ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և  «Սնանկության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Կ-664-19.09.2023-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծում առաջարկում ենք՝ 

  1. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենսգիրք)» արտահայտությունը, հաշվի առնելով, որ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) այլեւս հղում չի կատարվում,
  2. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով Oրենսգրքի 324-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.2-րդ եւ 2.3-րդ մասերի համարներն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված կանոնը, այն է՝ «հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:»,
  3. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով Օրենսգրքի 324-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.3-րդ մասի համաձայն. «2.3 Սնանկության վտանգի դիմումը բավարարելու եւ ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հաշվետու ժամանակաշրջաններին (ժամանակահատվածներին) վերաբերող ստուգումներով (կամ վերստուգումներով) տույժերը եւ տուգանքները հաշվարկվում են Օրենսգրքով սահմանված կարգով: Ընդ որում, եթե սնանկության վարույթն ավարտվում է պարտապանի առողջացմամբ, ապա սույն կետով սահմանված կարգով կասեցված տույժերը, տուգանքները համարվում են դադարած, իսկ եթե սնանկության վարույթն ավարտվում է առողջացման ծրագրի չկատարման հետեւանքով, ապա կասեցված տույժերը հաշվեգրվում են պարտապանի անձնական հաշվի քարտում:»:
  4. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով Օրենսգրքի 324-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.3-րդ մասի 2-րդ նախադասությունում հղում է կատարվում «սույն կետով սահմանված կարգով կասեցմանը»: Քննարկվող դրույթը համարվում է ոչ թե հոդվածի կետ, այլ հոդվածի մաս` «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթի համաձայն, այն է՝ « Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:»: Բացի այդ, հարկ է նկատել, որ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով Օրենսգրքի 324-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.3-րդ մասում կասեցման կարգ նախատեսված չէ: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով Օրենսգրքի 324-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.3-րդ մասում կատարված հղումը,
  5. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվել է, որ նույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված գործողությունների իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում իրականացնել համապատասխան ծրագրային ապահովում, ուստի առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածը խմբագրել` «2024» թիվը  փոխարինել «2025» թվով: 

«Սնանկության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում առաջարկում ենք՝ 

  1. Իրավական որոշակիությունից ելնելով` առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածով «Սնանկության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում լրացվող «ե» ենթակետում «պարտավորությունից» բառից հետո լրացնել «, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի» բառերը,
  2. Հաշվի առնելով Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (Կ-696-06.11.2023-ՊԻ-011/1) առաջարկվող կարգավորումների բնույթը՝ առաջարկում ենք Նախագծից հանել 3-րդ հոդվածը:
  3. Հաշվի առնելով, որ Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվող կարգավորումն ընդգրկվել է Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (Կ-696-06.11.2023-ՊԻ-011/1) խմբագրվող  «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետում, առաջարկում ենք Նախագծից հանել 8-րդ հոդվածի 2-րդ մասը: