան մարմինը թեստավորման փուլի անցկացման համար սահմանել է ոչ ողջամիտ ժամկետ, որի դեպքում հայտարության հրապարակումից մինչեւ թեստավորման փուլի անցկացումը ընկած միջակայքը գերազանցել է մի քանի ամիսը: Տվյալ դեպքում ՀՀ առաջին փոխվարչապետի 2019 թվականի հունվարի 11-ի N 3-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 31-րդ կետում թվարկված հիմքերով համապատասխան մարմիննում անվանացանկում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխությունը չի կատարվել մինչեւ համապատասխան մրցույթը ստացել է «ավարտված է» կարգավիճակը: Անհրաժեշտ է նշել, որ Օրենքով նախատեսված չէ մրցույթը չեղարկելու կամ կասեցնելու վերաբերյալ կարգավորումներ, ուստի վերոգրյալով պայմանավորված թեստավորման փուլի անցկացման համար վերջնաժամկետ սահմանելու անհրաժեշտություն է առաջացել:
Նախագծով փոփոխություններ են նախատեսվել նաեւ Օրենքի 11-րդ հոդվածում: Օրենքով պաշտոնի նշանակված թեկնածուն հանվում է վարկանիշային ցուցակից: Նախագծով առաջարկվում է վարկանիշային ցուցակում գրանցված թեկնածուին հանել վարկանիշային ցուցակից, եթե վարկանիշային ցուցակում գրանցվելուց հետո նշանակվել է հանրային ծառայության պաշտոնի կամ դիմում է ներկայացրել իրեն վարկանիշային ցուցակից հանելու համար:
Ներկա դրությամբ վարկանիշային ցուցակում գրանցված են բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ժամանակի ընթացքում համակարգում զբաղեցնում են հանրային ծառայության պաշտոններ կամ կատարում են այլ աշխատանք եւ չեն մասնակցում Մ6, Մ7 եւ Մ8 պաշտոնների համար համապատասխան մարմինների կողմից հայտարարված մրցույթների հարցազրույցի փուլին, ինչով պայմանավորված մեծանում է վարկանիշային ցուցակում ընդգրկված մասնակիցների թվի եւ հարցազրույցի հրավերը հաստատող մասնակիցների թվի միջեւ առկա տարբերությունը: 2022 թվականից վարկանիշային ցուցակում ընդգրկված մասնակիցներից պատահական ընտրությամբ 10 մասնակիցների հետ անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ նրանցից 7-ը տվյալ պահին աշխատում է ավելի բարձր պաշտոնում կամ մասնավոր կազմակերպությունում եւ չի հետաքրքրվում վարկանիշային ցուցակից ստացվող հրավերով:
Օրենսդրական ներկա կարգավորումներով քաղաքացիական ծառայողի կարիերայի առաջընթացը կարող է իրականացվել միայն մրցույթով: Հարկ է նշել, որ Թվինինգ ծրագրի 2.3 ենթաբաղադրիչի 4-րդ՝ Եզրակացություններ եւ առաջարկություններ բաժնի 4-րդ կետով քաղաքացիական ծառայության գրավչությունը բոլոր առումներով բարելավելու եւ խթանելու հանգամանք նշվել է քաղաքացիական ծառայության ներքին շարժունակության ապահովումը: Կադրերի համալրման եւ ընտրության գործընթացի կարգավորման ներկա մակարդակը դիտարկվել է որպես վարչական բեռ հետբարեփոխումային ներկա իրավիճակում, ուստի ընդհանուր շեշտը դրվել է համալրման եւ ընտրության գործընթացների հետագա արդյունավետության բարձրացմանը, որի համատեքստում Նախագծով նախատեսվել է քաղաքացիական ծառայողի համար նույն համապատասխան մարմնում առանց մրցույթի առաջխաղացման հնարավորություն, սակայն համապատասխան հոդվածով սահմանված իրավակարգավորումները փոխվարչապետ Տ. Խաչատրյանի նախագահությամբ կայացած պետաիրավական նախարարական կոմիտեի նիստի արդյունքներով վերանայվել են: Մասնավորապես՝ նախագծի նոր խմբագրությամբ 14.1 հոդվածով սահմանված ժամկետը հանվել է, իսկ ավելի բարձր պաշտոնում նշանակվելու հնարավորություն ունեցող անձանց շրջանակը ընդլայնվել: Նույն նիստի արդյունքներով վերանայվել են նաեւ Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով սահմանված ժամկետները:
Ներկայումս Օրենքում՝ որպես քաղաքացիական ծառայության պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու հիմք, նախատեսված է միայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու դեպքը, սակայն պահեստազորային կամ զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու դեպքերում նույնպես քաղաքացիական ծառայողներն ազատվում են աշխատանքային պարտականությունների կատարումից: Գործնականում խնդիր է առաջանում, քանի որ այդ պաշտոնները չեն համարվում որոշակի ժամկետով թափուր պաշտոններ, հետեւաբար չեն կարող զբաղեցվել ժամկետային աշխատանքային պայմանագրով: Գործնական կիրառման ընթացքում առաջացած խնդրի լուծման նպատակով Նախագծով առաջարկվում է որպես քաղաքացիական ծառայության պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու հիմք սահմանել նաեւ պահեստազորային կամ զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու դեպքերը: Միաժամանակ Նախագծով առաջարկվում է հստակեցնել իրավակիրառ պրակտիկայում տարընկումներ առաջացնող Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված իրավական կարգավորումը:
Նախագծով առաջարկվում է նաեւ Օրենքի 15-րդ հոդվածով սահմանված ձեւակերպումները համապատասխանեցնել 2024 թվականի հունվարի 28-ին ուժի մեջ մտած «Պետական գաղտնիքի մասին» օրենքով նախատեսված իրավական կարգավորումների պահանջներին:
Նախագծով փոփոխություններ են նախատեսվել նաեւ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացում: Օրենքի 19-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ կոմպետենցիաների վերաբերյալ վերապատրաստումները կազմակերպում է քաղաքացիական ծառայության գրասենյակը, իսկ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումները՝ համապատասխան մարմինը: Թվինինգ ծրագրի 4.1 եւ 4.2 բաղադրիչների շրջանակում համապատասխան մարմինների անձնակազմի կառավարման ստորաբաժանումների կողմից որպես խնդիր մատնանշվել է մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումների կազմակերպման դժվարությունները: Թեեւ համապատասխան մարմինները վերապատրաստումները կազմակերպում են գնումների գործընթացով, սակայն արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումները չեն կազմակերպվել հայտարարված մրցույթների չկայանալու պատճառով, ինչը պայմանավորված է թե՛ վերապատրաստվողների փոքր թվով, թե՛ վերապատրաստման համար առաջարկվող գումարի չափով: Վերոգրյալով պայմանավորված՝ Նախագծով նախատեսվել է, որ Քաղաքացիական ծառայության գրասենյակը կազմակերպում է նաեւ համապատասխան մարմինների աջակցող կառուցվածքային ստորաբաժանումների համանման (նույնաբովանդակ) գործառույթներ իրականացնող քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումները: Հարկ է նշել, որ Քաղաքացիական ծառայության գրասենյակը մշտապես ներգրավվում է ռազմավարական տարբեր ծրագրերով նախատեսված վերապատրաստումների թե՛ կազմակերպման, թե՛ աջակցման աշխատանքներին:
Նախագծով առաջարկվել է քաղաքացիական ծառայողի վերապատրաստման իրավունքի իրացման եւս մեկ հնարավորություն, համաձայն որի՝ քաղաքացիական ծառայողն իրավունք է ստանում վերապատրաստվելու իր զբաղեցրած պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների եւ համապատասխան մարմնի գերակա խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված վերապատրաստման դասընթացներին՝ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի համաձայնությամբ: Նշված նորմի նախատեսումը հնարավորություն է տալիս ընդլայնելու քաղաքացիական ծառայողների վերապատաստման եւ շարունակական զարգացման հնարավորությունները իբրեւ իրավունք եւ փոխելու վերապատրաստումների հանդեպ կատարողականի գնահատման արդյունքով պայմանավորված բացասական մոտեցումները:
Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել նաեւ Օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասում՝ փորձնակի ինստիտուտի վերանայման եւ կատարելագործման համար իրավական հիմքեր ապահովելու նպատակով: Մասնավորապես՝ նախատեսվում է վերանայել փորձնակի ինստիտուտը՝ նախատեսելով երկու կառուցակարգ՝ Առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Փորձնակ գրանցելու եւ աշխատանքներին մասնակցության առանձնահատկությունները սահմանելու մասին» N 439-Ն որոշմամբ սահմանված կարգով փորձնակների ցանկում ընդգրկված անձանց միջոցով փորձնակների ընտրություն եւ աշխատանքի վրա հիմնված (work based learning) ուսուցման միջոցով պետական համակարգ երիտասարդների ներգրավում՝ փորձնակի կարգավիճակով: Այս համատեքստում հաշվի առնելով վերաբերելի միջազգային փորձը, իրավակիրառ պրակտիկան, ինչպես նաեւ փորձնակ-պետական մարմին-հանրային ծառայող շղթայում խտրականության արգելքի սահմանադրական սկզբունքին համահունչ կառուցակարգերի նախատեսման հրամայականը՝ Նախագծի ընդունման դեպքում առաջարկվելու է ենթաօրենսդրական ակտով առանձնահատկություններ նախատեսել փորձնակ գրանցված ժամանակահատվածը ստաժ համարելու հետ կապված հարաբերություններում:
Օրենքով սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ քաղաքացիական ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու որոշումը կարող է բողոքարկել պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի անմիջական ղեկավարին կարգապահական տույժ կիրառելու մասին որոշմանը ծանուցվելու օրվանից հաշված՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Միաժամանակ Օրենքի 37-րդ հոդվածով սահմանված է, որ քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարեցնելու հիմքերի (այդ թվում՝ ծառայողական քննության արդյունքում ընդունված համապատասխան կարգապահական տույժերի դեպքերում) ի հայտ գալու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարելու մասին համապատասխան իրավական ակտ: Գործնականում խնդիր է առաջանում, քանի որ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը համապատասխան կարգապահական տույժ կիրառելու մասին իրավական ակտը ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, պետք է դադարեցնի քաղաքացիական ծառայողի լիազորությունները, իսկ քաղաքացիական ծառայողը համապատասխան կարգապահական տույժ կիրառելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, կարող է իրացնել իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժը բողոքարկելու իրավունքը: Իրավական նորմերի միջեւ առկա անհամապատասխանությունները կարգավորելու նպատակով Նախագծով առաջարկվում է սահմանել, որ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարելու մասին իրավական ակտը ընդունում է քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառված կարգապահական տույժը բողոքարկելու համար նախատեսված ժամկետը լրանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում:
Օրենքի 34-րդ հոդվածով սահմանված են էթիկայի հանձնաժողովների գործունեության վերաբերյալ կարգավորումներ, սակայն նախատեսված չէ էթիկայի հանձնաժողովի գործունեության ընթացքում բարեվարքության հարցերով կազմակերպիչների մասնակցությանը վերաբերող դրույթներ, թեեւ բարեվարքության հարցերով կազմակերպիչը էթիկայի հանձնաժողովի պահանջով կատարում է բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրություններ: Այդ նպատակով Նախագծով առաջարկվում է Օրենքի 34-րդ հոդվածում նախատեսել, որ բարեվարքության հարցերով կազմակերպիչը էթիկայի հանձնաժողովի պահանջով կատարում է բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրություններ՝ որպես էթիկայի հանձնաժողովի գործունեությանն առնչվող գործառույթ:
Օրենքի 35-րդ հոդվածով սահմանված իրավական կարգավորումների համաձայն՝ քաղաքացիական ծառայողն անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը կարող է բողոքարկել այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Բողոքի բացակայության դեպքում, իսկ վարքագծի կանոնները խախտելու եւ (կամ) շահերի բախման կանոնները խախտելու վերաբերյալ քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո, իսկ բողոքարկման դեպքում համապատասխան եզրակացությունն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, գլխավոր քարտուղարը եզրակացությունը հրապարակում է այդ մարմնի պաշտոնական կայքէջում, իսկ եզրակացության հրապարակումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, գլխավոր քարտուղարը քննարկում է եզրակացությունը եւ արդյունքների մասին տեղեկատվությունը հրապարակում այդ մարմնի պաշտոնական կայքէջում: Միաժամանակ Օրենքի 21-րդ հոդվածով սահմանված է, որ քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու եւ (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու եւ (կամ) շահերի բախման կանոնները խախտելու դեպքերում քաղաքացիական ծառայողի նկատմամբ սահմանված կարգով կիրառվում են կարգապահական տույժերը, որոնք բողոքարկվում են դատական կարգով: Առաջարկում ենք Օրենքով նախատեսել, որ ոչ միայն անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը կարող է բողոքարկվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, այլեւ վարքագծի կանոնները խախտելու եւ (կամ) շահերի բախման կանոնները խախտելու վերաբերյալ քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի եզրակացությունները նույնպես կարող են բողոքարկվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Բացի այդ, անհրաժեշտ է նաեւ Օրենքի 21-րդ հոդվածում ամրագրել, որ քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների, շահերի բախման վերաբերյալ հարցերի ուսումնասիրության համար նշանակված ծառայողական քննության արդյունքում նույնպես ընդունվում է համապատասխան որոշում:
Հարկ է նշել, որ սույն թվականի օգոստոսի 7-ին Նախագծով համալրման գործընթացներին վերաբերող փոփոխությունները փոխվարչապետ Տ. Խաչատրյանի մոտ կայացած հանդիպման շրջանակներում քննարկելու ժամանակ Քաղաքացիական ծառայության գրասենյակին հանձնարարություն տրվեց վերանայել քաղաքացիական ծառայողների պաշտոնից ազատման հիմքերը, վերանայել փորձնակ գրանցված անձի համար աշխատաժամանակի առանձնահատկություններ նախատեսելու հնարավորությունը, ինչպես նաեւ կատարողականի ցածր գնահատական ունեցող աշխատակիցների մասով օրենքով սահմանված երկամյա ժամկետի վերաբերյալ կարգավորումը՝ դիտարկելով այն տեւական ժամանակահատված կատարողականի ցածր գնահատական ունեցող աշխատակցի հետագա պաշտոնավարումը շարունակելու համար: Վերոգրյալով պայմանավորված Նախագծով առաջարկվել է քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարեցնել այն դեպքում, երբ մեկ կիսամյակի կատարողականի գնահատականը Կառավարության սահմանած նվազագույն միավորից (տոկոսից) ցածր է:
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նախագծի նպատակն է բարելավել հանրային ծառայության համակարգում անձնակազմի հավաքագրման եւ համալրման ընթացակարգերը, ներդնել մեխանիզմներ քաղաքացիական ծառայողների՝ արժանիքների վրա հիմնված առաջխաղացման եւ հորիզոնական շարժունությունը խթանելու համար, խնայել ժամանակը եւ ռեսուրսները, հստակեցնել ժամկետները, հանել կամ վերաձեւակերպել այն իրավակարգավորումները, որոնք օրենսդրական կարգավորումների պայմաններում պրակտիկայում կիրառելի չեն կամ խնդրահարույց են:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Նախագծում ներկայացված հիմնական փոփոխությունները բխում են ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածով նախատեսված «Պետական հատվածում ոչ ֆինանսական շահադրդման համակարգի լավարկում» միջոցառումից, որի ակնկալվող արդյունքներից է հանրային ծառայության համակարգում անձնակազմի հավաքագրման եւ համալրման ընթացակարգերի բարելավվումը՝ մասնավոր հատվածի լավագույն եւ միջազգային կիրառելի փորձի ներդրմամբ, ինչպես նաեւ հանրային ծառայողների՝ արժանիքների վրա հիմնված առաջխաղացման եւ հորիզոնական շարժունությունը խթանելու նպատակով մեխանիզմների ներդրումը, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզը եւ արդյունքային շրջանակը հաստատելու մասին» N 1691-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածով նախատեսված «Հանրային ծառայության մրցունակության բարձրացում» ռազմավարական նպատակի «Պետական հատվածում ոչ ֆինանսական շահադրդման համակարգի լավարկում» 4.2 ենթակետով սահմանված միջոցառումներից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունվելու դեպքում պետական բյուջեի եկամուտներում նվազեցում չի նախատեսվում, ծախսերում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն կարող է առաջանալ կապված նախագծով նախատեսվող քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարգավորումների հետ:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում