ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ  լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-902-27.08.2024-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ  փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-902.1-27.08.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-902-27.08.2024-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ  փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-902.1-27.08.2024-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ  լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 2-րդ հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 29-րդ հոդվածում նոր լրացվող 11-րդ հոդվածի համաձայն՝ «Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված ինքնաբացարկի հիմքերը բացահայտելու անհրաժեշտության դեպքերում դատարանը դատական նիստի ծանուցագրում նշում է կատարում այդ մասին: Եթե կողմը, ծանուցված լինելով ինքնաբացարկի հիմքերը բացահայտելու նպատակով հրավիրված դատական նիստի մասին, չի ներկայանում դատական նիստին կամ չի ներկայացնում դատական նիստը հետաձգելու վերաբերյալ հիմնավորված միջնորդություն, ապա դատարանը ինքնաբացարկի հիմքերը կողմերին բացահայտում է գրավոր եղանակով: Նշված ծանուցագիրը ստանալու պահից եռօրյա ժամկետում ինքնաբացարկի հիմքերի վերաբերյալ գրավոր դիրքորոշում չներկայացվելու դեպքում ինքնաբացարկը համարվում է կողմի կողմից անտեսված:»: Այսինքն նախատեսվում է Օրենսգրքի 29-րդ հոդվածի 10-րդ մասի իրացման գրավոր ընթացակարգ, սակայն վերջինս իր բնույթով բանավոր ընթացակարգով իրացվող դատավարական գործընթաց է, քանզի Օրենսգրքի 29-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ «Դատավորը պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որոնք ենթակա են արձանագրման: Տվյալ գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզմունք ունենալու դեպքում դատավորը կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկն անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի քննությունը:»: Այսինքն դատավարի կողմից ներկայացված ինքնաբացարկի հիմքերի վերաբերյալ ոչ միայն անհրաժեշտ է տեղեկանալ եւ դիրքորոշում ներկայացնել, այլ նաեւ առանց դատարանի մասնակցության  համաձայնեցնել ինքնաբացարկի հիմքերը անտեսելու որոշումը: Հետեւաբար գտնում ենք, որ Օրենսգրքի 29-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումների էության համատեքստում կարող են խնդրահարույց լինել Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 29-րդ հոդվածում նոր լրացվող 11-րդ հոդվածի կարգավորումները եւ առաջարկում ենք այն վերանայել:

2. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 155.2-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Իրավունքի իրականացման սահմանափակման ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի վերականգնելու իրավունքի իրականացումը՝ վերացնելով կիրառված ժամանակային կամ քանակական պայմանները:»: Ցանկանում ենք նշել, որ Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 155.2-րդ հոդվածի 2-րդ մասով դատարան միջնորդություններ ներկայացնելը եւս հանդիսանում է սահմանափակման ենթակա իրավունք: Հետեւաբար  Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 155.2-րդ հոդվածի 6-րդ մասը կարող է առաջացնել կիրառական խնդիրներ, քանզի միջնորդություն ներկայացնելու իրավունքը սահմանափակված անձը չի կարող Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 155.2-րդ հոդվածի  տրամաբանությամբ միջնորդություն ներկայացնել դատարան՝ անկախ բովանդակությունից:

3. Նախագծի 7-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության վարչական  դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի վերնագրին:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 

10.09.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 

10.09.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է օրենսդրական հիմքեր սահմանել քաղաքացիական դատավարության ընթացքում դատական նիստից դուրս դատական տուգանք սանկցիայի տեսակի կիրառման, բողոքարկման հանգամանքով պայմանավորված՝ դատական տուգանք կիրառելու մասին որոշման կատարման կասեցման, վերադաս դատական ատյանների կողմից գործի քննությունը դռնփակության կարգով շարունակելու հարցի իրավական հնարավորության ապահովման, իրավունքների իրականացման սահմանափակում սանկցիայի տեսակի նախատեսման, ինքնաբացարկի հիմքերը գրավոր ընթացակարգով կողմերի առջեւ բացահայտելու կառուցակարգի ներդրման, ինչպես նաեւ գործի քննության ընթացքում դատական կազմի փոփոխման հետեւանքների որոշակիացման համար:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում եւ այս առումով դիտողություններ եւ առաջարկություններ չկան, սակայն կցանկանայինք ուշադրություն հրավիրել տեխնիկական բնույթի մեկ խնդրի վրա: Մասնավորապես, Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով առաջարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի նոր՝ 5.2.-րդ մասով սահմանվում է, որ. «Եթե սույն հոդվածով նախատեսված կարգով գործի (վերաքննիչ բողոքի) քննությունը շարունակվում է ընդհատման պահից, սակայն գործի (վերաքննիչ բողոքի) քննության համար սույն օրենսգրքով սահմանված եւ մնացած ժամկետը պակաս է մեկ ամսից, ապա այդ ժամկետը երկարաձգվում է մեկ ամսով, իսկ եթե տվյալ գործի կամ բողոքի քննության համար սույն օրենսգրքով նախատեսված ժամկետը հավասար է մեկ ամսվա կամ պակաս է մեկ ամսից, ապա` տվյալ գործի կամ բողոքի քննության համար սույն օրենսգրքով նախատեսված ժամկետով:»: Ստացվում է, որ խնդրո առարկա ժամկետի մասով երկու անգամ (ընդ որում՝ տարբեր) կարգավորումներ են սահմանվում, իսկ մեկ ամսից ավելի ժամկետի դեպքն ընդհանրապես դուրս է մնում կարգավորման դաշտից: Կարծում ենք, այս առումով ընդամենը տեխնիկական բնույթի սխալ է տեղ գտել եւ առաջարկվող լրացման տեքստի  «հավասար է մեկ ամսվա կամ պակաս է մեկ ամսից» արտահայտության փոխարեն պետք է գրվեր «հավասար է մեկ ամսվա կամ ավել է մեկ ամսից» արտահայտությունը:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

30.08.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության եւ վարչական դատավարության օրենսգրքերում: 

Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում սահմանել այնպիսի կառուցակարգեր, որոնք ուղղված են դատավարական գործընթացներում իրավունքի չարաշահման դեպքերի նվազեցմանը եւ գործերի՝ ողջամիտ ժամկետներում քննության ապահովմանը: Մասնավորապես, ակնկալվում է սահմանել դատական սանկցիայի նոր տեսակ, այն է՝ իրավունքի իրականացման սահմանափակում, ինչպես նաեւ ակնկալվում է սահմանել դատական տուգանք սանկցիայի կիրառման առավել արդյունավետ մեխանիզմներ՝ իրավունքի չարաշահման դեպքերը նվազեցնելու, դատավարության մասնակիցների իրավաչափ, բարեխիղճ վարքագիծն ապահովելու նպատակներով: Նախատեսվում է նաեւ սահմանել ինքնաբացարկի հիմքերը գրավոր ընթացակարգով բացահայտելու եւ դատական կազմի կամ դատական կազմում ընդգրկված դատավորի փոփոխության դեպքում գործերի քննությունը շարունակելու կառուցակարգեր, որը կնպաստի գործերի ողջամիտ ժամկետներում քննությանը: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                          ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

11.09.2024թ.