ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-909-09.09.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-909-09.09.2024-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»: 

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 20-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ մասի 2-րդ նախադասությունը, քանզի այն բովանդակային առումով կրկնում է 1-ին նախադասության միտքը, ըստ որի՝ պետական ծառայողի համար պաշտոնային դրույքաչափը հաշվարկելիս 19-րդ հոդվածի 1.1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված դրույթները գործում են, եթե պետական ծառայողը պաշտոնից ազատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հանրային ծառայության պաշտոն (պաշտոններ) կամ պետական պաշտոն (պաշտոններ):

2. Նախագծի 13-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

3. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նույն մարմնի ընդունած նույն տեսակի նորմատիվ իրավական ակտերում չպետք է անհիմն կրկնվեն գործող նորմատիվ իրավական ակտերով սահմանված նորմերը:»: Իսկ 2-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտերով սահմանված նորմերի անհիմն կրկնություններից խուսափելու նպատակով իրավական ակտում կիրառվում են հղումներ:»: Ուստի առաջարկում ենք Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասում կիրառել հղումներ՝ Նախագծի դրույթները վերաշարադրելու փոխարեն:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 

24.09.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 

24.09.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է հստակեցնել եւ շտկել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) իրավակիրառ պրակտիկայում հայտնաբերված սխալները, ինչպես նաեւ պետական ծառայողների համար սահմանվում է երաշխիք պետական ծառայությունում աշխատած տարիների համար բնականոն աճի միջոցով գործակցի մակարդակը պահպանել նաեւ այն դեպքերում, երբ պետական ծառայողը պաշտոնից ազատվելուց հետո զբաղեցնում է պետական պաշտոն եւ այդ պաշտոնից ազատվելուց հետո պետական ծառայության պաշտոնում նշանակվելու ժամանակահատվածը չի գերազանցում մեկ ամիսը: 

Նախագծով առաջարկվում է նաեւ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը վճարել տվյալ աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի կամ դրա մասի տրամադրման ժամանակ այն դեպքում, եթե նա տվյալ աշխատանքային տարում ձեռք է բերել ամենամյա արձակուրդի առնվազն կեսը օգտագործելու իրավունքը, ինչպես նաեւ օրենսդրական հիմքեր են սահմանվում՝ նվազեցնելու այն դեպքերը, որոնք պայմանավորված են գործատուի նախաձեռնությամբ աշխատանքից ազատման պարագայում կանխավճարով վճարված արձակուրդային գումարների հետգանձումները սահմանափակող դեպքերում պետական բյուջեին հասցվող վնասները: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: 

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

17.09.2024թ.





Սոցիալական փորձաննքության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), ըստ որի նախատեսվում է կարգավորել եւ ուղղել Օրենքում կատարված բազմաթիվ փոփոխությունների եւ լրացումների արդյունքում՝ որոշ դրույթներում առաջացած լեզվաոճական, եզրութաբանական, շարահյուսական բնույթի սխալները:

Ներկայացված Նախագծով առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով պետական ծառայողների համար երաշխիքներ կսահմանվեն պետական ծառայությունում աշխատած տարիների համար բնականոն աճի միջոցով գործակցի մակարդակը պահպանելու նաեւ այն դեպքերում, երբ պետական ծառայողը պաշտոնից ազատվելուց հետո զբաղեցնում է պետական պաշտոն եւ այդ պաշտոնից ազատվելուց հետո պետական ծառայության պաշտոնում նշանակվելու ժամանակահատվածը չի գերազանցում մեկ ամիսը: 

Նախագծով, հեղինակն առաջարկում է նաեւ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը վճարել տվյալ աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի կամ դրա մասի տրամադրման ժամանակ այն դեպքում, եթե նա տվյալ աշխատանքային տարում ձեռք է բերել ամենամյա արձակուրդի առնվազն կեսը օգտագործելու իրավունքը: 

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծով առաջարկվող կարգավորմամբ, հեղինակն ակնկալում է, որ կնվազեցվեն գործատուի նախաձեռնությամբ աշխատանքից ազատման պարագայում կանխավճարով վճարված արձակուրդային գումարների հետգանձումները սահմանափակող դեպքերում պետական բյուջեին հասցվող վնասները: 

Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: 

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

17.09.2024թ.