ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-920-19.09.2024-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-920-19.09.2024-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի լրիվ անվանումից հետո նշված «(այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում համապատախան օրենսգրքին հղում այլեւս չի կատարվում:

2. Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխությունը կատարել ոչ թե բառերը նոր բառերով փոխարինելու միջոցով՝ այլ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի չհամարակալված պարբերությունը նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով: Սույն առաջարկությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջից, որի ուժով իրավական ակտում փոփոխությունը ձեւակերպվում է «շարադրել նոր խմբագրությամբ» արտահայտությամբ, եթե նախադասությունը ամբողջությամբ շարադրվում է նոր խմբագրությամբ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկության հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

(հեռ.` 011-513-248)

09.10.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

(հեռ.` 011-513-248)

09.10.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով նախատեսվում է բարձրացնել շահութահարկի գծով դեբիտորական պարտքերն անհուսալի ճանաչելու համար սահմանված՝ ներկայումս գործող 100 հազար դրամ շեմը: Մասնավորապես, առաջարկվող իրավակարգավորումների համաձայն, 300 հազար դրամը գերազանցող ընդհանուր գումարով դեբիտորական պարտքը համարվում է անհուսալի` դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից կամ դատարանի կողմից արձակված վճարման կարգադրության` օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստանալու օրվանից կամ դեբիտորական պարտքի գումարի բռնագանձման պահանջով նոտարի կողմից արձակված կարգադրության կողմերի համար պարտադիր դառնալու օրվանից կամ դեբիտորական պարտքի բռնագանձման պահանջը քննած արբիտրաժային տրիբունալի կողմից վճիռ կայացնելու օրվանից:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

26.09.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» (այսուհետ՝ Օրենսգիրք), ինչը պայմանավորված է շահութահարկի գծով ծախս ճանաչելու համար 100.000 ՀՀ դրամը գերազանցող դեբիտորական պարտքերն անհուսալի ճանաչելու հետ կապված վարչարարության պարզեցմամբ:

Հարկ է նկատել, որ Օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ «շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար պահուստին կատարվող մասհանումները »: Միեւնույն ժամանակ, նույն հոդվածով՝ «100 հազար դրամը գերազանցող ընդհանուր գումարով դեբիտորական պարտքը համարվում է անհուսալի՝ դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելու օրվանից»:

Նախագծով հեղինակն առաջարկում է բարձրացնել 100.000 դրամ շեմը՝ սահմանելով 300.000 դրամ, ինչպես նաեւ նախատեսել, որ 300 հազար դրամը գերազանցող ընդհանուր գումարով դեբիտորական պարտքը համարվում է անհուսալի` դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից կամ դատարանի կողմից արձակված վճարման կարգադրության՝ օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստանալու օրվանից կամ դեբիտորական պարտքի գումարի բռնագանձման պահանջով նոտարի կողմից արձակված կարգադրության կողմերի համար պարտադիր դառնալու օրվանից կամ դեբիտորական պարտքի բռնագանձման պահանջը քննած արբիտրաժային տրիբունալի կողմից վճիռ կայացնելու օրվանից:

Առաջարկվող փոփոխության ընդունման դեպքում, հեղինակն ակնկալում է, որ  կպարզեցվի դեբիտորական պարտավորություններն անհուսալի ճանաչելու հետ կապված վարչարարությունը եւ կկրճատվեն այդ գործընթացում առաջացող ծախսերը:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծով առաջարկվող փոփոխության ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա չեզոք ազդեցություն: 

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                    Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 

01.10.2024թ.