Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 55-րդ հոդվածի՝
1) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 7.1-ին եւ 7.2-րդ կետերով.
«7.1) գործարքի առարկա հանդիսացող ապրանքի, բացառությամբ անշարժ գույքի եւ սույն մասի 11-րդ կետով սահմանված ապրանքների, ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ Կառավարության սահմանած դեպքերում, կարգով եւ ժամկետներում.
7.2) հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա՝ դրոշմավորված ապրանքների մատակարարման դեպքում հսկիչ (նույնականացման) նշանների եւ դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը.»,
2) 7-րդ մասում «եւ 2-րդ կետերում» բառերը փոխարինել «, 2-րդ եւ 7.1-ին կետերում» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերում «քանակը» բառից հետո լրացնել «, ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ Կառավարության սահմանած դեպքերում, կարգով եւ ժամկետներում» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 381-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասում «ապրանքային դիրքի» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ ծածկագրի» բառերով,
2) 3-րդ մասի 8-րդ կետում «ապրանքային դիրքը» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ ծածկագիրը» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 416-րդ հոդվածի 4-րդ մասում «ապրանքային դիրքի» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ ծածկագրի» բառերով:
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն հոդված 1-ին եւ 2-րդ հոդվածներով սահմանված դրույթների կիրարկումն ապահովող համապատասխան ծրագրային ապահովման աշխատանքներն ավարտելու օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածներով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Կառավարությունը սահմանում է սույն օրենքն ընդունվելու օրվան հաջորդող օրվանից հետո՝ վեցամսյա ժամկետում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Օրենքի նախագծի նպատակը ապրանքների մատակարարման գործարքների մասով ՀՀ հարկային օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) սահմանված կարգավորումների շրջանակում դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԱՏԳ ԱԱ) ծածկագրերի պարտադիր նշելու, ինչպես նաեւ հսկիչ (նույնականացման) նշանով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների մատակարարման դեպքում այդ փաստաթղթերում հսկիչ (նույնականացման) նշանների եւ դրանց քանակի վերաբերյալ տեղեկատվության լրացման պահանջի սահմանումն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.
Օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված են հաշվարկային փաստաթղթերում պարտադիր լրացման ենթակա տվյալները: Միաժամանակ, օրենսգրքի 55-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան հաշվարկային փաստաթղթերում, բացի պարտադիր լրացման ենթակա տվյալներից, այդ հաշվարկային փաստաթղթերը դուրս գրող կամ ստացող հարկ վճարողների հայեցողությամբ կարող են ներառվել նաեւ այլ տվյալներ:
Ապրանքների մատակարարման բոլոր գործարքների մասով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ ծածկագրերի պարտադիր լրացման պահանջ օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված չէ: ԱՏԳ ԱԱ ծածկագրերի պարտադիր լրացման պահանջ սահմանված է՝
1) «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի համաձայն Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում հետագծելիության ենթակա ապրանքների մասով: Այն ներկայումս կիրառվում է պիլոտային ծրագրի շրջանակներում միայն մեկ ապրանքային ենթախմբի մասով (ԱՏԳ ԱԱ 8418 «Կենցաղային սառնարաններ եւ սառցարաններ»),
2) օրենսգրքի 381-րդ հոդվածով եւ դրանք վերաբերում են օրենսգրքի դրույթներին համապատասխան հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող հարկ վճարողներին: Մասնավորապես, այդ դրույթներին համապատասխան հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա պետք է տպագրված լինի օտարվող ապրանքների ապրանքային դիրքի մասով տեղեկատվություն:
Միաժամանակ, օրենսգրքի 396.1-ին հոդվածով սահմանված են դրույթներ Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային համաձայնագրերի հիման վրա հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորում սահմանված լինելու դեպքում հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման պարտադիր պահանջ:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ.
1) ապրանքների մատակարարման գործարքների մասով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում (հարկային հաշիվ, ճշգրտող հարկային հաշվի, հաշիվ վավերագիր, ճշգրտող հաշիվ վավերագիր, բեռնագիր) պետք է լրացվեն ԱՏԳ ԱԱ ծածկագրերը: Ընդ որում, այդ դրույթները կիրառվելու են միայն շարժական գույք համարվող ապրանքների մասով, իսկ հետագծելիության ենթակա ապրանքների մասով պահպանվելու են գործող կարգավորումները,
2) ԱՏԳ ԱԱ ծածկագրերի պարտադիր լրացնելու պահանջի կիրառման համար Կառավարության պետք է սահմանի դրանց պարտադիր կիրառման դեպքերը, կարգը եւ ժամկետները,
3) հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա՝ դրոշմավորված ապրանքների մատակարարման դեպքում հաշվարկային փաստաթղթերում (հարկային հաշիվ եւ հաշիվ վավերագիր) պետք է լրացվի տեղեկություն հսկիչ (նույնականացման) նշանների եւ դրանց քանակի վերաբերյալ:
Հաշվի առնելով, որ հաշվարկային փաստաթղթերը օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված կարգավորումներին համապատասխան դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային եղանակով, եւ այդ փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ ծածկագրերի ու հսկիչ (նույնականացման) նշանների մասով լրացման պարտադիր պահանջի սահմանման արդյունքում պետք է կատարվեն նաեւ համապատասխան ծրագրային փոփոխություններ, նախագծով առաջարկվում է սահմանել, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2026թ. հունվարի 1-ից:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան օրենսգրքի 55-րդ հոդվածին համապատասխան ապրանքների մատակարարման գործարքների փաստաթղթավորման համար կիրառվող հաշվարկային փաստաթղթերում Կառավարության սահմանած դեպքերում, կարգով եւ ժամկետներում ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրի, հսկիչ (նույնականացման) նշանների եւ դրանց քանակի վերաբերյալ տեղեկատվության պարտադիր լրացման պահանջի սահմանումն է:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններից:
6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
7. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի նախատեսվում.
8. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքն ապրանքների մատակարարման գործարքների մասով հարկային հսկողության արդյունավետության բարձրացումն է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում