ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-934-03.10.2024-ՊԻ-011/0), «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-934.1-03.10.2024-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-934.2-03.10.2024-ՊԻ-011/0), «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-934.3-03.10.2024-ՊԻ-011/0), «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-934.4-03.10.2024-ՊԻ-011/0), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-934.5-03.10.2024-ՊԻ-011/0) եւ «Հարկային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-934.6-03.10.2024-ՊԻ-011/0)  վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Արսեն Թորոսյանի, Ալեն Սիմոնյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-934-03.10.2024-ՊԻ-011/0), «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-934.1-03.10.2024-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-934.2-03.10.2024-ՊԻ-011/0), «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-934.3-03.10.2024-ՊԻ-011/0), «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-934.4-03.10.2024-ՊԻ-011/0), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-934.5-03.10.2024-ՊԻ-011/0) եւ «Հարկային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-934.6-03.10.2024-ՊԻ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով նախատեսվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) 126-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել «եւ (կամ) օրենքով ստեղծված» բառերը, ինչի արդյունքում Ազգային ժողովի քննարկմանը պետք է ներկայացվեն ոչ միայն Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմինների զեկույցները, հաղորդումներն ու հաշվետվությունները, այլեւ օրենքով ստեղծված պետական մարմինները: Նույն Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Սահմանադրական օրենքում լրացնել 133.1-133.6-րդ հոդվածներ, որոնցով Հակակոռուպցիոն կոմիեի նախագահը, Քննչական կոմիտեի նախագահը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը եւ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի հաղորդում պետք է ներկայացնեն Ազգային ժողով՝ նախորդ տարվա իրենց գործունեության մասին:

1) Նախ նշենք, որ պետական մարմինները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ ստեղծված են համարվում իրավունքի ուժով, իսկ օրենքով ստեղծված պետական մարմինները ստեղծված են համարվում համապատասխան օրենքի ուժի մեջ մտնելուց (հիմք՝ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք): Նշված դրույթների եւ Նախագծի 1-ին հոդվածի համադրության արդյունքում ստացվում է, որ խորհրդարանի վերահսկողական գործառույթ հանդիսացող հաղորդում ներկայացնելը տարածվելու է նաեւ առանձին օրենքներով ստեղծված պետական մարմինների նկատմամբ:

Սահմանադրության 88-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված է՝ «Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: 4. Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ»: Սահմանադրության 88-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի լույսի ներքո Ազգային ժողովին չեն կարող վերապահվել լիազորություններ կամ գործառույթներ, որոնք սահմանված չեն անմիջականորեն Սահմանադրությամբ: Ընդ որում Սահմանադրության այս դրույթը համակարգային կապի մեջ է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի հետ, ըստ որի պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Այսինքն՝ եթե պետական իշխանության այլ մարմինների լիազորությունները հնարավոր է նախատեսել օրենքներով, ապա օրենսդիր մարմնի լիազորություններն ու գործառույթներն ունեն միայն սահմանադրական ամրագրում, ինչից բխում է, որ Սահմանադրությունից բացի այլ նորմատիվ իրավական ակտերով, անգամ խորհրդարանի գործառույթների եւ լիազորությունների մանրամասն ընթացակարգերը սահմանող Սահմանադրական օրենքով, հնարավոր չէ նախատեսել օրենսդիր մարմնի նոր լիազորություններ, ինչը նախեւառաջ ուղղված է սահմանափակելու  հենց Ազգային ժողովի կողմից ինքն իր համար սահմանադրորեն չնախատեսված լիազորություններ սահմանելու հնարավորությունը: Հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով 62-րդ հոդվածի շրջանակներում Ազգային ժողովի գործունեության կարգը կարող էր սահմանվել ոչ միայն Սահմանադրությամբ, այլեւ Ազգային ժողովի կանոնակարգով, ինչի լույսի ներքո էլ Սահմանադրական դատարանն իր թիվ ՍԴՈ-278 որոշմամբ արձանագրել է, որ Ազգային ժողովի կանոնակարգով կարող են սահմանվել վերջինիս սահմանադրական լիազորություններից բխող գործառույթներ, այնքանով, որքանով նշված գործառույթները որեւէ իրավական հետեւանքներ չեն առաջացնի: Մինչդեռ գործող Սահմանադրությամբ Ազգային ժողովի լիազորությունները եւ գործառույթները պետք է սահմանված լինեն բացառապես Սահմանադրությամբ, իսկ Սահմանադրությամբ սահմանված այդ լիազորությունները եւ գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար վերջիններս պետք է ապահովված լինեն կազմակերպչական անհրաժեշտ հիմքերով, որոնք էլ կարող են սահմանվել այլ օրենսդրական ակտերում՝ տվյալ պարագայում Սահմանադրական օրենքում:

2) Սահմանադրության եւ Սահմանադրական օրենքի գործող կարգավորումներով յուրաքանչյուր տարի Ազգային ժողով հաղորդում ներկայացնելու պարտականություն ունեն Մարդու իրավունքների պաշտպանը, Կենտրոնական  ընտրական հանձնաժողովը, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, Հաշվեքննիչ պալատը, Կենտրոնական բանկը, գլխավոր դատախազը. նշված մարմինների կողմից իր գործունեության մասին Ազգային ժողովի հաղորդում ներկայացնելը եւ հաշվետու լինելը նշված մարմինների՝ Ազգային ժողովի կողմից ձեւավորված լինելու տրամաբանական շարունակությունն է, ինչը խորհրդարանական վերահսկողության դրսեւորում է: 

Նախագծով նախատեսված պետական մարմիններից միայն երեքն են, որոնք ձեւավորվում են հենց Ազգային ժողովի կողմից (Սահմանադրության 122-րդ հոդված)՝ ինքնավար մարմին հանդիսացող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, սական վերջիններիս կողմից իրենց գործունեության մասին Ազգային ժողովին տեղեկացնելու եւ հաշվետու լինելու պարտականություն Սահմանադրությամբ սահմանված չէ: Հիմք ընդունելով վերը նշված վերլուծությունը, Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ինքնավար մարմինների՝ Ազգային ժողովի կողմից ձեւավորվելու գործոնը, վերջիններիս հաշվետվողականության կարեւորությունը հասարակության եւ Ազգային ժողովի առջեւ՝ առաջարկում ենք Սահմանադրության 122-րդ  հոդվածում լրացնել վերջիններիս կողմից իրենց գործունեության մասին Ազգային ժողով տարեկան հաղորդում ներկայացնելու գործառույթ:

Նշենք նաեւ, որ պետական մարմինների կողմից Ազգային ժողովի հաղորդում ներկայացնելու առաջնային նպատակը տվյալ մարմինների գործունեության հրապարակայնության ապահովումն է: Նախագծով նախատեսված հաշվետու պետական մարմիններից Հակակոռուպցիոն կոմիտեն հանրությանը տեղեկացնում է իր գործունեության մասին՝ ապահովելով նախաքննության գաղտնիությունը, ինչպես նաեւ պետական եւ օրենքով պահպանվող այլ գաղտնիքների պաշտպանությունը, իսկ  նախագահը յուրաքանչյուր տարի Ազգային ժողով արդեն իսկ ներկայացնում է իր գործունեության մասին գրավոր հաղորդում ( Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի 7-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասեր): Համապատասխան գրավոր հաղորդման իրավական հետեւանքների բացակայությունը եւս բխում է Սահմանադրության 88-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի պահանջից, քանի որ Սահմանադրությամբ նախատեսված չէ Ազգային ժողովի համար լիազորություն համապատասխան հաղորդման հետագա ընթացակարգի մասով:

Նշենք նաեւ, որ Նախագծով նախատեսված հաշվետու պետական մարմիններից Պետական եկամուտների կոմիտեն Կառավարությանը ենթակա մարմին է: Ընդ որում Կառավարությանը ենթակա եւս տասը պետական մարմիններ կան, որոնց համար հաղորդում ներկայացնելու նույնական պահանջ սահմանված չէ, ինչը կարծում ենք լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:

Ինչ վերաբերում է Քննչական կոմիտեի նախագահի կողմից հաղորդում ներկայացնելուն վերաբերող դրույթին, ապա նշենք, որ  նման կարգավորում սահմանելիս անհրաժեշտ է հաշվի առնել համապատասխան մարմնի առանձնահատկությունները եւ  նշված հաղորդումը Ազգային ժողովի կողմից քննարկելու լիազորությունը Սահմանադրությամբ նախատեսված լինելու պահանջը:

2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է լրացնել նոր 133.1-133.6-րդ հոդվածներ, մինչդեռ լրացումները հոդվածների տեսքով չեն կատարվում: Առաջարկում ենք լրացվող հոդվածների համարակալումից առաջ լրացնել «Հոդված» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:

Առաջարկում ենք նաեւ նոր լրացվող 133.5-րդ հոդվածի համարակալման վերջում ավելացնել միջակետ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ նախադասության պահանջը:

3. Առաջարկում ենք «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նոր լրացվող 2.1-ին մասում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի կրճատ անվանման մեջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նոր լրացվող 4-րդ մասում, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող 3-րդ մասում, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող 1.1-ին մասում եւ Նախագծերի փաթեթում առկա այլ նախագծերում նշված սահմանադրական օրենքի կրճատ անվանման հղմանը:

4. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող լրացմամբ Քննչական կոմիտեն տարեկան հաղորդում պետք է ներկայացնի ոչ թե իր, այլ Հակակոռուպցիոն կոմիտեի նախորդ տարվա գործունեության մասին: Առաջարկում ենք շտկել նշված վրիպակը:

5. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող 1.1-ին մասում նշված «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հանձնաժողովի» բառով՝ հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 21-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի համապատասխանության տեսանկյունից:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հիմնավորվածությունը, համապատասխանությունը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

 (հեռ.` 011-513-248)

23.10.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

 (հեռ.` 011-513-248)

23.10.2024թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել ինստիտուցիոնալ կառուցակարգեր որոշ սահմանադրական ինքնավար եւ պետական մարմինների կողմից Ազգային ժողով տարեկան զեկույցներ, հաղորդումներ ներկայացնելու եւ քննարկումներ կազմակերպելու համար՝ Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական կառավարման մոդելի կայացմանը եւ զարգացմանը նպաստելու նպատակով:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

08.10.2024թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Պատգամավորների կողմից ներկայացվել են ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»,  ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին»,  ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Հարկային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): 

Ներկայումս  գործող «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանվում է պետական մարմինների զեկույցները, հաղորդումները, հաշվետվությունները ներկայացնելու, շրջանառության մեջ դնելու եւ քննարկելու ընդհանուր կարգը, համաձայն որի սահմանադրությամբ նախատեսված մի շարք պետական մարմինների ղեկավարներ Ազգային ժողով են ներկայացնում իրենց ղեկավարած կառույցների գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում, որի ընթացքում Ազգային ժողովի պատգամավորները նշյալ կառույցների ղեկավարներին հարցեր ուղղելու հնարավորություն են ունենում: Պետք է նշել, որ վերոնշյալ կարգավորումներից դուրս են մնում մի շարք մարմիններ, ինչպիսիք են Հակակոռուպցիոն կոմիտեն, Քննչական կոմիտեն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Ելնելով վերոգրյալից, Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել ինստիտուցիոնալ կառուցակարգեր որոշ ինքնավար եւ պետական մարմինների կողմից Ազգային ժողով տարեկան զեկույցներ, հաղորդումներ ներկայացնելու եւ քննարկումներ կազմակերպելու համար:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                              ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

17.10.2024թ.