ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ  «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին»  օրենքի նախագծի  (փաստաթղթային կոդ` Կ-915-17.09.2024-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին»  օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-915-17.09.2024-ՖՎ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծում առկա չեն Սահմանադրությանը հակասող նորմեր, հիմք` (Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը): Օրենքների պահանջների համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

«Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ   «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին»  Նախագծին կից ներկայացված Հայաստանի Հանրապետության ֆինանսներ նախարարության կողմից տրված եզրակացության մեջ բացակայում է «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված միջազգային պայմանագրով եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթների եւ տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին տեղեկատվությունը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: 

Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծին կից «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 

24.09.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ    

Նախագծին առնչվող  այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 

24.09.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագիրը, որի համաձայն Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ Վարկառու) ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (այսուհետ՝ Վարկատու) միջեւ 2024թ. մայիսի 15-ին ստորագրված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» (այսուհետ՝ Ծրագիր) վարկային համաձայնագրի (այսուհետ՝ Վարկային համաձայնագիր) 2.01 բաժնի համաձայն՝ Վարկատուն համաձայնում է Վարկառուին տրամադրել 236 մլն եվրոյի չափով վարկավորում հետեւյալ պայմաններով եւ դրույթներով. վարկի արժույթ՝ եվրո, վարկի տոկոսադրույքի տեսակ՝ լողացող, վարկի տարեկան տոկոսադրույք՝ 6-ամսյա Euribor (18.09.2024թ. դրությամբ՝ 3.239 %) + 1% մարժա, վարկի սպասարկման գծով վճարումների հաճախականություն՝ կիսամյակային, միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի 1%-ի չափով, որը ենթակա է վճարման վարկային միջոցների հաշվին՝ Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվին կամ դրան հաջորդող 7 օրվա ընթացքում, պարտավորության վճարի դրույքաչափ՝ տարեկան 0.5%, որը հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ՝ սկսած Վարկային համաձայնագրի ստորագրմանը հաջորդող 60-րդ օրվանից, վարկի մարման ժամկետ՝ 20 տարի, որից արտոնյալը՝ 5 տարի (վարկի մայր գումարի մարումները փոխկապված են վարկի ամբողջ գումարին եւ իրականացվելու են 30 հավասարաչափ վճարումներով), վարկի օգտագործված եւ չմարված ամբողջ գումարի կամ դրա մի մասի տոկոսադրույքը կարելի է փոխել լողացողից ֆիքսվածի՝ Վարկատուի ընթացակարգերին համապատասխան, վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ Վարկային համաձայնագրի ստորագրման ամսաթվին հաջորդող 8-րդ տարվա ավարտ կամ Բանկի կողմից սահմանված եւ դրա մասին տեղեկացված որեւէ այլ ուշ ամսաթիվ:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.՝ 011 513-668)

23.09.2024թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2024 թվականի մայիսի 15-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ  «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որի շրջանակներում նախատեսվում է ֆինանսավորել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) կառուցման ներդրումային ծրագրի երեք ենթահատվածներից մեկի՝ շուրջ 24.25 կմ երկարությամբ Հարավային ենթահատվածի կառուցումը (այսուհետ՝ Ծրագիր): Համաձայնագրով նախատեսված է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել մինչեւ 236,000,000 եվրո վարկ: 

Այսպիսով,  Համաձայնագրի շրջանակներում կառուցվելու է 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա՝ կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը մինչեւ 100 կմ/ժ, կբարձրացվեն երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունը: Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաեւ ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը եւ տուրիզմի զարգացմանը: 

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարողներ՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

                          Լ.  Սարգսյան (հեռ.՝ 011-513-270, 12-70)

27.09.2024թ.