Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-910-09.09.2024-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 87-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 6-րդ կետը «քսայուղը» բառից հետո լրացնել «: Սույն կետի կիրառության իմաստով քսայուղը ներառում է ԱՏԳ ԱԱ 2710 19 7 - 2710 19 9 ծածկագրերին դասվող ծանր թորվածքները եւ ԱՏԳ ԱԱ 3403 19 100 0, 3403 19 900 0, 3403 99 000 0 ծածկագրերին դասվող քսանյութերը, բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 980 0 ծածկագրին դասվող ավիայուղի» բառերով,

2) 7-րդ կետը «բենզինը» բառից հետո լրացնել «: Սույն կետի կիրառության իմաստով բենզինը ներառում է ԱՏԳ ԱԱ 2710 12 ծածկագրին դասվող թեթեւ թորվածքները եւ նյութերը, այդ թվում՝ շարժիչային բենզինը, բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 12 310 0 ծածկագրին դասվող ավիաբենզինի» բառերով,

3) 8-րդ կետը «դիզելային վառելիքը» բառերից հետո լրացնել «: Սույն կետի կիրառության իմաստով դիզելային վառելիքը ներառում է ԱՏԳ ԱԱ 2710 19 1 - 2710 19 6 ծածկագրերին դասվող միջին եւ ծանր թորվածքները, բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 210 0 ծածկագրին դասվող ավիավառելիքի» բառերով,

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1-ին եւ 10.2-րդ կետերով.

«10.1) նյութերը (հավելանյութերը): Սույն կետի կիրառության իմաստով նյութերը (հավելանյութերը) ներառում են ԱՏԳ ԱԱ 3811 ծածկագրին դասվող հակաճայթիչները, հակաօքսիդիչները, խեժագոյացման արգելակիչները, թանձրացուցիչները, հակաքայքայիչ նյութերը եւ պատրաստի այլ հավելանյութերը՝ նախատեսված նավթամթերքների (ներառյալ՝ բենզինը) կամ այլ հեղուկների համար, որոնք օգտագործվում են նույն նպատակներով, ինչ նավթամթերքները.

10.2) արգելակման, հիդրավլիկ եւ այլ հեղուկները՝ պատրաստի, նախատեսված հիդրավլիկական փոխանցիչների համար, 70% զանգվածային բաժնից պակաս՝ բիտումային ապարներից ստացված նավթ կամ նավթամթերքներ չպարունակող կամ պարունակող, որոնք դասակարգվում են ԱՏԳ ԱԱ 3819 00 000 0 ծածկագրին.»:

Հոդված 2. Օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում՝

1) 16-րդ տողի «Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԱՏԳ ԱԱ-ի» սյունակում «2710 19 710 0 - 2710 19 980 0» ծածկագրերը փոխարինել «2710 19 7 - 2710 19 9» ծածկագրերով,

2) 18-19-րդ տողերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«18.  2710 19 1 - 2710 19 6  դիզելային վառելիք  1 տոննա  14200
19.  2709 00
2710 20
2710 9
 հում նավթ, նավթամթերք 1 տոննա  29450»

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19.1-ին եւ 19.2-րդ տողերով.
 
«19.1.  3811  նյութեր (հավելանյութեր)  1 տոննա  43600
19.2.  3819 00 000 0  արգելակման, հիդրավլիկ եւ այլ հեղուկներ՝ պատրաստի, նախատեսված հիդրավլիկական փոխանցիչների համար, 70% զանգվածային բաժնից պակաս՝ բիտումային ապարներից ստացված նավթ կամ նավթամթերքներ չպարունակող կամ պարունակող  1 կգ  550»:

Հոդված 3. Օրենսգրքի 88-րդ հոդվածի 7-րդ մասում «բենզինի» բառերից հետո լրացնել «եւ նյութերի (հավելանյութերի)» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Օրենքի նախագծի նպատակը նավթ-նավթամթերքներ ենթախմբերում ներառված ապրանքատեսակների մասով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագրերի հստակեցումն է, ինչպես նաեւ ԱՏԳ ԱԱ 3811 (նյութեր, հավելանյութեր) եւ 3819 00 000 0 (արգելակման, հիդրավլիկ, եւ այլ հեղուկներ) ծածկագրերին դասվող ապրանքներն ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքատեսակների ցանկում ներառելն ու ակցիզային հարկով հարկելն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

ՀՀ հարկային օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված են ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները, մասնավորապես՝ ակցիզային հարկով հարկման ենթակա են քսայուղը, բենզինը, դիզելային վառելիքը, հում նավթը, նավթամթերքները, նավթային գազերը, գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ սեղմված չհամարվող բնական գազի): Օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված են ակցիզային հարկի դրույքաչափերն ըստ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի:

Նավթ եւ նավթամթերքների (այդ թվում՝ հում նավթ եւ նավթամթերք) ենթախմբերին դասվող ապրանքատեսակների մասով՝ ըստ առանձին ԱՏԳ ԱԱ ծածկագրերի, սահմանված են ակցիզային հարկի դրույքաչափեր եւ հարկման բազաներ: Ակցիզային հարկի դրույքաչափերն ու հարկման բազաները սահմանված են ըստ հետեւյալ ծածկագրերի՝ ԱՏԳ ԱԱ 2710 19 710 0 - 2710 19 980 0 (քսայուղ), 2710 12 (բենզին), 2710՝ բացառությամբ 2710 12 2710 19 710 0 - 2710 19 980 0 ծածկագրերի (դիզելային վառելիք), 2709 00 (հում նավթ, նավթամթերքներ):

ԱՏԳ ԱԱ 3811 (նյութեր, հավելանյութեր) եւ 3819 00 000 0 (արգելակման, հիդրավլիկ, եւ այլ հեղուկներ) ծածկագրերին դասվող ապրանքները ներառված չեն ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքատեսակների ցանկում:

Միաժամանակ, ապրանքների՝ ըստ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգչի համապատասխան ծածկագրերի դասակարգումը կատարվում է հիմք ընդունելով ԵՏՀ խորհրդի 14.09.2021թ. «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը եւ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը հաստատելու մասին» N80 որոշմամբ սահմանված դասակարգման կանոնները: Մասնավորապես՝

- ԱՏԳ ԱԱ 3811 ապրանքային դիրքում դասակարգվում են հակաճայթիչները, հակաօքսիդիչները, խեժագոյացման արգելակիչները, թանձրացուցիչները, հակաքայքայիչ նյութերը եւ պատրաստի այլ հավելանյութերը՝ նախատեսված նավթամթերքների (ներառյալ բենզինը) կամ այլ հեղուկների համար, որոնք օգտագործվում են նույն նպատակներով, ինչ նավթամթերքները,

- ԱՏԳ ԱԱ 3819 00 000 0 ապրանքային դիրքում դասակարգվում են արգելակման հիդրավլիկ հեղուկները եւ այլ պատրաստի հեղուկները՝ նախատեսված հիդրավլիկական փոխանցիչների համար՝ մինչեւ 70% զանգվածային բաժին բիտումային ապարներից ստացված նավթ կամ նավթամթերքներ չպարունակող կամ պարունակող:

Գործնականում հանդիպում են դեպքեր, երբ ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքներ նկարագրի հնարավոր փոփոխությամբ կարող են հայտարարագրվել ԱՏԳ ԱԱ տարբեր դիրքերով կամ ենթադիրքերով եւ խուսափել օրենքով սահմանված կարգով ակցիզային հարկի վճարումից: Որոշ դեպքերում լաբորատոր փորձաքննության իրականացման հնարավորության բացակայության պատճառով անհնար է դառնում նույնականացնել այս կամ այն նավթամթերքը ԱՏԳ ԱԱ–ում սահմանված հասկացությունների հետ ճիշտ դասակարգում իրականացնելու նպատակով: Արդյունքում, ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների բնութագրերի հնարավոր փոփոխությամբ պայմանավորված ներմուծման ժամանակ դրանք կարող են հայտարարագրվել ԱՏԳ ԱԱ տարբեր դիրքերով կամ ենթադիրքերով, որոնք, ըստ էության, նույն նպատակով կիրառվող ապրանքատեսակներ են, որոնց համար օրենսգրքով ակցիզային հարկ սահմանված չէ:

Մասնավորապես, կատարված վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ ԱՏԳ ԱԱ 3811 ծածկագրի ներքո ՀՀ ներմուծվող նյութերը (հավելանյութերը) երբեմն օգտագործվում են որպես բենզինին փոխարինող ապրանքատեսակ, իսկ ԱՏԳ ԱԱ 3819 ծածգագրին դասվող հիդրավլիկական փոխանցման համար նախատեսված հեղուկները ներմուծվում են որպես քսայուղման համար օգտագործվող ապրանքներ: Այսինքն՝ նշյալ ծածկագրերը ինքնին ենթադրում են ապրանքներ, որոնք ունեն նավթամթերքի հետ նույնական օգտագործում, հետեւաբար, հարկումից խուսափելու հնարավորությունները վերացնելու տեսանկյունից նպատակահարմար է այդ ապրանքատեսակների մասով ակցիզային հարկ նախատեսելը:

Վերոգրյալով պայմանավորված նախագծով առաջարկվում է ԱՏԳ ԱԱ 3811 (նյութեր, հավելանյութեր) եւ 3819 00 000 0 (արգելակման, հիդրավլիկ, եւ այլ հեղուկներ) ծածկագրերին դասվող ապրանքները եւս ներառել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկում եւ համարել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ:

Միաժամանակ, նախագծով առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները մշակվել են՝ հաշվի առնելով այդ թվում ոլորտի կարգավորման մասով ԱՊՀ անդամ պետությունների, մասնավորպես՝ Ռուսաստանի Դաշնության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգավորումները:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է.

1) ԱՏԳ ԱԱ 2710 19 710 0 - 2710 19 980 0 (քսայուղ), 2710 12 (բենզին), 2710՝ բացառությամբ 2710 12, 2710 19 710 0 - 2710 19 980 0 ծածկագրերի (դիզելային վառելիք), 2709 00 (հում նավթ, նավթամթերքներ) ծածկագրերի մասով հստակեցնել ապրանքատեսակներն ըստ համապատասխան ԱՏԳ ԱԱ ծածկագրերի դասելու եւ ակցիզային հարկի հաշվարկման համար ակցիզային հարկի համապատասխան դրույքաչափի կիրառման համար,

2) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկում ներառել՝

- ԱՏԳ ԱԱ 3811 (նյութեր, հավելանյութեր) ծածկագրերին դասվող ապրանքները,

- ԱՏԳ ԱԱ 3819 00 000 0 (արգելակման, հիդրավլիկ, եւ այլ հեղուկներ) ծածկագրերին դասվող ապրանքները:

Ընդ որում, ԱՏԳ ԱԱ 3811 (նյութեր, հավելանյութեր) ծածկագրին դասվող ապրանքի ակցիզային հարկի դրույքաչափը սահմանվել է բենզինի համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափով՝ 1 տոննայի համար 43600 դրամ: Միաժամանակ, նախագծով նախատեսվում է նյութերի (հավելանյութերի) համար եւս կիրառել բենզինի համար օրենսգրքի 88-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ակցիզային հարկի հաշվարկման առանձնահատկությունը:

ԱՏԳ ԱԱ 3819 00 000 0 (արգելակման, հիդրավլիկ, եւ այլ հեղուկներ) ծածկագրերին դասվող ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափը սահմանվել է քսայուղերի համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափով՝ 1 կգ համար 550 դրամ:

Միաժամանակ, նախագծով ԱՏԳ ԱԱ 2710 20, 2710 9 ծածկագրերին դասվող ապրանքները ներառվում են հում նավթ, նավթամթերքներ ապրանքատեսակների ցանկում եւ ակցիզային հարկի դրույքաչափը սահմանել 1 կգ համար 29450 դրամ,

3) նախատեսել, որ օրենքն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա 1-ից:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան նավթ-նավթամթերքներ ենթախմբերում ներառված ապրանքատեսակների ակցիզային հարկով հարկման համար ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրերի հստակեցումն է, ԱՏԳ ԱԱ 3811 (նյութեր, հավելանյութեր) եւ 3819 00 000 0 (արգելակման, հիդրավլիկ, եւ այլ հեղուկներ) ծածկագրերին դասվող ապրանքների համար ակցիզային հարկի սահմանումն է:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններից:

6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

7. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում հստակեցվում են նավթ-նավթամթերքներ ենթախմբերում ներառված ապրանքատեսակների ակցիզային հարկով հարկման համար կիրառվող ԱՏԳ ԱԱ ծածկագրերը, ինչպես նաեւ ԱՏԳ ԱԱ 3811 (նյութեր, հավելանյութեր) եւ 3819 00 000 0 (արգելակման, հիդրավլիկ, եւ այլ հեղուկներ) ծածկագրերին դասվող ապրանքները համարվում են ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքատեսակներ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում, իսկ հարկային եկամուտների մասով ակնկալվում է պետական բյուջեի եկամուտների ավելացում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2023թ. ԵՏՄ անդամ պետություններից եւ ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ԱՏԳ ԱԱ 3811 ծածկագրին դասվող ապրանքների ներմուծումը կազմել է 4,383.7 տոննա, իսկ ԱՏԳ ԱԱ 3819 00 000 0 ծածկագրին դասվող ապրանքներինը՝ 591.8 տոննա:

Այլ հավասար պայմաններում նախագծով առաջարկվող լրացումների եւ միջին տարեկան ներմուծման այս տեմպի պահպանման պարագայում՝ ակցիզային հարկի եւ ավելացված արժեքի հարկի գծով կապահովվի տարեկան շուրջ 1.5 մլրդ դրամ լրացուցիչ եկամուտներ:

Միաժամանակ, 2024թ. հունվար-հունիս ամիսներին ԵՏՄ անդամ երկրներից ներմուծվել է 984.6 մլն. դրամի ԱՏԳ ԱԱ 3811 ծածկագրին դասվող ապրանքներ, որից՝ 640.0 մլն. դրամը (65%) ԱՏԳԱԱ 3811 19 000 ծածկագրով, 220.3 մլն. դրամը (22%)՝ 3811 90 0000 ծածկագրով: ԵՏՄ անդամ չհամարվող երկրներից ներմուծվել է 54.0 մլն. դրամի ԱՏԳ ԱԱ 3811 ծածկագրին դասվող ապրանքներ, որից՝ 465.0 հազ. դրամը (0.9%) ԱՏԳԱԱ 3811 19 000 ծածկագրով, 5.4 մլն. դրամը (10%)՝ ԱՏԳ ԱԱ 3811 90 0000 ծածկագրով:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն