ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-897-13.08.2024-ԱռՀ-011/0) եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8971 -13.08.2024-ԱռՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-897-13.08.2024-ԱռՀ-011/0) եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-8971 -13.08.2024-ԱռՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ)  մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) նոր խմբագրությամբ շարադրվող 46-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում են այն բժշկական արտադրատեսակները, որոնց շրջանառությունը թույլատրվում է առանց պարտադիր գրանցման: Հատկանշական է, որ քննարկվող նորմում նշված բժշկական արտադրանքների շարքում ընդգրկված չեն Օրենքի գործող 46-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված նոր, բնաօջախային կամ հատկապես վտանգավոր վարակային հիվանդությունների ախտորոշման համար կիրառվող բժշկական արտադրատեսակները: Վերոգրյալի արդյունքում ներկայումս օրինական շրջանառության մեջ գտնվող եւ գրանցման չստացած նոր, բնաօջախային կամ հատկապես վտանգավոր վարակային հիվանդությունների ախտորոշման համար կիրառվող բժշկական արտադրատեսակները Նախագծի ընդունումից հետո պարտադիր ենթակա են լինելու գրանցման: Մինչդեռ՝ Նախագծով սահմանված չէ որեւէ անցումային դրույթ, որով կսահմանվի, թե ինչ ընթացակարգով եւ ժամկետում է կատարվելու ներկայումս օրինական շրջանառության մեջ գտնվող նոր, բնաօջախային կամ հատկապես վտանգավոր վարակային հիվանդությունների ախտորոշման համար կիրառվող բժշկական արտադրատեսակների գրանցումը՝ Նախագծով նախատեսված կարգավորումների անցումը ապահովելու նպատակով:

2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 46-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված է, որ լիազոր մարմնի կողմից սահմանված դեպքերում պետության կարիքների համար ներմուծվող բժշկական արտադրատեսակների շրջանառությունը թույլատրվում է առանց պարտադիր գրանցման: Նշենք, որ այս դրույթը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, մասնավորապես՝ հասկանալի չէ, թե ինչու է տարբերակված մոտեցում ցուցաբերվում պետության կարիքների համար ներմուծվող բժշկական արտադրատեսակների համար՝ դրանց շրջանակը սահմանելու իրավասությունը վերապահելով լիազոր մարմնին, եթե պարտադիր գրանցման կարիք չունեցող մյուս բոլոր բժշկական արտադրատեսակները սպառիչ սահմանված են Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 46-րդ հոդվածի 1-ին մասով: 

3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 46-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված է. 

«2. Բժշկական արտադրատեսակների գրանցումը, գրանցման մերժումը, կասեցումը եւ գրանցման հավաստագրի անվավեր ճանաչումը, գրանցման հավաստագրերի կրկնօրինակների տրամադրումը եւ գրանցման հավաստագրում փոփոխությունները իրականացնում է լիազոր մարմինը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: Ընդ որում, միանման պահանջներ են ներկայացվում ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարածք այլ պետություններից ներմուծվող բժշկական արտադրատեսակների դեպքում:

3. Բժշկական արտադրատեսակների գրանցումը, գրանցման մերժումը, կասեցումը եւ գրանցման հավաստագրի անվավեր ճանաչումը լիազոր մարմինը կարող է իրականացնել նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, որի համաձայն գրանցված բժշկական արտադրատեսակները կշրջանառվեն միայն Հայաստանի Հանրապետության տարածքում:»

Վերոգրյալ դրույթների կապակցությամբ հարկ է նկատել, որ դրանք սահմանում են համանման կարգավորումներ եւ, դրանց բավարար հստակության բացակայության պատճառով, հասկանալի չէ, թե ինչպես է որոշվում՝ նշված երկու դրույթներից որն է կիրառվելու: Այսպես՝ վերը մեջբերված երկու դրույթների համադրությունից բխում է, որ երկու դեպքում էլ նույն գործառույթներն (Բժշկական արտադրատեսակների գրանցումը, գրանցման մերժումը, կասեցումը եւ գրանցման հավաստագրի անվավեր ճանաչումը)  իրականացնում է լիազոր մարմինը, առաջին դեպքում՝ օրեսնդրությամբ սահմանված կարգով, երկրորդ դեպքում՝ Կառավարության սահմանած կարգով: Այսինքն՝ քննարկվող երկու դրույթներով կարգավորվում են նույն մարմնի կողմից նույն գործառույթները իրականացնելու հարցը, եւ միակ տարբերությունն այն է, թե ինչի հիման վրա են իրականացվում այդ գործառույթները՝ օրենսդրության, թե Կառավարության կողմից սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, որով սահմանված է, որ օրենսդրությունը օրենսդրական եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ամբողջությունն է: Ինչից բխում է, որ Կառավարության կողմից սահմանված կարգը, որն իրենից ներկայացնում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ, ներառված է «օրենսդրություն» հասկացության մեջ, հետեւաբար հասկանալի չէ, թե երբ է քննարկվող նորմերում նշված գործառույթը լիազոր մարմնի կողմից կատարվելու հիմք ընդունելով օրենսդրությամբ սահմանված կարգը եւ երբ՝ միայն Կառավարության կողմից սահմանված կարգը: 

Հատկանշական է նաեւ, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 46-րդ հոդվածի 3-րդ մասով նշված է, որ Կառավարության սահմանած կարգով գրանցված բժշկական արտադրատեսակները կշրջանառվեն միայն Հայաստանի Հանրապետության տարածքում: Ինչից բխում է, որ Կառավարության սահմանած կարգով սահմանված գործառույթներն իրականացվում են միայն Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառվող բժշկական արտադրատեսակների նկատմամբ: Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 46-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված է, որ այդ հոդվածով կարգավորվող լիազոր մարմնի գործառույթների համար միանման պահանջներ են ներկայացվում ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարածք այլ պետություններից ներմուծվող բժշկական արտադրատեսակների դեպքում: Այսինքն, այս դրույթի համաձայն, անկախ բժշկական արտադրատեսակի՝ Հայաստանի Հանրապետությունում հայտնվելու եղանակից (ներմուծում կամ տեղում արտադրում)՝ Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառվող բոլոր բժշկական արտադրատեսակների համար սահմանվում են միանման պահանջներ: Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաեւ՝ այն հանգամանքը, որ քննարկվող նորմերի ձեւակերպումներից հստակ չէ, թե օրեսնդրությամբ եւ Կառավարության կողմից սահմանված կարգերով սահմանված կարգավորումներն ու ընթացակարգերն իրարից ինչով են տարբերվում՝ նշենք, որ հասկանալի չէ, թե ինչ նպատակ է հետապնդում քննարկվող երկու նորմերի միաժամանակյա առկայությունը: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ նաեւ այն փաստին, որ հասկանալի չէ, թե Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 46-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ընդհանուր եւ պարզեցված ընթացակարգերով բժշկական արտադրատեսակների գրանցումը ինչու է վերաբերում միայն Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 46-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերին:

Բացի այդ՝ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 46-րդ հոդվածի 3-րդ մասում «կարող է» բառերի կիրառությունից բխում է, որ այս դրույթն ունի հայեցողական բնույթ եւ լիազոր մարմինն ինքն է որոշում՝ անհրաժեշտ է արդյոք առաջնորդվել Կառավարության սահմանած կարգով, թե օրենսդրությամբ սահմանված կարգով: 

Վերոգրյալը հիմք ընդունելով՝ կարող ենք փաստել, որ քննարկվող երկու նորմերի միաժամանկյա առկայությունը կարող է հանգեցնել իրավական շփոթի եւ լինել խնդրահարույց իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանության տեսանկյունից:

4. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 46-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերն առաջարկում ենք փոխարինել «Կառավարության» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին)»:

5. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 46-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է. «Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգի համաձայն բժշկական արտադրատեսակները գրանցվում են ընդհանուր եւ պարզեցված ընթացակարգերով»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով կամ Օրենքով սահմանված չեն բժշկական արտադրատեսակների գրանցման ընդհանուր եւ պարզեցված ընթացակարգերի վերաբերյալ ավելի մանրամասն կարգավորումներ՝ առաջարկում ենք կա՛մ Նախագծով սահմանել այդ ընթացակարգերի վերաբերյալ համապարփակ կարգավարումներ, կա՛մ Նախագծով լիազորել համապատասխան իրավասություն ունեցող մարմնին՝ ընթացակարգերի վերաբերյալ մանրամասները սահմանելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

6. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 46-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում Օրենքից հանվում է Օրենքի գործող 46-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դրույթը, այն է. «Հայաստանի Հանրապետությունում չափման միջոցների շարքին դասվող բժշկական արտադրատեսակների գրանցման ժամանակ անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան չափագիտական եզրակացություն»: Այս համատեքստում հարկ է նշել, որ Օրենքի 46-րդ հոդվածի 9-րդ մասը փոխկապակցված է Օրենքի 47.4-րդ հոդվածի 7-րդ մասի հետ, որով սահմանված է. «Չափման միջոցների շարքին դասվող բժշկական արտադրատեսակների չափագիտական ապահովման կազմակերպումը կարգավորվում է չափումների միասնականությունն ապահովելու մասին օրենսդրությամբ սահմանված կարգով»: Այսպես՝ Օրենքի 46-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված է, որ չափագիտական եզրակացությունը պարտադիր է չափման միջոցների շարքին դասվող բժշկական արտադրատեսակների գրանցման ժամանակ, իսկ Օրենքի 47.4-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, թե ինչպես է կարգավորվում այդ եզրակացության ստացման գործընթացը: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ նշենք, որ Օրենքում անհրաժեշտ է Օրենքի 46-րդ հոդվածի 9-րդ մասով եւ 47.4-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգավորումների միաժամանակյա առկայությունը կամ երկուսի բացակայությունը: 

7. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 47-րդ հոդվածի 3-րդ մասում նշված «ծրագրային ապահովման բժշկական արտադրատեսակներ» բառերի հետ կապված հարկ է նշել, որ Նախագծում եւ Օրենքում նման հասկացության բացակայության պատճառով հասկանալի չէ, թե որ բժշկական արտադրատեսակներն են համարվում ծրագրային ապահովման: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը՝ առաջարկում ենք սահմանել «ծրագրային ապահովման բժշկական արտադրատեսակներ» հասկացությունը:

8. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 47-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է. «Բժշկական արտադրատեսակի կլինիկական եւ կլինիկա-լաբորատոր փորձարկումներ (հետազոտություններ) անցկացնելու իրավունք ունեն այն բժշկական կազմակերպությունները, որոնք ընդգրկված են լիազոր մարմնի կողմից վարվող՝ բժշկական արտադրատեսակների կլինիկական եւ կլինիկա-լաբորատոր փորձարկումներ (հետազոտություններ) անցկացնելու իրավունք ունեցող բժշկական կազմակերպությունների ցանկում»: Դրանից բխում է, որ բժշկական արտադրատեսակի կլինիկական եւ կլինիկա-լաբորատոր փորձարկումներ (հետազոտություններ) անցկացնելու իրավունքը տրվում է համապատասխան ցանկում ընդգրկված լինելու փաստով պայմանավորված: Մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 47-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Բժշկական արտադրատեսակի կլինիկական փորձարկման եւ «ին վիտրո» (in vitro) ախտորոշման համար նախատեսված բժշկական արտադրատեսակի արդյունավետության գնահատման ինտերվենցիոն կլինիկա-լաբորատոր փորձարկումների (հետազոտությունների) իրականացման թույլտվությունը տալիս է լիազոր մարմինը՝ հաստատելով փորձարկման (հետազոտությունների) ծրագիրը եւ կից փաստաթղթերը՝ Փորձագիտական կազմակերպության փորձագիտական դրական եզրակացության եւ կլինիկական փորձարկումների (հետազոտությունների) էթիկայի հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա»: Այս դրույթից բխում է, որ բժշկական արտադրատեսակի կլինիկական եւ կլինիկա-լաբորատոր փորձարկումներ (հետազոտություններ) անցկացնելու համար անհրաժեշտ է լիազոր մարմնի թույլտվություն: Այսպես՝ վերը մեջբերված երկու դրույթների համադրությունից բխում է, որ դրանցով սահմանվում են տարբեր պահանջներ բժշկական արտադրատեսակի կլինիկական եւ կլինիկա-լաբորատոր փորձարկումներ (հետազոտություններ) անցկացնելու համար. մի դեպքում՝ անհրաժեշտ է լիազոր մարմնի թույլտվություն, մյուս դեպքում՝ անհրաժեշտ է ընդգրկված լինել համապատասխան ցանկում: Վերոգրյալ երկու դրույթների միաժամանակյա առկայության պարագայում նշենք, որ դրանց ձեւակերպումներից հասկանալի չէ, թե որ պահից է բժշկական արտադրատեսակի կլինիկական եւ կլինիկա-լաբորատոր փորձարկումներ (հետազոտություններ) անցկացնելու իրավունքը համարվում տրված, արդյոք անհրաժեշտ է ընդգրկված լինել համապատասխան ցուցակում եւ միաժամանակ ստանալ լիազոր մարմնի թույլտվություն, թե դրանցից միայն մեկի առկայությունն արդեն իսկ բավարար է, ինչպես նաեւ՝ եթե դրանք երկուսն էլ անհրաժեշտ են, ապա ինչ հերթականությամբ պետք է իրականացվեն: Առաջարկում ենք որոշակիացնել վերոգրյալ դրույթները:

9. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 47-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ բժշկական արտադրատեսակի կլինիկական եւ կլինիկա-լաբորատոր փորձարկումներ (հետազոտություններ) անցկացնելու իրավունք ունեն լիազոր մարմնի կողմից վարվող համապատասխան ցանկում ընդգրկված կազմակերպությունները, ընդ որում՝ նույն հոդվածի 9-րդ մասով սահմանված է. «Լիազոր մամինը հաստատում է բժշկական արտադրատեսակների կլինիկական եւ կլինիկա-լաբորատոր փորձարկումներ (հետազոտություններ) անցկացնելու իրավունք ունեցող բժշկական կազմակերպությունների ցանկում ընդգրկելու եւ ցանկից հանելու կարգը»: Վերոգրյալից բխում է, որ բժշկական արտադրատեսակի կլինիկական եւ կլինիկա-լաբորատոր փորձարկումներ (հետազոտություններ) անցկացնելու իրավունքի տրամադրման եւ դադարեցման հիմքերը սահմանվում են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով, ինչը չի բացառում այդ հարցում հայեցողության դրսեւորումը: Հետեւաբար առաջարկում ենք առնվազն ցանկում ընդգրկվելու եւ ցանկից հանվելու համար հիմք հանդիսացող չափանիշները սահմանել Նախագծով:

10. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 47-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանվում է. «Բժշկական արտադրատեսակի կլինիկական եւ կլինիկա-լաբորատոր փորձարկումների (հետազոտությունների) նկատմամբ մասնագիտական դիտարկումները կազմակերպում է լիազոր մարմինը: Լիազոր մարմինն իրավասու է հայտատուից պահանջելու՝ փոխել կլինիկական փորձարկման (հետազոտության)  ծրագիրը կամ դադարեցնել այն: Մասնագիտական դիտարկումներն իրականացնելու եւ կլինիկական փորձարկումները (հետազոտությունները) դադարեցնելու, ինչպես նաեւ կլինիկական փորձարկումների (հետազոտությունների) ծրագրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կարգը սահմանում է լիազոր մարմինը»: 

Քննարկվող նորմի համաձայն՝ լիազոր մարմինն իրավասու է հայտատուից պահանջելու՝ փոխել կլինիկական փորձարկման (հետազոտության)  ծրագիրը կամ դադարեցնել այն: Այս կապակցությամբ հարկ է անդրադառանալ այն փաստին, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 47-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ փորձարկման (հետազոտության)  ծրագիրը հաստատվում է լիազոր մարմնի կողմից: Հետեւաբար քննարկվող նորմում անհրաժեշտ է հստակեցնել, թե արդյոք դրանում նշված փոփոխությունը կատարվում է ծրագրի հաստատումից առաջ, թե՝ հետո: Բացի այդ՝ հատկանշական է, որ Նախագծից հստակ չէ, թե որ դեպքում լիազոր մարմինը կարող է պահանջել փոխել փորձարկման (հետազոտության) ծրագիրը, մինչդեռ փորձարկման (հետազոտության) դադարեցման հիմքերը սպառիչ սահմանվում են Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 47-րդ հոդվածի 11-րդ մասով: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք փորձարկման (հետազոտության) ծրագրի փոփոխման հիմքերը եւս սահմանել Նախագծով:

Միաժամանակ նշենք, որ քննարկվող նորմի վերջին նախադասությամբ նշված է, որ փորձարկումների (հետազոտությունների) ծրագրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կարգը սահմանում է լիազոր մարմինը, մինչդեռ Նախագծով խոսվում է լիազոր մարմնի կողմից փորձարկումների (հետազոտությունների) ծրագրում միայն փոփոխություններ կատարելու հնարավորության մասին, հետեւաբար՝ հասկանալի չէ, թե ով եւ ինչ կարգով կարող է լրացում կատարել փորձարկումների (հետազոտությունների) ծրագրում:

11. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 47-րդ հոդվածի 11-րդ մասի 3-րդ կետով սահմանված է, որ բժշկական արտադրատեսակի կլինիկական եւ կլինիկա-լաբորատոր փորձարկումները (հետազոտություններ) դադարեցվում են, եթե հետազոտվող բժշկական արտադրատեսակը բավարար արդյունավետ եւ անվտանգ չէ: Նշենք, որ վերը մեջբերված դրույթի բավարար չափով որոշակի չլինելու պատճառով հասկանալի չէ, թե ինչպես է որոշվում, որ բժշկական արտադրատեսակը արդյունավետ եւ անվտանգ չէ, ինչ ընթացակարգով է դա կատարվում, ում կողմից եւ ինչ իրավական ակտով է կարգավորվում: 

12. Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանության տեսանկյունից: 

Միաժամանակ՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հստակությունը եւ դրանց համապատասխանությունը միմյանց եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

23.08.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքների եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

23.08.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) նախատեսվում է բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման համակարգի ներդրման անցումային դրույթները համապատասխանեցնել 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների եւ բժշկական տեխնիկայի)  շրջանառության միասնական սկզբունքների եւ կանոնների մասին» համաձայնագրով սահմանված պահանջներին: Առաջարկվում է նաեւ բժշկական արտադրատեսակների սպասարկում տեսակով գործունեության իրականացման համար տրված լիցենզիայով թույլատրել բժշկական արտադրատեսակների սպասարկմամբ զբաղվել լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրում եւ այդ վայրից դուրս:

Փաթեթի ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթը վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ 

գլխավոր մասնագետ  Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

21.08.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել են ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): 

Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների եւ բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների եւ կանոնների մասին համաձայնագրում (այսուհետ՝ Համաձայնագիր) եւ ոլորտը կարգավորող ԵՏՀ որոշումներում կատարված փոփոխություններով:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է ԵԱՏՄ կարգերին համապատասխան բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման համակարգի ներդրման անցումային դրույթները համապատասխանեցնել Համաձայնագրով սահմանված պահանջներին, ինչպես նաեւ առաջարկվում է թույլատրել «բժշկական արտադրատեսակների սպասարկում» տեսակով գործունեության իրականացման համար տրված լիցենզիայով բժշկական արտադրատեսակների սպասարկմամբ զբաղվել եւ լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրում եւ այդ վայրից դուրս:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                              ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

26.08.2024թ.