ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-952-25.10.2024-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9521 -25.10.2024-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-952-25.10.2024-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-9521 -25.10.2024-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության  մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանվում է «բարձր տեխնոլոգիաներ» հասկացության սահմանումը, այն է. «նոր հնարավորությունների, տեղեկատվության, գիտելիքի, փորձի, նյութական միջոցների ամբողջություն, որը միտված է տնտեսությունում մրցունակ արտադրանք մշակելուն, ստեղծելուն, արտադրելուն, եւ որի հիմքում դրված են գիտատեխնիկական նորարարությունները, ներառյալ՝ տեղեկատվական տեխնոլոգիաները»: Հարկ է նկատել, որ «բարձր տեխնոլոգիաներ» հասկացության սահմանումը չափազանց լայն է եւ անորոշ: Մասնավորապես՝ «նոր հնարավորությունների, տեղեկատվության, գիտելիքի, փորձի, նյութական միջոցների ամբողջություն» համարվելու պայմանն անորոշ է՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի վերլուծությունից հասկանալի չէ, թե Նախագծի իմաստով ինչ սկզբունքով է հաստատվում հնարավորությունների, տեղեկատվության, գիտելիքի, փորձի, նյութական միջոցների ամբողջության «նոր» համարվելու փաստը եւ որքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի այդ ամբողջությունը դադարի «նոր» համարվել: Այս պայմանի շրջանակում հնարավորությունների, տեղեկատվության, գիտելիքի, փորձի, նյութական միջոցների ամբողջության «նոր» լինելու հանգամանքը որոշելու հարցը հատկապես կարեւորվում է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով սահմանված կարգավորումները գործում են ընդամենը 7 տարի: Նույն պատճառաբանությամբ անորոշ է նաեւ նոր հնարավորությունների, տեղեկատվության, գիտելիքի, փորձի, նյութական միջոցների ամբողջության հիմքում գիտատեխնիկական նորարարություններ դրված լինելու պայմանը՝ «նորարարություն» բառի կիրառման տեսանկյունից:

Նախագծի՝ 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հասկացությունների վերաբերյալ առկա են նաեւ այլ խնդիրներ.

1.1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Նույն մարմնի ընդունած նույն տեսակի նորմատիվ իրավական ակտերում չպետք է անհիմն կրկնվեն գործող նորմատիվ իրավական ակտերով սահմանված նորմերը»: Մինչդեռ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված «տեղեկատվական տեխնոլոգիաներ» հասկացության սահմանումը նույնությամբ կրկնում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված «տեղեկատվական տեխնոլոգիաներ» հասկացության սահմանումը: Առաջարկում ենք վերոնշյալ խնդիրը վերացնելու նպատակով առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է. «Նորմատիվ իրավական ակտերով սահմանված նորմերի անհիմն կրկնություններից խուսափելու նպատակով իրավական ակտում կիրառվում են հղումներ»:

1.2. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված է. «նոր աշխատող` մինչեւ 30 տարեկանը ներառյալ, առաջին անգամ բարձր տեխնոլոգիաների ոլորտ մուտք գործած եւ Կառավարության կողմից սահմանված բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող մասնագիտական վարձու աշխատող»: Նույն կետի 10-րդ կետով սահմանվում է «մասնագիտական աշխատանք» հասկացությունը, այն է. «Կառավարության կողմից սահմանված ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող անձնակազմի մասնագիտական աշխատանք»: Այսպես՝ վերոգրյալից բխում է, որ «նոր աշխատող» հասկացության սահմանման մեջ անհրաժեշտ է «Կառավարության կողմից սահմանված բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող» ձեւակերպումը փոխարինել «մասնագիտական աշխատանք կատարող» բառերով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «մասնագիտական աշխատանք» հասկացությունն իր մեջ արդեն իսկ ներառում է Կառավարության կողմից սահմանված բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվելու իմաստը: 

Այս համատեքստում հարկ է անդրադառնալ նաեւ «նոր աշխատող» հասկացության սահմանման մեջ առկա «մասնագիտական աշխատանքների ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող մասնագիտական վարձու աշխատող» բառերին եւս: Նշենք, որ անհրաժեշտ է «վարձու» բառին նախորդող «մասնագիտական» բառը հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «մասնագիտական վարձու աշխատող» հասկացություն Նախագծով սահմանված չէ: Նշենք, որ այս դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից, այն է. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ»:

1.3. Նախագծի՝ 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված է. «մասնագիտական աշխատանք՝ Կառավարության կողմից սահմանված ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող անձնակազմի մասնագիտական աշխատանք»: Հարկ է նկատել, որ «մասնագիտական աշխատանք» հասկացության՝ վերը մեջբերված սահմանումը որոշակի չէ՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «մասնագիտական աշխատանք» հասկացությունը բացահայտելու համար սահմանման մեջ կիրառվում է նույն հասկացությունը: Հետեւաբար՝ առաջարկում ենք խմբագրել վերոնշյալ կետը:

2. Նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում առաջարկում ենք «ենթակետով» բառը փոխարինել «կետով» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի կարգավորումները:

3. Նախագծի 5-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է. «Սույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի կիրառության դեպքում տնտեսավարող սուբյեկտի միջոցներից կադրերի պատրաստման եւ վերապատրաստման հիմնավորումները (վկայական, վերապատրաստման ծախսերը հիմնավորող փաստաթղթեր եւ այլն) ուսումնասիրվում են լիազոր մարմնի կողմից»: Այս կարգավորման կապակցությամբ նշենք, որ հասկանալի չէ, թե ինչ նապատակով է լիազոր մարմինն ուսումնասիրում վեոնշյալ հիմնավորումները, ինչ հետեւանք կարող է այդ ուսումնասիրությունն ունենալ տնտեսվարող սուբյեկտների համար եւ ինչ ակտիվ գործողություններ կարող է իրականացնել լիազոր մարմինն ուսումնասիրության արդյունքների հիման վրա:

4. Նախագծի 5-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված է. «Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված աջակցությունը տրամադրվում է հարկման ընդհանուր համակարգում եւ շրջանառության հարկի համակարգում գործող կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2032 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար: Ընդ որում, շրջանառության հարկի համակարգում գործող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը աջակցությունից օգտվելն սկսելու օրացուցային տարվան հաջորդող երրորդ օրացուցային տարին լրանալուց հետո կարող է շարունակել օգտվել աջակցությունից, եթե գործում է հարկման ընդհանուր համակարգում»: Նախ՝ նշենք, որ վերը մեջբերված դրույթը հանդիսանում է անցումային դրույթ եւ պետք է շարադրված լինի Նախագծի 14-րդ հոդվածում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի եւ 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջները: 

Բացի այդ՝ հասկանալի չէ քննարկվող դրույթում նշված ժամկետային սահմանափակումը, այն է՝ «աջակցությունը տրամադրվում է հարկման ընդհանուր համակարգում եւ շրջանառության հարկի համակարգում գործող կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2032 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար»՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ, Նախագծի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Նախագիծը եւս գործում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2032 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում: 

5. Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է. «Տնտեսավարող սուբյեկտը զրկվում է սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված  պետական աջակցության ստացման իրավունքից, եթե մեկ տարվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտի մոտ հայտնաբերվել է դադարեցման հիմք հանդիսացող երկու եւ ավելի խախտման դեպք»: Հատկանշական է, որ Նախագծով սահմանված չէ, որեւէ խախտման դեպք, որը հանդիսանում է պետական աջակցության ստացման իրավունքի դադարման հիմք, հետեւաբար հասկանալի չէ, թե վերը մեջբերված նորմում ինչ խախտման մասին է խոսքը: Առաջարկում ենք հստակեցնել քննարկվող նորմը:

6. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ այսուհետ «բարձր տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրը» բառերի փոխարեն Նախագծով պետք է կիրառվի դրա կրճատ տարբերակը՝ «վարչական ռեգիստր», մինչդեռ՝ նույն հոդվածի 3-րդ մասում կիրառվում են «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրը» բառերը: Առաջարկում ենք ապահովել Նախագծով սահմանված դրույթների համապատասխանությունը միմյանց:

7. Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասով լիազոր մարմինը լիազորվում է սահմանել տնտեսավարող սուբյեկտների հաշվետվությունների ձեւերը եւ դրանց ներկայացման կարգը: Հատկանշական է այն փաստը, որ Նախագծով՝ տնտեսավարող սուբյեկտների հաշվետվության վերաբերյալ, բացի վերը մեջբերվածից, միայն սահմանված է, որ վարչական ռեգիստրը ստեղծվում է այդ հաշվետվությունների հիման վրա, եւ լիազոր մարմինը որոշում է դրանց ներկայացման պարբերականությունը: Վերոնշյալ դրույթների համադրությունից, սակայն, հասկանալի չէ, թե Նախագծի իմաստով ինչ է իրենից ներկայացնում տնտեսավարող սուբյեկտների հաշվետվությունը, ինչի վերաբերյալ է այն եւ ինչ պետք է իր մեջ ներառի: Դրա արդյունքում բավարար չափով որոշակի չէ տնտեսավարող սուբյեկտների հաշվետվությունների ձեւերը եւ դրանց ներկայացման կարգը սահմանելու վերաբերյալ լիազոր մարմնին Նախագծով վերապահված իրավասությունը: Սա խնդրահարույց է Հասյատանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից, որով սահմանված է. «(…) Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին»: Առաջարկում ենք վերոգրյալ դիտարկումները հաշվի առնելով՝ Նախագծում կատարել տնտեսավարող սուբյեկտների հաշվետվության վերաբերյալ համապատասխան հստակեցնումներ: 

8. Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությունից բխում է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրը ստեղծվում է ի թիվս այլոց Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկությունների հիման վրա: Միաժամանակ Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է միայն, որ պետական եկամուտների կոմիտեի կողմից լիազոր մարմնին տրամադրվող տեղեկությունների շրջանակը եւ տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են լիազոր մարմնի ղեկավարի եւ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի համատեղ իրավական ակտով: Հարկ է նկատել, որ նշված երկու իրավակարգավորումներից պարզ չէ, որ համապատասխան տեղեկություններ տրամադրելը Պետական եկամուտների կոմիտեի պարտականությունն է: Այսինքն՝ Պետական եկամուտների կոմիտեի կողմից համապատասխան տեղեկատվությունը ներկայացնելու պարտականությունը պետք է ունենա իրավական հիմք: Հիմք ընդունելով Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջն, առ այն, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, առաջարկում ենք Նախագծով նախատեսել իմպերատիվ պահանջ տեղեկատվություն տրամադրելու, այն ներկայացնելու ժամկետի եւ տեղեկատվության շրջանակի վերաբերյալ: 

9. Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Կառավարության» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասով սահմանված կարգավորումները:

10. Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Սույն օրենքի համաձայն բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից հաշվետվությունները չներկայացնելը առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված չափերով»: Հարկ է նկատել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված չէ որեւէ պատասխանատվություն Նախագծով նշված տնտեսվարող սուբյեկտների կողմից հաշվետվություն չներկայացնելու համար: Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.24-րդ հոդվածով սահմանված է պատասխանատվություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական-վիճակագրական հաշվետվությունները հաշվետու իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից սահմանված ժամկետներում եւ կարգով չներկայացնելու համար, ինչը չի համընկնում Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված խախտմանը:

Միաժամանակ նշենք, որ Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ Նախագծի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Հստակ չէ, թե կոնկրետ որ օրենքով են սահմանված վերոնշյալ պատասխանատվության վերաբերյալ կարգավորումներ:

11. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 8-րդ տողը շարադրել նոր խմբագրությամբ: Հատկանշական է, որ նախագծով նշված տողը դեռեւս ինկորպորացված չէ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում: Հետեւաբար՝ առաջարկում ենք քննարկվող փոփոխությունը կատարել ոչ թե Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում, այլ՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքում:

Միաժամանակ նշենք, որ որպես Նախագծերի փաթեթի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանված է 2025 թվականի հունվարի 1-ը, հետեւաբար համապատասխան ժամկետ սահմանելիս առաջարկում ենք հաշվի առնել Նախագծերի փաթեթի ընդունման՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված ընթացակարգերը եւ ժամկետները


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումների հստակությունը, դրանց համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքին, միմյանց եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծերի փաթեթը՝ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընգրկվելու արդյունքում չի պահպանվել օրենսդրությամբ սահմանված իրավական փորձաքննություն իրականացնելու 21-օրյա ժամկետը՝ նշենք, որ սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր առաջարկությունների, դիտողությունների եւ եզրահանգումների ներկայացում:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

08.11.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծերի փաթեթի ընդունմամբ առաջանում է Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի ընդունման անհրաժեշտություն: Մասնավորապես՝ սույն եզրակացությամբ նշված դիտարկումների հիման վրա անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն եւ լրացում կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքում:

Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

08.11.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել մի շարք հարկային արտոնություններ եւ բյուջետային աջակցության տեսաակներ, որոնց ընդունման արդյունքում ակնկալվում է բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջանցիկ զարգացման, ինչպես նաեւ գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար նպաստավոր պայմանների ձեւավորում: Ակնկալվում է նաեւ, որ այն խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետության տնտեսության արտադրողականության եւ մրցունակության բարձրացման, գիտելիքահենք տնտեսության զարգացման, տեղեկատվական հասարակության եւ դրա տարբեր բաղադրիչների ձեւավորման, օտարերկրյա ներդրումների ներգրավման, տեղական ընկերությունների արտադրանքի եւ ծառայությունների արտահանման ու համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես զարգացած բարձր տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկրի վարկանիշի բարձրացման համար:

Մասնավորապես, առաջարկվում է բարձր տեխնոլոգիական ընկերությունների համար շրջանառության հարկի դրույքաչափը նվազեցնել 2.5 անգամ՝ 5 տոկոսի փոխարեն սահմանելով 2 տոկոս, նախատեսել մասնագիտական աշխատանք կատարող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200 տոկոսի չափով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը հավելյալ նվազեցնելու հնարավորություն, բայց ոչ ավելի, քան հաշվարկված հարկման բազայի 50 տոկոսը, կիսով չափ նվազեցնել գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների աշխատանքներում ներգրավված մասնագիտական անձնակազմին վճարվող աշխատավարձի եւ դրան հավասարեցված եկամուտների մասով եկամտային հարկի դրույքաչափը՝ 20-ից դարձնելով 10 տոկոս եւ այլն: 

Նախագծերի փաթեթը, ըստ էության, ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների ֆինանսական աջակցության ապահովման կազմակերպական խնդիրների առումով հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել Նախագծերի փաթեթի կազմում ընդգրված՝ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) որոշ դրույթների վրա:

1. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում ներկայացված հասկացությունների մի մասը խմբագրման եւ հստակեցման կարիք ունի, մասնավորապես՝

- 6-րդ կետով «լիազոր մարմին» հասկացությունը սահմանվում է որպես «...լիազոր մարմին» (երկրորդ դեպքում կարելի է օգտագործել «պետական մարմին» բառակապակցությունը), 

- 10-րդ կետով տրվում է «մասնագիտական աշխատանք» հասկացության սահմանումը, ըստ որի՝ այն. «Կառավարության կողմից սահմանված ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող անձնակազմի մասնագիտական աշխատանք» է, որում եւս սահմանվող հասկացությունը բացատրվում է հենց իրենով: Այս կապակցությամբ անհրաժեշտ է ոչ միայն հստակեցնել տվյալ հասկացության բովանդակությունը, այլեւ այն թղթակցել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով տրված «մասնագիտական աշխատանքային ստաժ» հասկացության հետ, 

- 11-րդ կետի համաձայն՝ պետական աջակցության տրամադրման հաշվետու ժամանակաշրջանը սահմանվում է որպես. «...միգրանտների եւ նոր աշխատողների դեպքում՝ եռամսյակ, իսկ կադրերի պատրաստման եւ վերապաստրաստման գծով՝ ավարտական վկայականի տրման օրը:», այն դեպքում, երբ օրը ժամանակաշրջան չի կարող հանդիսանալ: 

2. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասն ամբողջության վերախմբագրման կարիք ունի, քանի որ քերականական խնդիրները հանգեցրել են նաեւ օրենքի դրույթների բովանդակային աղճատման: Մասնավորապես, սահմանվում է, որ. «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության նպատակն է բարձր տեխնոլոգիաների` մրցունակության բարձրացումը, նոր աշխատուժի ներգրավումը եւ այլն, այն դեպքում, երբ բարձր տեխնոլոգիաները չեն կարող ունենալ մրցունակություն (մրցունակություն կարող են ունենալ բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունները), նմանապես՝ բարձր տեխնոլոգիաները չեն կարող նոր աշխատուժ ներգրավել (այդպիսի բան կարող են անել բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունները) եւ այլն:

3. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի միջեւ, մեր կարծիքով, որոշակի ներքին հակասություն գոյություն ունի: Մասնավորապես, նշված 2-րդ մասի համաձայն. «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին (այսուհետ նաեւ՝ տնտեսավարող սուբյեկտ) պետական աջակցությունը տրամադրվում է սույն օրենքով» (ըստ երեւույթին՝ նկատի է ունեցվել «սույն օրենքով սահմանված կարգով»), այնինչ՝ 3-րդ մասի համաձայն. «Լիազոր մարմինը, հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գերակայությունները՝ կարող է մշակել եւ Կառավարության հաստատմանը ներկայացնել պետական աջակցության տրամադրման այլ կարգեր:»:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը խմբագրական եւ կազմակերպական հիմքերի հստակեցման տեսանկյունից որոշ լրամշակման կարիք ունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

01.11.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով  առաջարկվում է շրջանառության մեջ դնել «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքը, համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով նաեւ հարակից՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում», ինչը պայմանավորված է բարձր տեխնոլոգիական ոլորտի, ինչպես նաեւ գիտահետազոտական աշխատանքների համար պետական աջակցության գործիքակազմի եւ հարկային արտոնությունների շրջանակի վերանայմամբ եւ գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար նպաստավոր պայմանների ձեւավորմամբ:

 Հեղինակն ակնկալում է, որ ներկայացված օրենսդրական փաթեթը խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետության տնտեսության արտադրողականության եւ մրցունակության բարձրացման, գիտելիքահենք տնտեսության զարգացման, տեղեկատվական հասարակության եւ դրա տարբեր բաղադրիչների ձեւավորման, օտարերկրյա ներդրումների ներգրավման, տեղական ընկերությունների արտադրանքի եւ ծառայությունների արտահանման ու համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես զարգացած բարձր տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկրի վարկանիշի բարձրացման համար:

Նախագծերի փաթեթով, հեղինակն առաջարկում է բարձր տեխնոլոգիական ընկերությունների համար շրջանառության հարկի դրույքաչափը նվազեցնել 2.5 անգամ (5 %-ի փոխարեն սահմանելով 2%), նախատեսել մասնագիտական աշխատանք կատարող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200 տոկոսի չափով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը հավելյալ նվազեցնելու հնարավորություն, բայց ոչ ավելի, քան հաշվարկված հարկման բազայի 50%-ը, կիսով չափ նվազեցնել գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների աշխատանքներում ներգրավված մասնագիտական անձնակազմին վճարվող աշխատավարձի եւ դրան հավասարեցված եկամուտների մասով եկամտային հարկի դրույքաչափը՝ 20-ից դարձնելով 10% եւ այլն: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ, սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից, «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները: Մասնավորապես,

1. Նախագծի 3-րդ հոդվածի՝ «Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները» 10-րդ կետով սահմանվում է «մասնագիտական աշխատանք» հասկացությունը «10) մասնագիտական աշխատանք՝ Կառավարության կողմից սահմանված ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող անձնակազմի մասնագիտական աշխատանք.», որտեղ «մասնագիտական աշխատանք» հասկացությունը բացատրվում է հենց իրենով: Հստակեցման կարիք ունի նաեւ «զբաղմունքներով զբաղվող» բառակապակցությունը: 

2. Նույն հոդվածի 11-րդ կետով սահմանվում է՝ « պետական աջակցության տրամադրման հաշվետու ժամանակաշրջան՝ միգրանտների եւ նոր աշխատողների դեպքում՝ եռամսյակ, իսկ կադրերի պատրաստման եւ վերապաստրաստման գծով՝ ավարտական վկայականի տրման օրը:», մինչդեռ  օրը՝ «ժամանակաշրջան » հանդիսանալ չի կարող:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը խմբագրական եւ լեզվաոճական բնույթի որոշ լրամշակման կարիք ունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

04.11.2024թ.