ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների այցելությունների եւ գտնվելու կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-946-16.10.2024-ԱՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների այցելությունների եւ գտնվելու կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-946-16.10.2024-ԱՀ-011/0)  (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, այն՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունը միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) կամ հաստատման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին, բացակայում է: 

Արտաքին գործերի նախարարության կողմից Նախագծին կից ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների այցելությունների եւ գտնվելու կարգի մասին» համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ տեղեկանքը, համապատասխանում է «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված տեղեկանքի պահանջին: Ուստի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից պետք է նաեւ տրվի եզրակացություն՝ միջազգային պայմանագրի վավերացման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծին կից «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված եզրակացությունը:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                    ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

29.10.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

29.10.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2024 թվականի ապրիլի 15-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների այցելությունների եւ գտնվելու կարգի մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որով երկու պետությունների քաղաքացիներին, համապատասխան փաստաթղթերի առկայության պարագայում, կտրվի մյուս պետություն մուտք գործելու, դուրս գալու, տարանցմամբ անցնելու, տեղաշարժվելու եւ պետական սահմանը հատելուց հետո մինչեւ 90 օրվա ընթացքում վերջինի տարածքում գտնվելու հնարավորություն: Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից դադարում է 2006 թվականի նոյեմբերի 6-ի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագրի գործողությունը:

Համաձայն ՀՀ Ֆինանսաների նախարարության տեղեկատվության՝ Համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասով Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիներին կացության ժամանակավոր կարգավիճակ եւ կացության քարտ տալու, ինչպես նաեւ հաշվառելու համար սահմանված է պետական տուրք՝ Համաձայնագրով Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների համար մինչեւ 30 օր ժամկետով Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում հաշվառման պահանջի վերացումը կարող է հանգեցնել պետական տուրքի գծով ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան

25.10.2024թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2024 թվականի ապրիլի 15-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների այցելությունների եւ գտնվելու կարգի մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ Հայաստանի Հանրապետության եւ Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների այցելությունների ու գտվելու կարգի իրավական կանոնակարգման նպատակով:

Նշենք, որ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից դադարում է 2006 թվականի նոյեմբերի 6-ի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ՝ քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագրի գործողությունը:

Համաձայնագիրը բաղկացած է նախաբանից եւ 11 հոդվածից:

Ուժի մեջ մտնելուց հետո Համաձայնագրի դրույթները երկու պետությունների քաղաքացիներին, վավերական ճամփորդական փաստաթղթի առկայության պարագայում, կտան մյուս պետություն մուտք գործելու, դուրս գալու, տարանցմամբ անցնելու, տեղաշարժվելու եւ պետական սահմանը հատելու օրվանից մինչեւ 90 օրվա ընթացքում վերջինի տարածքում գտնվելու հնարավորություն:

Համաձայնագիրը նաեւ կազատի մի կողմի տարածքում ժամանակավորապես գտնվող՝ մյուս Կողմի քաղաքացիներին մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում ըստ գտնվելու վայրի հաշվառվելու պարտավորությունից:

Համաձայնագիրը չի սահմանափակում Կողմերից յուրաքանչյուրի իրավունքը՝ մերժել մյուս կողմի այն քաղաքացիների մուտքը, որոնց ներկայությունն իր տարածքում ցանկալի չէ:

Նշենք, որ Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ամբողջովին կամ մասամբ կասեցնելու Համաձայնագրի գործողությունը, եթե դա անհրաժեշտ է պետության անվտանգության ապահովման, հասարակական կարգի կամ իր պետության բնակչության առողջության պաշտպանության համար:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝   Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

30.10.2024թ.