ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-942-14.10.2024-ՊԱ-011/0) եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-9421 -14.10.2024-ՊԱ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Անդրանիկ Քոչարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-942-14.10.2024-ՊԱ-011/0) եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-9421 -14.10.2024-ՊԱ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը  եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասում լրացնել նոր նախադասություն, որով սահմանվում է, որ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող քաղաքացին պահպանում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը, եթե Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության է անցնում՝ նշանակվելով զինվորական պաշտոնի, որի հաստիքային դասակարգմանը համապատասխանում է «փոխգնդապետ» կամ դրանից ցածր կոչում: Ընդ որում՝ «փոխգնդապետ» կոչումից ավելի բարձր կոչումին համապատասխանող զինվորական պաշտոնին նշանակվելու դեպքում այդ անձը կորցնում է այդ պաշտոնը զբաղեցնելու ընթացքում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը: 

Հարկ է նկատել, որ պաշտոնը զբաղեցնելու ընթացքում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը չպահպանելու վերաբերյալ վերոնշյալ պայմանն արտացոլված չէ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում կատարվող լրացումներում: Այսպես՝ Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածով կատարվող լրացումներում առկա չէ որեւէ հստակեցում առ այն, որ զինվորական պաշտոնը զբաղեցնելու ընթացքում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը պահպանելը անմիջականորեն կախված է այդ պաշտոնի հաստիքային դասակարգմանը համապատասխանող կոչումի՝ «փոխգնդապետ» կոչումից բարձր լինելու կամ չլինելու հանգամանքից: 

Վերոգրյալը հիմք ընդունելով կարող ենք նշել, որ Նախագծի եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի դրույթները միմյանց չեն համապատասխանում՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ, Նախագծով լրացվող դրույթների համաձայն, միայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հանգամանքը բավարար է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը պահպանելու համար, մինչդեռ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում է վերոնշյալ հանգամանքի հետ միասին եւս մեկ հանգամանքի միաժամանակյա առկայության պարտադիր պայման՝ նշանակվող զինվորական պաշտոնի հաստիքային դասակարգմանը համապատասխանող կոչումի՝ «փոխգնդապետ» կոչումից բարձր չլինելու հանգամանքը: Առաջարկում ենք վերոգրյալի հիման վրա ապահովել Նախագծով եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվող դրույթների համապատասխանությունը միմյանց:

2. Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումների համապատասխանությունը միմյանց եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծերի փաթեթը՝ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընգրկվելու արդյունքում չի պահպանվել օրենսդրությամբ սահմանված իրավական փորձաքննություն իրականացնելու 21-օրյա ժամկետը՝ նշենք, որ սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր առաջարկությունների, դիտողությունների եւ եզրահանգումների ներկայացում:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

30.10.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքների եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

30.10.2024թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է նշանակված զինվորական կենսաթոշակը չդադարելու իրավունք սահմանել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված ՀՀ զինված ուժերի մարտական խնդիրներ իրականացնող որոշակի զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների համար, սահմանել այդպիսի զորամասում այն պաշտոնների նշանակման պայմանները, որոնց դեպքում պահպանվում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը, ներառյալ՝ այդ իրավունքի դադարեցման դեպքերը, ինչպես նաեւ հստակեցնել զորահավաքային զինվորական ծառայությունից կամ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելուց հետո զինվորական կենսաթոշակի վերահաշվարկման կարգը եւ պայմանները, վերահաշվարկ կատարելու համար դիմելու ժամկետները:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

21.10.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացում կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, համապատասխան լրացումներ կատարելով նաեւ հարակից՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում»:

Հեղինակների կողմից ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ զինված ուժերի որոշակի զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով եւ զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների համար այդ զորամասերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում նշանակված զինվորական կենսաթոշակի իրավունքը չդադարեցնելու անհրաժեշտությամբ: 

Նախագծերի փաթեթի «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասում հեղինակներն առաջարկում են լրացում կատարել, ըստ որի՝ կոնկրետ զորամասերում կրկին պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ներկայացնելու դեպքում զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելիս կպահպանվի երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը:

Ըստ այդմ, պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը զինծառայողի համար պահպանվում է ոչ ավելի, քան «փոխգնդապետ» կոչումով զինվորական պաշտոնի նշանակվելու դեպքում, իսկ այլ զորամասում «փոխգնդապետ» կոչումից բարձր կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնի նշանակելու կամ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով չնախատեսված այլ զորամասում ծառայության նշանակելու կամ զինծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու դեպքերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը կդադարի: 

Նմանօրինակ կարգավորման նպատակն, ըստ հեղինակների, միտված է ապահովելու միջին եւ ցածր օղակների զինվորական պաշտոնների համալրման գործընթացը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթով առաջարկվող լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: 

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

21.10.2024թ.