ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-923-23.09.2024-ՊԱ-011/0), «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9231 -23.09.2024-ՊԱ-011/0), «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9232 -23.09.2024-ՊԱ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9233 -23.09.2024-ՊԱ-011/0), «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9234 -23.09.2024-ՊԱ-011/0) եւ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9235 -23.09.2024-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-923-23.09.2024-ՊԱ-011/0), «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9231 -23.09.2024-ՊԱ-011/0), «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9232 -23.09.2024-ՊԱ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9233 -23.09.2024-ՊԱ-011/0), «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9234 -23.09.2024-ՊԱ-011/0) եւ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9235 -23.09.2024-ՊԱ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածում «23-ի» թիվն առաջարկում ենք փոխարինել «3-ի» թվով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը եւ ամսաթիվը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված դրույթից, որի համաձայն. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը:»:

2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 3-րդ մասում լրացվող նոր՝ 19.1-ին եւ 19.2-րդ կետերի համարակալումն առաջարկում ենք տեքստից բաժանել միայն փակագծով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը, այն է. «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 4.1-ին կետի եւ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 13-րդ հոդվածում լրացվող 8.1-ին կետի համարակալումներին:

3. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել նոր՝ 3.1-ին մասով, որի համաձայն. «3.1. Ծառայության պետն օգտվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով, 14-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ (բացառությամբ առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու) մասերով, 15-րդ հոդվածի 1-ին մասով, 15.1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 18-րդ հոդվածի 5-րդ մասով, 26-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 2-րդ մասով, 35-րդ հոդվածի 3-րդ մասով, 36-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 4-րդ մասով, 41-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 7-րդ մասով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով եւ 3-րդ մասով, 47-րդ հոդվածի 1.1-ին եւ 3-րդ մասերով լիազոր մարմնի ղեկավարին վերապահված լիազորություններից՝ պետական պաշտպանությունն իրականացնող մարմնում ծառայության հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման մասով:»:

Վերոնշյալ լրացման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը. 

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 15.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն. «Ազգային անվտանգության մարմինների ծառայողին տրվում է վկայական, որի նկարագիրը, ձեւը, հատկացման եւ հաշվառման կարգը հաստատվում են լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:»: Նախագծի մեջբերված դրույթով պետական պաշտպանության ծառայության պետին վերապահվում է պետական պաշտպանության ծառայության ծառայողներին տրվող վկայականի նկարագրի, ձեւի, հատկացման եւ հաշվառման կարգի հաստատումը: Հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված դրույթը սահմանում է ծառայության պետի լիազորությունը ծառայության ծառայողների վկայականների տրամադրման կարգի հաստատման վերաբերյալ: Կարծում ենք՝ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 10-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.1-ին մասով սահմանված դրույթից բխող ծառայության պետի կողմից վկայականի հատկացման կարգի հաստատման լիազորությունը նույնանում է Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված վկայականների տրամադրման կարգի հաստատման լիազորության հետ:

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն. «Ազգային անվտանգության մարմինների ծառայողը կարող է ուսումնական հաստատություններում սովորել իր մասնագիտությանը մոտ կամ բնույթով իր կատարած աշխատանքի գծով մասնագիտական գիտելիքների խորացմանը նպաստող մասնագիտություններով հեռակա ուսուցման ձեւով` միայն պետական լիազոր մարմնի ղեկավարի թույլտվությամբ: (…)»: Հարկ է նկատել, որ Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 37-րդ կետում սահմանված է ծառայության պետի ծառայության ծառայողների եւ աշխատողների հեռակա ուսուցմամբ ուսումնական հաստատություններում սովորելը թույլատրելու վերաբերյալ լիազորությունը: Այսպես՝ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 10-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.1-ին մասով, ինչպես նաեւ Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 37-րդ կետով ծառայության պետին վերապահվում է միեւնույն լիազորությունը: 

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 10-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.1-ին մասում սահմանված դրույթը՝ հետագայում Օրենքում անհիմն կրկնությունները բացառելու նպատակով: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված դրույթից, որի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»:

4. Նախագծի 2-րդ հոդվածում «1-ին մասը» բառերն առաջարկում ենք փոխարինել «չհամարակալված պարբերությունը» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված դրույթը, որի համաձայն. «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:»:

5. Նախագծի 9-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 17.1-ին հոդվածում սահմանված են ծառայության ծառայողի վարձատրությունը եւ ատեստավորումը:  Հարկ է նկատել, որ Նախագծի 9-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 17.1-ին հոդվածի 10-րդ մասում սահմանված է հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողի ատեստավորման ժամկետի առանձնահատկություն: Մինչդեռ Նախագծում նախատեսված չէ արձակուրդում գտնվող, գուծուղված կամ ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող ծառայողների ատեստավորման ժամկետը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 17.1-ին հոդվածում սահմանել նաեւ արձակուրդում, գործուղված կամ ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող ծառայողի աշխատանքի վերադառնալուց հետո ատեստավորման ժամկետի առանձնահատկություն:

6. Նախագծի 16-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»

7. Նախագծի 16-րդ հոդվածի 4-րդ մասում «իրավական ակտերն» բառերն առաջարկում ենք փոխարինել «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում սահմանված հասկացությունը, ինչպես նաեւ նույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դրույթը, որի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:»: 

8. «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում առաջարկում ենք «ԼՐԱՑՈՒՄ» բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված նախագծով կատարվում են մեկից ավելի լրացումներ:  Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դրույթից, այն է. «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:»:

9. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ քննարկվող նախագծում «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարուց նորմեր առկա չեն: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                        ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

11.10.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                       ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

11.10.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է`

- կանոնակարգել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության (այսուհեըտ՝ Ծառայություն) պետի եւ պետի ոչ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալների կողմից ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ եւ զենք կրելու, պահելու եւ կիրառելու հետ կապված իրավահարաբերությունները,

- օրենսդրորեն ամրագրել Ծառայության փաստացի մասնակցությունն ազգային անվտանգության ապահովմանը,

- ընդլայնել Ծառայության պետի լիազորությունների շրջանակը, ինչի արդյունքում կկանոնակարգվեն ՀՀ պետական պահպանության ծառայությունում ծառայության անցնելու հետ կապված մի շարք իրավահարաբերություններ եւ կապահովվի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի՝ լիազորող նորմերը իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանելու պահանջը,

- խմաբագրել ծառայողների հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման դրույթները,

- որոշակի պայմանների առկայությամբ Ծառայության ծառայողներին իրավունք վերապահել վերջիններիս կողմից պահպանական միջոցառումների իրականացման ժամանակ օգտագործել նաեւ ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները, 

- կարգավորել Ծառայության ծառայողներին եւ նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները,

- համապատասխան օրենքներում կատարել նշված կարգավորումներից բխող, ինչպես նաեւ իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների լուծման ուղղված փոփոխություններ եւ լրացումներ:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

30.09.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում, համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով նաեւ հարակից՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք», «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» եւ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքներում:

Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից առանձնացման եղանակով, իսկ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի համաձայն՝ Ծառայությունն ընդգրկվել է վարչապետին ենթակա մարմինների կազմում:

Մինչեւ համապատասխան օրենսդրական փոփոխությունները Ծառայության պետի եւ Ծառայության պետի տեղակալների պաշտոնները պետական ծառայության պաշտոններ էին, սակայն  «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2022թ. դեկտեմբերի 23-ի ՀՕ-610-Ն օրենքի  համապատասխան հոդվածներով սահմանվել է, որ Ծառայության պետը զինվորական ծառայության պաշտոն չէ, իսկ ծառայությունում նախատեսվել են Ծառայության պետի տեղակալի ինչպես զինվորական ծառայության, այնպես էլ ոչ զինվորական ծառայության պաշտոններ:

Վերջինով պայմանավորված, Ծառայության պետի եւ Ծառայության պետի ոչ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալների համար չի սահմանվել ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ եւ զենք կրելու, պահելու եւ կիրառելու հնարավորություն (մինչդեռ Ծառայության հատուկ բնույթով ու առանձնահատկություններով պայմանավորված տեղի ունեցող պահպանական միջոցառումներին հաճախակի անմիջապես մասնակցում է անձամբ Ծառայության պետը, ինչպես նաեւ՝ պետի տեղակալները կազմակերպում եւ ղեկավարում են իրականացվող գործողությունները, անձնական օրինակով ենթակաների մոտ առաջացնում են պատասխանատվության զգացում իրենց ծառայողական պարտականություններն առավել զգոն եւ բարեխղճորեն կատարելու նկատմամբ):

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունմամբ, հեղինակն ակնկալում է, որ

- կկանոնակարգվեն Ծառայության պետի եւ պետի ոչ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալների կողմից ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ եւ զենք կրելու, պահելու եւ կիրառելու հետ կապված իրավահարաբերությունները,

- օրենսդրորեն կամրագրվի Ծառայության փաստացի մասնակցությունն ազգային անվտանգության ապահովմանը,

- կընդլայնվի Ծառայության պետի լիազորությունների շրջանակը, ինչի արդյունքում կկանոնակարգվեն ՀՀ պետական պահպանության ծառայությունում ծառայության անցնելու հետ կապված մի շարք իրավահարաբերություններ,

- կխմբագրվեն ծառայողների հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման դրույթները,

- Ծառայության ծառայողներին իրավունք կվերապահվի վերջիններիս կողմից պահպանական միջոցառումների իրականացման ժամանակ օգտագործել նաեւ ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները,

- կկարգավորվեն Ծառայության ծառայողներին եւ նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները եւ այլն:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթով առաջարկվող լրացումների եւ փոփոխությունների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա չեզոք ազդեցություն: 

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

01.10.2024թ.