Հոդված 1. «Սեւանա լճի մասին» 2001 թվականի մայիսի 15-ի ՀՕ-190 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածում ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասի «դ» կետը:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «գ1» կետով՝
«գ1) յուրաքանչյուր տարի սահմանում է Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները եւ ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները.»:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածում ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի «բ» կետը:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 28.1-ին հոդվածով.
«Հոդված 28.1 Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման ոլորտներում օրենսդրության պահանջների կատարման վերահսկողությունը
Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման ոլորտներում օրենսդրության պահանջների կատարման վերահսկողությունն իրականացնում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում եւ գործիքակազմով:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Սեւանա լճի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է 2024 թվականի օգոստոսի 27-ի Տարածքային զարգացման եւ շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստի ընթացքում Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի կողմից տրված հանձնարարականի կատարումն ապահովելու, ինչպես նաեւ «Սեւանա լճի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի մի շարք դրույթներով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքում առաջ եկած օրենսդրական խոչընդոտները վերացնելու պահանջից:
Տարեկան ծրագրի մշակումը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացի մաս եւ սահմանված կարգով յուրաքանչյուր տարի գալիք տարվա Տարեկան ծրագրի նախագիծը Կառավարության քննարկմանն է ներկայացվում այդ գործընթացի շրջանակներում՝ մինչեւ սեպտեմբերի 1-ին տասնօրյակ: Տարեկան ծրագիրը հաստատվում է համապատասխան Կառավարության որոշմամբ, որից հետո Կառավարությունն այն Ազգային ժողով է ներկայացնում՝ պետական բյուջեի նախագծի կազմում: Ազգային ժողովը հաստատում է Պետական բյուջեն:
Համաձայն Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի Տարեկան ծրագիրը ներառում է նաեւ՝
«դ) Սեւանա լճի եւ նրա ջրհավաք ավազանի կենսառեսուրսների (այդ թվում՝ ձկնային եւ խեցգետնային) արդյունահանման եւ արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակները եւ արդյունագործական որակի բնութագրերը՝ ամսական կտրվածքով» միջոցառումը:
Հարկ է նշել, որ Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետի կատարումը հնարավոր է միայն Տարեկան ծրագրի ընդունումից հետո:
Յուրաքանչյուր տարի շրջակա միջավայրի նախարարությունը պետական բյուջեի միջոցների հաշվին պատվիրակում է մրցույթ՝ Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքներ, ինչը ավարտվում է դեկտեմբերին: Հիմք ընդունելով ուսումնասիրության արդյունքները Տարեկան ծրագրի որոշման մեջ կատարվում է փոփոխություն՝ սահմանվում է ընթացիկ տարվա համար արդյունագործական ձկնորսության չափաքանակ: Վերջին տարիներին (սկսած 2021 թվականից) արդյունագործական որսի տարեկան քանակը գնահատում է երկու փուլով, արդյունքում անհրաժեշտություն է առաջանում Սեւանա լճում ձկան արդյունագործական որսի տարեկան չափաքանակները սահմանել երկու անգամ: Յուրաքանչյուր տարի Սեւանա լճում ձկան պաշարների ուսումնասիրությունն իրականացվում է տարեկան կտրվածքով եւ տվյալները ստացվում են տարվա վերջ՝ դեկտեմբեր ամսին, ինչը հիմք է հանդիսանում հաջորդ տարվա ձկան արդյունագործական որսի առաջին փուլի (մինչեւ սեպտեմբերի 1-ը) չափաքանակ հաստատելու համար: Միեւնույն ժամանակ ամառային շրջանում իրականացված գիտական հետազոտության տվյալները ձեռք բերելուց հետո սահմանվում են արդյունագործական որսի 2-րդ՝ աշնանային որսաշրջանի չափաքանակները (մինչեւ նոյեմբերի 15-ը): Ինչն էլ ենթադրում է արդեն ընթացիկ տարում հաստատված որոշման մեջ լրացումների կամ փոփոխությունների իրականացում: Չափաքանակների հաստատումից հետո որսի գործընթացը սահմանված կարգով իրականացնելու համար տրվում է հայտարարություն, հավաքագրվում են հայտերը, մշակվում եւ սահմանված կարգով կնքվում է Սեւանա լճում արդյունագործական որսի պայմանագրեր, ինչը նունյպես ժամանակատար գործընթաց է: Տարեկան ծրագրի շրջանակներում այս գործընթացը իրականացնելը առաջացնում է խոչընդոտներ նաեւ բուն որսի իրականացումն իրատեսական ժամկետներում կազմակերպելու տեսանկյունից:
Այդ պատճառով Տարեկան ծրագրում միջոցառուման կատարման նկարագրում նշվում է, որ դրա կատարումը հնարավոր է ապահովել Տարեկան ծրագրի հաստատումից հետո՝ հիմք ընդունելով այդ կետի կատարման համար անհրաժեշտ տվյալների ստացումը:
Օրենսդրական խնդիրներից խուսափելու համար Նախագծով առաջարկվում է Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխան կետում կատարել փոփոխություններ՝ հանելով այդ խնդրահաույց կետը Տարեկան ծրագրով սահմանելու պահանջից: Մասնավորապես առաջարկվող փոփոխությունների համատեքստում Նախագծով առաջարկվում է՝
(կետը նման խմբագրությամբ շարադրվել է նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն «Սեւանա լճի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության Սեւանա լճի ջրհավաք ավազանն այն տարածքն է, որի մակերեւութային եւ ստորերկրյա ջրերը հոսում են դեպի Սեւանա լիճ: Սեւանա լճի ջրհավաք ավազանի մասն են կազմում նաեւ Կեչուտի եւ Սպանդարյանի ջրամբարները, Արփա եւ Որոտան գետերի ջրհավաք ավազանները՝ մինչեւ Կեչուտի ջրամբար, այսինքն ընդգրկում է ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերը: Արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման հետ կապված իրավահարաբերությունները կանոնակարգվում են Կառավարության 27.07.2023թ. N 1276-Ն որոշմամբ եւ շրջակա միջավայրի նախարարի 28.03.2024թ. N 96-Ն հրամանով սահմանված կարգերով):»:
Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող մյուս փոփոխությունը խմբագրական բնույթի է, քանի որ համաձայն «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքի եւ Կառավարության 2018 թվականի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 733-Լ որոշման բնապահպանական վերահսկողության գործառույթն իրականացնում է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը: Հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել օրենքի 16-րդ հոդվածի «բ» կետ ուժը կորցրած ճանաչել:
Նախագծի փոփոխություններով (մասնավորապես նախագծով լրացվող «գ1» կետով) պայմանավորված անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել նաեւ Կառավարության 21.11.2019թ. N1667-Ն որոշման մեջ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները կլուծեն մի շարք հարցեր, որոնք առաջանում են գործող օրենսդրության եւ իրավակարգավորումների կիրարկման ժամանակ:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Արդյունավետ եւ օպերատիվ սահմանել ադյունագործական որսի չափաքանակը եւ ժամկետը, արդյունավետ կազմակերպել որսի իրականացման գործընթացը:
Փոփոխությունների արդյունքում նախատեսվում է լրացնել նաեւ օրենսդրական բացերը եւ ստանալ իրավակարգավորումների համալիր շրջանակ:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Ներկայացվող նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Սեւանա լճի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում