Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9274-26.09.2024-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ն մասը լրացնել նոր՝ երկրորդ պարբերությամբ.

«Սույն օրենքը կարգավորում է նաեւ կուսակցության դիմումի հիման վրա՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքին՝ տվյալ կուսակցության կանոնադրության համապատասխանության վերաբերյալ տեղեկանքների տրամադրման հետ կապված իրավահարաբերութունները:»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 6.1-ին կետով.

«6.1. կուսակցության դիմումի հիման վրա տրամադրում է տեղեկանք տվյալ կուսակցության կանոնադրության՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքին համապատասխանության կամ անհամապատասխանության մասին:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել նոր՝ 13.2-րդ գլխով.

«ԳԼՈՒԽ 13.2

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ՝ «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

Հոդված 66.4. Կուսակցության կանոնադրության՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքին համապատասխանության մասին տեղեկանքի ստացման համար դիմումի ներկայացումը

1. Կուսակցությունն իր կանոնադրության՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքին համապատասխանության մասին տեղեկանք ստանալու նպատակով Գործակալություն է ներկայացնում դիմում, որը պետք է ներկայացվի համապատասխան ընտրությունների նշանակմանը հաջորդող օրվանից ոչ շուտ եւ ոչ ուշ, քան Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար փաստաթղթերը ներկայացնելու սահմանված ժամկետի ավարտից 8 օր առաջ:

2. Դիմումում նշվում են՝

1) կուսակցության անվանումը,

2) պետական գրանցման համարը,

3) նշում, որ դիմումը ներկայացվում է Գործակալություն,

4) ներկայացվող պահանջը,

5) կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի գտնվելու վայրի մասին նշում,

6) կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի կամ լիազորված անձի ստորագրությունը,

3. Դիմումին կցվում են կուսակցության կանոնադրության պատճենը եւ տեղեկանքի ստացման համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:

Հոդված 66.5. Կուսակցության կանոնադրության՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքին համապատասխանության կամ անհամապատասխանության մասին տեղեկանքի տրամադրումը

1. Գործակալությունը ստուգում է կուսակցության կանոնադրության՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանությունը եւ տրամադրում տեղեկանք կուսակցության կանոնադրության՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքին համապատասխանության կամ անհամապատասխանության մասին:

2. Անհամապատասխանության մասին տեղեկանք տրամադրելու դեպքում դրանում նշվում են «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի այն դրույթները, որոնց չի համապատասխանում կուսակցության կանոնադրությունը:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկանքները տրամադրվում են դիմումը ներկայացվելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի դեկտեմբերի 1-ից: