Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9273-26.09.2024-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի «ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում» բառերը եւ թվերը փոխարինել «ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օրվա ընթացքում» բառերով եւ թվերով:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում, բացառությամբ 1-ին կետով նախատեսված դեպքի, համապատասխան հիմնավորող փաստաթղթերի հիման վրա քաղաքապետի կողմից, իսկ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում քաղաքապետի պաշտոնակատարի կամ աշխատակազմի քարտուղարի կողմից կազմվում է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն եւ յոթ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի հրաժարականի մասին դիմումը ստանալուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, կազմում է ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն:»,

2) 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումը անձամբ ներկայացնում է քաղաքապետին կամ քաղաքապետի պաշտոնակատարին, որն այն հրապարակում է ավագանու առաջիկա նիստում: Քաղաքապետի կամ պաշտոնակատարի բացակայության դեպքում ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումն անձամբ ներկայացնում է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին: Մինչեւ նորընտիր ավագանու առաջին նիստի գումարումն ընկած ժամանակահատվածում ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումն անձամբ ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Ավագանու անդամի կողմից իր դիմումն անձամբ ներկայացնելու անհնարինության դեպքում հրաժարականի դիմումը ներկայացնում է խմբակցության ղեկավարը կամ ավագանու անդամի ներկայացուցիչը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի դեկտեմբերի 1-ից: