Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9021-27.08.2024-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 7-րդ մասում «կատարվում է դռնփակ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանն իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ որոշում է կայացնում գործի քննությունը դռնբաց իրականացնելու վերաբերյալ» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) իրավունքի իրականացման սահմանափակում:»:

Հոդված 3. Օրենսգրքի 101.2-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 2-րդ նախադասությունը հանել.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Եթե վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը վերացնում է դատական տուգանք կիրառելու մասին որոշումը, ապա դատական ակտով լուծում է նաեւ նախապես վճարված տուգանքի վերադարձի հարցը:»:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 101.3-րդ եւ 101.4-րդ հոդվածներով.

«Հոդված 101.3. Դատական նիստից դուրս դատական տուգանք կիրառելու առանձնահատկությունները

1. Եթե դատարանը գտնում է, որ դատավարության մասնակիցը, նրա ներկայացուցիչը կամ դատավարությանը մասնակցող այլ անձը դրսեւորել է այնպիսի վարքագիծ կամ կատարել է այնպիսի արարք, որը կարող է հանգեցնել դատական տուգանքի կիրառման, ապա այդ անձից պահանջում է գրավոր պարզաբանում վերոնշյալ վարքագծի կամ արարքի վերաբերյալ: Պարզաբանում պահանջելու մասին ծանուցագրում նշվում են այն հանգամանքները, որոնք դատարանի գնահատմամբ կարող են հանգեցնել դատական տուգանքի կիրառման:

2. Գրավոր պարզաբանումը կարող է ներկայացվել պարզաբանում պահանջելու մասին դատարանի ծանուցագիրը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում:

3. Գրավոր պարզաբանում ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո 20-օրյա ժամկետում դատարանն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է դատական տուգանք կիրառելու հարցը: Դատական տուգանք կիրառելու հիմքերի բացակայության դեպքում նույն ժամկետում դատարանը դատավարության մասնակցին, նրա ներկայացուցչին կամ դատավարությանը մասնակցող այլ անձին ծանուցում է այդ մասին:

Հոդված 101.4. Իրավունքի իրականացման սահմանափակում կիրառելու առանձնահատկությունները

1. Իրավունքի իրականացման սահմանափակումը դատավարության մասնակցի, նրա ներկայացուցչի կամ դատավարությանը մասնակցող այլ անձանց` որոշակի իրավունքների սույն օրենսգրքով սահմանված պարբերաբար չարաշահման դեպքում համապատասխան որոշմամբ դրանց իրականացման համար ժամանակային կամ քանակական պայմանների սահմանումն է:

2. Սույն հոդվածով նախատեսված դատական սանկցիան կարող է կիրառվել միայն հետեւյալ իրավունքները պարբերաբար չարաշահելու դեպքում.

1) գործի նյութերին ծանոթանալը, դրանց պատճեններ ստանալը, քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ եւ պատճեններ անելը,

2) ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ անելը.

3) ապացույցներ ներկայացնելը եւ դրանց հետազոտմանը մասնակցելը

4) հարցեր տալը,

5) միջնորդություններ ներկայացնելը,

6) դիրքորոշում ներկայացնելը:

3. Սույն հոդվածով նախատեսված դատական սանկցիայի կիրառումը չպետք է բացառի համապատասխան իրավունքի բուն իրացումը:

4. Եթե դատարանը գտնում է, որ դատավարության մասնակիցը, նրա ներկայացուցիչը կամ դատավարությանը մասնակցող այլ անձը դրսեւորել է այնպիսի վարքագիծ կամ կատարել է այնպիսի արարք, որը կարող է հանգեցնել իրավունքի իրականացման սահմանափակում սանկցիայի կիրառման, ապա այդ անձին հասկանալի ձեւով նախազգուշացնում է սանկցիա կիրառելու դատարանի իրավասության մասին, պարզաբանում սանկցիա կիրառելու հիմքերը եւ հետեւանքները: Եթե դատավարության մասնակիցը, նրա ներկայացուցիչը կամ դատավարությանը մասնակցող այլ անձը նախազգուշացումից հետո կատարում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողություններից որեւէ մեկը, ապա դատավորն իրավասու է այդ անձի նկատմամբ կիրառելու իրավունքի իրականացման սահմանափակում սանկցիան:

5. Իրավունքի իրականացման սահմանափակումը դատական նիստում կիրառվելու դեպքում կայացվում է նույն դատական նիստում դատարանի արձանագրային որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ դատական նիստից դուրս կայացվելու դեպքում՝ առանձին դատական ակտի ձեւով:

6. Իրավունքի իրականացման սահմանափակման ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի վերականգնելու իրավունքի իրականացումը՝ վերացնելով կիրառված ժամանակային կամ քանակական պայմանները:»:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների (դիմումների) հիման վրա հարուցված գործերի վրա:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կիրառված դատական տուգանքների կամ դատական տուգանք կիրառելու մասին միջնորդությունների նկատմամբ կիրառելի են տուգանքի կիրառման կամ միջնորդության ներկայացման պահին գործող նորմերը:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն