ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-950-25.10.2024-ՊԻ-011/0), «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-950.1-25.10.2024-ՊԻ-011/0), «Քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-950.2-25.10.2024-ՊԻ-011/0), «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-950.3-25.10.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-950-25.10.2024-ՊԻ-011/0), «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-950.1-25.10.2024-ՊԻ-011/0), «Քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-950.2-25.10.2024-ՊԻ-011/0), «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-950.3-25.10.2024-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) հոդվածներում առաջարկում ենք պահպանել հոդվածների համարակալման ճիշտ հաջորդականությունը: Մասնավորապես առկա է երկու 2-րդ հոդված: 2. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածների բովանդակությունից բխում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը լիազորվելու է քննել եւ լուծել քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների վարքագծի կանոնների խախտումների եւ շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումները: Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի համաձայն քննչական մարմնի ղեկավարը նախաքննություն կատարելու իրավասություն ունեցող քննչական մարմնի կամ դրա ստորաբաժանման (գլխավոր վարչության, վարչության, բաժնի, բաժանմունքի եւ այլնի) ղեկավարն է կամ նրա տեղակալը, որն իր իրավասության սահմաններում կազմակերպում է նախաքննությունը եւ ապահովում է դրա արդյունավետությունը: Ելնելով Նախագծով օգտագործվող հասկացությունից եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի սահմանումից՝ ցանկանում ենք արձանագրել, որ մի խումբ քննիչների նկատմամբ դրսեւորվելու է տարբերակված մոտեցում կարգապահական պատասխանատվություն նախատեսող օրենսդրական կարգավորումներում, քանզի քննիչները ենթակա են կարգապահական պատասխանատվության «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի կարգավորումներին համապատասխան, իսկ Նախագծով նախատեսվում է քննչական մարմնի ղեկավարների՝ կոմիտեի նախագահի, գլխավոր վարչության, վարչության, բաժնի, բաժանմունքի քննիչների եւ նրանց տեղակալների վարքագծի կանոնների խախտման դիմումների ընդունումը, քննությունը եւ լուծումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահել: Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն բոլորը հավասար են օրենքի առջեւ: Միեւնույն ժամանակ 29-րդ հոդվածով նախատեսվում է խտրականության արգելքը՝ բացառելով տարբերակված մոտեցումը կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից: Սակայն ցանկացած տարբերակված մոտեցում չի մեկնաբանվում որպես խտրականություն: Սահմանադրական դատարանը, իր ՍԴՈ-881 որոշմամբ, անդրադառնալով իրավահավասարության եւ խտրականության արգելման սկզբունքներին, իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «( ) Սահմանադրական դատարանը խտրականության արգելման սկզբունքի շրջանակներում թույլատրելի է համարում օբյեկտիվ հիմքով եւ իրավաչափ նպատակով պայմանավորված ցանկացած տարբերակված մոտեցում: Խտրականության արգելման սկզբունքը չի նշանակում, որ միեւնույն կատեգորիայի անձանց շրջանակում ցանկացած տարբերակված մոտեցում կարող է վերածվել խտրականության: Խտրականության սկզբունքի խախտում է այն տարբերակված մոտեցումը, որը զուրկ է օբյեկտիվ հիմքից եւ իրավաչափ նպատակից»: Համանման տեսակետ ունի նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ըստ որի ցանկացած տարբերակում կամ տարբերություն չէ, որ կարելի է խտրականություն համարել: Մասնավորապես, իր Andrejeva v. Latvia GC 18.02.2009, (55707/00) վճռի 81-րդ կետում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է. «( ) տարբերակումը կամ տարբերությունը համարվում է խտրական, եթե այն չունի օբյեկտիվ եւ ողջամիտ արդարացում, այսինքն` եթե այդ տարբերակումը կամ տարբերությունը չի հետապնդում իրավաչափ նպատակ կամ համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին»: Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1475 որոշմամբ արտահայտվել է դիրքորոշում առ այն, որ Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր քննչական մարմինների քննիչների կարգավիճակը, ըստ էության, նույնն է. նրանք իրականացնում են Սահմանադրությամբ քննչական մարմիններին վերապահված գործառույթի (քրեական գործով նախաքննության) իրականացմանն ուղղված մասնագիտական գործունեություն: Նույն որոշման 4.1-ին կետի բովանդակությունից, սակայն, կարելի է եզրակացնել, որ, եթե նախաքննության փուլում քրեական գործերի ենթակայությունը առանձին դեպքերում զուտ պայմանական բնույթ է կրում եւ չի կարող դիտարկվել որպես որեւէ առավելության կամ արտոնության տրամադրման առումով տարբերակված մոտեցման համար օբյեկտիվ հիմնավորում, ապա այնպիսի գործոնները, որոնք որեւէ էական ազդեցություն կարող են գործել քննիչի կարգավիճակի վրա` նրա գործունեության ծավալի եւ այդ գործունեության բովանդակության իմաստով, կարող են այդպիսին դիտարկվել: Ելնելով վերոգրյալից եւ առաջնորդվելով Սահմանադրության 28-րդ եւ 29-րդ հոդվածներին տրված մեկնաբանություններով՝ առաջարկում ենք Նախագծերի փաթեթին կից հիմնավորումը լրամշակել՝ հիմնավորելով o քննչական մարմինների բոլոր ղեկավարների (նախագահի, ստորաբաժանումների, վարչության, բաժնի, բաժանմունքի եւ այլնի ղեկավարների) եւ նրանց տեղակալների նկատմամբ վարքագծի կանոնների խախտման դեպքում կարգապահական պատասխանատվության վարույթում առանձին նորմերի նախատեսման օբյեկտիվ անհրաժեշտությանը, որը չի հանգեցնի ոչ իրավաչափ տարբերակման՝ շեշտադրելով «թիրախավորված» քննիչների գործունեության ծավալը եւ գործունեության բովանդակությունը: o իրավաչափ նպատակին, որն ակնկալվում է իրագործել քննչական մարմինների ղեկավարների (այդ թվում՝ ստորաբաժանումների, վարչության, բաժնի, բաժանմունքի եւ այլնի ղեկավարների) եւ նրանց տեղակալների նկատմամբ վարքագծի կանոնների խախտման դեպքում կարգապահական պատասխանատվության քննությունը եւ լուծումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին լիազորելու միջոցով, o ընտրված միջոցի եւ հետապնդվող իրավաչափ նպատակի միջեւ համաչափությանը: Ներկայացված չափանիշներին չհամապատասխանող հիմնավորման պարագայում Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածով նախատեսվող կարգավորումները կարող են խնդրահարույց դիտարկվել Սահմանադրության 28-րդ եւ 29-րդ հոդվածների պահպանման տեսանկյունից: 3. Տարբերակված մոտեցման վերաբերյալ կատարված դիտարկումները վերաբերելի են նաեւ «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվող լրացմանը, ըստ որի քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների վարքագծի կանոնները սահմանվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընդունած վարքագծի կանոնագրքով: «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատգամավորի, դատավորի, դատախազի, քննիչի վարքագծի կանոնները սահմանվում են այլ իրավական ակտերով:»: Սույն նորմի տրամաբանությունը պայմանավորված է որոշակի սուբյեկտների հատուկ կարգավիճակով եւ դրանից բխող գործառույթների առանձնահատկություններով: Բացի որոշ քննիչների մի մասի նկատմամբ տարբերակված նորմերի սահմանման խնդրի մատնանշումից, ցանկանում ենք նաեւ մատնանշել, որ «Հանրային ծառայության մասին» օրենքում ներդրված է այն ելակետը, որ քննիչները իրենց կարգավիճակով պայմանավորված կարիք ունեն առանձնահատուկ վարքագծի կանոնների սահմանման, ինչպես դատավորները, դատախազները, պատգամավորները: «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է հեռանալ այդ ելակետից քննչական մարմինների ղեկավար եւ նրանց տեղակալ քննիչների դեպքում եւ նրանց նկատմամբ վերաբերելի դարձնել ընդհանուր կարգավորումները, որոնք սահմանվել են առանց նրանց գործառույթների առանձնահատկությունների հաշվառման: Վերոգրյալի լույսի ներքո առաջարկում ենք վերանայել «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվող լրացվող նախադասությունը: 4. Նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի կրճատ անվանումն համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին, առ այն՝ « (...) Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»: 5. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 8-րդ կետերում լրացվող նոր նախադասության համաձայն՝ «Սույն կետում նախատեսված բացառությունը քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ կիրառելի է միայն Քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ գլխով սահմանված՝ քրեական վարույթին վերջիններիս մասնակցությունը բացառող հանգամանքների մասով:»: Ցանկանում ենք նշել, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ինքնաբացարկը, բացարկը կամ վարույթին մասնակցելուց ազատելու միջնորդությունն իր իրավասության սահմաններում լուծում է վարույթն իրականացնող մարմինը: Համապատասխան անձը վարույթին մասնակցելուց կարող է ազատվել նաեւ վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ:»: Այս համատեքստում անհասկանալի է Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 8-րդ կետերում նախատեսվող լրացումը, քանզի քրեական վարույթում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի իրականացնում որեւէ գործառույթ, ուստի բացառության նախատեսում չի պահանջվում: 6. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում լրացում կատարելու միջոցով բացառություն նախատեսող նորմից բացառություն նախատեսող նորմ սահմանելու փոխարեն առաջարկում ենք քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների կարգապահական պատասխանատվության վերաբերյալ հատուկ կանոնները նախատեսել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում, իսկ Օրենքի 24-րդ հոդվածի 2.1-ին մասում հղում կատարել այդ բացառությանը, ինչպես նույն մասում նախատեսվել են դատավորների վերաբերյալ բացառություն նախատեսող նորմերը՝ ապահովելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը առ այն, որ «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):» 7. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվող Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվում է լրացնել նոր 4-րդ կետ, ինչի արդյունքում քննչական մարմինների ղեկավարների եւ տեղակալների դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից վարույթ հարուցելու հիմք կհանդիսա նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետի դիմումը: Սահմանադրական դատարանը դեռեւս 2014 թվականին իր ՍԴՈ-1176 որոշմամբ արտահայտել է դիրքորոշում առ այն, որ « (...) օրենսդրությունն ստատիկ երեւույթ չէ, այն կարող է եւ պետք է ենթարկվի դինամիկ փոփոխության՝ մշտապես կատարելագործվելով տնտեսական զարգացմանը, տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացներին, հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոններին համահունչ: Միեւնույն ժամանակ, սահմանադրական դատարանը կարեւորում է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից ցուցաբերված սուբյեկտիվիզմի դրսեւորում եւ հայեցողության ընդլայնում: (...) »: Այս համատեքստում ցանկանում ենք փաստել, որ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվող լրացումը ունի լրացուցիչ հիմնավորման կարիք, քանի որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ չեն նշվել քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ վարույթ հարուցելու առանձին հիմքի նախատեսման նպատակահարմարությունը, ինչպես նաեւ այն օբյեկտիվ հիմքերը եւ իրավաչափ նպատակները, որոնք թույլատրելի են դարձնում քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ տարբերակված մոտեցման ցուցաբերումը Կոռուպցիայի կանխարգելման հանձանաժողովի կողմից վարույթի հարուցման փուլում: Լրացուցիչ հիմնավորման կարիք ունի նաեւ վարույթի հարուցման լրացուցիչ հիմքի կոնկրետ տեսակի ընտրությանը, մասնավորապես Նախագծերի փաթեթին կից հիմնավորմամբ անհրաժեշտության կա ներկայացնելու վարույթի հարուցումը Հայաստանի Հանրապետության վարչապետի դիմումի հիման վրա իրականացնելու հիմնավորվածությունը՝ Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի առկայության համատեքստում: 8. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 33-րդ հոդվածում նոր լրացվող 7-րդ մասի համաձայն վարույթը ավարտելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների դեպքում կազմում է եզրակացություն եւ ներկայացնում համապատասխանաբար Կառավարությանը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետին: Միեւնույն ժամանակ «Քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Քննչական կոմիտեի մասին» օրենքի 31-րդ հոդվածում նոր լրացվող 15-րդ մասի համաձայն՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը քննարկում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու (սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տույժերից մեկը կիրառելու) հարցը եւ կայացնում է համապատասխան որոշում: Այս դեպքում սույն հոդվածով նախատեսված կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընդհանուր կարգը կիրառելի չէ:»: Նախագծերի փաթեթով առաջարկվող լրացումները անհրաժեշտ է դիտարկել գործող օրենսդրական կարգավորումների հետ համադրմամբ: Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն՝ «Վարույթի արդյունքում Հանձնաժողովն ընդունում է եզրակացություն (...) համապատասխան պաշտոն զբաղեցնող անձի կողմից վարքագծի կանոնների խախտման առկայության կամ բացակայության մասին, իսկ իրավիճակային շահերի բախման դեպքի կապակցությամբ՝ շահերի բախման իրավիճակի առկայության կամ բացակայության մասին: Եզրակացությունն ընդունելու պահից եռօրյա ժամկետում ուղարկվում է դիմողին, պաշտոն զբաղեցնող անձին եւ նրա վերադաս անձին կամ անմիջական ղեկավարին (առկայության դեպքում):»: Իսկ 4-րդ մասի 2-րդ մասի համաձայն՝ «Այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտման կամ շահերի բախման իրավիճակի առկայության դեպքում Հանձնաժողովն իրավասու մարմնին կամ պաշտոնատար անձին առաջարկում է կարգապահական պատասխանատվության ենթարկել պաշտոն զբաղեցնող անձին, եթե նրա արարքում առկա չեն վարչական իրավախախտման կամ հանցագործության (այդ թվում՝ առերեւույթ) հատկանիշներ: Հանձնաժողովը կարող է առաջարկել նաեւ ձեռնարկել խախտման հետեւանքների կամ իրավիճակի չեզոքացմանն ուղղված քայլեր:»: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ստորաբաժանումների ղեկավարները ունեն անմիջական ղեկավար՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 14-րդ հոդվածի կարգավորումների, հետեւաբար վերջիններս հանդիսանում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության հասցեատերերը: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին, ով չունի անմիջական ղեկավար, ապա վերջինիս վերաբերյալ կազմված եզրակացության նկատմամբ գործում է Օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված իրավական ռեժիմը, այն է՝ «Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող պաշտոն զբաղեցնող անձի կողմից վարքագծի կանոնների խախտման եւ վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի շահերի բախման հարցերով Հանձնաժողովի եզրակացությունները դրանց ընդունման պահից եռօրյա ժամկետում հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքում: Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական համապատասխան պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է Հանձնաժողովի եզրակացությամբ արձանագրված խախտման կամ շահերի բախման վերաբերյալ ներկայացնել հրապարակային պարզաբանում, որն ստացվելու պահից եռօրյա ժամկետում հրապարակվում է այն մարմնի կայքէջում, որտեղ պաշտոն զբաղեցնող անձն զբաղեցնում է պաշտոն:»: Այս համատեքստում Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող կարգավորումը հակասում է գործող օրենսդրական կարգավորումներին, քանզի քննչական մարմնի ղեկավարների համար ո՛չ Հայաստանի Հանրապետության վարչապետը, ո՛չ Կառավարությունը հանդես չեն գալիս որպես քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների վերադաս: Եզրակացությունը ստանալու դեպքում վերջիններս չեն կարող ձեռնարկել կարգապահական պատասխանատվության ենթարկելու համարժեք միջոցներ՝ դարձնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրականացված վարույթը իմաստազուրկ եւ հետեւանք չառաջացնող: Միաժամանակ կենսունանկություն չի ունենալու «Քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող կարգավորումը, քանզի վերջինիս գործողությունը կապված է Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Կառավարության կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը ստանալու փաստով: Հետեւաբար առաջարկում ենք վերանայել Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 33-րդ հոդվածում լրացվող 7-րդ մասը եւ «Քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Քննչական կոմիտեի մասին» օրենքի 31-րդ հոդվածում նոր լրացվող 15-րդ մասը: 9. «Քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում եւ 1-ին հոդվածում առաջարկում ենք ուղղել օրենքի անվանումը՝ օգտագործելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ձեւը եւ պահպանելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը: 10. «Քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 31-րդ հոդվածում նոր լրացվող 15-րդ մասից եւ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող 34-րդ հոդվածում նոր լրացվող 24-րդ մասից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ պահպանելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն՝ վերջինիս Սահմանադրության 28-րդ եւ 29-րդ հոդվածներին հակասությունը բացառելու նպատակով: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծերի փաթեթը՝ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընգրկվելու արդյունքում չի պահպանվել օրենսդրությամբ սահմանված իրավական փորձաքննություն իրականացնելու 21-օրյա ժամկետը՝ նշենք, որ սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր առաջարկությունների, դիտողությունների եւ եզրահանգումների ներկայացում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 08.11.2024թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 08.11.2024թ.
Նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների համար սահմանել կարգապահական պատասխանատվության ենթարկելու առանձնահատուկ մեխանիզմ, քանի որ «Քննչական կոմիտեի մասին» եւ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքներով նշված մարմինների ղեկավարներին եւ տեղակալներին կագապահական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգերի մասով հատուկ կարգավորումներ սահմանված չեն, ինչի արդյունքում վերջիններիս նկատմամբ տարածելի են դառնում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ընդհանուր կարգավորումները՝ որոշ դեպքերում հանգեցնելով ընթացակարգային անհստակությունների: Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 29.10.2024թ.
Կառավարության կողմից ներկայացվել են ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): Ներկայումս «Քննչական կոմիտեի մասին» եւ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքներով նշված մարմինների ղեկավարներին եւ տեղակալներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգերի մասով հատուկ կարգավորումներ սահմանված չեն, ինչի արդյունքում վերջիններիս նկատմամբ տարածելի են դառնում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ընդհանուր կարգավորումները՝ որոշ դեպքերում հանգեցնելով ընթացակարգային անհստակությունների: Նախագծերի փաթեթով առաջարկվում է քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների համար սահմանել կարգապահական պատասխանատվության ենթարկելու առանձնահատուկ մեխանիզմ: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35) 05.11.2024թ.
|