Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9071-03.09.2024-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «ձեւերը,» բառը:

Հոդված 2.  Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» OՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» oրենքների նախագծերի (այսուհետեւ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի (այսուհետեւ նաեւ՝ թվային համակարգ) ներդրման անհրաժեշտությամբ, որի միջոցով կապահովվի աշխատողի եւ գործատուի աշխատանքային հարաբերությունների թափանցիկությունը, աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտրվի համակարգի միջոցով կնքել աշխատանքային պայմանագրերը, հնարավորություն կստեղծվի պատշաճ իրականացնել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը, թվային համակարգից օգտվելու իրավասություն ունեցող աշխատանքային հարաբերության կողմերին հնարավորություն կընձեռվի թվային եղանակով՝ համաժամանակյա ռեժիմով, ցանկացած պահի հասանելի դարձնել կնքված աշխատանքային պայմանագրերը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Հայաստանի Հանրապետությունում հաստատված շուկայական հարաբերությունները, իրավակիրառ պրակտիկան, սոցիալ-տնտեսական իրավիճակը, միջազգային իրավական ակտերով սահմանված պահանջների եւ չափանիշների շրջանակի աստիճանական ընդլայնումը, ինչպես նաեւ աշխատողների եւ գործատուների միջեւ կայացած հարաբերությունների զարգացումը վեր են հանում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային օրենսդրության մի շարք բացթողումներ եւ խնդիրներ, որոնք պետք է հաղթահարվեն՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայից բխող հրամայականները: Գործատուներն աշխատանքային պայմանագրի պարտադիր առկայությունը կամ դրա տրամադրումը աշխատողներին երբեմն համարում են ոչ կարեւոր: Բացի դրանից, եթե նույնիսկ կնքվում է աշխատանքային պայմանագիր, ապա հաջորդ խնդիրն է դրա բովանդակությունը կամ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված նվազագույն պայմանների արտացոլումը (օրինակ՝ աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը, ամենամյա արձակուրդի տեսակը (նվազագույն, լրացուցիչ, երկարացված) եւ տեւողությունը, վարձատրությունը եւ այլն): Ըստ գործող օրենսդրության՝ աշխատանքային պայմանագրում (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում) հստակ նախատեսվում են պաշտոնի անվանումը եւ (կամ) աշխատանքային գործառույթները կամ հղում պաշտոնից բխող գործառույթները սահմանող փաստաթղթին, հիմնական աշխատավարձի չափը (ներառյալ՝ աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները) եւ այն որոշելու ձեւը (ժամային, օրական, գործավարձային կամ ամսական դրույքաչափ), աշխատողներին սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները, աշխատաժամանակի ռեժիմը (աշխատաժամանակի նորմալ տեւողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ կամ աշխատաժամանակի կրճատ տեւողություն կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկ) եւ շաբաթական տեւողությունը (բացառությամբ աշխատաժամանակի գումարային հաշվարկի) եւ այլն, սակայն գործնականում աշխատողներից փաստացի պահանջվում է իրականացնել աշխատանքային պայմանագրով չնախատեսված գործառույթներ՝ պայմանագրում նշված աշխատավարձի չափից տարբերվող չափով, չեն տրամադրվում հավելումները, հավելավճարները, լրավճարները, չեն պահպանվում աշխատաժամանակի ու հանգստի ժամանակի տեւողությունը եւ այլն: Միաժամանակ, աշխատանքային պայմանագիրն աշխատողներին չի տրամադրվում՝ վերջիններիս աշխատանքային գործունեությունը հարկային մարմնում չգրանցելու (անօրինական աշխատանք) կամ փաստացի տրամադրվող աշխատավարձի չափից պակաս չափով գրանցելու համար, ինչպես նաեւ պայմանագրերի պայմանները խախտելու դեպքում աշխատողի կողմից գործատուին կամ վերահսկող մարմնին հասցեագրված դիմում-բողոքներից զերծ մնալու նպատակով: Ավելին, հաճախ գործատուների կողմից աշխատանքային պայմանագրերի փոխարեն աշխատողների հետ կնքվում են ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներն ու երաշխիքները շրջանցելու նպատակով: Մեկ այլ խնդիր է, երբ անձն ընդունվում է աշխատանքի՝ իրականացնելով գործատուի կողմից պահանջվող, իր մասնագիտությանը համապատասխանող աշխատանք, սակայն աշխատանքային պայմանագիր չկնքելու կամ փաստացի իրականացվող աշխատանքի փոխարեն այլ պաշտոնի (հաստիքային միավորի) համար կնքված պայմանագրում փաստացի իրականացվող աշխատանքից տարբերվող աշխատանքային պարտականություններ նախատեսված լինելու պատճառով հետագայում չի կարողանում հիմնավորել, որ իր կողմից իրականացվել է մասնագիտական աշխատանք, չի ստանում օրենքով նախատեսված ինչպես հավելավճարները, այնպես էլ սոցիալական այլ երաշխիքներ: Օրինակ՝ անձը փաստացի իրականացնելով մասնագիտական աշխատանք, որը միաժամանակ նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքների, մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկում, համապատասխան ընկերությունում գործատուի կողմից գրանցվում է այլ պաշտոնի (հաստիքի)՝ օրենքով նախատեսված հավելումներ չվճարելու, նշված աշխատանքների համար նախատեսված սոցիալական այլ երաշխիքներ չտրամադրելու համար, իսկ հետագայում նշված աշխատանքն իրականացրած անձը զրկվում է ինչպես իր կատարած մասնագիտական աշխատանքը մասնագիտական ստաժում հաշվարկելու հնարավորությունից, այնպես էլ իրեն հասանելի գույքային եւ պետության կողմից նախատեսված այլ սոցիալական երաշխիքներից:

Վերոգրյալ խնդիրները հատկապես հաճախ են հանդիպում մարզերում եւ փոքր համայնքներում, սակայն Երեւան քաղաքում եւս տեսչական ստուգումների ընթացքում պարբերաբար վերհանվում են համանման խնդիրներ: Հիմնականում տուժող խմբերի մեջ կարող ենք առանձնացնել սոցիալապես անապահով, իրավագիտակցության ցածր մակարդակ ունեցող, առաջարկվող պայմաններից տարբերվող այլ աշխատանքի ընդունվելու հնարավորություն չունեցող եւ հանրային ոլորտում ցածր պաշտոններ (հաստիքային միավորներ) զբաղեցնող անձանց:

Գործնականում աշխատանքային ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (այսուհետեւ՝ Տեսչական մարմին) հաճախ է հանդիպում չգրանցված կամ ստվերային տնտեսությունում աշխատողների ներգրավման դեպքեր, ինչն ինքնին եւս հանգեցնում է վերջիններիս աշխատանքային իրավունքների խախտմանը:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

«Տեսչական մարմինների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 1.2-րդ կետերի համաձայն՝ տեսչական մարմինը՝ նույն օրենքի համաձայն ստեղծվող վերահսկողություն եւ օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող պետական մարմին է, որին ՀՀ կառավարության կողմից վերապահվում են համապատասխան օրենքներով սահմանված ոլորտ կամ ոլորտներ, որոնց նկատմամբ վերջինս իրականացնում է վերահսկողություն:

Օրենսգրքի 33-րդ հոդվածով սահմանված է, որ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ:

ՀՀ կառավարությունը աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին է ճանաչել Տեսչական մարմնին:

Հարկ է նշել, որ գործատուների կողմից աշխատանքային իրավունքի ոլորտում թույլ տրվող խախտումները հայտնաբերելու եւ բացահայտելու համար Տեսչական մարմինը այս պահին չունի բավարար ներուժ, քանի որ չունի անհրաժեշտ գործիքակազմ՝ աշխատանքային պայմանագրերի մասին պահանջվող տեղեկությունները տեղում՝ թվային եղանակով, կամ նախքան վերահսկողական բուն գործառույթներին անցնելը ստանալու հնարավորություն:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Նախագծի ընդունման նպատակն է վերոնշյալ բնույթի բազմաթիվ խնդիրների բացահայտումը թե՛ օրենսդրության, թե՛ իրավակիրառ պրակտիկայի մակարդակում՝ օրենսդրական դաշտը զարգացնելու, աշխատանքային իրավունքի իրացմանը նպաստելու եւ այդպիսով քաղաքացիների համապատասխան իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու համար: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է թվային համակարգի ներդրման միջոցով թվայնացնել Հայաստանի Հանրապետությունում թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը՝ աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով: Բացառություն է լինելու հանրային պաշտոն եւ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց հետ աշխատանքային հարաբերությունների ծագումը՝ ոլորտային առանձնահատկությամբ պայմանավորված: Միաժամանակ բացառություն է լինելու նաեւ առանձին պաշտոններ զբաղեցնող անձանց հետ ծագող աշխատանքային հարաբերությունները, որոնց վերաբերյալ տեղեկությունների հրապարակման սահմանափակումներով պայմանավորված անձին վերաբերող տեղեկություններն օրենսդրությամբ սահմանված են որպես գաղտնի կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններ:

Թվային համակարգի բազային հասանելիության շնորհիվ Տեսչական մարմինը հնարավորություն կունենա արդյունավետ վերահսկողություն իրականացնել՝ բացահայտելով աշխատանքային օրենսդրության, այդ թվում՝ աշխատանքային պայմանագրի պայմանների խախտումները: Բացի այդ, համակարգի առկայությունը կբացառի մասնավոր ոլորտում հետին թվով պայմանագրերի կնքման, հարկային մարմնում փաստացի իրականացվող աշխատանքը չգրանցելու (անօրինական աշխատանք) կամ փաստացի տրամադրվող աշխատավարձի չափից պակաս չափ պայմանագրում նշելու ձեւավորված պրակտիկան:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ թվային համակարգի առկայությունը մի կողմից հնարավորություն կտա Տեսչական մարմնին իրականացնել պատշաճ պետական վերահսկողություն (առավել թափանցիկ, հաշվետու եւ իրավունքահեն), ինչի արդյունքում աշխատողներն ու գործատուները հստակ պատկերացում կկազմեն, թե ինչ է ենթադրում աշխատանքային հարաբերությունների պաշտպանությունը, իսկ մյուս կողմից թվային համակարգը հնարավորություն կընձեռնի աշխատողներին ունենալու օրենսդրությամբ նախատեսված պահանջներին բավարարող աշխատանքային պայմանագրեր, աշխատողն ինքնուրույն կկարողանա հսկել իր աշխատանքային հարաբերություններից բխող իրավունքների պահպանված լինելու հանգամանքը եւ զերծ մնալ անօրինական աշխատանքում ներգրավվելու դեպքերից կամ շահագործումից:

Այս նախագծի հիմնական առավելություններն են աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացի պարզեցումը, սոցիալական ռիսկերից պաշտպանությունը՝ պայմանագրի առկայության, կատարվող վճարների եւ հատկացումների արտացոլման, ինչպես նաեւ աշխատողի նկատմամբ գործատուի պարտավորությունների ամրապնդման շնորհիվ:

Թվային համակարգի մուտքը նախատեսվում է Պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգով (այն հանդիսանալու է համակարգի առանձին մոդուլ): Աշխատանքային պայմանագիրը աշխատողին հասանելի կլինի ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման համակարգի միջոցով: Նախագծով նախատեսվում է աշխատանքային պայմանագրերի կնքումը թվային համակարգի միջոցով լինի կողմերի էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

Հաշվի առնելով այն, որ 2024 թվականի հաշվետու տարվա համար 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները 2025 թվականից (իսկ 2025 թվականի հաշվետու տարվա եւ դրան հաջորդող տարիների համար՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները՝ 2026 թվականից) պետք է ներկայացնեն եկամտային հարկի տարեկան հաշվարկները (հայտարարագրերը), ինչը կատարելու համար ՀՀ քաղաքացիներից կպահանջվի խիստ էլեկտրոնային նույնականացում՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ուստի սույն նախագծի ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո աշխատողների համար էլեկտրոնային թվային ստորագրություն ունենալը լրացուցիչ ֆինանսական բեռ չի հանդիսանա, քանի որ վերջիններս արդեն իսկ պետք է ունենան էլեկտրոնային թվային ստորագրություն եկամուտները հայտարարագրելու համար:

Որպես նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսվում է 2025 թվականի հուլիսի -ը: Սկզբնական փուլում թվային համակարգի միջոցով աշխատանքային պայմանագրերի կնքումը նախատեսվում է կամավոր սկզբունքով, որի ընթացքում հնարավորություն կստեղծվի գործատուների համար, որպիսի ադապտացվեն նոր գործող համակարգին, միաժամանակ վեր կհանվեն համակարգի հնարավոր բացերը, հետագայում լավարկելու նպատակով: Արդեն 2026 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը եւ փոփոխումն իրականացվի բացառապես թվային համակարգի միջոցով: Ժամկետը նախատեսվել է նաեւ հաշվի առնելով այն, որ 2026 թվականից բոլորի համար պարտադիր է լինելու եկամտային հարկի տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) ներկայացնելու պահանջը:

Հարկ է նշել, որ թվային համակարգի կառավարումը իրականացվելու է Պետական եկամուտների կոմիտեի կողմից, Տեսչական եւ հարկային մարմինները ունենալու են հասանելիություն համակարգին՝ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացակարգի շրջանակներում եւ հարկային հսկողության մասով, իսկ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը օտարերկրյա աշխատողի տվյալներին հասանելիություն է տրվելու այն ծավալով, որն անհրաժեշտ է օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացման համար, մասնավորապես, օտարերկրացի աշխատողի ներգրավման https://workpermit.am միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի ընթացքն ապահովելու համար:

Հաշվի առնելով, որ թվային համակարգի ներդրումն ու դրա կիրառումը նոր գործիք է եւ որոշակի ժամանակահատված կպահանջվի դրա բնականոն գործունեությունը բոլոր կողմերի համար ապահովելու նպատակով, նախատեսվում է խախտումներ արձանագրելու դեպքում կիրառել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված տույժերը: Հետագայում, ըստ անհրաժեշտության, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կնախատեսվեն առանձին կարգավորումներ:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից համատեղ:

5. Ակնկալվող արդյունք.

 Թվային համակարգի ներդրման արդյունքում Տեսչական մարմինը հնարավորություն կունենա ապահովվել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի պահանջների պահպանման նկատմամբ պատշաճ վերահսկողությունը, կբարելավվի աշխատաշուկայի թափանցիկությունը, կնվազեցվեն մարդկային գործոնի դերն ու ռիսկերն աշխատանքային իրավունքների վերահսկողության գործընթացում: Ավելին, այս համակարգը կնպաստի գործատու-աշխատող փոխհարաբերությունների հաշվետվողականությանն ու աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգի բարելավմանը եւ արդիականացմանը, թվային համակարգի միջոցով արդեն թվային եղանակով աշխատողը կկարողանա հսկել իր աշխատանքային պայմանագրի վերաբերյալ ցանկացած փոփոխությունը, իսկ գործատուն իր մոտ իրականացվող պետական վերահսկողության ժամանակ չի կարողանա այն փոփոխել կամ հրաժարվել դրա կատարումից:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6-րդ՝ «Աշխատանք եւ սոցիալական պաշտպանություն» ենթաբաժնի եւ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ փոխվարչապետ Մ. Գրիգորյանի գրասենյակի ցանկի 11-րդ կետի պահանջներից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» OՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրման ծրագիրը նախատեսված է ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի ««Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ 2022-2024 թթ. գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1568-Լ որոշմամբ հաստատված «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ 2022-2024 թթ. գործողությունների ծրագրով, մասնավորապես՝ «1. Սոցիալական իրավունքներ եւ պաշտպանություն» գլխի 10-րդ հանձնառությամբ՝ «10. Աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային համակարգի ներդրում՝ պետական եւ մասնավոր հատվածի համար»:

Այսինքն՝ թվային համակարգը նախատեսվում է ներդնել նշված ծրագրի շրջանակներում եւ ակնկալվում է, որ այս մասով պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվի:

Ինչ վերաբերում է հետագա սպասարկմանը, ապա այն կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացմանը:

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն