ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Սեւանա լճի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-929-30.09.2024-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սեւանա լճի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-929-30.09.2024-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Սեւանա լճի մասին» օրենքի (այսուհետ նաեւ ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետը, որի ուժով Տարեկան ծրագրում այլեւս չեն ներառվելու Սեւանա լճի եւ նրա ջրահավաք ավազանի կենսառեսուրսների, այդ թվում ձկնային եւ խեցգետնային արդյունահանման եւ արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակները եւ արդյունագործական որակի բնութագրերը ամսկան կտրվածքով: Նախագծի 2-րդ հոդվածով Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները եւ ժամկետները յուրաքանչյուր տարի սահմանելու է Կառավարությունը: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ համապատասխան փոփոխության եւ լրացման հիմքում ընկած է այն հանգամանքը, որ յուրաքանչյուր տարի եկող տարվա Տարեկան ծրագրի Նախագիծը հաստատվում է Կառավարության որոշմամբ, որից հետո Կառավարությունն այն Ազգային ժողով է ներկայացնում ՝ պետական բյուջեի նախագծի կազմում, եւ կախված ձկան եւ խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքների մրցույթի ավարտման ժամկետից եւ աշնանային որսաշրջանի չափաքանակները սահմանելու ժամանակաշրջանից, անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կամ լրացում կատարել արդեն իսկ ընդունված Տարեկան ծրագրի որոշման մեջ: Օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման պետական քաղաքականությունն իրականացվում է Սեւանա լճի մասին համալիր ծրագրով (այսուհետ` Համալիր ծրագիր) սահմանված ժամկետներում եւ կարգով: 2. Համալիր ծրագրի նպատակն է Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման ապահովումը: ( ) 4. Համալիր ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման տարեկան համամասնությունները սահմանում է կառավարությունը եւ դրանք արտացոլվում են Սեւանա լճի մասին տարեկան ծրագրերում (այսուհետ` Տարեկան ծրագիր)»: Այսինքն՝ անմիջականորեն «Սեւանա լճի մասին» օրենքով է սահմանվում, որ Սեւանա լճում եւ դրա ջրհավաք ավազանում մարդկային ցանկացած գործունեություն պետք է իրականացվի Սեւանա լճի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման համալիր եւ տարեկան ծրագրերի հիման վրա, իսկ Տարեկան ծրագրի կատարման մասին Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում ամենամյա հաշվետվություն, բացի այդ Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հերթական տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության բաղկացուցիչ մասն է (հիմք «Սեւանա լճի մասին» օրենքի 14-րդ հոդված): Նշվածից բխում է, որ գործող կարգավորումներով Համալիր եւ Տարեկան ծրագրերի իրականացման վերհասկողությունն իրականացնում է Ազգային ժողովը: Այսինքն՝ Սեւանա լճի եւ նրա ջրահավաք ավազանի կենսառեսուրսների (այդ թվում` ձկնային եւ խեցգետնային) արդյունահանման եւ արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակները, որպես Սեւանա լճի, նրա ջրհավաք ավազանի եւ տնտեսական գործունեության գոտու էկոհամակարգերի պահպանման, վերականգնման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման հետ կապված հանգամանք, Տարեկան ծրագրում նախատեսելն ինքնանպատակ չէ, եւ դրա կարեւորությունը՝ համապատասխան չափաքանակների վերաբերյալ Ազգային ժողով հաշվետվություն ներկայացնելն է, վերը նշված չափաքանակի նկատմամբ Ազգային ժողովի կողմից վերահսկողության սահմանումն է. Մինչդեռ Նախագծով նախատեսված փոփոխության արդյունքում՝ Սեւանա լճի եւ նրա ջրհավաք ավազանի կենսառեսուրսների (այդ թվում` ձկնային եւ խեցգետնային) արդյունահանման եւ արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակները հանելով Տարեկան ծրագրից՝ Ազգային ժողովը, զրկվում է նշված չափաքանակյների նկատմամբ անմիջական վերահսկողություն իրականացնելու հնարավորությունից: Հիմք ընդունելով, որ գործող կարգավորմամբ Սեւանա լճի եւ նրա ջրհավաք ավազանի կենսառեսուրսների (այդ թվում` ձկնային եւ խեցգետնային) արդյունահանման եւ արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակների սահմանումը եւ հսկոսղությունը հավասարապես գտնվում են օրենսդիր եւ գործադիր մարմինների իրավասության ներքո, եւ այն հանգամանքը, որ ձկնային պաշարների վերարտադրության ապահովումը հանդիսանում է Համալիր ծրագրի խնդիրներից մեկը (հիմք՝ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքի 6.1-ին կետի առաջին պարբերության), իսկ Տարեկան ծրագրի բովանդակությունը պայմանավաորված է հենց Համալիր ծրագրում բարձրացված խնդիրների իրականացման տարեկան համամասնությամբ, կարծում ենք, Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով նախատեսված կարգավորումները լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածները լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն՝ նախատեսված կարգավորումները «Սեւանա լճի մասին» օրենքով սահմանված Տարեկան ծրագրի ընդհանուր տրամաբանությանը համապատասխանելու տեսանկյունից:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.` 011-513-248) 21.10.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.` 011-513-248) 21.10.2024թ.
Նախագծով առաջարկվում է յուրաքանչյուր տարի սահմանել Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները եւ ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Նախագծով առաջարկվում է նաեւ Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման ոլորտներում օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության լիազորությունը վերապահել բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում եւ գործիքակազմով: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 07.10.2024թ.
Նախագծով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Սեւանա լճի մասին» օրենքում (այսուհետ` Օրենք): Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ Նախագծի ընդունումը պայմանավորված է 2024 թվականի օգոստոսի 27-ի Տարածքային զարգացման եւ շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստի ընթացքում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի կողմից տրված հանձնարարականի կատարումն ապահովելու, ինչպես նաեւ Օրենքի 13-րդ հոդվածով սահմանված համապատասխան միջոցառումների իրականացման ընթացքում առաջ եկած օրենսդրական խոչընդոտները վերացնելու պահանջով: Նախագծով առաջարկվում է. 1. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետը, որի համաձայն` «Տարեկան ծրագիրը ներառում է նաեւ՝ Սեւանա լճի եւ նրա ջրհավաք ավազանի կենսառեսուրսների (այդ թվում՝ ձկնային եւ խեցգետնային) արդյունահանման եւ արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակները եւ արդյունագործական որակի բնութագրերը՝ ամսական կտրվածքով»՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետի կատարումը հնարավոր է միայն Տարեկան ծրագրի ընդունումից հետո: 2. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «գ1» կետով՝ Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման բնագավառներում Կառավարությունը՝ «գ1) յուրաքանչյուր տարի սահմանում է Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները եւ ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները.»: 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 16-րդ հոդվածի «բ» կետը, այն է՝ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման ոլորտներում շրջակա միջավայրի պահպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը բ) իրականացնում է վերահսկողություն բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ»: Նախատեսվող փոփոխությունը խմբագրական բնույթի է, քանի որ համաձայն «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքի եւ Կառավարության 2018 թվականի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 733-Լ որոշման՝ բնապահպանական վերահսկողության գործառույթն իրականացնում է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը: 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 28.1-ին հոդվածով. «Հոդված 28.1 Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման ոլորտներում օրենսդրության պահանջների կատարման վերահսկողությունը Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման ոլորտներում օրենսդրության պահանջների կատարման վերահսկողությունն իրականացնում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում եւ գործիքակազմով»: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է՝
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70) 17.10.2024թ.
|