Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-914-17.09.2024-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԴԱԲԱՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 1953 թվականի դեկտեմբերի 11-ին հաստատված Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին եվրոպական հանձնաժողովի կանոնադրությունը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԴԱԲԱՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին եվրոպական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) հիմնադրվել է՝ նպատակ ունենալով ստեղծելու միջկառավարական մեխանիզմ, որը կհամակարգի դաբաղի վերահսկման գործողությունները Եվրոպայում: Հանձնաժողովը տեխնիկական փորձաքննության միջոցով զգալի աջակցություն է ցուցաբերում Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությանը հիվանդության դեմ պայքարի շրջանակներում:

Ներկա դրությամբ Հանձնաժողովին անդամակցում է 39 պետություն, մեծամասամբ եվրոպական տարածաշրջանից, սակայն Հանձնաժողովը հետզհետե լայնացնում է իր աշխարհագրությունը, ինչը հնարավություն է տալիս կանխարգելիչ եւ տեղեկատվական գործունեություն ծավալել ավելի լայն շրջանակներում:

Հանձնաժողովին միանալը հնարավորություն է ընձեռում ստանալ խորհրդատվություն դաբաղի կանխարգելման եւ վերահսկման բոլոր ասպեկտների վերաբերյալ, ինչպես նաեւ օգնում է անդամ երկրներին պայքարել հիվանդության դեմ, եթե այն առաջանա, եւ միավորում է իր ջանքերը դաբաղի կանխարգելման եւ վերահսկման գործում ներգրավված բոլոր այլ կազմակերպությունների հետ:

Անդամ պետությունները կարող են օգտվել տեխնիկական խորհրդատվությունից՝ դաբաղի եւ կենդանիների նմանատիպ անդրսահմանային հիվանդությունների վերահսկման հետ կապված տարաբնույթ հարցերի վերաբերյալ եւ հայցել օգնություն հնարավոր արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամերի ժամանակ: Միեւնույն ժամանակ, Հանձնաժողովը օգտակար հարթակ է միջազգային փորձի փոխանակումը խթանելու եւ ոլորտի հայ մասնագետների որակավորման բարձրացման համար:

Հաշվի առնելով վերոգրյալը ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին եվրոպական հանձնաժողովի կանոնադրության վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից համարում է նպատակահարմար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

ԴԱԲԱՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին եվրոպական հանձնաժողովի կանոնադրությունը (այսուհետ՝ Կանոնադրություն) ընդունվել է 1954թ.:

Համաձայն Կանոնադրության XIX-րդ հոդվածի 1-ին մասի՝ Կանոնադրությունն ուժի մեջ է մտնում ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) կամ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԿԱՀԿ) վեց անդամ երկրների՝ ընդունման մասին ծանուցումը Կազմակերպության գլխավոր տնօրենի կողմից ստանալու պահից՝ պայմանով, որ նրանց մասնաբաժինների հանրագումարը կազմում է Կանոնադրության XIII-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական բյուջեի ոչ պակաս, քան 30 տոկոսը:

Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին եվրոպական հանձնաժողովի կանոնադրությունը ստորագրել է 39 պետություն (ցանկը կից ներկայացվում է) :


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ԴԱԲԱՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


Կանոնադրությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում եմ, որ Կանոնադրությունը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Կանոնադրությունը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ անձնական տվյալներ պարունակելու դեպքում Կանոնադրության 2-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված տեղեկությունների փոխանցումը պետք է իրականացվի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 27-րդ հոդվածին համապատասխան:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության Դաբաղի Վերահսկման Եվրոպական Հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության անդամակցելու վերաբերյալ փաստաթղթում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության Դաբաղի վերահսկման եվրոպական հանձնաժողովին (EuFMD) Հայաստանի Հանրապետության անդամակցելու վերաբերյալ փաստաթղթում առկա են Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ:

Մասնավորապես, Դաբաղի վերահսկման եվրոպական հանձնաժողովի սահմանդրության XIII հոդվածի համաձայն՝ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ երկիր պարտավորվում է տարեկան վճարել վարչական բյուջեի իր մասնաբաժինը, որը, ներկայացված հիմնավորման համաձայն, ըստ անդամավճարների սանդղակի, կազմում է 4801 ԱՄՆ դոլար:

Վերոնշյալ նպատակով ՀՀ 2023թ. պետական բյուջեով եւ ՀՀ 2024թ. պետական բյուջեի նախագծում միջոցներ նախատեսված չեն: Հետեւաբար ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության Դաբաղի վերահսկման եվրոպական հանձնաժողովին ՀՀ անդամակցությունը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացմանը վերը նշված չափով:

ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ



ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԻՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ

Հարգելի՛ գործընկերներ,

Ի պատասխան Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության 2023 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 01/19766-2023 գրության եւ ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի՝ հայտնում ենք, որ «Դաբաղի Վերահսկման Եվրոպական Հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության անդամակցելու վերաբերյալ» նախագծով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:


Հարգանքով` ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ


ՏԵՂԵԿԱՆՔ

«ԴԱԲԱՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ» ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հանձնաժողովը ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հնագույն հանձնաժողովներից մեկն է, ստեղծվել է 1954 թվականի հունիսի 12-ին՝ վեց հիմնադիր անդամ պետությունների կողմից համաձայնեցված եւ ընդհանուր գործողության սկզբունքներին պարտավորեցնելով, այնպիսի համաճարակային բարդ ժամանակաշրջանում, երբ դաբաղ հիվանդությունը տարածվում էր Եվրոպայում եւ հարեւանությամբ, Մերձավոր Արեւելքի, Եվրասիա մայրցամաքի եւ Աֆրիկայի ավելի քան 100 երկրներում՝ պատճառելով աղետալի վնասներ, որոնք ազդել են պարենային անվտանգության վրա: Հանձնաժողովի նպատակն էր ստեղծել միջկառավարական մեխանիզմ՝ Եվրոպայում էնդեմիկ հիվանդությունը վերահսկելուն ուղղված գործողությունները համակարգելու համար:

Հիվանդության սպառնալիքին դիմակայելու Հանձնաժողովի ռազմավարության երեք հենասյուները 2013 թվականից ի վեր անդամ երկրների հետ միաժամանակ աշխատել են իրենց պատրաստվածության վրա, եվրոպական հարեւանների հետ իրականացնելու կայուն հսկողության ծրագրեր՝ աջակցելով եւ խթանելով հիվանդության վերահսկողությունը: Եվրոպական հանձնաժողովի առողջության եւ սննդամթերքի անվտանգության գլխավոր տնօրինության (DG-SANTE), Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ) եւ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հետ համագործակցության շրջանակներում Հանձնաժողովը նշանակալի դեր է ունեցել դաբաղ հիվանդության բռնկման եւ տարածման ռիսկի նվազեցման եւ բարձր պատրաստվածության ապահովման գործում՝ Եվրամիության պատմության մեջ առաջին անգամ ապահովվելով կայուն անասնահամաճարակային իրավիճակ:

Հանձնաժողովի ծրագիրը առաջնային նպատակն է հակազդել դաբաղ եւ կենդանիների նմանատիպ անդրսահմանային հիվանդությունների (FAST) սպառնալիքներին, որոնք տարածաշրջանային առումով մեծ տնտեսական վտանգ են ներկայացնում երկրի համար եւ արդյունքում կարող են հանգեցնել մի շարք տնտեսական սահմանափակումների եւ խոչընդոտների:

Հանձնաժողովի դերն է համակարգել անդամ երկրների գործունեությունը հիվանդության վերահսկման եւ կանխարգելման գործում: Հանձնաժողովն աջակցում է անդամ երկրներին դաբաղ եւ այլ անդրսահմանային հիվանդությունների հսկողության հարցում եւ տեղեկատվություն է տրամադրում՝ դրանց համաճարակային իրավիճակի մասին: Հանձնաժողովի գործառույթներից է նաեւ անդամ երկրներին անհրաժեշտության դեպքում կանխարգելման եւ վերահսկման ուղղությամբ խորհրդատվության տրամադրումը, համաճարակաբանության, հատուկ լաբորատոր սարքավորումների վերաբերյալ դասընթացների եւ վերապատրատսումների կազմակերպումը: Հանձնաժողովի աշխատանքն օգնում է ներդաշնակեցնել դաբաղի կանխարգելման միջոցառումները տարբեր երկրներում՝ առավել արդյունավետ դարձնելով հիվանդությունների դեմ պայքարը: Հիվանդության արձանագրման դեպքում Հանձնաժողովին անդամակցող անդամ երկրներին տրամադրվում աջակցություն՝ ախտորոշիչ եւ կանխարգելիչ նյութերի ձեռք բերման, հիվանդության դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման եւ իրականացման ուղղություններով: Հանձնաժողովը միավորում է անդրսահմանային հիվանդությունների հսկողության եւ վերահսկման հարցերում ընդգրկված ՊԳԿ, ԿԱՀԿ, (DG-SANTE) եւ մի շարք այլ կազմակերպություններ:

Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ երկիր պարտավորվում է տարեկան վճարել վարչական բյուջեի իր մասնաբաժինը` համաձայն անդամավճարների սանդղակի` 4801 ԱՄՆ դոլլար:

Անդամ երկրները կապված են Հանձնաժողովի կանոնադրությամբ սահմանված պարտավորություններով: Արտակարգ իրավիճակների դեպքում եւ ճգնաժամերի ժամանակ անդամ երկրները հանդիսանում են համակարգման մեխանիզմների մաս՝ արձագանքման արդյունավետությունը ապահովելու նպատակով, եւ, այս համատեքստում, Հանձնաժողովի կողմից աջակցություն է տրամադրվում անդամ երկրներին՝ համակարգման եւ հակազդման մեխանիզմները առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Ընդհանուր խնդիրներ եւ ռիսկեր ունեցող երկրների նմանատիպ խմբի (cluster) առկայության դեպքում Հանձնաժողովը հնարավորություն ունի նաեւ մշակել եւ իրականացնել հատուկ տարածաշրջանային ծրագրեր: Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը կարող է նշանակվել Հանձնաժողովի կոմիտեների անդամ՝ կոնկրետ տեխնիկական հարցերի շուրջ խորհրդատվություն տալու եւ Գլխավոր նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու հնարավորությամբ՝ իր ներդրումն ունենալով աշխատանքային ծրագրին:

Հայաստանի Հանրապետությունը երկար տարիններ համագործակցում է Հանձնաժողովի հետ: Համագործակցության շրջանակներում Հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է նյութատեխնիկական եւ խորհրդատվական աջակցություն: Նշանակալի է Հանձնաժողովի դերը հանրապետությունում տարեկան իրականացվող դաբաղի վերահսկողության ծրագրի մշակման գործընթացում: Վերջինիս իրականացման արդյունքում հանրապետությունում ապահովվում է կայուն անասնահամաճարակային իրավիճակ:

Անդամակցելով Հանձնաժողովին՝ հնարավորություն կընձեռվի ընդլայնել վերոնշյալ աջակցության ծավալները, լինել դաբաղի պայքարի եւ վերահսկողության արդի միջազգային մոտեցումների առաջնագծում, ինչն, իր հերթին, կնպաստի դաբաղի դեմ պայքարի եւ կանխարգելման միջոցների մշտապես արդիականացմանն ու բարելավմանը՝ ապահովելով դաբաղի նկատմամբ կայուն համաճարակային վիճակ:

Ելնելով վերոգրյալից` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կարեւորում է գտնում Հանձնաժողովի կանոնադրության վավերացումը Հայաստանի Հանրապետության կողմից:


ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովի կանոնադրության կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ


1. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2. ՀՀ ֆինանսների նախարարություն

3. ՀՀ արդարադատության նախարարություն

4. ՀՀ արտաքին գործերի նախարարություն

5. ՀՀ պետական եկամուտների կոմիտե

6. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին:




Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն