ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-936-04.10.2024-ՏԵ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-936-04.10.2024-ՏԵ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Միաժամանակ նշենք, որ Նախագծին կից ներկայացված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության եզրակացությամբ նշված է, որ «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) պարունակում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին (այսուհետ՝ Օրենսգիրք) հակասող բնույթ: Մասնավորապես՝ «Համաձայնագրի 2.2 հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ մի Կողմի տարածքից մյուս Կողմի տարածք ներմուծվող ապրանքները ոչ ուղղակի եւ ոչ էլ անուղղակի ենթակա չեն ներքին հարկման կամ ցանկացած բնույթի այլ ներքին վճարների, որոնք գերազանցում են հայրենական արտադրության համանման ապրանքների նկատմամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կիրառվող ներքին հարկերն ու վճարները, որը, սակայն, հակասում է ՀՀ հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին, որի համաձայն` հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով»: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված է. «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային արտոնությունների կիրառության կարգը սահմանում է Կառավարությունը»: Ինչից բխում է, որ Կառավարությունը պետք է սահմանի Համաձայնագրով սահմանված հարկային արտոնությունների կիրառման կարգ: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 18.10.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 18.10.2024թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը, որով կարգավորում է կողմերի միջեւ տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ զգալիորեն ընդլայնելով ավելի վաղ վավերացված՝ Ժամանակավոր համաձայնագրով սահմանված՝ սակագնային արտոնություններ նախատեսող ապրանքային անվանացանկն, ինչպես նաեւ որակապես բարելավելով նախկինում արձանագրված սակագնային զիջումները: Համաձայնագրի նպատակն է՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ստեղծել առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման պայմաններ՝ նպաստելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացմանը: ՀՀ Ֆինանսաների նախարարության տեղեկատվության համաձայն՝ Համաձայնագրի 8-րդ՝ «Վեճերի կարգավորումը» գլխի 8.15-րդ հոդվածի «Ծախսերը» բաժնում նշված է, որ վեճի Կողմերից յուրաքանչյուրը կրում է իր կողմից նշանակված արբիտրի հետ կապված՝ իր սեփական ծախսերն ու դատական ծախսերը, եւ արբիտրաժային խորհրդի նախագահի եւ խորհրդի վարույթի հետ կապված մյուս ծախսերը վեճի Կողմերը կրում են հավասար չափով: Եթե նշված ծախսերը իրականացվելու են Միության անդամ պետությունների բյուջեների մասնաբաժինների ավելացման հաշվին, ապա այն կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի նախատեսման անհրաժեշտության: Բացի այդ, Համաձայնագրի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կունենա բացասական ազդեցություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ նախագծի 2-րդ գլխով սահմանվում են ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերի դրույքաչափերի նվազեցումներ եւ արտոնություններ: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 09.10.2024թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման պայմաններ ստեղծելով՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացմանը նպաստելու նպատակով: Համաձայնագրի կնքման հիմք են հանդիսացել 2019 թվականին ուժի մեջ մտած «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրով» (այսուհետ՝ Ժամանակավոր համաձայնագիր) ամրագրված դրույթները: Համաձայնագիրը բաղկացած է վեց (6) հավելվածից: Համաձայնագրի կողմերն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզական Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Եվրասիական տնտեսական միությունը եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը: Համաձայնագրի հիմնական խնդիրներն են՝ - ազատ առեւտրի մասին համաձայնագրի շրջանակներում Ժամանակավոր համաձայնագրի կարգավորիչ մասի օգտագործումը որպես բանակցությունների հիմք, - իրանական շուկա ապրանքների առավելագույն հնարավոր տեսականու համար առանց մաքսատուրքի մուտքի ապահովում, միաժամանակ ապահովելով Ժամանակավոր համաձայնագրում պարունակվող մուտքի պայմանների չվատթարացում: Համաձայնագրի նպատակներն են՝ - Համաձայնագրի դրույթներին համապատասխան՝ Կողմերի միջեւ ապրանքների առեւտրի ազատականացումը եւ դյուրացումը, մասնավորապես՝ սակագնային եւ ոչ սակագնային խոչընդոտները նվազեցնելու կամ վերացնելու միջոցով, - Կողմերի միջեւ տնտեսական եւ առեւտրային համագործակցությանն աջակցելը, - Կողմերի միջեւ առեւտրի ընդլայնման եւ բազմազանեցման խրախուսումը, - Համաձայնագրի շրջանակներում համաձայնեցված ոլորտներում սերտ համագործակցության ամրապնդումը, - Կողմերի միջեւ հաղորդակցության դյուրացումը: Նշենք, որ Համաձայնագիրը կարգավորում է տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ իրավական եւ հորիզոնական պարտավորությունները, փոխադարձ առեւտրի դյուրացումն ու խթանումը, ներքին շուկայի պաշտպանությունը, մրցակցությունը, մաքսային կարգավորումը, առեւտրում տեխնիկական խոչընդոտները, սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումները, ծագման կանոնների որոշումը, վեճերի լուծումը, պետական գնումները եւ այլ բնագավառներին առնչվող խնդիրներ: Համաձայնագիրը նախատեսում է ապրանքների արտահանման եւ ներմուծման գործընթացների ժամանակ կիրառվող կանոնակարգերի թափանցիկություն, ինչպես նաեւ առեւտրում պաշտպանիչ միջոցների կիրառման ժամանակ ԱՀԿ նորմերի ապահովում: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70) 10.10.2024 թ.
|