ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-938-07.10.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-938-07.10.2024-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում առկա վրիպակներն առաջարկում ենք վերացնել, մասնավորապես՝ Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «4-րդ» թվին նախորդող «Օրենքի» բառը հանել, իսկ Նախագծի 2-րդ հոդվածում՝ «8-րդ» թվից առաջ լրացնել «Օրենքի» բառը: 2. Նախագծի 3-րդ հոդվածով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ հոդվածի 1-ին մասի վերջին նախադասությամբ սահմանված է. «Եթե հայտարարված մրցույթը չի կայացել կամ մրցույթի արդյունքում քաղաքացիական ծառայության պաշտոնը չի համալրվել, ապա տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարվում է երկու ամսվա ընթացքում»: Առաջարկում ենք վերը մեջբերված դրույթը հստակեցնել՝ նշելով, թե երկու ամսվա ժամկետը որ պահից է սկսում հոսել: 3. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ հոդվածի 5-րդ մասով նշված է. «Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը մրցույթն անցկացնող համապատասխան մարմինը հրապարակում է իր պաշտոնական կայքէջում եւ քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնական կայքէջում»: Հարկ է նկատել, որ, Օրենքի գործող 10-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգավորման համաձայն, մրցույթի վերաբերյալ հայտարարությունը պետք է հրապարակվի նաեւ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքէջում: Նշենք, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ այս փոփոխությանը անդրադարձ չկատարելու պարագայում հասկանալի չէ, թե ինչ նպատակ է հետապնդում մրցույթի վերաբերյալ հայտարարությունն այլեւս Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքէջում չհրապարակելը: Վերոնշյալ փոփոխությունն ունի լրացուցիչ հիմնավորման կարիք: Լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն Նախագծով կատարվող նաեւ այլ փոփոխություններ, ինչպես օրինակ՝ Օրենքի գործող 10-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված մրցույթին մասնակցելու դիմում ներկայացրած անձանց մրցույթի առնչությամբ տեղեկացնելու վերաբերյալ դրույթները կամ Օրենքի գործող 10-րդ հոդվածի 11-րդ մասով նշված մրցույթի արդյունքների բողոքարկման դեպքում Գլխավոր քարտուղարի կողմից բողոքի վերաբերյալ կայացվող որոշումների վերաբերյալ դրույթները կամ Օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասում նշված մրցույթի հաղթող ճանաչված մասնակցին պաշտոնի նշանակելու ժամկետի վերաբերյալ դրույթները Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ հոդվածից հանելը: 4. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ հոդվածի 18-րդ մասով սահմանված է. «Եթե երկու անգամ անընդմեջ հայտարարված արտաքին մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ( ) ապա համապատասխան մարմինը սույն օրենքով սահմանված կարգով կարող է փոփոխել տվյալ պաշտոնի համար սահմանված պահանջները»: Այսպես՝ վերը մեջբերված դրույթում «կարող է» բառերի կիրառությունը այդ դրույթը դարձնում է հայեցողական: Ինչի կապակցությամբ նշենք, որ քննարկվող դրույթում պաշտոնի համար սահմանված պահանջները փոփոխելու պայմանը հայեցողական լինելու դեպքում դրանով հնարավորություն է ընձեռվում անսահամանփակ քանակով մրցույթներ հայտարարել միեւնույն պաշտոնի համար, ինչը հասկանալի չէ, միաժամանակ նշենք, որ հստակ չէ թե ինչ սկզբունքով է որոշվում, թե քննարկվող դրույթով նշված դեպքում տվյալ պաշտոնի համար սահմանված պահանջները երբ կարող են փոփոխել, երբ՝ ոչ: 5. Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքում լրացնել նոր՝ 14.1-ին հոդված, որով կարգավորվում է կատարողականի գնահատման արդյունքներով քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու հարցը: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքով նախատեսված է առանց մրցույթի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու հնարավորություն նաեւ այլ հիմքերով՝ նշենք, որ հասկանալի չէ, թե ինչպես է որոշվելու, թե համապատասխան թափուր պաշտոն զբաղեցնելու հնարավորություն տվող որ հիմքին է տրվելու նախապատվություն, եթե միեւնույն թափուր պաշտոնի համար առկա է Օրենքի 11-14-րդ հոդվածներով նշված որեւէ այլ հիմքին համապատասխանող թեկնածու, կամ եթե առկա են կատարողականի գնահատման հավասար արդյունքներով նույն քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մի քանի թեկնածու: 6. Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 19-րդ հոդվածից հանվում է Օրենքի գործող 19-րդ հոդվածի 8-րդ մասը, որով սահմանված է. «Քաղաքացիական ծառայության գրասենյակն ուսումնասիրում է ծրագիրը եւ տալիս համաձայնություն վերապատրաստման ծրագիրը հաստատելու համար: Համաձայնությունն ստանալուց հետո գլխավոր քարտուղարը հաստատում է վերապատրաստման ծրագիրը եւ քաղաքացիական ծառայողներին տեղեկացնում այդ ծրագրից բխող քաղաքացիական ծառայողի վերապատրաստման անհատական ծրագիրը»: Նշենք, որ հասկանալի չէ վերը մեջբերված դրույթը հանելու նպատակը, եթե Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 19-րդ հոդվածի 8-րդ մասով պահպանվում է Գլխավոր քարտուղարի՝ վերապատրաստման կարիքների գնահատման արդյունքներն ամփոփելուց հետո համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագիրը կազմելու եւ քաղաքացիական ծառայության գրասենյակ համաձայնեցման ներկայացնելու պարտականությունը: Արդյունքում հասկանալի չէ, թե Նախագծով կատարվող փոփոխության դեպքում ինչ է հաջորդում Գլխավոր քարտուղարի կողմից վերապատրաստման ծրագիրը քաղաքացիական ծառայության գրասենյակ համաձայնեցման ներկայացնելուն: 7. Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրվում է հետեւյալ խմբագրությամբ. «Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովն անհամատեղելիության պահանջների եւ (կամ) այլ սահմանափակումների եւ (կամ) վարքագծի սկզբունքների եւ դրանցից բխող վարքագծի կանոնների եւ (կամ) շահերի բախման կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն եւ մեթոդական աջակցություն ստանալու համար կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»: Հարկ է նկատել, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ որպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորություն նշված է. «էթիկայի հանձնաժողովներին, բարեվարքության հարցերով կազմակերպիչներին տրամադրում է անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների, ինչպես նաեւ վարքագծի սկզբունքների եւ դրանցից բխող վարքագծի տիպային կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն եւ մեթոդական աջակցություն»: Նշենք, որ Օրենքի 34-րդ հոդվածի գործող 4-րդ մասի կարգավորումը բխում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունից, մինչդեռ Նախագծով Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելու դեպքում առաջանում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի վերոնշյալ դրույթում լրացում կատարելու անհրաժեշտություն: 8. Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 34-րդ հոդվածում լրացվում է հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ մաս. «Քաղաքացիական ծառայության էթիկայի հանձնաժողովը առաջարկում է բարեվարքության հարցերով կազմակերպչին տվյալ ծառայողական քննության շրջանակներում կատարել բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրություններ»: Հարկ է նկատել, որ Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված է, որ բարեվարքության հարցերով կազմակերպիչը համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի, էթիկայի հանձնաժողովի պահանջով կատարում է բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրություններ: Այսպես՝ վերոգրյալ երկու դրույթների համադրությունից բխում է, որ Օրենքով «պահանջով» բառի կիրառության արդյունքում բարեվարքության հարցերով կազմակերպչի համար էթիկայի հանձնաժողովի պահանջով բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրություններ կատարելը իմպերատիվ բնույթ ունի, իսկ Նախագծով՝ «առաջարկում է» բառերի կիրառության արդյունքում՝ հայեցողական բնույթ: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ կարող ենք նշել, որ առկա է Օրենքի եւ Նախագծի դրույթների անհամապատասխանություն, առաջարկում ենք այն վերացնել: 9. Օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի դադարեցնելու քաղաքացիական ծառայողի լիազորությունները»: Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է «Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գնահատման արդյունքները» բառերը փոխարինել «Կատարողականի մեկ կիսամյակի գնահատման արդյունքը» բառերով, ինչի արդյունքում միայն մեկ կիսամյակ սահմանվածից ցածր տոկոս ունենալը բավարար հիմք է քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարեցնելու համար: Օրենքի գործող կարգավորումով սահմանված երկու տարի անընդմեջ անբավարար արդյունքներ ցույց տալու հիմքով լիազորությունները դադարեցնելը, կարծում ենք, արդարացված է՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքով սահմանված է քաղաքացիական ծառայողների՝ մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների շարունակական զարգացման պարտադիր պայման, եւ այս դեպքում քաղաքացիական ծառայողը իր վարքագծով ցուցաբերում է, որ բավականին երկար ժամանակ չի իրականացնում իր վրա դրված՝ մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների շարունակական զարգացման պարտականությունը: Այնուամենայնիվ, միայն մեկ անգամ կատարողականի անբավարար արդյունք ցույց տալու հիմքով քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարեցնելն ունի լրացուցիչ հիմնավորման կարիք: 10. Նախագծի 16-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 38-րդ հոդվածում լրացնել քաղաքացիական ծառայության գրասենյակի նոր իրավասություն, այն է. «ուսումնասիրում է համապատասխան մարմինների կողմից սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մրցույթ հայտարարելու ժամկետի խախտումները եւ անհրաժեշտության դեպքում առաջարկություն է ներկայացնում համակարգող փոխվարչապետին կամ վարչապետին»: Նշենք, որ այս դրույթն ունի հստակեցման կարիք, մասնավորապես՝ հասկանալի չէ, թե ինչ առաջարկություն է գրասենյակը ներկայացնում համակարգող փոխվարչապետին կամ վարչապետին արձանագրված խախտման վերաբերյալ, ինչպես նաեւ՝ հասկանալի չէ, թե Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մրցույթ հայտարարելու ժամկետի խախտումների դեպքում ինչ սկզբունքով է որոշվում համապատասխան առաջարկություն ներկայացնելու անհրաժեշտության առկայությունը կամ բացակայությունը: 11. Նախագծի 17-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»: 12. Նախագծի 17-րդ հոդվածի 4-րդ մասում առաջարկում ենք «ենթաօրենսդրական» բառից հետո լրացնել «նորմատիվ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը եւ 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը, հիմնավորվածությունը եւ համապատասխանությունը Օրենքի, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 28.10.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին Նախագծով Օրենքում կատարվող փոփոխությունների արդյունքում կարող է առաջանալ այլ օրենքի ընդունման անհրաժեշտություն: Մասնավորապես՝ սույն եզրակացությամբ նշված դիտարկման հիման վրա կարող է առաջանալ անհրաժեշտություն համապատասխան փոփոխություն կամ լրացում կատարել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում: Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 28.10.2024թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է բարելավել հանրային ծառայության համակարգում անձնակազմի հավաքագրման եւ համալրման ընթացակարգերը, ներդնել մեխանիզմներ քաղաքացիական ծառայողների՝ արժանիքների վրա հիմնված առաջխաղացման եւ հորիզոնական շարժունությունը խթանելու համար, խնայել ժամանակը եւ ռեսուրսները, հստակեցնել ժամկետները, հանել կամ վերաձեւակերպել այն իրավակարգավորումները, որոնք օրենսդրական կարգավորումների պայմաններում պրակտիկայում կիրառելի չեն կամ խնդրահարույց են: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն կցանկանայինք ուշադրություն հրավիրել կազմակերպական բնույթի երկու հարցի վրա: 1. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է ամբողջությամբ վերաշարադրել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածը, իսկ 9-րդ հոդվածով առաջարկվում է ամբողջությամբ վերաշարադրել Օրենքի 19-րդ հոդվածը, որոնցում առկա մի քանի դրույթներ չեն համապատասխանում (կամ հակասում են) նույն հեղինակի (ՀՀ Կառավարության) կողմից ավելի վաղ ներկայացված եւ Ազգային ժողովում Կ-9275 -26.09.2024-ՊԻ-011/0 փաստաթղթային կոդով պաշտոնական շրջանառության մեջ դրված «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի դրույթներին: Մասնավորապես՝ ա) Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի 10-րդ հոդվածի նոր շարադրանքի 22-րդ մասով սահմանվում է, որ. «Մրցույթ անցկացնելու կարգը սահմանում է Կառավարությունը, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ Մարդու իրավունքների պաշտպանը:», իսկ Կ-9275 -26.09.2024-ՊԻ-011/0 փաստաթղթային կոդով նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող փոփոխության համաձայն. «Մրցույթ անցկացնելու կարգը սահմանում է Կառավարությունը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մրցույթ անցկացնելու կարգը սահմանում է Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:), բ) Նախագծի 9-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանվում է, որ. «Գլխավոր քարտուղարը վերապատրաստման կարիքների գնահատման արդյունքներն ամփոփելուց հետո կազմում է համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագիրը եւ ներկայացնում քաղաքացիական ծառայության գրասենյակ՝ համաձայնեցման:», իսկ Կ-9275 -26.09.2024-ՊԻ-011/0 փաստաթղթային կոդով նախագծի 3-րդ հոդվածով առաւջարկվող՝ Օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ մասի վերջին նախադասության նոր խմբագրությամբ շարադրանքի համաձայն. «Հաշվեքննիչ պալատում վերապատրաստման ծրագիրը հաստատում է Հաշվեքննիչ պալատը, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»: Հետեւաբար, հետագա հակասություններից խուսափելու նպատակով առաջարկում ենք ներդաշնակեցնել վերը նշված նախագծերի համապատասխան դրույթները եւ որդեգրել մեկ միասնական մոտեցում՝ քաղաքացիական ծառայության պաշտոնների համար անցկացվող մրցույթի կարգի եւ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրերի հաստատման մասով՝ առավել եւս, որ դրանց երկուսի հեղինակն էլ նույն պետական մարմինն է: 2. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի նոր խմբագրությամբ շարադրանքի առաջին նախադասության համաձայն. «Թեստավորմանը մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային եղանակով:», ինչը նշանակում է, որ այլ եղանակով ներկայացված փաստաթղթերը չեն կարող ընդունվել եւ քաղաքացին կզրկվի թետավորմանը (իսկ ընդհանուր առմամբ՝ նաեւ մրցույթին) մասնակցելու հնարավորությունից: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ ոչ բոլոր քաղաքացիներն ունեն բառապես էլեկտրոնային եղանակով փաստաթղթեր ներկայացնելու հնարավորություն, ուստի սահմանվող պայմանն արհեստականորեն եւ գործնականում կսահմանափակի առանձին քաղաքացիների՝ ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածով սահմանված հանրային ծառայության անցնելու իրավունքը: Մյուս կողմից, էլեկտրոնային եղանակով փաստաթղթեր ներկայացնելու դեպքում էականորեն կմեծանա կեղծ փաստաթղթեր ներկայացնելու հնարավորությունն ու ռիսկը, իսկ նման փաստաթղթեր ներկայացրած անձի կողմից մրցույթի արդյունքներով հանրային պաշտոն զբաղեցնելու եւ փաստաթղթի կեղծ լինելը բացահայտվելու դեպքում՝ կոռուպցիոն ռիսկը: Բացի այդ, այդ ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու դեպքում լրացուցիչ ծախսեր կատարելու անհրաժեշտություն կառաջանա՝ կապված նոր մրցույթի անցկացման հետ, չհաշված այս ընթացքում կորսված ժամանակը: Հետեւաբար, առաջարկում ենք վերաիմաստավորել տվյալ մոտեցումը եւ սահմանել, որ թեստավորման համար ներկայացվող փաստաթղթերն ընդունվում են ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային տարբերակով: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի, սակայն խմբագրական եւ հակասություններից խուսափելու նկատառումներից ելնելով կարիք կա այն փոխհամաձայնեցնել Ազգային ժողովում ավելի վաղ շրջանառության մեջ դրված համանման նախագծի հետ:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 16.10.2024թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում: Նախագծի նպատակն է` բարելավել հանրային ծառայության համակարգում անձնակազմի հավաքագրման եւ համալրման ընթացակարգերը, ներդնել մեխանիզմներ քաղաքացիական ծառայողների՝ արժանիքների վրա հիմնված առաջխաղացման եւ հորիզոնական շարժունությունը խթանելու համար, խնայել ժամանակը եւ ռեսուրսները, հստակեցնել ժամկետները, հանել կամ վերաձեւակերպել այն իրավակարգավորումները, որոնք օրենսդրական կարգավորումների պայմաններում պրակտիկայում կիրառելի չեն կամ խնդրահարույց են: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 28.10.2024թ.
|