Հոդված 1. Վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԹԻՎ CAM 1024 01 ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ թիվ CAM 1024 01 վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2024 թվականի հունիսի 26-ին:
Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 75.000.000 եվրո բյուջետային աջակցության վարկ:
Վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանի կառավարությանը՝ հանրային ծառայությունների արդյունավետությունն ու կայունությունը եւ մասնավոր ներդրումների զարգացումը բարելավելուն՝ կայուն եւ ներառական զարգացում ու բնակչության համար կյանքի առավել բարձր որակ ապահովելու համար:
Ծրագիրը կազմված է երեք հիմնական բաղադրիչներից՝ 1) հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավում, 2) պետական արժեթղթերի թողարկման եւ կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդում եւ 3) ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման նոր գործիքների մշակում եւ առավել թափանցիկ կառավարման ապահովում:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում 18-րդ կետով սահմանված կարգով.
«18.Գործողության ժամկետը
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ամսաթվին, երբ Գործակալությունը Վարկառուից ստանում է IV հավելվածի (Նախապայմանները) II մասի (բ) (iii) պարբերությունում նշված ծանուցումը եւ լիարժեք ուժի ու գործողության մեջ է մնում, մինչեւ Համաձայնագրով վճարման ենթակա բոլոր գումարները վճարվեն: Գործակալությունը Վարկառուին տեղեկացնում է սույն ծանուցումն ստանալու օրվա մասին:»
Հաշվի առնելով վերոնշյալը եւ առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից սույն վարկային համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԹԻՎ CAM 1024 01» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայնագիրը, թեեւ չի պարունակում օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն պարունակում է Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող դրույթ:
Մանավորապես, Համաձայնագրի 15-րդ մասի 15.10 կետով սահմանվում է, որ սույն Համաձայնագրի շրջանակներում ցանկացած պահանջի վաղեմության ժամկետը տասը (10) տարի է, բացառությամբ սույն Համաձայնագրով վճարման ենթակա տոկոսների առնչությամբ ցանկացած պահանջի:
Քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է, իսկ 333-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:
Քաղաքացիական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետները եւ դրանց հաշվարկման կարգը սահմանվում են օրենքով եւ չեն կարող փոփոխվել կողմերի համաձայնությամբ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Համաձայնագրի 15-րդ մասի 15.10 կետով սահմանված ժամկետը վերաբերում է պահանջների բոլոր տեսակներին, բացառությամբ վճարման ենթակա տոկոսների առնչությամբ պահանջին, սույն դրույթը հակասում է Քաղաքացիական օրենսգրքին:
Ելնելով վերոնշյալից՝ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագրում» Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
2024թ. հունիսի 26-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ Վարկառու) ու Զարգացման ֆրանսիական գործակալության (այսուհետ՝ Վարկատու) միջեւ թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագրի» (այսուհետ՝ Համաձայնագիր) համաձայն՝ Վարկատուն համաձայնում է Վարկառուին տրամադրել բյուջետային աջակցություն՝ հետեւյալ պայմաններով եւ դրույթներով.
v Լողացող տոկասադրույք, որը հավասար է 6-ամսյա EURIBOR (կամ դրա անհնարինության դեպքում համապատասխան կողմնորոշիչ տոկոսադրույք) գումարած 0.5% մարժա, որը ֆիքսված է պայմանագրում: Հաշվի առնելով 05.07.2024թ. ձեւավորված 6-ամսյա EURIBOR-ի տոկոսադրույքը՝ 3.678%, վարկի լողացող տոկոսադրույքը կկազի 4.178%:
v Ֆիքսված տոկոսադրույք, որը հավասար է պայմանագրում ֆիքսված կողմնորոշիչ տոկոսադրույք՝ 3.23% ավելացրած/պակասեցրած ինդեքսային դրույքաչափի տատանում` 10 տարի ժամկետայնությամբ ֆրանսիական գանձապետական պարտատոմսերի՝ համաձայնագրում ֆիքսված 3.15% տոկոսադրույքի եւ Վարկատուի կողմից մասհանման հայտի ստացման ամսաթվին ձեւավորված տոկոսադրույքի միջեւ: Ֆիքսված տոկոսադրույքը չի կարող պակաս լինել 0.25%-ից:
Այսպիսով՝ Վարկառուն պարտավորվում է վերոհիշյալ պայմաններով եւ դրույթներով սպասարկել եւ մարել վարկը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՀ ֆինանսների նախարար Վ. Հովհաննիսյանին
ՀՀ արդարադատության նախարար Գ. Մինասյանին
Ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի
08.07.2024 թվականի թիվ 02/06.5/23487-2024 գրության
Հարգելի՛ գործընկերներ
Հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագրի» նախագծով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
Հարգանքով՝ Գ. Սանոսյան
ՏԵՂԵԿԱՆՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԹԻՎ CAM 1024 01 C ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
2024թ. հունիսի 26-ին Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ ստորագրվել է CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը՝ Հայաստանին քաղաքականության վրա հիմնված վարկի տեսքով բյուջետային աջակցության ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) ներքո 75 մլն եվրո վարկային միջոցների ստացման նպատակով:
Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.
1. հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաեւ պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը,
2. պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները,
3. պետական գնումների համակարգի արդիականացումը,
4. կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացումն ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնումը,
5. կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավումը,
6. ֆինանսական եւ կապիտալի շուկաների զարգացումը,
7. կորպորատիվ թափանցիկության ընդլայնումը հաշվապահական հաշվառման եւ առուդիորական գործունեության կարգավորման իրավական շրջանակի վերանայմամբ:
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով (ենթածրագիր 2) սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների եւ բարեփոխումների իրականացումը: Ենթածրագիր 1-ն իրագործվել է 2022 թվականին, որի վարկային համաձայնագիրը ստորագրվել է 17.11.2022թ.: Ենթածրագիր 2-ը կազմված է երեք հիմնական բաղադրիչներից՝ 1) հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավում, 2) պետական արժեթղթերի թողարկման եւ կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդում եւ 3) ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման նոր գործիքների մշակում եւ առավել թափանցիկ կառավարման ապահովում: Այն համալրվել է նաեւ տեխնիկական աջակցությամբ՝ ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի, շրջակա միջավայրի նախարարություններում, ՀՀ կենտրոնական բանկում եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում՝ նպատակային բարեփոխումների իրականացմանն աջակցելու համար:
Նշենք, որ Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից Ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ, եւ, հետեւաբար, բարեփոխումների շրջանակը եւս նույնական է Ասիական զարգացման բանկի հետ առաջիկայում ստորագրվելիք վարկային համաձայնագրի քաղաքականության աղյուսակի հետ:
Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետեւաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարեւոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:
Միաժամանակ, 2024թ. հունիսի 26-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը» Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:
Ֆինանսների նախարարություն
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԹԻՎ CAM 1024 01 C ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ֆինանսավորման համաձայնագրի իրականացման համար պատասխանատու մարմիններ են հանդիսանում ՀՀ ֆինանսների, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ ներքին գործերի, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ արդարադատության նախարարությունները, ՀՀ կենտրոնական բանկը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում