Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-903-27.08.2024-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2018 թվականի մարտի 7-ի «Հանրային խորհրդի մասին» ՀՕ-144-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչեւ 2023 թվականը ներառյալ ժամանակահատվածի (այսուհետ՝ ուսումնասիրվող ժամանակահատված) իրադարձությունների եւ դեպքերի շրջանակում կամ դրանց հետեւանքով տեղի ունեցած մարդու իրավունքների հիմնարար եւ պարբերական խախտումների բացահայտմանը, հնարավոր խախտումների կանխարգելմանը, կրկնության բացառմանը, հասարակության սոցիալական վերափոխմանը, սոցիալական արդարության վերականգնմանը, հաշտեցմանը, խախտումներից եւ իրադարձություններից տուժած կամ դրանց բացասական հետեւանքները այլ կերպ կրած (կրող) անձանց իրավունքների ճանաչմանը, վերականգնմանը եւ պաշտպանությանը նպաստող գործունեություն (այսուհետ՝ փաստահավաք գործունեություն) իրականացնելը:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.

«ե. իր կողմից ձեւավորված փաստահավաք գործունեություն իրականացնող ժամանակավոր հանձնաժողովի (այսուհետ՝ Փաստահավաք հանձնաժողով) միջոցով իրականացնում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված փաստահավաք գործունեություն:»:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Հանրային խորհուրդը ձեւավորում է Փաստահավաք հանձնաժողով, որի կազմավորման կարգը եւ գործառույթները սահմանվում են սույն օրենքով:»:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 5. Հանրային խորհրդի կազմավորումը եւ գործունեության ժամկետը

1. Հերթական Հանրային խորհրդի կազմավորումը սկսվում է ոչ ուշ, քան Ազգային ժողովի հերթական ընտրությանը հաջորդող Կառավարության կազմավորումից հետո՝ 30-օրյա ժամկետում:

2. Հանրային խորհուրդը կազմավորվում է հետեւյալ կարգով.

1) 15 անդամ նշանակվում է Կառավարության կողմից.

2) 15 անդամ ընտրվում է սույն հոդվածի 4-րդ մասում նշված կառույցների ներկայացրած թեկնածություններից (մշտական հանձնաժողովների նախագահներ).

3) 15 անդամ ընտրվում է սույն մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված կարգով նշանակված կամ ընտրված անդամների կողմից:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում վարչապետը՝ նրանց համաձայնությամբ, Կառավարությանն է առաջարկում Հանրային խորհրդի 15 անդամների թեկնածությունները: Կառավարությունը, վարչապետի առաջարկությունը ստանալուց հետո իր առաջիկա նիստում քննարկման է դնում Հանրային խորհրդի՝ սույն մասով նախատեսված անդամների նշանակման հարցը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով Հանրային խորհրդի անդամների նշանակումից հետո՝ վարչապետի աշխատակազմի՝ Հանրային խորհրդի քարտուղարությունն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումը Հանրային խորհրդի անդամների անունից անհապաղ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակում է հայտարարություն՝ հասցեագրված տեղական ինքնակառավարման մարմիններին, համապատասխան ոլորտների հասարակական կազմակերպություններին, հայրենակցական եւ ստեղծագործական միություններին, երիտասարդական եւ ուսանողական կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին, վետերանների միություններին, գիտակրթական կազմակերպություններին, սպառողների իրավունքների պաշտպանության, գործարարների եւ արդյունաբերողների միություններին, կրոնական կազմակերպություններին, սփյուռքի կառույցներին եւ քաղաքացիական հասարակության այլ կառույցներին՝ Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովներում ներկայացուցիչներ առաջարկելու նպատակով:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կազմակերպությունները սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հայտարարությունը տեղադրելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, կարող են գրավոր եղանակով վարչապետի աշխատակազմի՝ Հանրային խորհրդի քարտուղարությունն ապահովող կառուցվածքային ստորաբաժանում ներկայացնել մշտական հանձնաժողովների անդամների իրենց թեկնածությունները՝ ներկայացնելով նաեւ նրանց գրավոր համաձայնությունը Հանրային խորհրդի անդամ նշանակվելու վերաբերյալ: Ներկայացված թեկնածուների եւ վերջիններիս ներկայացրած կազմակերպությունների ցանկը թեկնածությունները ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում հրապարակվում է Կառավարության պաշտոնական համացանցային կայքում:

6. Վարչապետի աշխատակազմի՝ Հանրային խորհրդի քարտուղարությունն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումը, Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովների անդամների թեկնածությունները ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից հետո՝ երեքշաբաթյա ժամկետում, կազմակերպում է մշտական հանձնաժողովների նախագահների գաղտնի քվեարկությամբ ընտրությունը, որը կատարվում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով նշանակված անդամների կողմից: Ընտրությունը կարող է կայանալ, եթե դրան մասնակցում են սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով նշանակված Հանրային խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը: Ընտրությունը իրականացվում է քվեաթերթիկում քվեարկություն կատարելու միջոցով: Քվեաթերթիկում յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը՝ նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով: Քվեարկության մասնակիցը յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ, իսկ դեմ քվեարկելիս որեւէ նշում չի կատարում: Քվեարկության յուրաքանչյուր մասնակից կարող է կողմ քվեարկել առավելագույնը 15 թեկնածուի: Քվեարկության արդյունքներով ընտրված են համարվում առավել «կողմ» ձայներ ստացած 15 թեկնածուները: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է վիճակահանություն: Մշտական հանձնաժողովների ընտրված նախագահների կազմը, որոնք ընտրվում են նաեւ որպես Հանրային խորհրդի անդամներ, անհապաղ ներկայացվում է վարչապետին եւ հրապարակվում է Կառավարության պաշտոնական համացանցային կայքում:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով Հանրային խորհրդի մյուս 15 անդամների կազմը վարչապետին ներկայացնելուց հետո՝ 20-օրյա ժամկետում, Հանրային խորհրդի 30 անդամներից յուրաքանչյուրը, նպատակ ունենալով ապահովել հասարակության տարբեր ոլորտների մասնագետների հնարավորին չափ լայն ներկայացվածությունը Հանրային խորհրդում, կարող է առաջադրել Հանրային խորհրդի անդամի մեկական թեկնածու՝ մնացյալ 15 տեղերի համար ( թեկնածուների ընդհանուր թիվը չի կարող պակաս լինել 15-ից)՝ ստանալով նրանց գրավոր համաձայնությունը Հանրային խորհրդի անդամ նշանակվելու վերաբերյալ: Թեկնածուների վերաբերյալ տվյալները ներկայացվում են վարչապետի աշխատակազմի՝ Հանրային խորհրդի քարտուղարությունն ապահովող կառուցվածքային ստորաբաժանում, իսկ թեկնածուների առաջադրումից հետո՝ եռօրյա ժամկետում, ներկայացված թեկնածուների ցանկը հրապարակվում է Կառավարության պաշտոնական համացանցային կայքում:

8. Ներկայացված թեկնածուների ցանկը Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, վարչապետի աշխատակազմի՝ Հանրային խորհրդի քարտուղարությունն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումը կազմակերպում է սույն մասով առաջադրված անդամների ընտրությունը: Սույն մասով նախատեսած Հանրային խորհրդի անդամների ընտրությունը կատարվում է սույն հոդվածի 3-րդ եւ 6-րդ մասերով սահմանված կարգով նշանակված եւ ընտրված անդամների կողմից: Ընտրությունը կարող է կայանալ, եթե դրան մասնակցում են արդեն իսկ նշանակված եւ ընտրված Հանրային խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը: Սույն մասով նախատեսված ընտրության եւ դրա արդյունքների ամփոփման նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգավորումները:

9. Հանրային խորհրդի 30 անդամներն անհապաղ վարչապետին են ներկայացնում սույն հոդվածի 8-րդ մասին համապատասխան ընտրված 15 անձանց կազմը, որից հետո՝ եռօրյա ժամկետում, վարչապետը բոլոր 45 անդամների կազմից Հանրային խորհրդի նախագահի թեկնածությունը ներկայացնում է Կառավարություն:

10. Կառավարությունն իր առաջիկա նիստում քննարկում է Հանրային խորհրդի նախագահ նշանակելու հարցը:

11. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված որոշման ընդունման հաջորդ օրը Հանրային խորհուրդը համարվում է կազմավորված, որի մասին նույն օրը վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունը ստորագրում է վարչապետը եւ հրապարակում Կառավարության պաշտոնական համացանցային կայքում:

12. Հանրային խորհրդի գործունեության ժամկետն ավարտվում է Ազգային ժողովի հերթական ընտրությունից հետո կազմավորված Կառավարության վարչապետի կողմից սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու օրը:

13. Ազգային ժողովի լիազորությունների ժամկետում նոր Կառավարություն կազմավորվելու դեպքում այն իր կազմավորումից հետո՝ 30-օրյա ժամկետում, վարչապետի առաջարկության հիման վրա կարող է վաղաժամկետ դադարեցնել Կառավարության նշանակած անդամների գործունեությունը եւ նշանակել Հանրային խորհրդի նոր նախագահ եւ անդամներ:

14. Նոր կազմավորված Կառավարության կողմից սույն հոդվածի 13-րդ մասում նշված ժամկետում Կառավարության նշանակած առաջին 15 անդամների կազմի ոչ ավելի, քան կեսը փոխվելու դեպքում սույն հոդվածի 8-րդ մասին համապատասխան ընտրված վերջին 15 անդամների կազմը մնում է անփոփոխ: Իսկ եթե Կառավարությունը, սույն մասին համապատասխան, փոխում է Կառավարության նշանակած առաջին 15 անդամների կազմի կեսից ավելին, ապա այդ նոր կազմը՝ երկրորդ 15 անդամների հետ համատեղ՝ սույն հոդվածի 8-րդ մասին համապատասխան, իրականացնում է վերջին 15 անդամների նոր ընտրություն: Սույն մասով նախատեսված դեպքում նշանակված Հանրային խորհրդի նախագահը եւ անդամները պաշտոնավարում են մինչեւ Հանրային խորհրդի գործունեության ժամկետի ավարտը:

15. Հանրային խորհրդի՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով նշանակված անդամների, ինչպես նաեւ Հանրային խորհրդի նախագահի գործունեության վաղաժամկետ դադարեցման հարց կարող է քննարկվել նրանց նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո եւ նշված անդամներին նշանակած Կառավարության գործունեության ընթացքում ոչ ավելի, քան մեկ անգամ: Ընդ որում, եթե վաղաժամկետ դադարեցվում է միայն Հանրային խորհրդի նախագահի գործունեությունը, ապա այդ դեպքում նա շարունակում է իր գործունեությունը՝ որպես Հանրային խորհրդի անդամ:»:

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «հանձնաժողովների» բառից հետո լրացնել «եւ Փաստահավաք հանձնաժողովի» բառերով.

2) 13-րդ մասի «ժամանակավոր հանձնաժողովների,» բառից հետո լրացնել «բացառությամբ՝ Փաստահավաք հանձնաժողովի,» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ մասով.

«15. Սույն հոդվածի կանոնները կիրառելի են սույն օրենքի 5.1-ին գլխով կարգավորվող հարաբերությունների նկատմամբ այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքի 5.1-ին գլխով սահմանված կարգավորումներին:»:

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Հանրային խորհրդի նախագահը՝ Հանրային խորհրդի կողմից Փաստահավաք հանձնաժողովի եզրափակիչ զեկույցը հաստատելուց հետո այն Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգով սահմանված կարգով եւ ժամկետներում ներկայացնում է Կառավարություն:»:

Հոդված 7. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին գլխով.

« ԳԼՈՒԽ 5.1

ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հոդված 11.1. Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման եւ գործունեության նպատակները

1. Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման եւ գործունեության նպատակներն են՝

1) Ուսումնասիրվող ժամանակահատվածի ընթացքում սույն գլխով նախատեսված դեպքերի եւ իրադարձությունների շրջանակում կամ դրանց հետեւանքով տեղի ունեցած մարդու իրավունքների հիմնարար եւ պարբերական խախտումների բացահայտմանը նպաստելը.

2) սույն մասի 1-ին կետով սահմանված հնարավոր խախտումների կանխարգելմանը, կրկնության բացառմանը նպաստելը.

3) հասարակության սոցիալական վերափոխմանն ու սոցիալական արդարության վերականգնմանն ու հաշտեցմանը նպաստելը եւ աջակցելը.

4) սույն մասի 1-ին կետով սահմանված խախտումներից եւ իրադարձություններից տուժած կամ դրանց բացասական հետեւանքները այլ կերպ կրած (կրող) անձանց իրավունքների ճանաչմանը, վերականգնմանը եւ պաշտպանությանը նպաստելը:

2. Փաստահավաք հանձնաժողովի անդամին վճարվում է հատուցում՝ Կառավարության սահմանած կարգով եւ չափով:

Հոդված 11.2. Փաստահավաք հանձնաժողովի իրավասությունը եւ գործունեության ուղղությունները

1. Փաստահավաք հանձնաժողովի գործունեությունն ուղղված է՝

1) Ուսումնասիրվող ժամանակահատվածի ընթացքում տեղի ունեցած՝ սույն հոդվածով նախատեսված դեպքերի եւ իրադարձությունների (այսուհետ նաեւ՝ դեպքեր եւ իրադարձություններ) շրջանակում կամ դրանց հետեւանքով կատարված՝ մարդու իրավունքների հիմնարար եւ պարբերական խախտումների (այսուհետ նաեւ՝ խախտումներ) վերաբերյալ փաստերի հավաքագրմանը եւ ուսումնասիրմանը,

2) պատմական, քաղաքական, տնտեսական, իրավական համատեքստում խախտումների կատարման առիթների, պատճառների, հանգամանքների բացահայտմանն ու նկարագրմանը,

3) խախտումների կատարմանը նպաստած (նպաստող) կամ դրանց կատարման պատճառ հանդիսացած ինստիտուցիոնալ մեխանիզմների, համակարգային կապերի, խախտումների կատարմանը նպաստած եւ դրանց կատարման գործընթացում ներգրավված, այդ թվում՝ էական ու որոշիչ մասնակցություն կամ ազդեցություն ունեցած անձանց, կազմակերպությունների, մարմինների հնարավոր շրջանակի բացահայտմանը,

4) ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ այլ առաջարկությունների ներկայացմանը՝ ուղղված հնարավոր խախտումների կրկնությունը բացառելուն, դրանց արդյունքում տուժած անձանց իրավունքների պաշտպանությանը, անձանց խախտված իրավունքների վերականգմանը եւ փոխհատուցման եղանակների ու միջոցների սահմանմանը:

2. Ուսումնասիրվող ժամանակահատվածի դեպքերը եւ իրադարձությունները ներառում են՝

1) համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների եւ հանրաքվեների կազմակերպում եւ անցկացում,

2) հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ,

3) պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումներ,

4) անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումներ,

5) ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր,

6) հավաքների ազատության իրավունքի խախտումների դեպքեր:

3. Սույն գլխի շրջանակներում խախտում հասկացությունը կիրառվում է բացառապես որպես դեպքերի եւ իրադարձությունների շրջանակում կամ դրանց հետեւանքով տեղի ունեցած գործողություն կամ դրսեւորված անգործություն, եւ ինքնին չի կարող համարվել որպես այլ օրենքով կամ այլ իրավական ակտով որակվող խախտում, այդ թվում՝ որպես հանցագործություն կամ այլ իրավախախտում:

4. Փաստահավաք հանձնաժողովն իր գործունեությունը պատշաճ իրականացնելու համար մշակում է իր գործունեության իրականացման, ներառյալ՝ իր իրավասության ներքո ընդգրկված հարցերի ուսումնասիրման ծավալը՝ հաշվի առնելով ուսումնասիրման ենթակա հարցերի բնույթը, անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման մեթոդաբանությունը, Հանրային խորհրդի գործունեությունն ապահովող քարտուղարության միջոցով աշխատանքների կազմակերպման կարգը, ինչպես նաեւ իր գործունեությանն առնչվող այլ հանգամանքներ:

Հոդված 11.3. Փաստահավաք հանձնաժողովի գործունեության սկզբունքները

1. Փաստահավաք հանձնաժողովը գործում է օբյեկտիվության եւ անկողմնակալության, քաղաքական չեզոքության եւ զսպվածության, կոլեգիալության, հանրային հաշվետվողականության եւ թափանցիկության, համագործակցության սկզբունքների հիման վրա:

Հոդված 11.4. Օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը

1. Փաստահավաք հանձնաժողովն իր գործունեության ընթացքում բոլոր ուսումնասիրությունները պետք է իրականացնի եւ դրա շրջանակում բոլոր փաստաթղթերը, նյութերը, տվյալները, տեղեկությունները եւ դրանցով հաստատվող կամ հերքվող փաստական հանգամանքները պետք է քննի, ուսումնասիրի, հետազոտի օբյեկտիվորեն եւ անկողմնակալ ձեւով՝ առանց որեւէ փաստի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի:

2. Փաստահավաք հանձնաժողովին հայտնի դարձած որեւէ հանգամանք նախապես հաստատված փաստի ուժ չունի:

Հոդված 11.5. Քաղաքական չեզոքությունը եւ զսպվածությունը

1. Փաստահավաք հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս պահպանում է քաղաքական չեզոքություն եւ զսպվածություն:

Հոդված 11.6. Կոլեգիալությունը

1. Փաստահավաք հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է, այդ թվում՝ աշխատակարգային որոշումներ եւ եզրակացություններ ընդունում է կոլեգիալ:

Հոդված 11.7. Հանրային հաշվետվողականությունը եւ թափանցիկությունը

1. Փաստահավաք հանձնաժողովը սույն օրենքի 11.27-րդ հոդվածով նախատեսված զեկույցները նույն հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետներում ներկայացնում է Հանրային խորհրդին:

2. Փաստահավաք հանձնաժողովի բոլոր անդամները, Հանրային խորհրդի բոլոր անդամները եւ Հանրային խորհրդի գործունեությունն ապահովող քարտուղարության աշխատակիցները, ինչպես նաեւ փաստահավաք գործունեության իրականացման համար Փաստահավաք հանձնաժողովի կողմից ներգրավված բոլոր մասնագետները, փորձագետները եւ փաստահավաք գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են պահպանել իրենց կողմից ուսումնասիրված եւ ուսումնասիրվող բոլոր փաստաթղթերի, նյութերի, տվյալների, տեղեկությունների, խախտում կատարած, տուժած եւ տեղեկություններ հաղորդած անձանց գաղտնիությունը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված կարգով համապատասխան տեղեկությունների հանրայնացման, այդ թվում՝ դրանք Փաստահավաք հանձնաժողովի զեկույցների մեջ ներառելու եւ հրապարակելու, ինչպես նաեւ օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով այլ մարմիններին եւ անձանց տրամադրելու դեպքերի: Սույն մասով նախատեսված սահմանափակումը տարածվում է նաեւ Հանրային խորհրդի եւ Փաստահավաք հանձնաժողովի նախկին անդամի, Փաստահավաք հանձնաժողովի գործունեության ընթացքում աշխատանքներ կատարած Հանրային խորհրդի գործունեությունն ապահովող քարտուղարության եւ փաստահավաք գործունեության իրականացման համար ներգրավված եւ փաստահավաք աշխատանքներին մասնակցած վերը թվարկված բոլոր անձանց նկատմամբ:

Հոդված 11.8. Համագործակցությունը

1. Փաստահավաք հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս համագործակցում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային եւ այլ կազմակերպությունների, ինչպես նաեւ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ:

2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք՝ սույն գլխով նախատեսված դեպքերում եւ կարգով օժանդակում են Փաստահավաք հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը:

Հոդված 11.9. Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման կարգը

1. Փաստահավաք հանձնաժողովը կազմված է 7 անդամից: Փաստահավաք հանձնաժողովի կազմը հաստատում է Հանրային խորհուրդը:

2. Փաստահավաք հանձնաժողովի անդամներն ընտրվում են մրցութային բաց ընթացակարգի միջոցով՝ Փաստահավաք հանձնաժողովի գործունեության ողջ ժամանակահատվածի համար:

3. Փաստահավաք հանձնաժողովի անդամներն ընտրվում են Հանրային խորհրդի կողմից՝ բաց քվեարկության արդյունքում՝ Հանրային խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

4. Փաստահավաք հանձնաժողովը համարվում է ձեւավորված անդամների կեսից ավելին ընտրվելու պահից:

Հոդված 11.10. Փաստահավաք հանձնաժողովի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջները

1. Փաստահավաք հանձնաժողովի անդամի թեկնածու կարող է լինել բարձրագույն կրթությամբ եւ հայերենին տիրապետող, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը, որն ունի մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն, օժտված է բարձր մասնագիտական որակներով, իր ոլորտի հեղինակավոր մասնագետ կամ հանրային հեղինակություն վայելող անձ է եւ մինչեւ Փաստահավաք հանձնաժողովի անդամ ընտրվելը չի զբաղեցրել «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված որեւէ քաղաքական պաշտոն եւ իր մասնագիտական գործունեության ընթացքում դրսեւորել է քաղաքական չեզոքություն եւ զսպվածություն:

2. Փաստահավաք հանձնաժողովի անդամի թեկնածու կարող են առաջադրել այն ոչ առեւտրային կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներից է մարդու իրավունքների պաշտպանությունը, Փաստահավաք հանձնաժողովի իրավասության ոլորտներում գործունեությունը եւ որոնք վերջին հինգ տարիներին իրականացնում են նման գործունեություն: Յուրաքանչյուր ոչ առեւտրային կազմակերպություն կարող է առաջադրել առավելագույնը 1 թեկնածու:

3. Փաստահավաք հանձնաժողովի անդամի թեկնածու չի կարող լինել այն անձը՝

1) որը դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը օրենքով սահմանված կարգով մարված կամ հանված (վերացված) չէ.

2) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործության կատարման համար կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ է կրել՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված (վերացված) լինելու հանգամանքից.

3) որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով (ոչ ռեաբիլիտացիոն հանգամանքներով).

4) որը հանդիսանում է Հանրային խորհրդի կամ Հանրային խորհրդի մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովի անդամ:

Հոդված 11.11. Փաստահավաք հանձնաժողովի անդամի ընտրության կարգը

1. Փաստահավաք հանձնաժողովի կազմում թեկնածուների ներգրավումն իրականացվում է 2 փուլով:

2. Առաջին փուլի ընթացքում թեկնածուներին ներգրավելու նպատակով Փաստահավաք հանձնաժողովի անդամների ընտրությունից առնվազն 30 օր առաջ Հանրային խորհրդի գործունեությունն ապահովող քարտուղարության օժանդակությամբ, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակվում է մրցույթի հայտարարություն, որի շրջանակներում սույն օրենքի 11.10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ոչ առեւտրային կազմակերպությունները առաջադրում են սույն օրենքի 11.10-րդ հոդվածի մասի 1-ին մասով սահմանված պահանջներին համապատասխանող թեկնածուին: Փաստահավաք հանձնաժողովում ընտրվելու նպատակով ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից թեկնածուների ներկայացման կարգը, ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման եւ ուսումնասիրման կարգը սահմանում է Կառավարությունը:

3. Առաջին փուլի ընթացքում սահմանված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերն Հանրային խորհրդի գործունեությունն ապահովող քարտուղարության կողմից ուսումնասիրելուց հետո սույն օրենքի 11.10-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխանող ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից ներկայացված սույն օրենքի 11.10-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանող անձինք ներառվում են Փաստահավաք հանձնաժողովի անդամների թեկնածուների շարքում:

4. Երկրորդ փուլում գնահատվում է թեկնածուի համապատասխանությունը սահմանված պահանջներին: Երկրորդ փուլի ընթացքում առաջին փուլը հաղթահարած թեկնածուները հրավիրվում են բանավոր հարցազրույցի: Հարցազրույցն անցկացվում է Հանրային խորհրդի՝ այդ նպատակով հրավիրված նիստում: Հարցազրույցը կարող է անցկացվել Հանրային խորհրդի կողմից մեկից ավելի նիստերի գումարման միջոցով: Հարցազրույցի անցկացման նպատակով գումարվող Հանրային խորհրդի նիստի ողջ ընթացքը տեսաձայնագրվում է, որը Փաստահավաք հանձնաժողովի անդամի թեկնածուի գրավոր համաձայնությամբ եւ Հանրային խորհրդի որոշմամբ կարող է տրամադրվել այլ անձանց՝ վերջիններիս պահանջով: Հանրային խորհրդի յուրաքանչյուր անդամ ազատ է թեկնածուին ուղղելու հարցադրումներ: Թեկնածուների ընտրության ընթացքում հաշվի է առնվում առաջադրված թեկնածուի փորձառությունը, ծավալած մասնագիտական գործունեությունը, նրա կողմից կամ մասնակցությամբ իրականացված ծրագրերի, հրապարակված աշխատանքների, կատարված հետազոտությունների բնույթը, քանակը, ճանաչվածության աստիճանը, սեռերի հավասար ներկայացվածության եւ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից եւ համայնքներից ներգրավվածության ապահովման անհրաժեշտությունը, եւ ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

5. Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելուց հետո Փաստահավաք հանձնաժողովի անդամներն իրենց կազմից ձայների մեծամասնությամբ ընտրում են Փաստահավաք հանձնաժողովի նախագահին:

Հոդված 11.12. Փաստահավաք հանձնաժողովի անդամի անհամատեղելիությունը եւ նրա նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները

1. Փաստահավաք հանձնաժողովի անդամը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում:

2. Փաստահավաք հանձնաժողովի անդամը իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ:

Հոդված 11.13. Փաստահավաք հանձնաժողովի նախագահը եւ անդամները

1. Փաստահավաք հանձնաժողովի նախագահը՝

1) հանդես է գալիս Փաստահավաք հանձնաժողովի անունից.

2) համակարգում է Փաստահավաք հանձնաժողովի գործունեությունը եւ կազմակերպում նրա բնականոն աշխատանքը.

3) հրավիրում եւ վարում է Փաստահավաք հանձնաժողովի նիստերը, ստորագրում է Փաստահավաք հանձնաժողովի որոշումները եւ նիստերի արձանագրությունները: Փաստահավաք հանձնաժողովի նախագահը պատասխանատվություն է կրում նիստի արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար.

4) ներկայացնում է Փաստահավաք հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային եւ այլ կազմակերպությունների, ինչպես նաեւ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ համագործակցելիս.

5) իրականացնում է uույն օրենքով եւ Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

2. Փաստահավաք հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրա հանձնարարությամբ նրան փոխարինում է Փաստահավաք հանձնաժողովի անդամներից որեւէ մեկը, իսկ հանձնարարություն տալու անհնարինության դեպքերում՝ Փաստահավաք հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

3. Փաստահավաք հանձնաժողովի անդամը՝

1) համակարգում է Փաստահավաք հանձնաժողովի գործունեության իրեն վերապահված ոլորտում աշխատանքների կատարման գործընթացը.

2) Հանրային խորհրդի գործունեությունն ապահովող քարտուղարության օգնության անհրաժեշտության դեպքում դիմում է Փաստահավաք հանձնաժողովի նախագահին.

3) ներկայացնում է առաջարկություն Փաստահավաք հանձնաժողովի նիստերի օրակարգում ընդգրկվող հարցերի վերաբերյալ.

4) մասնակցում է Փաստահավաք հանձնաժողովի նիստերին.

5) ապահովում է սույն օրենքից եւ Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգից բխող Փաստահավաք հանձնաժողովի նախագահի հանձնարարությունների կատարումը.

6) իրականացնում է uույն օրենքով եւ Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

4. Փաստահավաք հանձնաժողովի անդամը պետք է ձեռնպահ մնա մինչեւ Փաստահավաք հանձնաժողովի միջանկյալ եւ եզրափակիչ զեկույցների հրապարակումը դրանց վերաբերյալ տեղեկություններ բացահայտելուց:

5. Փաստահավաք հանձնաժողովի անդամների միջեւ համակարգման ոլորտների բաշխման հետ կապված հարցերը որոշում է Փաստահավաք հանձնաժողովի նախագահը:

Հոդված 11.14. Փաստահավաք հանձնաժողովի անդամի վարքագծի եւ էթիկայի կանոնները

1. Փաստահավաք հանձնաժողովի անդամը ցանկացած գործունեություն իրականացնելիս եւ բոլոր հանգամանքներում պարտավոր է՝

1) զերծ մնալ Փաստահավաք հանձնաժողովի անկախության եւ անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսեւորելուց,

2) մասնակցել Փաստահավաք հանձնաժողովի աշխատանքներին, բարեխղճորեն եւ լիարժեք կատարել իր պարտականությունները,

3) դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն,

4) թույլ չտալ շահերի բախում, բացառել ընտանեկան, հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունների՝ իր լիազորությունների իրականացման վրա որեւէ ազդեցություն,

5) ձեռնպահ մնալ Փաստահավաք հանձնաժողովի գործունեությունը եւ զեկույցները հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, բացառությամբ Փաստահավաք հանձնաժողովի որոշումների եւ զեկույցների կապակցությամբ հատուկ կարծիք ներկայացնելու դեպքերի,

6) իր լիազորությունները եւ որպես Փաստահավաք հանձնաժողովի անդամ իր իրավունքներն իրականացնելու կապակցությամբ իր գործունեությանը միջամտելու կամ այլ ներգործության վերաբերյալ անհապաղ հայտնել Փաստահավաք հանձնաժողովի նախագահին:

2. Սույն գլխի իմաստով շահերի բախումն իրավիճակ է, երբ Փաստահավաք հանձնաժողովի անդամի մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս սույն օրենքով սահմանված լիազորությունների անաչառ եւ օբյեկտիվ կատարման վրա:

3. Փաստահավաք հանձնաժողովը սահմանում է Փաստահավաք հանձնաժողովի անդամի էթիկայի կանոնները: Փաստահավաք հանձնաժողովի անդամի էթիկայի կանոնները Փաստահավաք հանձնաժողովի անդամի անձնական եւ վարքագծային սահմանափակումներ են, որոնք նա ընդունում է գիտակցաբար եւ ինքնակամ՝ նպատակ ունենալով բարձր պահել Փաստահավաք հանձնաժողովի անդամի եւ Փաստահավաք հանձնաժողովի հեղինակությունը, ապահովել իր արդարամտության, բարեկրթության եւ հավասարակշռվածության հասարակական ընկալումը, նպաստել Փաստահավաք հանձնաժողովի գործունության չեզոքության եւ օբյեկտիվության սկզբունքների ապահովմանը:

4. Փաստահավաք հանձնաժողովի անդամի կողմից սույն հոդվածով սահմանված վարքագծի կանոնները խախտելը առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:

5. Փաստահավաք հանձնաժողովի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննում է Հանրային խորհուրդը՝ Փաստահավաք հանձնաժողովի նախագահի կամ առնվազն երեք անդամի միջնորդության հիման վրա:

6. Փաստահավաք հանձնաժողովի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումն ընդունվում է Հանրային խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

7. Փաստահավաք հանձնաժողովի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելու արդյունքում Հանրային խորհուրդը կարող է նրա նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետեւյալ տեսակներից մեկը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում:

8. Էական կարգապահական խախտում է համարվում երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող Փաստահավաք հանձնաժողովի անդամի կողմից կարգապահական խախտում կատարելը:

Հոդված 11.15. Փաստահավաք հանձնաժողովի անդամի ինքնաբացարկը եւ բացարկ հայտնելը

1. Փաստահավաք հանձնաժողովի անդամը չի կարող մասնակցել հարցի քննարկմանը եւ քվեարկությանը, եթե առկա են նրա անկողմնակալության վրա ազդող հանգամանքներ:

2. Փաստահավաք հանձնաժողովի անդամը պարտավոր է ինքնաբացարկի հիմքն իրեն հայտնի դառնալու պահից անհապաղ Փաստահավաք հանձնաժողովին գրավոր կամ բանավոր ինքնաբացարկ ներկայացնել՝ շարադրելով ինքնաբացարկի հիմք հանդիսացող հանգամանքները:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում Փաստահավաք հանձնաժողովի անդամը կարող է քննարկման առարկա դարձնել Փաստահավաք հանձնաժողովի այլ անդամին բացարկ հայտնելու հարցը:

4. Փաստահավաք հանձնաժողովի նախագահը քննարկման է ներկայացնում ինքնաբացարկի կամ բացարկի հարցը, որը քննարկվում է Փաստահավաք հանձնաժողովի՝ ինքնաբացարկ հայտնած կամ բացարկվող անդամի մասնակցությամբ:

5. Հարցի քննարկումից հետո Փաստահավաք հանձնաժողովը կայացնում է որոշում: Փաստահավաք հանձնաժողովի՝ ինքնաբացարկ հայտնած կամ բացարկվող անդամը, ինչպես նաեւ բացարկ հայտնած անդամը չեն մասնակցում ինքնաբացարկի կամ բացարկի հարցով քվեարկությանը: Ձայների հավասարության դեպքում Փաստահավաք հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

Հոդված 11.16. Փաստահավաք հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարումը եւ դադարեցումը

1. Փաստահավաք հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետը լրանում է Փաստահավաք հանձնաժողովի գործունեության ժամկետը լրանալու օրը:

2. Փաստահավաք հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե՝

1) նա դիմում է ներկայացրել Փաստահավաք հանձնաժողովի նախագահին.

2) նա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ ճանաչվել է մահացած.

3) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

4) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.

5) նա մահացել է.

6) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,

7) լրացել է նրա լիազորությունների ժամկետը:

3. Փաստահավաք հանձնաժողովի անդամի լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարած՝ Հանրային խորհրդի նախագահի կողմից փաստն արձանագրելու եւ այդ մասին հայտարարությամբ հանդես գալու պահից:

4. Փաստահավաք հանձնաժողովի անդամի լիազորությունները Փաստահավաք հանձնաժողովի եզրակացության հիման վրա Փաստահավաք հանձնաժողովի նախագահի կողմից՝ դադարեցվում է, եթե՝

1) նա երկարատեւ անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում բացակայել է Փաստահավաք հանձնաժողովի նիստերի կեսից ավելիին.

2) նա մեկ տարվա ընթացքում ավելի քան երկու անգամ առանց հարգելի պատճառի բացակայել է Փաստահավաք հանձնաժողովի նիստերից.

3) նա խախտել է Փաստահավաք հանձնաժողովի անդամի գործունեության անհամատեղելիության պահանջները.

4) ի հայտ են եկել փաստեր առ այն, որ նա նշանակման պահին չի համապատասխանել ներկայացվող պահանջներին կամ ներկայացրել է կեղծ փաստաթղթեր:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված եզրակացությունը ընդունվում է Փաստահավաք հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

6. Փաստահավաք հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում սույն օրենքով սահմանված կարգով ընտրվում է Փաստահավաք հանձնաժողովի նոր անդամ:

Հոդված 11.17. Համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների եւ հանրաքվեների կազմակերպման եւ անցկացման գործընթացները

1. Փաստահավաք հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում անդրադառնում է ուսումնասիրվող ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած՝ Հայաստանի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, համայնքների ավագանիների, համայնքների ղեկավարների ընտրությունների եւ հանրաքվեների կազմակերպման եւ անցկացման ընթացքում տեղի ունեցած հետեւյալ խախտումներին՝

1) այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքեր,

2) նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության ընթացքում տեղի ունեցած խախտումներ, այդ թվում՝ ֆինանսական թափանցիկությունը չապահովելու, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելու, ֆիզիկական, հոգեբանական կամ այլ ձեւով դրսեւորվող ճնշումներ կիրառելու, նյութապես կամ այլ կերպ խրախուսելու, շահագրգռելու, որեւէ այլ առավելություն առաջարկելու, խոստանալու կամ տրամադրելու միջոցով քվեարկության ուղղորդման դեպքեր,

3) ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին, թեկնածուների, վստահված անձանց, դիտորդների եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքների իրացմանը եւ լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքեր,

4) ընտրությունների, հանրաքվեի կամ քվեարկության արդյունքները կեղծելու դեպքեր,

5) ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին եւ կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելու դեպքեր,

6) քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքեր,

7) ընտրատեղամասերում ընտրական օրենսդրությամբ նախատեսված վստահված անձանց, դիտորդների, լրատվության միջոցների գործունեությանը խոչընդոտելու դեպքեր,

8) ընտրությունների արդյունքների ամփոփման, այդ թվում՝ քվեաթերթիկների թվի հաշվարկման վերաբերյալ հանձնաժողովների որոշումների ակնհայտ հակասության դեպքեր:

Հոդված 11.18. Հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ

1. Փաստահավաք հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում անդրադառնում է ուսումնասիրվող ժամանակահատվածում տեղի ունեցած՝ Հայաստանի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, համայնքների ավագանիների, համայնքների ղեկավարների ընտրություններից եւ հանրաքվեներից հետո եւ դրանց կապակցությամբ անձանց նկատմամբ կիրառված ֆիզիկական, հոգեբանական կամ այլ ձեւով դրսեւորվող ճնշումների, աշխատանքից կամ զբաղեցրած պաշտոնից ազատելուն կամ հեռանալուն (հրաժարվելուն) հարկադրելու, ինչպես նաեւ հավաքների ազատության իրավունքի իրականացումը խոչընդոտելու դեպքերին, որոնք ուղղված են եղել այդ անձանց քաղաքական համոզմունքների դեմ կամ դրանց փոփոխմանը, հրապարակային ելույթների եւ կարծիքների արտահայտումը կանխելուն, խոչընդոտելուն կամ դրանց համար պատասխանատվության ենթարկելուն, այդ թվում՝ այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդում, վարչական կամ կարգապահական պատասխանատվության վարույթ հարուցելու միջոցով:

Հոդված 11.19. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման գործընթացներ եւ անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումներ

1. Փաստահավաք հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում անդրադառնում է ուսումնասիրվող ժամանակահատվածում հանրության գերակա շահերի (պետության կամ հասարակության կարիքների) ապահովման նպատակով սեփականության օտարումների գործընթացում տեղի ունեցած հետեւյալ խախտումներին՝

1) հանրության գերակա շահերի եւ հասարակության ու պետության հիմնավորված կարիքների բացակայության եւ հանրության շահը օտարվող սեփականության սեփականատիրոջ շահից ոչ գերակա լինելու պայմաններում, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի եւ հասարակության ու պետության կարիքների ներքո սեփականության օտարումները բացառապես կամ առավելապես մասնավոր շահերին եւ կարիքներին ծառայեցնելու, հանրության գերակա շահ չհետապնդող նպատակներով սեփականության օտարման գործընթացներ նախաձեռնելու եւ իրականացնելու դեպքեր.

2) օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման նվազ չափ սահմանելու նպատակով գույքի շուկայական արժեքի ակնհայտ ցածր գնահատման դեպքեր եւ գնահատման կարգի այնպիսի այլ խախտումներ, որոնք ազդել են օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման համարժեք չափի վրա.

3) սեփականության օտարման դիմաց փոխհատուցում չտրամադրելու կամ ոչ համարժեք փոխհատուցում տրամադրելու դեպքեր.

4) սեփականության օտարման գործընթացում անձանց չհիմնավորված վնաս պատճառելու դեպքեր:

2. Փաստահավաք հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում անդրադառնում է նաեւ ուսումնասիրվող ժամանակահատվածում անձի սեփականության իրավունքն այլ անձի փոխանցելու միջոցով սեփականությունից զրկվելու այնպիսի դրսեւորումների,

1) որոնք ողջամիտ ենթադրությամբ տեղի են ունեցել առանց անձի իրական համաձայնության կամ նրա իրական կամքի խաթարմամբ՝ բռնության, սպառնալիքի, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելու միջոցով, առանց փոխհատուցման տրամադրման կամ ակնհայտ նվազ փոխհատուցմամբ կամ ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, եւ

2) որոնց կազմակերպման եւ իրականացման գործընթացում ներգրավված են եղել կամ ողջամտորեն կարող էին ներգրավված լինել հանրային պաշտոն զբաղեցնող կամ նրանց հետ փոխկապակցված անձինք՝ նման դրսեւորումները օգտագործելով իրենց մասնավոր շահերի բավարարման նպատակով:

3. Փաստահավաք հանձնաժողովը սույն հոդվածով նախատեսված խախտումներն ուսումնասիրելիս հաշվի է առնում նաեւ դրանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանների դատական ակտերով բացահայտված (հաստատված) դեպքերը եւ մեկնաբանությունները:

4. Սույն գլխի իմաստով փոխկապակցված անձ է համարվում անձի հետ փոխկապակցված իրավաբանական անձը («Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 25-26-րդ կետերի իմաստով), մերձավոր ազգականը (ամուսինը, անձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ, եղբոր զավակները, անձի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր, զավակի ամուսինները, անձի ամուսնու ծնողները, վերջիններիս համար՝ փեսան եւ հարսը), ժառանգը կամ ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, ում հետ տվյալ անձը վարում է կամ դեպքերի եւ իրադարձությունների ժամանակահատվածում վարել է ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն:

Հոդված 11.20. Ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր

1. Փաստահավաք հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում անդրադառնում է ուսումնասիրվող ժամանակահատվածում զինծառայողների՝ ոչ մարտական պայմաններում (մարտական ծառայության հետ կապ չունեցող) մահվան հետեւյալ դեպքերին՝

1) բժշկական օգնություն եւ սպասարկում չիրականացնելու կամ ոչ պատշաճ իրականացնելու արդյունքում վրա հասած մահվան դեպքեր, ներառյալ՝ երբ զորակոչի ժամանակ մահվան պատճառ հանդիսացած հիվանդությունը իրավասու մարմնի կողմից բացահայտված կամ մատնանշված չի եղել կամ զինվորական ծառայության ընթացքում ակնհայտ է եղել, որ անձը տառապում է զինվորական ծառայություն իրականացնելու հետ անհամատեղելի հիվանդությամբ.

2) զինծառայողների՝ քրեական հետապնդման մարմինների կողմից որպես ինքնասպանություն որակված դեպքերը, որոնք ողջամիտ ենթադրությամբ կարող էին տեղի ունենալ ոչ կանոնադրային հարաբերությունների հետեւանքով.

3) ծառայության ընթացքում ոչ պատշաճ հսկողություն իրականացնելու արդյունքում տեղի ունեցած դժբախտ պատահարների հետեւանքով մահվան դեպքեր.

4) մահվան իրական հանգամանքների պարզման եւ դրանց պատճառները վերացնելու ուղղությամբ իրավասու անձանց կողմից անգործություն ցուցաբերելու դեպքեր.

5) մահվան իրական պատճառների եւ հանգամանքների վերաբերյալ պատասխանատու անձանց եւ մարմինների կողմից ոչ հավաստի տեղեկությունների տրամադրման դեպքեր:

Հոդված 11.21. Հավաքների ազատության իրավունքի խախտումների դեպքեր

1. Փաստահավաք հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում անդրադառնում է ուսումնասիրվող ժամանակահատվածում տեղի ունեցած հավաքների ազատության իրավունքի հետեւյալ խախտումներին՝

1) օրինական հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու դեպքեր,

2) օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելու, անձին կամ նրա մերձավոր ազգականին կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաեւ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքեր,

3) արգելված հավաքին մասնակցել քարոզելու դեպքեր:

Հոդված 11.22. Փաստահավաք հանձնաժողովի լիազորությունները

1. Փաստահավաք հանձնաժողովը՝

1) դեպքերի, իրադարձությունների եւ դրանց շրջանակներում կատարված խախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրման եւ ուսումնասիրության նպատակով դիմում է Հանրային խորհրդի նախագահին հետեւյալ լիազորությունների իրականացման համար՝

ա. անձից դեպքերի եւ իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններ հայցելու,

բ. պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ստորաբաժանումների գտնվելու վայրեր՝ նրանց համաձայնությամբ, ինչպես նաեւ անձանց մշտական բնակության վայրեր՝ այդ անձանց համաձայնությամբ, իսկ իրավաբանական անձանց գտնվելու վայրեր՝ իրավասու մարմնի համաձայնությամբ այցելություններ կազմակերպելու,

գ. ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրանց պաշտոնատար անձանցից, օրենքով պահպանվող գաղտնիքի վերաբերյալ օրենսդրության սահմաններում՝ դեպքերին, իրադարձություններին եւ խախտումներին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր հայցելու ՝ անկախ նյութական կրիչի ձեւից եւ տեսակից,

դ. ծանոթանալու քրեական, քաղաքացիական, վարչական եւ կարգապահական իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ դատավճիռները, վճիռները եւ որոշումներն օրինական ուժի մեջ են մտել, ինչպես նաեւ այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է այդ գործերի հարուցումը (չի նախաձեռնվել քրեական վարույթ), կամ կարճվել է գործի (քրեական) վարույթը.

2) իր գործունեությանը սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգով կարող է ներգրավել փորձագետների եւ մասնագետների, այդ թվում՝ միջազգային.

3) կազմակերպել եւ անցկացնել հանրային քննարկումներ եւ լսումներ.

4) իրավասու մարմիններին առաջարկություն ներկայացնել խախտումներից տուժած անձանց իրավունքների պաշտպանության միջոցների կիրառման վերաբերյալ.

5) կազմել զեկույցներ իր գործունեության եւ դրա արդյունքների վերաբերյալ.

6) համագործակցել այլ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ.

7) դիմում է Հանրային խորհրդի նախագահին՝ ներկայացնելու Փաստահավաք հանձնաժողովի առաջարկությունները Կառավարությանը՝ խախտումների հետեւանքների վերացման, դրանց արդյունքում տուժած անձանց փոխհատուցման տրամադրման, խախտված իրավունքների, պատվի եւ արժանապատվության վերականգնման ուղղությամբ անհրաժեշտ եւ հնարավոր միջոցառումների իրականացման ուղղությունների վերաբերյալ, ինչպես նաեւ ներկայացնել առաջարկություններ սույն գլխով նախատեսված նպատակների իրականացմամբ պայմանավորված անհրաժեշտ եւ հրատապ միջանկյալ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին.

8) դիմում է Հանրային խորհրդի նախագահին՝ ներկայացնելու Փաստահավաք հանձնաժողովի առաջարկությունները իրավասու մարմիններին՝ տուժած կամ տեղեկություններ հաղորդող անձանց պաշտպանության ծրագրերի մշակման եւ իրագործման համար:

Հոդված 11.23. Լսումների եւ հանրային քննարկումների անցկացումը

1. Իր լիազորությունների իրականացման նպատակով Փաստահավաք հանձնաժողովը կարող է իր սահմանած կարգով եւ ձեւով անցկացնել բաց եւ փակ լսումներ, ինչպես նաեւ հանրային քննարկումներ:

2. Լսումների ընթացքում ներկայացվում են Փաստահավաք հանձնաժողովի իրավասության շրջանակում որեւէ իրադարձության կամ դեպքի վերաբերյալ կատարված հետազոտությունները՝ Փաստահավաք հանձնաժողովի սահմանած ծավալով եւ շրջանակներում:

3. Լսումներն անցկացվում են իրադարձության կամ դեպքի կապակցությամբ ենթադրյալ խախտում կատարած եւ դրանց արդյունքում տուժած անձանց հաղորդած տեղեկությունները, լսումներին հրավիրված այլ անձանց կարծիքները, տեղեկությունները, պարզաբանումները քննարկվող դեպքի կամ իրադարձության վերաբերյալ՝ դրանց վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու, կատարված հետազոտությունների արդյունքները Փաստահավաք հանձնաժողովի որոշած ծավալով եւ շրջանակներում հանրայնացնելու եւ դրանք լսումներին հրավիրված անձանց ներկայացնելու, իրադարձության կամ դեպքի կապակցությամբ ենթադրյալ խախտում կատարած եւ դրանց արդյունքում տուժած անձանց հաշտեցման, տուժած անձանց իրավունքները վերականգնելու եւ հատուցման միջոցներ սահմանելու վերաբերյալ առաջարկություններ ստանալու նպատակով:

4. Փաստահավաք հանձնաժողովի կողմից անցկացվող լսումները բաց են: Լսումներն ամբողջությամբ կամ դրանց մի մասը Փաստահավաք հանձնաժողովի որոշմամբ կարող է անցկացվել փակ՝ մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների շահերի, պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության, ինչպես նաեւ մասնակիցների եւ նրանց մերձավոր ազգականների պաշտպանության նպատակով:

5. Փաստահավաք հանձնաժողովի կողմից կազմված միջանկյալ եւ եզրափակիչ զեկույցների վերաբերյալ կարող են իրականացվել հանրային քննարկումներ սույն հոդվածով նախատեսված կարգով:

6. Հանրային քննարկումներն իրականացվում են հրապարակայնության, մատչելիության, թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքների հիման վրա:

7. Փաստահավաք հանձնաժողովի կողմից հանրային քննարկումներ կարող են իրականացվել տվյալ ոլորտում մասնագիտացված կամ շահագրգիռ անձանց հետ հանդիպումների, լսումների, հարցումների, ինչպես նաեւ հեռահաղորդակցության հնարավոր միջոցներով:

Հոդված 11.24. Համագործակցությունն ու փոխօգնությունը

1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձինք իրենց իրավասության սահմաններում, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում օժանդակում են Փաստահավաք հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը:

2. Փաստահավաք հանձնաժողովը եւ պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են փոխադարձ օգնություն տրամադրել միմյանց՝ իրենց լիազորություններն իրականացնելու համար:

3. Փաստահավաք հանձնաժողովն իր գործունեության ընթացքում հայտնաբերված այնպիսի տեղեկությունները, որոնք առնչվում են կամ կարող են առնչվել պետական կառավարման համակարգի մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց գործունեությանը, առերեւույթ չեն պարունակում հանցագործության կամ վարչական իրավախախտման հատկանիշներ, սակայն Փաստահավաք հանձնաժողովի գնահատմամբ կարող են հետագայում հանգեցնել Փաստահավաք հանձնաժողովի իրավասությունների ներքո ընդգրկվող խախտումների եւ իրադարձությունների կրկնությանը, ներկայացնում է Հանրային խորհրդի նախագահին, եւ վերջինս անհրաժեշտության դեպքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ դրանց համապատասխան ընթացք տալու միջնորդությամբ դիմելով:

Հոդված 11.25. Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կազմակերպումը

1. Փաստահավաք հանձնաժողովն իր բնականոն գործունեությունն իրականացնում է Հանրային խորհրդի գործունեությունն ապահովող քարտուղարության միջոցով:

2. Փաստահավաք հանձնաժողովի կողմից իր գործունեության ընթացքում ձեռք բերված տեղեկությունները եւ նյութերը հավաքագրվում եւ պահվում են Հանրային խորհրդի գործունեությունն ապահովող քարտուղարության կողմից:

Հոդված 11.26. Փաստահավաք հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման կարգը

1. Փաստահավաք հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են նիստերի միջոցով:

2. Փաստահավաք հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ: Փաստահավաք հանձնաժողովի նիստը հրավիրում է Փաստահավաք հանձնաժողովի նախագահը՝ իր նախաձեռնությամբ կամ Փաստահավաք հանձնաժողովի առնվազն երկու անդամի պահանջով: Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգը հաստատում է Կառավարությունը:

3. Նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է Փաստահավաք հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

4. Նիստին հրավիրված անձինք մասնակցում են համապատասխան հարցի քննարկմանը Փաստահավաք հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ:

5. Փաստահավաք հանձնաժողովը քննարկվող հարցի վերաբերյալ ընդունում է որոշում կամ եզրակացություն՝ Փաստահավաք հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

6. Փաստահավաք հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է անձամբ՝ տվյալ որոշմանը կամ եզրակացությանը կողմ, դեմ կամ ձեռնպահ:

7. Փաստահավաք հանձնաժողովի նիստերն արձանագրվում են:

8. Փաստահավաք հանձնաժողովի որոշումները կամ եզրակացությունները՝ դրանց ընդունման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում կարող են տեղադրվել Հանրային խորհրդի պաշտոնական համացանցային կայքում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջների պահպանմամբ՝ ներառելով միայն հանրամատչելի անձնական տվյալներ:

Հոդված 11.27. Փաստահավաք հանձնաժողովի զեկույցների կազմումը եւ հրապարակումը

1. Փաստահավաք հանձնաժողովը իր գործունեության արդյունքում կազմում է միջանկյալ եւ եզրափակիչ զեկույցներ:

2. Բացի եզրափակիչ զեկույցից Փաստահավաք հանձնաժողովը կազմում է նաեւ եզրափակիչ զեկույցի սեղմագիր:

3. Միջանկյալ եւ եզրափակիչ զեկույցները հաստատվում են Փաստահավաք հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ ձայների հավասարության դեպքում Փաստահավաք հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Զեկույցները ներառում են նաեւ Փաստահավաք հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները՝ դրանց առկայության դեպքում:

4. Միջանկյալ զեկույցները կազմվում են Փաստահավաք հանձնաժողովի կողմից իր ընթացիկ գործունեության արդյունքներն ամփոփելու նպատակով, որում ներառվում են տեղեկություններ Փաստահավաք հանձնաժողովի ընթացիկ գործունեության ուղղությունների եւ արդյունքների մասին:

5. Փաստահավաք հանձնաժողովի միջանկյալ զեկույցները կազմվում եւ Հանրային խորհրդին են ներկայացվում Փաստահավաք հանձնաժողովի կազմավորումից սկսած յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ՝ մինչեւ Փաստահավաք հանձնաժողովի եզրափակիչ զեկույցի հրապարակումը:

6. Փաստահավաք հանձնաժողովի եզրափակիչ զեկույցը Փաստահավաք հանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգով սահմանված ժամկետում ներկայացվում է Հանրային խորհրդի հաստատմանը:

7. Եզրափակիչ զեկույցը կազմվում է Փաստահավաք հանձնաժողովի ողջ գործունեության եւ դրա արդյունքների ամփոփման նպատակով: Այն ներառում է՝

1) Ուսումնասիրվող ժամանակահատվածի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած սույն օրենքի իմաստով դեպքերի եւ իրադարձությունների համառոտ շարադրանքը.

2) Փաստահավաք հանձնաժողովի կողմից բացահայտված խախտումներին վերաբերող փաստերի շարադրանքը ըստ ժամանակագրության.

3) ենթադրյալ խախտումներ կատարած եւ տուժած անձանց վերաբերյալ տվյալներ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան տվյալներին հանրության հասանելիությունը սահմանափակված է սույն օրենքի համաձայն.

4) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ այլ անձանց հետ համագործակցության ձեւերը եւ դրանց արդյունքները.

5) խախտումների եւ իրադարձությունների բացահայտման մեթոդաբանությունը.

6) Փաստահավաք հանձնաժողովի եզրակացությունն ու առաջարկությունները, որոնք ներառում են տեղեկություններ՝

ա. դեպքերի եւ իրադարձությունների առաջացման եւ խախտումների կատարման պատճառների վերաբերյալ,

բ. դեպքերի եւ իրադարձությունների առաջացման եւ խախտումների կատարման քաղաքական, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական հետեւանքների վերաբերյալ,

գ. համանման իրադարձությունների, դեպքերի առաջացման եւ խախտումների կատարման կրկնությունը կանխելուն եւ կանխարգելելուն, այդ թվում՝ ինստիտուցիոնալ բարեփոխումներին ուղղված առաջարկությունների վերաբերյալ,

դ. պատմական, քաղաքական, տնտեսական, իրավական համատեքստում խախտումների կատարման առիթների, պատճառների, հանգամանքների վերաբերյալ,

ե. խախտումների կատարմանը նպաստող ինստիտուցիոնալ մեխանիզմների, համակարգային կապերի եւ անձանց, կազմակերպությունների, մարմինների հնարավոր շրջանակի վերաբերյալ,

զ. խախտումների արդյունքում տուժած անձանց իրավունքների պաշտպանությանը, անձանց խախտված իրավունքների վերականգմանը եւ փոխհատուցման եղանակների ու միջոցների վերաբերյալ առաջարկություններ,

է. Փաստահավաք հանձնաժողովի գործունեության ընթացքում ձեռք բերված եւ այդ գործունեությանն առնչվող այլ տեղեկություններ եւ այլն:

8. Հանրային խորհրդի կողմից հաստատվելուց հետո եզրափակիչ զեկույցը Հանրային խորհրդի նախագահը ներկայացնում է Կառավարություն՝ վերջինիս իրավասությունների շրջանակներում համապատասխան բարեփոխումներին ուղղված ռազմավարություններ եւ գործողությունների ծրագրեր ընդունելու հարցը դիտարկելու նպատակով: Եզրափակիչ զեկույցը Հանրային խորհրդի կողմից չհաստատվելու դեպքում հրապարակվում է Հանրային խորհրդի պաշտոնական համացանցային կայքում՝ ներառելով միայն հանրամատչելի անձնական տվյալներ:

9. Եզրափակիչ զեկույցին կից հավելվածները կարող են ներառել Փաստահավաք հանձնաժողովի կողմից ձեռք բերված ապացույցները:

10. Եզրափակիչ զեկույցը Կառավարություն ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է Հանրային խորհրդի պաշտոնական համացանցային կայքում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջների պահպանմամբ՝ ներառելով միայն հանրամատչելի անձնական տվյալները:

11. Եզրափակիչ զեկույցը Փաստահավաք հանձնաժողովը պարտավոր է հրապարակել սույն օրենքով սահմանված կարգով կազմավորումից հետո՝ երկու տարվա ընթացքում: Փաստահավաք հանձնաժողովը ոչ ավելի, քան մեկ անգամ իրավունք ունի իր անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով կայացված պատճառաբանված որոշմամբ ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով երկարաձգել եզրափակիչ զեկույցի հրապարակման ժամկետը:

Հոդված 11.28. Ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունները

1. Փաստահավաք հանձնաժողովը փաստահավաք գործունեության ընթացքում եւ արդյունքում ուսումնասիրված դեպքերի եւ իրադարձությունների շրջանակում եւ դրանց կրկնությունը կանխելու նպատակով մշակում է ինստիտուցիոնալ բարեփոխումներին ուղղված առաջարկություններ, այդ թվում ուղղված՝

1) քաղաքական, տնտեսական, դատաիրավական ոլորտներում օրենսդրական փոփոխություններին.

2) մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցների, հանցագործությունների եւ իրավախախտումների բացահայտման եւ անձանց պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը.

3) պետական եւ տեղական ինքնակառավարման ոլորտի արդյունավետության եւ թափանցիկության բարձրացմանը.

4) հանրային ծառայողների բարեվարքության ամրապնդմանն ու բարելավմանը.

5) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարման, կառավարման, վերահսկողության մեթոդների եւ միջոցների արդյունավետության բարձրացմանը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նշված առաջարկները Հանրային խորհրդի նախագահի միջոցով ներկայացվում են Կառավարությանը:

Հոդված 11.29. Փաստահավաք հանձնաժողովի գործունեության ժամկետը

1. Փաստահավաք գործունեություն իրականացնող Փաստահավաք հանձնաժողովի գործունեությունը դադարում է եզրափակիչ զեկույցը Կառավարություն ներկայացվելուց հետո:

2. Փաստահավաք հանձնաժողովի գործունեության ընթացքում Հանրային խորհրդի գործունեության ժամկետի ավարտի դեպքում Փաստահավաք հանձնաժողովը շարունակում է իր գործունեությունը նոր ձեւավորված Հանրային խորհրդի կազմում:»:

Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմավորվում է նոր Հանրային խորհուրդ եւ նույն օրը գործող Հանրային խորհրդի լիազորությունները համարվում են դադարած:

3. Նոր Հանրային խորհրդի կազմավորումը սկսվում է սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում: Հանրային խորհուրդը կազմավորվում է հետեւյալ կարգով.

1) 15 անդամ նշանակվում է Կառավարության կողմից.

2) 15 անդամ ընտրվում է սույն հոդվածի 5-րդ մասում նշված կառույցների ներկայացրած թեկնածություններից (մշտական հանձնաժողովների նախագահներ).

3) 15 անդամ ընտրվում է սույն մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված կարգով նշանակված կամ ընտրված անդամների կողմից:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում վարչապետը՝ նրանց համաձայնությամբ, Կառավարությանն է առաջարկում Հանրային խորհրդի 15 անդամների թեկնածությունները: Կառավարությունը, վարչապետի առաջարկությունը ստանալուց հետո իր առաջիկա նիստում քննարկման է դնում Հանրային խորհրդի՝ սույն մասով նախատեսված անդամների նշանակման հարցը: 5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով Հանրային խորհրդի անդամների նշանակումից հետո՝ վարչապետի աշխատակազմի՝ Հանրային խորհրդի քարտուղարությունն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումը Հանրային խորհրդի անդամների անունից անհապաղ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակում է հայտարարություն՝ հասցեագրված տեղական ինքնակառավարման մարմիններին, համապատասխան ոլորտների հասարակական կազմակերպություններին, հայրենակցական եւ ստեղծագործական միություններին, երիտասարդական եւ ուսանողական կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին, վետերանների միություններին, գիտակրթական կազմակերպություններին, սպառողների իրավունքների պաշտպանության, գործարարների եւ արդյունաբերողների միություններին, կրոնական կազմակերպություններին, սփյուռքի կառույցներին եւ քաղաքացիական հասարակության այլ կառույցներին՝ Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովներում ներկայացուցիչներ առաջարկելու նպատակով:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված կազմակերպությունները սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված հայտարարությունը տեղադրելուց հետո՝ տասնհինգ օրվա ընթացքում, կարող են գրավոր եղանակով վարչապետի աշխատակազմի՝ Հանրային խորհրդի քարտուղարությունն ապահովող կառուցվածքային ստորաբաժանում ներկայացնել մշտական հանձնաժողովների անդամների իրենց թեկնածությունները՝ ներկայացնելով նաեւ նրանց գրավոր համաձայնությունը Հանրային խորհրդի անդամ նշանակվելու վերաբերյալ: Ներկայացված թեկնածուների եւ վերջիններիս ներկայացրած կազմակերպությունների ցանկը թեկնածությունները ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում հրապարակվում է Կառավարության պաշտոնական համացանցային կայքում:

7. Վարչապետի աշխատակազմի՝ Հանրային խորհրդի քարտուղարությունն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումը, Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովների անդամների թեկնածությունները ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից հետո տասնհինգօրյա ժամկետում, կազմակերպում է մշտական հանձնաժողովների նախագահների գաղտնի քվեարկությամբ ընտրությունը, որը կատարվում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով նշանակված անդամների կողմից: Ընտրությունը կարող է կայանալ, եթե դրան մասնակցում են սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով նշանակված Հանրային խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը: Ընտրությունը իրականացվում է քվեաթերթիկում քվեարկություն կատարելու միջոցով: Քվեաթերթիկում յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը՝ նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով: Քվեարկության մասնակիցը յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ, իսկ դեմ քվեարկելիս որեւէ նշում չի կատարում: Քվեարկության յուրաքանչյուր մասնակից կարող է կողմ քվեարկել առավելագույնը 15 թեկնածուի: Քվեարկության արդյունքներով ընտրված են համարվում առավել «կողմ» ձայներ ստացած 15 թեկնածուները: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է վիճակահանություն: Մշտական հանձնաժողովների ընտրված նախագահների կազմը, որոնք ընտրվում են նաեւ որպես Հանրային խորհրդի անդամներ, անհապաղ ներկայացվում է վարչապետին եւ հրապարակվում է Կառավարության պաշտոնական համացանցային կայքում:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով Հանրային խորհրդի մյուս 15 անդամների կազմը վարչապետին ներկայացնելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, Հանրային խորհրդի 30 անդամներից յուրաքանչյուրը, նպատակ ունենալով ապահովել հասարակության տարբեր ոլորտների մասնագետների հնարավորին չափ լայն ներկայացվածությունը Հանրային խորհրդում, կարող է առաջադրել Հանրային խորհրդի անդամի մեկական թեկնածու՝ մնացյալ 15 տեղերի համար (թեկնածուների ընդհանուր թիվը չի կարող պակաս լինել 15-ից)՝ ստանալով նրանց գրավոր համաձայնությունը Հանրային խորհրդի անդամ նշանակվելու վերաբերյալ: Թեկնածուների վերաբերյալ տվյալները ներկայացվում են վարչապետի աշխատակազմի՝ Հանրային խորհրդի քարտուղարությունն ապահովող կառուցվածքային ստորաբաժանում, իսկ թեկնածուների առաջադրումից հետո՝ եռօրյա ժամկետում, ներկայացված թեկնածուների ցանկը հրապարակվում է Կառավարության պաշտոնական համացանցային կայքում:

9. Ներկայացված թեկնածուների ցանկը Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, վարչապետի աշխատակազմի՝ Հանրային խորհրդի քարտուղարությունն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումը կազմակերպում է սույն մասով առաջադրված անդամների ընտրությունը: Սույն մասով նախատեսած Հանրային խորհրդի անդամների ընտրությունը կատարվում է սույն հոդվածի 4-րդ եւ 7-րդ մասերով սահմանված կարգով նշանակված եւ ընտրված անդամների կողմից: Ընտրությունը կարող է կայանալ, եթե դրան մասնակցում են արդեն իսկ նշանակված եւ ընտրված Հանրային խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը: Սույն մասով նախատեսված ընտրության եւ դրա արդյունքների ամփոփման նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգավորումները:

10. Հանրային խորհրդի 30 անդամներն անհապաղ վարչապետին են ներկայացնում սույն հոդվածի 9-րդ մասին համապատասխան ընտրված 15 անձանց կազմը, որից հետո՝ եռօրյա ժամկետում, վարչապետը բոլոր 45 անդամների կազմից Հանրային խորհրդի նախագահի թեկնածությունը ներկայացնում է Կառավարություն: 11. Կառավարությունն իր առաջիկա նիստում քննարկում է Հանրային խորհրդի նախագահ նշանակելու հարցը:

12. Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված որոշման ընդունման հաջորդ օրը Հանրային խորհուրդը համարվում է կազմավորված, որի մասին նույն օրը վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունը ստորագրում է վարչապետը եւ հրապարակում Կառավարության պաշտոնական համացանցային կայքում:

13. Սույն օրենքի 7-րդ հոդվածով լրացվող 11.1-ին հոդվածի 2-րդ մասից, 11.11-րդ հոդվածի 2-րդ մասից եւ 11.26-րդ հոդվածի 2-րդ մասից բխող որոշումները Կառավարությունը ընդունում է Հանրային խորհուրդը կազմավորվելուց հետո երկամսյա ժամկետում:

14. Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով լրացվող 11.11-րդ հոդվածի 2-րդ մասից բխող Կառավարության որոշումը ընդունվելուց հետո երկամսյա ժամկետում:

15. Սույն օրենքից բխող որոշումները Փաստահավաք հանձնաժողովը ընդունում է Փաստահավաք հանձնաժողովի կազմավորումից հետո՝ մեկամսյա ժամկետում: