Հոդված 1. Վավերացնել 2024 թվականի մայիսի 2-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» համաձայնությունը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԵՆՔԻ ՏԱՐԱԾՄԱՆԸ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
2000 թվականի հուլիսի 24-ին Վաշինգտոնում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ (այսուհետ՝ Կողմեր) համաձայնագիր՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, ինչպես նաեւ այդպիսի զենքի հետ անմիջականորեն կապված տեխնոլոգիաների, նյութերի, գիտելիքների ու փորձի տարածմանը հակազդելու, միջուկային, կենսաբանական եւ քիմիական զենքերի, ինչպես նաեւ այդպիսի զենքերին անմիջականորեն վերաբերող հումքի չարտոնված փոխանցումը, տարանցումը, փոխադրումը կանխելու նպատակով:
Համաձայնագրով Կողմերը պայմանավորվում են համագործակցություն իրականացնել՝ ուղղված զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելուն:
Մասնավորապես, ԱՄՆ-ի կառավարությունը պարտավորվում է ՀՀ կառավարությանը, վերջինիս հայտերի հիման վրա, անհատույց տրամադրել զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխարգելող սարքավորումներ, նյութեր, տեխնոլոգիաներ, իրականացնել անձնակազմի ուսուցում եւ այլն:
Համաձայնագրով ՀՀ կառավարությունը պարտավորվում է նախատեսվող գործողություններն իրականացնելու նպատակով հեշտացնել ՀՀ տարածք ԱՄՆ-ի կառավարության համապատասխան ներկայացուցիչների մուտքն ու ելքը, ինչպես նաեւ սահմանվում են նախատեսվող միջոցների փոխադրման կարգն ու պայմանները:
Յուրաքանչյուր Կողմ նշանակում է սույն համաձայնագրի իրականացման համար պատասխանատու գործադիր գերատեսչություններ, որոնց միջոցով Կողմերը կկնքեն առանձին պայմանագրեր կամ ձեռք կբերեն գրավոր պայմանավորվածություններ:
Հայաստանի Հանրապետության կողմից, մասնավորապես, այդպիսիք են հանդիսանում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ ազգային անվտանգության նախարարությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ ՀՀ պետական եկամուտների նախարարությունը:
Համաձայնագրով ՀՀ կառավարությունը նաեւ պարտավորվում է.
- առանց ԱՄՆ-ի կառավարության նախօրոք գրավոր համաձայնության չփոխանցել ԱՄՆ-ի կառավարության կողմից տրամադրված սարքավորումների, նյութերի, տեխնոլոգիաների, ուսուցման եւ ծառայությունների սեփականության կամ տիրապետման իրավունքը որեւէ այլ անձի, թույլ չտալ դրանց օգտագործումն այլ նպատակներով, ապահովել դրանց անվտանգությունը, պաշտպանել դրանք յուրացումից կամ փոխակերպումից.
- ազատել ԱՄՆ-ի կառավարությունը, բացառությամբ համապատասխան պայմանագրերով նախատեսված հայցերի, դատական պատասխանատվությունից եւ հայցերից՝ համաձայնագրի կատարման հետ կապված գործողությունների իրականացման հետեւանքով Հայաստանի Հանրապետությունում որեւէ անձի սեփականությանը հասցված կորստի կամ վնասի համար, եւ չպահանջել ԱՄՆ-ի կառավարությունից, նրա աշխատակիցներից, կապալառուներից եւ նրանց ծառայողներից ցանկացած անձի մահվան կամ վիրավորվելու հետ կապված փոխհատուցում:
Համաձայնագրին համապատասխան նման փոխհատուցում Կողմերը կարող են իրականացնել իրենց ազգային օրենսդրությամբ նախատեսված կարգով:
Ըստ համաձայնագրի՝ ԱՄՆ-ի կառավարությունը եւ նրա աշխատակիցները, կապալառուները եւ կապալառուների աշխատակիցները սույն համաձայնագրի կատարման ընթացքում ՀՀ տարածքում ազատվում են հարկեր, մաքսային եւ այլ տուրքեր վճարելուց, իսկ ԱՄՆ-ի ռազմական կամ քաղաքացիական անձնակազմերը, որոնք սույն համաձայնագրի իրականացման շրջանակներում գտնվում են ՀՀ տարածքում, օգտվում են «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի 1961 թվականի ապրիլի 18-ի կոնվենցիայով վարչական եւ տեխնիկական անձնակազմերի համար նախատեսված անձեռնմխելիությունից ու արտոնություններից:
Ըստ համաձայնագրի՝ անկախ դրա գործողության դադարեցումից, ՀՀ կառավարությունը պարտավոր է շարունակել անժամկետ կատարել սույն համաձայնագրի 6-րդ եւ 7-րդ հոդվածներով նախատեսված պարտավորությունները, եթե Կողմերի միջեւ լրացուցիչ գրավոր համաձայնությամբ այլ բան չնախատեսվի:
Սույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը նախադրյալներ է ստեղծում իր միջազգային ստանձնած մի շարք պարտավորությունների կատարման համար՝ զանգվածային ոչնչացման զենքի չտարածման եւ երկակի նշանակության հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների եւ ծառայությունների արտահանման վերահսկման ոլորտներում:
2009 թվականի մայիսի 15-ին Հովանոցային համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով՝ մինչեւ 2016թ. նոյեմբերի 25-ը: 2016թ. նոյեմբերի 25-ին ուժի մեջ մտած՝ վերոնշյալ համաձայնագրի ժամկետը յոթ տարով երկարաձգելու մասին հայտագրերի փոխանակմամբ կնքված Համաձայնության ժամկետը ավարտվել է 2023 թվականի նոյեմբերի 25-ին:
2024թ. մայիսի 2-ին ք. Երեւանում ստորագրված սույն Համաձայնությամբ Հովանոցային համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվում է եւս 7 (յոթ) տարի ժամկետով՝ մինչեւ 2030 թվականի նոյեմբերի 24-ը եւ այն գործում է 2023 թվականի նոյեմբերի 25-ից, ինչը կնպաստի զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխելուն:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է գտնում 2000 թվականի հուլիսի 24-ին Վաշինգտոնում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» համաձայնության վավերացումը:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԵՆՔԻ ՏԱՐԱԾՄԱՆԸ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքական օրակարգում մեծապես կարեւորում է զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելումը:
Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունները կրում են բարեկամական եւ գործընկերային բնույթ: Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ բազմաշերտ համագործակցությունը շարունակում է կայուն զարգանալ, ինչին մեծապես նպաստում են բարձր մակարդակում ինտենսիվ քաղաքական երկխոսությունը, այդ թվում՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ձեւաչափում:
Զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարում առաջնային նշանակություն ունի միջազգային փոխգործակցությունը: Այս առումով Հայաստանի Հանրապետությունն ակտիվ համագործակցություն է ծավալում ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձեւաչափով՝ ելնելով նաեւ Հայաստանի Հանրապետության կարողությունների զարգացման կարեւորությունից:
Երկկողմ բազմաշերտ օրակարգում կարեւորվում է պաշտպանական բնագավառում համագործակցության հետագա ամրապնդումը, այդ թվում՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ուղղությամբ իրականացվող համագործակցության շարունակումը եւ խորացումը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ նշված փաստաթղթով հաստատված համագործակցությունը նպաստում է Հայաստանում համապատասխան ոլորտային ենթակառուցվածքների ուժեղացմանը, առաջավոր փորձի, տեխնոլոգիաների եւ գիտելիքների ներդրմանը եւ ներգրավված անձնակազմի ունակությունների զարգացմանը:
Համաձայնության վավերացումը կամ հաստատումը կնպաստի Ամերիկայի Միայցյալ Նահանգների հետ զանգվածային ոչնչազման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության ամրապնդմանը:
Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաեւ կարեւորելով զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ համագործակցության հետագա ամրապնդումը, ԱԳ նախարարության ամերիկյան երկրների վարչությունը արտաքին քաղաքական տեսանկյունից նպատակահարմար է համարում «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» համաձայնության վավերացումը կամ հաստատումը:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ կարեւորելով զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ համագործակցության հետագա ամրապնդումը՝ 2024թ. մայիսի 2-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» համաձայնության վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
Համաձայնության վավերացումը կամ հաստատումը համապատասխանում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. Ծրագրում արտացոլված՝ ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության զարգացման եւ խորացման ուղղությամբ հետեւողական աշխատանքների շարունակման մասին դրույթին:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԵՆՔԻ ՏԱՐԱԾՄԱՆԸ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» համաձայնությունը (այսուհետ՝ Համաձայնություն) ստորագրվել է 2024թ. մայիսի 2-ին:
Համաձայնությունն ուժի մեջ կմտնի դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ իրենց ներպետական ընթացակարգերի ավարտը հաստատելու մասին դիվանագիտական ուղիներով Կողմերի վերջին գրավոր ծանուցման օրվանից
2024թ. մայիսի 27-ի դրությամբ ամերիկյան կողմից չի ստացվել ծանուցում՝ Համաձայնության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԵՆՔԻ ՏԱՐԱԾՄԱՆԸ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայնությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միաժամանակ հայտնում եմ, որ Համաձայնությունը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնությունը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» համաձայնությունով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» համաձայնությունով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ
ԳՍ//17606-2024
Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարության
29.05.2024թ. թիվ ՊՆ/01/5703-2024 գրության
Հարգելի՛ պարոնայք
Հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» համաձայնությամբ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
Միաժամանակ հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» համաձայնությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ ու դիտողություններ չկան:
Հարգանքով՝ Գ. Սանոսյան
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԵՆՔԻ ՏԱՐԱԾՄԱՆԸ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համաձայնության (միջազգային պայմանագրի) կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում