Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 27-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել «, եւ գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից» բառերը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-5.5-րդ մասերով.
«5.1. Դատարանի կազմը փոխվելու կամ դատական կազմում փոփոխության դեպքում գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը որոշում է կայացնում գործի (վերաքննիչ բողոքի) քննությունը սկզբից սկսելու կամ գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակելու մասին, բացառությամբ առաջին ատյանի դատարանում գործի դատաքննությունն ավարտված լինելու դեպքերի: Գործի դատաքննությունն ավարտված լինելու դեպքում առաջին ատյանի դատարանը գործը վարույթ ընդունելու հետ միաժամանակ որոշում է կայացնում գործի քննությունը սկզբից սկսելու կամ գործը դատաքննության փուլից վերսկսելու մասին:
5.2. Եթե սույն հոդվածով նախատեսված կարգով գործի (վերաքննիչ բողոքի) քննությունը շարունակվում է ընդհատման պահից, սակայն գործի (վերաքննիչ բողոքի) քննության համար սույն օրենսգրքով սահմանված եւ մնացած ժամկետը պակաս է մեկ ամսից, ապա այդ ժամկետը երկարաձգվում է մեկ ամսով, իսկ եթե տվյալ գործի կամ բողոքի քննության համար սույն օրենսգրքով նախատեսված ժամկետը հավասար է մեկ ամսվա կամ պակաս է մեկ ամսից, ապա` տվյալ գործի կամ բողոքի քննության համար սույն օրենսգրքով նախատեսված ժամկետով:
5.3. Գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակելու մասին որոշում կայացվելու դեպքում գործի (վերաքննիչ բողոքի) քննությունը շարունակվում է գործի (վերաքննիչ բողոքի) քննության ընդհատման՝ դատարանի կազմը փոխվելու կամ դատական կազմում փոփոխության պահից:
5.4. Գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակելու մասին որոշում կայացվելու դեպքում մինչեւ գործի (վերաքննիչ բողոքի) քննության ընդհատման պահն ավարտված դատավարական ժամկետները չեն վերսկսվում, իսկ դատավարության մասնակիցները չեն կարող կատարել այնպիսի գործողություններ, որոնց կատարման ժամկետը լրացել է մինչեւ գործի (վերաքննիչ բողոքի) քննության ընդհատման պահը:
5.5. Գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակվելու դեպքում մինչեւ գործի (վերաքննիչ բողոքի) քննության ընդհատման պահը կատարված գործողությունները կամ ընդունված որոշումները պարտադիր են եւ ունեն իրավական ուժն այնպես, ինչպես դատարանի կազմի կամ դատական կազմում փոփոխություն տեղի չունենալու դեպքում:»:
Հոդված 2. Օրենսգրքի 29-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մասով.
«11. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված ինքնաբացարկի հիմքերը բացահայտելու անհրաժեշտության դեպքերում դատարանը դատական նիստի ծանուցագրում նշում է կատարում այդ մասին: Եթե կողմը, ծանուցված լինելով ինքնաբացարկի հիմքերը բացահայտելու նպատակով հրավիրված դատական նիստի մասին, չի ներկայանում դատական նիստին կամ չի ներկայացնում դատական նիստը հետաձգելու վերաբերյալ հիմնավորված միջնորդություն, ապա դատարանը ինքնաբացարկի հիմքերը կողմերին բացահայտում է գրավոր եղանակով: Նշված ծանուցագիրը ստանալու պահից եռօրյա ժամկետում ինքնաբացարկի հիմքերի վերաբերյալ գրավոր դիրքորոշում չներկայացվելու դեպքում ինքնաբացարկը համարվում է կողմի կողմից անտեսված:»:
Հոդված 3. Օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) իրավունքի իրականացման սահմանափակում:»:
Հոդված 4. Օրենսգրքի 155-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի 2-րդ նախադասությունը հանել.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Եթե վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը վերացնում է դատական տուգանք կիրառելու մասին որոշումը, ապա դատական ակտով լուծում է նաեւ նախապես վճարված տուգանքի վերադարձի հարցը:»:
Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 155.1-ին եւ 155.2-րդ հոդվածներով.
«Հոդված 155.1. Դատական նիստից դուրս դատական տուգանք կիրառելու առանձնահատկությունները
1. Եթե դատարանը գտնում է, որ դատավարության մասնակիցը դրսեւորել է այնպիսի վարքագիծ կամ կատարել է այնպիսի արարք, որը կարող է հանգեցնել դատական տուգանքի կիրառման, ապա այդ անձից պահանջում է գրավոր պարզաբանում վերոնշյալ վարքագծի կամ արարքի վերաբերյալ: Պարզաբանում պահանջելու մասին ծանուցագրում նշվում են այն հանգամանքները, որոնք դատարանի գնահատմամբ կարող են հանգեցնել դատական տուգանքի կիրառման:
2. Գրավոր պարզաբանումը կարող է ներկայացվել պարզաբանում պահանջելու մասին դատարանի ծանուցագիրը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում:
3. Գրավոր պարզաբանում ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո 20-օրյա ժամկետում դատարանն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է դատական տուգանք կիրառելու հարցը: Դատական տուգանք կիրառելու հիմքերի բացակայության դեպքում նույն ժամկետում դատարանը դատավարության մասնակցին ծանուցում է այդ մասին:
Հոդված 155.2. Իրավունքի իրականացման սահմանափակում կիրառելու առանձնահատկությունները
1. Իրավունքի իրականացման սահմանափակումը դատավարության մասնակցի` սույն օրենսգրքով սահմանված որոշակի իրավունքների պարբերաբար չարաշահման դեպքում համապատասխան որոշմամբ դրանց իրականացման համար ժամանակային կամ քանակական պայմանների սահմանումն է:
2. Սույն հոդվածով նախատեսված դատական սանկցիան կարող է կիրառվել միայն հետեւյալ իրավունքները պարբերաբար չարաշահելու դեպքում.
1) գործի նյութերին ծանոթանալը, դրանց պատճեններ ստանալը, քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ եւ պատճեններ անելը,
2) բացարկ հայտնելը.
3) ապացույցներ ներկայացնելը եւ դրանց հետազոտմանը մասնակցելը,
4) դատավարության մասնակիցներին հարցեր տալը,
5) միջնորդություններ ներկայացնելը, ցուցմունքներ տալը,
6) դիրքորոշում ներկայացնելը:
3. Սույն հոդվածով նախատեսված դատական սանկցիայի կիրառումը չպետք է բացառի համապատասխան իրավունքի բուն իրացումը:
4. Եթե դատարանը գտնում է, որ դատավարության մասնակիցը դրսեւորել է այնպիսի վարքագիծ կամ կատարել է այնպիսի արարք, որը կարող է հանգեցնել իրավունքի իրականացման սահմանափակում սանկցիայի կիրառման, ապա այդ անձին հասկանալի ձեւով նախազգուշացնում է սանկցիա կիրառելու դատարանի իրավասության մասին, պարզաբանում սանկցիա կիրառելու հիմքերը եւ հետեւանքները: Եթե դատավարության մասնակիցը նախազգուշացումից հետո կատարում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողություններից որեւէ մեկը, ապա դատավորն իրավասու է այդ անձի նկատմամբ կիրառելու իրավունքի իրականացման սահմանափակում սանկցիան:
5. Իրավունքի իրականացման սահմանափակումը դատական նիստում կիրառվելու դեպքում կայացվում է նույն դատական նիստում դատարանի արձանագրային որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ դատական նիստից դուրս կայացվելու դեպքում՝ առանձին դատական ակտի ձեւով:
6. Իրավունքի իրականացման սահմանափակման ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի վերականգնելու իրավունքի իրականացումը՝ վերացնելով կիրառված ժամանակային կամ քանակական պայմանները:»:
Հոդված 6. Օրենսգրքի 371-րդ հոդվածի 3.1-ին մասի առաջին նախադասությունում «սույն հոդվածի 368-րդ հոդվածի 1-ին մասի» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերով:
Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների (դիմումների) հիման վրա հարուցված գործերի վրա:
3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կիրառված դատական տուգանքների կամ դատական տուգանք կիրառելու մասին միջնորդությունների նկատմամբ կիրառելի են տուգանքի կիրառման կամ միջնորդության ներկայացման պահին գործող նորմերը:
4. Սույն օրենքի 1-ին հոդվածը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տեղի ունեցած դատական կազմի կամ դատական կազմում ընդգրկված դատավորի փոփոխության դեպքերի վրա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում