ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-907-03.09.2024-ԱՍ-011/0) եւ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-907.1-03.09.2024-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-907-03.09.2024-ԱՍ-011/0) եւ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-907.1-03.09.2024-ԱՍ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 13-րդ հոդվածում  լրացնել նոր 2-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ. «Աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը եւ դադարումը կարող է իրականացվել նաեւ թվային համակարգի միջոցով:»: Ցանկանում ենք նշել, որ այս ձեւակերպումը առաջացնում է Օրենսգրքի այլ կարգավորումների հետ Նախագծով նախատեսվող կարգավորման համապատասխանության խնդիր: Օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի եւ 109-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը եւ դադարումը իրականացվում են աշխատանքային պայմանագրի կամ անհատական իրավական ակտի հիման վրա: Այսինքն իրավունքի ծագման կամ դադարման հիմք հանդիսանում է համապատասխանաբար աշխատանքային պայմանագիրը կամ անհատական իրավական ակտը: Ուստի Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող կարգավորումը առաջարկում ենք հստակեցնել եւ սահմանել, որ աշխատանքային պայմանագիրը եւ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտը կարող են ընդունվել թվային համակարգի միջոցով:

Նույն դիտարկումը վերաբերում է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվող Օրենսգրքի 13-րդ հոդվածում նոր լրացվող 4-րդ մասում օգտագործված «(…) աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը եւ դադարումն իրանականացվում է գրավոր՝ թղթային եղանակով:» ձեւակերպմանը:

2. Առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը առ այն, որ «Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:»: Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող կարգավորումները վերաբերում են աշխատանքային հարաբերությունների առաջացման կամ դադարման հիմքերին եւ կարող են անհամապատասխան դիտարկվել Օրենսգրքի 13-րդ հոդվածի «Աշխատանքային հարաբերությունները» վերնագրին: Առաջարկում ենք համապատասխան կարգավորումները նախատեսել Օրենսգրքի 14-րդ հոդվածում՝ «Աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքերը եւ վայրը» վերնագրով՝ ընդլայնելով նաեւ վերնագրի բովանդակային ծավալը:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է Օրենսգրքի 14-րդ հոդվածում լրացնել նոր 2-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ՝ «Հանրային պաշտոններ եւ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց հետ աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով»: Միեւնույն ժամանակ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսվող Օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասում նոր լրացվող նախադասության համաձայն՝ «Սույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում (նշումը մեր կողմից՝ պետական մարմիններում առանձին պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում)  աշխատողի եւ գործատուի միջեւ աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:»: Ցանկանում են նշել, որ պետական մարմիններում առանձին պաշտոն զբաղեցնող անձիք հանդիսանում են հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձ՝ համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 3-րդ եւ 4-րդ հոդվածների: Այս համատեքստում գտնում ենք, որ  Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերի, Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաեւ 7-րդ հոդվածի 7-րդ մասի կարգավորումները առաջացնում են տարընկալումներ՝ որ դեպքում են պետական մարմիններում առանձին պաշտոն զբաղեցնող անձի հետ աշխատանքային հարաբերությունների ծագման հիմք հանդիսանում աշխատանքային պայմանագիրը եւ որ դեպքում անհատական իրավական ակտը: Հետեւաբար առաջարկում ենք այս կարգավորումները վերանայել եւ հստակեցնել:

4. Նախագծի 5-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվող Օրենսգրքի 18.1-ին հոդվածում նոր լրացվող 2.1-ին մասի համաձայն՝ «Այն դեպքում, երբ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով հնարավոր չէ որոշել աշխատանքի վայրը (աշխատավայրը), ապա այն սահմանվում է կողմերի համաձայնությամբ:»: Միաժամանակ նույն հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 18.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը հետեւյալ բովանդակությամբ՝ «կողմերի համաձայնությամբ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավայրը, այն դեպքում, երբ սույն մասի 1-ին եւ 2-րդ կետերով հնարավոր չէ որոշել աշխատանքի հիմնական վայրը:»: Ցանկանում ենք նշել, որ գործող օրենսդրական կարգավորումները առավել լիարժեք են սահմանում կողմերի միջեւ ձեռք բերվող համաձայնության ամրագրման ձեւը, այն է՝ աշխատանքային պայմանագիրը, ի տարբերություն Նախագծի, եւ առաջարկում ենք սույն դիտարկման հիման վրա վերանայել Նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի կարգավորւմները:

5. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող կարգավորումները հաշվի առնելով՝ առաջարկում ենք Օրենսգրքի 18.1-ին հոդվածի 4-րդ մասում « հիմնական վայր» արտահայտությունը փոխարինել «վայր (աշխատավայր)» արտահայտությամբ՝ ապահովելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, առ այն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

6. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է Օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին եւ 1.2-րդ մասերում «տասնչորս» բառը փոխարինել «տասնվեց» բառով: Միեւնույն ժամանակ Նախագծի 7-րդ հոդվածի  3-րդ մասով նախատեսվում է Օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին մասի շարադրում նոր խմբագրությամբ, իսկ 4-րդ մասով՝ Օրենսգրքի 85-րդ հոդվածի 1.2-րդ մասի ուժը կորցրած ճանաչում: Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը ուժի մեջ են մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից եւ գործելու են Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի հետ համաժամանակ: Ցանկանում ենք նշել, որ այս համատեքստում Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը դառնում է առարկայազուրկ եւ առաջարկում ենք այն հանել:

7. Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվող Օրենսգրքի 84-րդ հոդվածի 3-րդ մասում նոր լրացվող նախադասության համաձայն՝ «Այլ պայմանները կարող են լինել հավելվածի տեսքով, որը չի արտացոլվում թվային համակարգում (այդ պարագայում թվային համակարգում նշում է կատարվում, որ աշխատանքային պայմանագիրն ունի հավելված)»: Այսինքն աշխատանքային պայմանագրի հավելվածում կարող են նշվել այնպիսի պայմաններ, որոնք ներկայումս ներառվում են աշխատանքային պայմանագրում՝ համաձայն Օրենսգրքի 84-րդ հոդվածի 3-րդ մասի: Միաժամանակ Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 85-րդ հոդվածի վերնագրում փոփոխություն կատարելու եւ 1.5-րդ եւ 1.6-րդ մասեր լրացնելու միջոցով նախատեսվում է աշխատանքային պայմանագրի հավելվածի կնքման կարգ՝ այն մասամբ նույնացնելով հենց աշխատանքային պայմանագրի կնքման կարգին՝ առաջացնելով հավելվածի կարգավիճակի, ինպես նաեւ աշխատանքային պայմանագրի եւ նրա հավելվածի կարգավիճակների հարաբերակցության վերաբերյալ հակասական մեկնաբանումներ: Առաջարկում ենք տարընկալումները բացառելու նպատակով աշխատանքային պայմանագրի եւ հավելվածի բովանդակությունը եւ գործողության մեջ մտնելու ընթացակարգերը հստակ տարանջատել միմյանցից:

8. Նախագծի 11-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 102.1-ին հոդվածի 1-ին մասում օգտագործվում է «աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ» արտահայտությունը այն պարագայում, երբ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսվող Օրենսգրքի 5-րդ հոդվածում նոր լրացվող 4.1-ին մասով նախատեսվում է այդ արտահայտության կրճատ տարբերակը, այն է՝ «(այսուհետեւ՝ թվային համակարգ)»: 

Առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, առ այն՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:» եւ Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվող եւ Օրենսգրքում լրացվող կարգավորումներում ապահովել արտահայտության կրճատ տարբերակի կիրառումը:

9. Նախագծի 17-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագրին:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, «Հանրային ծառայության մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 

20.09.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 

20.09.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ընդունել մի շարք փոփոխություններ եւ լրացումներ, որոնք ուղղված են իրավակիրառ պրակտիկայի մակարդակում բացահայտված խնդիրների լուծմանը՝ օրենսդրական դաշտի զարգացման, աշխատանքային իրավունքի իրացմանը նպաստելու եւ քաղաքացիների համապատասխան իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: 

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է թվային համակարգի ներդրման միջոցով թվայնացնել Հայաստանի Հանրապետությունում թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը՝ աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով: Բացառություն է լինելու հանրային պաշտոն եւ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց հետ աշխատանքային հարաբերությունների ծագումը՝ ոլորտային առանձնահատկությամբ պայմանավորված: Միաժամանակ բացառություն է լինելու նաեւ առանձին պաշտոններ զբաղեցնող անձանց հետ ծագող աշխատանքային հարաբերությունները, որոնց վերաբերյալ տեղեկությունների հրապարակման սահմանափակումներով պայմանավորված անձին վերաբերող տեղեկություններն օրենսդրությամբ սահմանված են որպես գաղտնի կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններ: Տվյալ համակարգը հնարավորություն կտա նաեւ Տեսչական մարմնին արդյունավետ վերահսկողություն իրականացնել՝ բացահայտելով աշխատանքային օրենսդրության, այդ թվում՝ աշխատանքային պայմանագրի պայմանների խախտումները: Բացի այդ, համակարգի առկայությունը կբացառի մասնավոր ոլորտում հետին թվով պայմանագրերի կնքման, հարկային մարմնում փաստացի իրականացվող աշխատանքը չգրանցելու (անօրինական աշխատանք) կամ փաստացի տրամադրվող աշխատավարձի չափից պակաս չափ պայմանագրում նշելու ձեւավորված պրակտիկան:

Ֆինանսատնտեսագիտաական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել հետեւյալ հանգամանքի վրա: 

Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 7-րդ հոդվածի 3-րդ կետով առաջարկվող՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 85-րդ հոդվածի 1-ին մասի նոր շարադրանքով սահմանվում է, որ. «Աշխատանքային պայմանագիրը կնքվում է թվային համակարգի միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 1.6-րդ մասով նախատեսված դեպքի? Աշխատանքային պայմանագիրը կնքվում է՝ կողմերի, իսկ մինչեւ տասնվեց տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ էլեկտրոնային պայմանագիր կազմելու միջոցով:»: 

Այս շարադրանքից ակնհայտ է, որ թվային համակարգի միջոցով աշխատանքային պայմանագրի կնքումը ոչ թե այլընտրանքային, այլ պարտադիր տարբերակ է, ուստի աշխատանքի ընդունվելու ցանկություն ունեցող քաղաքացին պարտավոր է մինչեւ պայմանագրի կնքումը ունենալ էլեկտրոնային թվային ստորագրություն (ինչն էլ ոչ բոլոր քաղաքացիներին է հասանելի՝ պայմանավորված ոչ միայն այդ ստորագրության հետ կապված ծախսերի, այլեւ համակարգչային տեխնիկայի ու ինտերնետի հասանելիության եւ համապատասխան գիտելիքների բացակայության հետ): Բնականաբար, նման իրավիճակը կարող է հանգեցնել այնպիսի երեւույթների ի հայտ գալուն, ինչպիսիք են՝ պոտենցիալ աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի կնքումից խուսափելը, աշխատուժի առաջարկի արհեստական սահմանափակումը, ընդունված օրենսդրական նորմերի անտեսումը, անօրինական աշխատանքի ծավալներ հնարավոր աճը եւ այլն:

Եթե տվյալ խնդիրը դիտարկենք սկզբունքային տեսանկյունից, այսինքն՝ փորձենք պատասխանել այն հարցին, թե սկզբունքորեն ո՞վ պետք է կրի առաջարկվող թվային համակարգի կիրառման հետ կապված ծախսերը, ապա առաջին հերթին պետք է քննարկել այս համակարգի նպատակները եւ թե ո՞վ է տվյալ համակարգի հիմնական շահառուն: Մասնավորապես, Նախագծի 11-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենսգրքի նոր՝ 13.1-ին գլխի 102.1.-ին հոդվածով հստակ սահմանվում է, որ. 

«1. Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգը տվյալների ամբողջություն է, որի նպատակն է՝

1) ապահովել աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի, ինչպես նաեւ դրանցում փոփոխությունների վերաբերյալ տվյալների մուտքագրմամբ կնքումը (ընդունումը) եւ օգտագործումը, ինչպես նաեւ մուտքագրումից հետո այդ տվյալների տպելու հնարավորությունը. 

2) աջակցել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացմանը:

2. Թվային համակարգի կիրառման հիմնական սկզբունքներն են՝ 

1) աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության արդյունավետության ապահովումը. 

2) թվային համակարգից սույն օրենսգրքով սահմանված կարգով օգտվելու իրավասություն ունեցող աշխատանքային հարաբերությունների կողմերի համար՝ թվային համակարգում առկա տվյալների ցանկացած պահի հասանելիությունը:»:

Տվյալ հոդվածից, կարծում ենք, ակնհայտ է դառնում, որ այս թվային համակարգի շահառուներ են հանդիսանում պետությունը (ի դեմս հարկային եւ տեսչական մարմինների) եւ աշխատողներն ու նրանց գործատուները՝ պայմանագրի տվյալներին հասանելիության մասով: Եթե հաշվի առնենք նաեւ, որ աշխատողներն ու նրանց գործատուներն իրենց կողմից կնքված պայմանագրի տվյալներին հասանելիության մասով, այսպես, թե այնպես որեւէ սահմանափակում չունեն, ապա կարելի է փաստել, որ տվյալ համակարգի եւ դրա ներդրման  միակ շահառուն պետությունն է: Հետեւաբար, լինելով թվային համակարգի՝ որպես վերահսկողության գործիքի ներդրման միակ շահառու, կարծում ենք, այնքան էլ արդարացված չէ այդ համակարգի ֆինանսական հիմնական բեռը վերահսկվողների վրա դնելը (առավել եւս, որ վերահսկվողները այս գործիքի ներդրման առումով չունեն համապատասխան մոտիվացիա եւ, բնականաբար, հնարավոր բոլոր ձեւերով կաշխատեն շրջանցել այն):

Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաեւ խիստ կարեւորելով աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրման խնդրի լուծումը, առաջարկում ենք որոշակիորեն վերաիմաստավորել տվյալ Նախագծով ներկայացված գաղափարը: Մասնավորապես, առաջարկում ենք Նախագծով սահմանել, որ գոնե թվային էլեկտրոնային ստորագրության ձեռք բերման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին, կամ էլ տվյալ թվային համակարգը ներդնել աստիճանաբար՝ այն սահմանելով որպես աշխատանքային պայմանագրերի կնքման այլընտրանքային տարբերակ, այսինքն՝ դրա կիրառումն իրականացնել բացառապես կամավոր հիմունքներով: Բնականաբար, տվյալ համակարգի ներդրման գործընթացն ապահովելու եւ արագացնելու նպատակով հարկ կլինի որոշ արտոնություններ սահմանել այն գործատուների համար, որոնք ամբողջությամբ կանցնեն աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին (օրինակ՝ նրանց համար սահմանելով շահութահարկի 2 կամ 3 տոկոսի չափով նվազեցում): 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման եւ վերաիմաստավորման կարիք ունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

10.09.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք), ինչպես նաեւ փոփոխություն կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում: 

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) ընդունմամբ ակնկալվում է թվային համակարգի ներդրման միջոցով թվայնացնել Հայաստանի Հանրապետությունում թե պետական, թե մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը՝ աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով: Բացառություն է կազմելու հանրային պաշտոն եւ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց հետ աշխատանքային հարաբերությունների ծագումը՝ ոլորտային առանձնահատկությամբ պայմանավորված: Միաժամանակ բացառություն են կազմելու առանձին պաշտոններ զբաղեցնող անձանց հետ ծագող աշխատանքային հարաբերությունները, որոնց վերաբերյալ տեղեկությունների հրապարակման սահմանափակումներով պայմանավորված՝ անձին վերաբերող տեղեկություններն օրենսդրությամբ սահմանված են որպես գաղտնի կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններ: 

Ակնկալվում է, որ թվային համակարգի առկայությունը մի կողմից հնարավորություն կտա Տեսչական մարմնին իրականացնել պատշաճ պետական վերահսկողություն, ինչի արդյունքում աշխատողներն ու գործատուները հստակ պատկերացում կկազմեն, թե ինչ է ենթադրում աշխատանքային հարաբերությունների պաշտպանությունը, իսկ մյուս կողմից թվային համակարգը հնարավորություն կընձեռի աշխատողներին ունենալու օրենսդրությամբ նախատեսված պահանջներին բավարարող աշխատանքային պայմանագրեր, աշխատողն ինքնուրույն կկարողանա հսկել իր աշխատանքային հարաբերություններից բխող իրավունքների պահպանված լինելու հանգամանքը եւ զերծ մնալ անօրինական աշխատանքում ներգրավվելու դեպքերից եւ շահագործումից:

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ առաջարկությունն ու նկատառումը.

1. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով» բառերը եւ 14-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ, ինչի արդյունքում նշված 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունը կունենա հետեւյալ խմբագրությունը.

«Աշխատողի եւ գործատուի միջեւ աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով»:

Առաջարկում ենք վերոնշյալ նախադասության մեջ «աշխատանքային պայմանագրով» բառերից հետո ավելացնել «բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի» բառերը.

2. Միաժամանակ կարեւորում ենք մինչեւ օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը գործատուներին պատշաճ իրազեկելու միջոցառումների իրականացումը՝ ներառյալ սեմինարների կազմակերպում, համապատասխան ուղեցույցների տրամադրում, տեխնիկական հարցերով աջակցության տրամադրում եւ այլն: 


Եզրահանգում

Հաշվի առնելով վերոնշյալ առաջարկությունը՝ կարծում ենք, որ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը որոշ լրամշակման կարիք ունի:

Նախագծերի փաթեթում ներառված ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                          ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

 Հեռ.՝ 011-513-235, 16-18

 24.09.2024թ.