Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9272-26.09.2024-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 70-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում, բացառությամբ 1-ին կետով նախատեսված դեպքի, համապատասխան հիմնավորող փաստաթղթերի հիման վրա համայնքի ղեկավարը, իսկ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում նաեւ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կամ աշխատակազմի քարտուղարը կազմում են ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն եւ յոթ աշխատանքային օրվա ժամկետում ուղարկում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի հրաժարականի մասին դիմումը ստանալուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, կազմում է ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն:»,

2) 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումն անձամբ ներկայացնում է համայնքի ղեկավարին կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատարին, որն այն հրապարակում է ավագանու առաջիկա նիստում: Համայնքի ղեկավարի կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի բացակայության դեպքում ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումն անձամբ ներկայացնում է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին: Մինչեւ նորընտիր ավագանու առաջին նիստի գումարումն ընկած ժամանակահատվածում ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումն անձամբ ներկայացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

Ավագանու անդամի կողմից իր դիմումն անձամբ ներկայացնելու անհնարինության դեպքում հրաժարականի դիմումը ներկայացնում է խմբակցության ղեկավարը կամ ավագանու անդամի ներկայացուցիչը»:

Հոդված 3. Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասում «տարածքային ընտրական հանձնաժողովի» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի» բառերով:

Հոդված 4. Օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասից հանել վերջին նախադասությունը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի դեկտեմբերի 1-ից: