ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-835-26.04.2024-ՊԱ-011/0), «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8351 -26.04.2024-ՊԱ-011/0), «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8352 -26.04.2024-ՊԱ-011/0), «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8353 -26.04.2024-ՊԱ-011/0), «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8354 -26.04.2024-ՊԱ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8355 -26.04.2024-ՊԱ-011/0), «Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8356 -26.04.2024-ՊԱ-011/0), «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8357 -26.04.2024-ՊԱ-011/0)եւ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8358 -26.04.2024-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-835-26.04.2024-ՊԱ-011/0), «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-8351 -26.04.2024-ՊԱ-011/0),  «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-8352 -26.04.2024-ՊԱ-011/0), «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-8353 -26.04.2024-ՊԱ-011/0), «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-8354 -26.04.2024-ՊԱ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-8355 -26.04.2024-ՊԱ-011/0), «Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-8356 -26.04.2024-ՊԱ-011/0), «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-8357 -26.04.2024-ՊԱ-011/0) եւ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-8358 -26.04.2024-ՊԱ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածով նախատեսվում է մի շարք սուբյեկտների համար սահմանել պարտականություն տեսահսկման համակարգեր տեղադրելու եւ դրանց հասանելիություն տրամադրելու Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը (այսուհետ նաեւ՝ ոստիկանություն): Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ (այսուհետ՝ Հիմնավորում)՝ որպես մի շարք սուբյեկտների համար նման պարտականություն սահմանելու պատճառ նշվում է ոստիկանության գործունեության արդյունավետությունը բարձրացնելը հասարակական կարգի պահպանության եւ հանցավորության դեմ պայքարի ոլորտներում, այդ թվում՝ հանցագործությունների կանխման եւ բացահայտման դեպքում: Հիմնավորմամբ նաեւ անդրադարձ է կատարվել այն հարցին, թե արդյոք տեսահսկման համկարգերի տեղադրման արդյունքում առաջանում է անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի եւ նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքի սահմանափակում, ինչպես նաեւ թույլատրվում է արդյոք վերոնշյալ դեպքում պետական մարմինների միջամտությունը: Այնուամենայնիվ, Հիմնավորմամբ առկա չէ որեւէ հիմնավորում առ այն, որ տեսահսկման համկարգերի տեղադրման արդյունքում պետական մարմինների միջամտություն տնտեսվարող սուբյեկտների տնտեսական գործունեությանը չի առաջանում: 

Սահմանադրության 11-րդ հոդվածով սահմանված է, որ տնտեսական գործունեության ազատությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքերից է, Սահմանադրության 59-րդ հոդվածով սահմանվում է, որ տնտեսական գործունեության ազատությունը եւ տնտեսական մրցակցության երաշխավորումը համարվում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունք եւ ազատություն: Այս դեպքում անհրաժեշտ է հասկանալ, թե արդյոք Նախագծով տեսահսկման համակարգեր տեղադրելու եւ այդ համակարգերին ոստիկանության մշտական հասանելիություն ապահովելու միջոցով տնտեսվարող սուբյեկտների տնտեսական գործունեությանը միջամտելը, նրանց վրա ֆինանսական բեռ դնելը համապատասխանում է Սահմանադրության պահանջներին: Տնտեսական գործունեության ազատությունը նշանակում է իրավաբանորեն երաշխավորված հնարավորություն` ազատորեն օգտագործելու սեփական ընդունակություններն ու գույքն օրենքով չարգելված տնտեսական գործունեության համար, այն է` իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն։ Վերջինս հանդես է գալիս որպես տնտեսավարող սուբյեկտի ինքնուրույն, իր ռիսկով ու օրենքով սահմանված կարգով իրականացվող գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է (ՍԴՈ 903):

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքի հետ որեւէ առնչակցություն ունեցող ցանկացած օրենսդրական կարգավորում, դրա մեկնաբանություն եւ կիրառում եւս պետք է համապատասխանեն նշյալ իրավունքի առնչությամբ Սահմանադրությամբ ամրագրված կարգավորումներին եւ Սահմանադրական դատարանի՝ ներկայացրած իրավական դիրքորոշումներին։

Այսպես՝ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը:»: Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է համաչափության սկզբունքին եւ դրա առանձին տարրերին: Համաչափության սկզբունքի տարրերից հիմնական իրավունքի սահմանափակման նպատակի լեգիտիմությունանը անդրադարձ կատարվել է Հիմնավորմամբ՝ անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի եւ նամակագրության անձեռնմխելիության իրավունքի քննարկման շրջանակում: Այս դեպքում հարկ է անդրադառնալ ընտրված միջոցի անհրաժեշտությանը, ինչը ենթադրում է, որ ընտրված միջոցը` այլ միջոցների համեմատ նույն ներգործությամբ, պետք է ենթադրի ամենամեղմ միջամտությունը որեւէ հիմնական իրավունքին կամ ազատությանը: Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու բոլոր պիտանի միջոցներից պետք է ընտրվի այն օրենսդրական միջոցը, որը նպատակին հասնելու նույն հավանականությամբ, այսինքն՝ նույն արդյունավետությամբ, սակայն առավել մեղմ է սահմանափակում որեւէ հիմնական իրավունք կամ ազատություն (ՍԴՈ-1546): Կարծում ենք, որ Նախագծով ընտրված միջոցը, այն է՝ տնտեսվարող սուբյեկտներին պարտադրել իրենց միջոցների հաշվին իրենց տնտեսական գործունեության ողջ տարածքում սահմանված չափանիշներին համապատասխանող տեսահսկման համակարգ տեղադրելը, ոստիկանությանը դրան շուրջօրյա մշտական հասանելիություն տրամադրելը, եւ վերոնշյալը չկատարելու համար նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հազարապատիկի չափով տուգանքով պատասխանատվության ենթարկվելը ամենամեղմ միջամտության միջոցը չէ: 

Այս համատեքստում հարկ է նկատել, որ «Ոստիկանության մասին» օրենքով (այսուհետ նաեւ` Օրենք) արդեն իսկ սահմանված են կարգավորումներ հասարակական վայրերում տեսահսկման համակարգեր կիրառելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ չհամարակալված պարբերությամբ սահմանված է. «Հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունը (այդ թվում` ճանապարհային երթեւեկության անվտանգությունը) ապահովելիս ոստիկանությունը կարող է հանրային վայրերում օգտագործել անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Հանրային վայրերում տեխնիկական միջոցներով վերահսկողություն իրականացնելիս այդ մասին հրապարակվում է նախազգուշացում: Սույն մասով նախատեսված նախազգուշացումը կատարվում է վերահսկողության մասին տեսանելի վայրերում ցուցանակներ տեղադրելու եւ տեխնիկական միջոցներով վերահսկվող փողոցների հասցեները կամ վերահսկվող տարածքների նկարագրերը ոստիկանության պաշտոնական կայքէջում հրապարակելու միջոցով: Հանրային վայրերում անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները տեղադրվում են ոստիկանության համապատասխան տարածքային մարմնի ղեկավարի կամ ոստիկանության պետի լիազորած իրավասու ստորաբաժանման ղեկավարի որոշմամբ` հաշվի առնելով տվյալ տարածքում կատարվող հանցագործությունների եւ հասարակական կարգի խախտումների կանխարգելման անհրաժեշտությունը` համաձայնեցնելով համապատասխան համայնքի ղեկավարի հետ: Մասնավոր սեփականություն հանդիսացող հանրային վայրերում անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները տեղադրվում, կամ սեփականատիրոջ տեխնիկական միջոցներին ոստիկանության համար հասանելիությունն ապահովվում է սեփականատիրոջ համաձայնությամբ` նրա հետ կնքված պայմանագրով»: 

Վերը մեջբերված դրույթից բխում է, որ Օրենքով նախատեսված է հնարավորություն՝ մասնավոր սեփականություն հանդիսացող հանրային վայրերի տեսահսկման համակարգին հասանելիություն ստանալու համար սեփականատերերի հետ պայմանագիր կնքելու, ինչը, համեմատած Նախագծով ընտրված միջոցի, առավել մեղմ միջոց է: Հատկանշական է նաեւ, որ այս դեպքում տնտեսվարող սուբյեկտների վրա չի դրվում ֆինանսական բեռ, որպեսզի ապահովվի ոստիկանության առջեւ դրված հասարակական կարգի պահպանության եւ հանցավորության դեմ պայքարի, այդ թվում՝ հանցագործությունների կանխման եւ բացահայտման խնդիրների կատարումը տնտեսվարող սուբյեկտների ֆինանսական միջոցների հաշվին:

Այս համատեքստում հարկ է նկատել նաեւ, որ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի հետ Նախագծի դրույթների համադրության արդյունքում հասկանալի չէ, թե ինչ օբյեկտիվ հիմքով է պայմանավորված այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող 4-րդ կետում նշված բոլոր տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են իրենց միջոցներով տեղադրել տեսահսկման համակարգեր, երբ ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի դեպքում նման պահանջ առկա չէ, այլ առկա է միայն այդպիսի համակարգ ունեցող կայանատեղերի համար ոստիկանությանը հասանելիություն տրամադրելու պահանջ: Ավելին՝ ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի դեպքում այնտեղ տեղակայված տեսանկարահանող սարքերով իրավախախտումներ արձանագրելու դեպքում դրանց վերաբերյալ իրականացված վարչական վարույթների արդյունքում կայացված որոշումների հիման վրա իրավախախտումը կատարած անձանցից գանձված գումարի 25%-ը փոխանցվում է այն տեղական ինքնակառավարման մարմին, որի տարածքում գտնվում է այդ կայանատեղին, մինչդեռ տնտեսվարող սուբյեկտների համար որեւէ նման հատուցում առկա չէ: Առաջարկում ենք վերոգրյալը հիմք ընդունելով խմբագրել Նախագծով սահմանվող կարգավորումները: 

Բացի այդ՝ հարկ է նշել, որ Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ չհամարակալված պարբերությամբ նշված է. «Տեսաձայնագրումը, տեսանկարահանումը եւ լուսանկարահանումն իրականացվում են միայն ծառայողական (ոչ անձնական) տեխնիկական միջոցներով»: Մինչդեռ Նախագծով տեսահսկման համակարգ տեղադրելու պարտականությունը եւ ֆինանսական բեռը դրվում է միայն մասնավոր սեփականություն հանդիսացող հանրային վայրերի սեփականատերերի վրա, ընդ որում՝ այն չտեղադրելու դեպքում այդ անձինք ենթակա են նաեւ վարչական պատասխանատվության՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով տուգանքի տեսքով: Նշենք, որ այս դեպքում տեսահսկման համակարգերը չեն համարվում ծառայողական, ինչի արդյունքում Նախագծի 1-ին հոդվածով սահմանվող կարգավորումներով եւ Օրենքի 22-րդ հոդվածի գործող դրույթներով միաժամանակ սահմանվում են նույն հարցի վերաբերյալ երկու տարբեր մոտեցումներ: 

Նշենք, որ վերոնշյալ դիտողությունները բխում են նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ հադվածից, որով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները»:

Հատկանշական է նաեւ այն փաստը, որ նույն հարաբերությունները կարգավորող Օրենքի եւ Նախագծի դրույթները համադրելու արդյունքում ակնհայտ է, որ Օրենքով սահմանված կարգավորումներն առավել ամբողջական ու հստակ են: Մասնավորապես՝ Օրենքով սահմանված են ոչ միայն տեսահսկման համակարգերի տեղադրման եւ հասանելիության վերաբերյալ դրույթներ, այլեւ ստացված տվյալների օգտագործման, օգտագործումից հետո ոչնչացման եւ այլ կարգավորումներ, ինչը Նախագծով սահմանվող կարգավորումներից բացակայում է:

2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող 6-րդ կետում նշված «ՀՀ» արտահայտությունն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է. «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող 7-րդ կետում նշված «ՀՀ» հապավմանը:

3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող 6-րդ կետով սպառիչ թվարկվում են, թե ինչ նպատակով կարող է իրականացվել տվյալների մշակում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից: Այնուամենայնիվ, սահմանված չէ, թե ինչպես է իրականացվելու տվյալների մշակման նկատմամբ վերահսկողություն այնպես, որ բացառվի Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող 6-րդ կետով սահմանված նպատակներից դուրս տվյալների մշակումը, ինչպես նաեւ՝ սահմանված չէ: 

4. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող 7-րդ կետի «գ» ենթակետով սահմանված է. «ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից տեսահսկման համակարգերը կարող են կիրառվել նաեւ հետեւյալ նպատակներով (…) օրենքով չարգելված նպատակներով պետական եւ ոչ պետական կազմակերպություններին վճարովի հիմունքներով անհրաժեշտ վերլուծական տվյալների տրամադրման»: 

Քննարկվող նորմի կապակցությամբ նշենք, որ այն ունի հստակեցման կարիք: Մասնավորապես՝ հասկանալի չէ, թե տեսահսկման համակարգով ստացված որ տվյալները կարող են համարվել «վերլուծական տվյալներ», թե ինչու այդ տվյալները ստանալու իրավունք ունեցող սուբյեկտների շարքում ներառված չեն ֆիզիկական անձինք, թե այդ տվյալների տրամադրման համար ինչ վճար է գանձվում եւ ինչ իրավական ակտով է դա սահմանվում եւ այլն: Առաջարկում ենք, վերոնշյալ դիտարկումները հաշվի առնելով, հստակեցնել քննարկվող նորմը եւ դրա իրավաչափությունը:

5. Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

Այս դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծերի փաթեթում առկա վերնագիր ունեցող բոլոր հոդվածներին: 

6. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածում լրացվող նոր՝ 8-րդ մասով սահմանվում է հարյուր քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող առեւտրի օբյեկտները տեսահսկման համակարգով ապահովելու պարտադիր պահանջ: Նշենք, որ վերոնշյալ լրացման հետ համատեղ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում որեւէ լրացում կամ փոփոխություն չկատարելու արդյունքում տարածքը տեսահսկման համակարգով ապահովված լինելու վերաբերյալ պահանջի կատարումը վաճառողի համար չի համարվում պարտադիր:

Միաժամանակ նշենք, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում որեւէ փոփոխություն չկատարելու արդյունքում քննարկվող նորմով սահմանված հարյուր քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող առեւտրի օբյեկտները տեսահսկման համակարգով ապահովելու պարտադիր պահանջի նկատմամբ հսկողություն իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները, մինչդեռ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով կատարվող լրացումների արդյունքում տարածքը տեսահսկման համակարգով ապահովելու պահանջը խախտելու հետ կապված իրավախախտումները քննելու եւ վարչական տույժ նշանակելու իրավասությունը վերապահված է ոստիկանությանը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով կատարվող լրացումներին: Հետեւաբար՝ առաջարկում ենք վերոգրյալ դիտարկումների հիման վրա շտկել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի բոլոր հոդվածներում առկա հակասական կարգավորումները:

7. «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածում լրացնել նոր՝ «ե1» կետ, որով սահմանվում է գրավատան տարածքը տեսահսկման համակարգով ապահովված լինելու վերաբերյալ պահանջ: Հարկ է նկատել, որ «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» օրենքի 4-րդ գլխով կարգավորվում է այդ օրենքով սահմանված պահանջների խախտման համար պատասխանատվություն նախատեսելու հարցը: Մասնավորապես՝ «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Սույն օրենքի խախտման դեպքերում լիազոր մարմինը գրավատների նկատմամբ կիրառում է հետեւյալ պատասխանատվության միջոցները (...)»: «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ այդ օրենքի իմաստով լիազոր մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը: Վերոգրյալից բխում է, որ նախ՝ «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» օրենքով սահմանված ցանկացած պահանջի խախտման դեպքում պատասխանատվություն սահմանվում է միայն «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» օրենքով, երկրորդ՝ խախտման դեպքում խախտում կատարած անձանց նկատմամբ պատասխանատվություն կիրառում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով կատարվող լրացումներին, որոնց արդյունքում գրավատան տարածքը տեսահսկման համակարգով ապահովված լինելու պահանջի խախտման համար նախատեսվում է պատասխանատվություն, ընդ որում՝ այդ խախտման հետ կապված իրավախախտումները քննելու եւ վարչական տույժ նշանակելու իրավասությունը վերապահված է ոստիկանությանը: Վերոգրյալ վերլուծությունները հիմք ընդունելով՝ կարող ենք նշել, որ գրավատան տարածքը տեսահսկման համակարգով ապահովված լինելու հետ կապված հարաբերություններում առկա է իրավական շփոթ, մասնավորապես՝ այդ պահանջի խախտման նկատմամբ վերահսկողություն եւ պատասխանատվության ենթարկելու իրավասությունը տարբեր մարմիններին վերապահելու եւ, «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» օրենքի 4-րդ գլխի պահանջների համաձայն, միաժամանակ այդ օրենքով եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նույն արարքի համար պատասխանատվություն սահմանելու համար: Առաջարկում ենք այդ գլխում համապատասխան լրացում կատարել «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացման հետ կապված:

8. «Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում առաջարկում ենք «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այդ նախագծով կատարվում է միայն մեկ լրացում: Այս առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից, այն է. «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում առկա «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառին:

9. «Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք հստակեցնել, թե «Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի 17-րդ հոդվածի որ մասում է լրացվում նոր պարբերություն:

10. «Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «(այսուհետ՝ Օրենք)» արտահայտությունն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այդ նախագծով «Օրենք» կրճատ տարբերակն այլեւս չի կիրառվում:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առկա «(այսուհետ՝ Օրենք)» արտահայտությանը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող ենն խնդրահարույց լինել Սահմանադրության որոշակիության եւ համաչափության սկզբունքներին համապատասխանության տեսանկյունից:

Միաժամանակ՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հստակությունը եւ դրանց համապատասխանությունը «Ոստիկանության մասին» օրենքի, «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

17.05.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքների եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

17.05.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով նախատեսվում է պարտավորեցնել բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, դեղատների, արտարժույթի առուվաճառքի առանձնացված մուտք ունեցող կետերի, փոստային կապի օբյեկտների, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման նպատակով օգտագործվող տարածքների, ուսումնական հաստատությունների, զենքի առեւտրով զբաղվող կազմակերպությունների, 100 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող առեւտրի օբյեկտների, ինչպես նաեւ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերի, առեւտրի իրականացման վայրերի, մետրոպոլիտենի, ստորգետնյա ավտոկայանատեղերի, 50 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտների, մուտքը եւ շինության բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ եւ բարձր որակի (24/7 ռեժիմով, գունավոր, նվազագույնը 4 մեգապիքսել հզորությամբ, 30 մետր հեռավորությամբ գիշերային լուսավորման հնարավորությամբ արտաքին ցանցային տեսախցիկներ (IP)) տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու եւ տեսագրությունն առնվազն 15 օր պահպանելու հնարավորությամբ: Տվյալ պահանջները տարածվում են նաեւ գործարանային տեխնիկական բնութագրով տեսահսկման սարքերով կահավորում նախատեսված ուղեւորների կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող ավտոբուսների եւ միկրոավտոբուսների, շտապ օգնության ավտոմեքենաների, ինչպես նաեւ էլեկտրոնային համակարգերի միջոցով (նկարահանող համակարգերով) հսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող մարմնի վրա:

Նախագծերի փաթեթն ուժի մեջ մտնելուց հետո տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են մեկ տարվա ընթացքում իրականացնել տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը, իսկ տնտեսվարող սուբյեկտների կողմից վերոգրյալ պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով՝ տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու պարտադիր պահանջը խախտելու, տեսահսկման համակարգերով տեսագրված նյութերը Ոստիկանությանը չտրամադրելու եւ հասանելությանը խոչընդոտելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսվում է սահմանել վարչական  պատասխանատվություն:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

1. Նախագծերի փաթեթը, պետության կողմից իր պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով պարտադրելով մի շարք կազմակերպությունների տեղադրել Կառավարության կողմից սահմանած չափանիշներին համապատասխանող տեսանկարահանման սարքավորումներ, ուղղակիորեն ֆինանսական բեռ է սահմանում այդ կազմակերպությունների համար՝ ինչպես համապատասխան սարքավորումների ձեռք բերման, այնպես էլ դրանց սպասարկման համար ամսական վճարների տեսքով: Ընդ որում, նշված ֆինանսական բեռը կարող է բավականին մեծ լինել (հատկապես միջին բիզնեսի համար), քանի որ ըստ Նախագծերի փաթեթի հիմնավորման. «Տեսահսկման համակարգերի անվտանգությունը եւ անձնական տվյալների պաշտպանությունն ապահովելու նպատակով նախատեսվում է լավագույն եւ գերժամանակակից կիբեռանվտանգության միջոցների կիրառում:», իսկ այդ միջոցների տեխնիկական պահանջները պետք է սահմանվի Կառավարության որոշմամբ (հարկ է նաեւ հաշվի առնել, որ այս գործընթացը մեկանգամյա բնույթ չունի, քանի որ տեսանկարահանման սարքավորումները ժամանակ առ ժամանակ փոխարինման եւ արդիականացման կարիք են ունենալու): 

Պետության կողմից իր պարտավորությունների կատարման համար նման սխեմայի կիրառումը, կարծում ենք, չի համապատասխանում ՀՀ օրենքներով նախատեսված սկզբունքներին եւ մոտեցումներին, ըստ որոնց՝ պետության լիազորությունների եւ պարտավորություններ կատարման, պետության կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվում են հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարներ, հետեւաբար՝ անկախ պետական պարտավորության կարեւորությունից, արդիականությունից կամ առանձնահատուկ բնույթից այդ պարտավորությունների կատարման ֆինանսավորումը պետք է կատարվի պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ եթե դրանց կատարումն անհնարին է առանց մասնավոր հատվածի սուբյեկտների կողմից ծախսերի կատարման կամ այդ սուբյեկտների գույքի օգտագործումն այլընտրանք չունի, ապա տվյալ սուբյեկտներին պետք է տրվի համարժեք փոխհատուցում: Այս իմաստով, կարծում ենք, Նախագծերի փաթեթով առաջարկվող իրավակարգավորումները որոշակի վերաիմաստավորման կարիք են զգում:

2. Ի տարբերություն «տեսահսկման համակարգերի հասանելիություն» հասկացության, Նախագծերի փաթեթով չի հստակեցվում, թե ինչ է նկատի առնվում  «պահանջել եւ ստանալ տեսագրություններ» արտահայտության տակ, ինչն էլ կարող է տարընթերցումների տեղիք տալ: Մասնավորապես, անհայտ է մնում, թե ի՞նչ կրիչով կարող են վերցվել այդ տեսագությունները, արդյո՞ք իրավապահ մարմինները կարող են առգրավել նշված սուբյեկտների համակարգիչները կամ այլ սարքավորումները, թե՞ իրավունք ունեն միայն ձայնագրելու տեսանյութերն իրենց հետ բերված էլեկտրոնային կրիչների վրա: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

07.05.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ կատարել «Ոստիկանության մասին» օրենքում եւ մի շարք այլ հարակից օրենքներում:

Ըստ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման (այսուհետ՝ Հիմնավորում)՝ հաշվի առնելով ահաբեկչության սպառնալիքը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները եւ մարդու կյանքին ու առողջությանը, պետության անվտանգությանը սպառնացող մի շարք այլ հանցագործությունների անկառավարելի աճը՝ անհրաժեշտություն է առաջացել առավել լայն հնարավորություններ ստեղծել նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործություններին հնարավորինս արագ արձագանքելու համար: 

Մասնավորապես, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն քաղաքները, որոնցում ավելանում են հանրային վայրերի տեսանկարահանման եւ տեսահսկման հնարավորությունները, բարձրացնում են իրենց դիրքերը անվտանգ քաղաքների շարքում: Ներկայացված կարգավորումների անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ այն հնարարվորություններով, որոնք կստեղծվեն ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար, ինչպես նաեւ ուսումնասիրելու եւ վերլուծելու համար այն հանգամանքները եւ պատճառները, որոնք նպաստում են ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնների խախտմանը եւ տարբեր բնույթի վթարներին:

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում նաեւ հնարավորություն կառաջանա իրականացնելու այսպես կոչված «խոցելի» կամ «վտանգավոր» տարածքների վերահսկում եւ ուսումնասիրություն, ինչի արդյունքներով Ոստիկանությունը կկարողանա վերլուծել տարածքի խոցելիության պատճառները եւ մշակել համապատասխան ռազմավարություն դրանց վերացման համար:

Այսպիսով, առաջարկվող կարգավորումների շրջանակում Ոստիկանության կողմից տեսահսկումն իրականացվելու է հետեւյալ նպատակներով.

- իրավախախտումների նախականխման, կանխման եւ բացահայտման,

- հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում արագ արձագանքման,

- քննությունից կամ պատիժը կրելուց խուսափող անձանց եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հայտնաբերման,

- անհետ կորած քաղաքացիների եւ հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման,

- հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման,

- տրանսպորտային հոսքի կառավարման, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման,

- ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցության,

- օրենքով չարգելված նպատակներով պետական եւ ոչ պետական կազմակերպություններին վճարովի հիմունքներով անհրաժեշտ վերլուծական տվյալների տրամադրման: 

Հեղինակներն ակնկալում են, որ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կամրապնդվի Հայաստանի Հանրապետությունում հանրային տարածքների անվտանգությունը, Ոստիկանությունը կստանա հնարավորություն առավել արդյունավետ կատարելու իր գործառույթները հասարակական կարգի եւ անվտանգության պահպանության, հանցագործությունների եւ այլ իրավախախտումների կանխման եւ բացահայտման ոլորտում, ինչպես նաեւ կընդլայնվի Ոստիկանության փոխհամագործակցությունը մասնավոր տնտեսվարող սուբյեկտների հետ: Իսկ այս փոփոխություններն իրենց հերթին կնպաստեն Հայաստանի Հանրապետությունում հասարակական կայունության ամրապնդմանը եւ տնտեսության աճին ու զարգացմանը: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումներն ու առաջարկությունները.

1. Տնտեսվարողները հիմնականում իրենց գործունեությունն իրականացնում են վարձակալած տարածքներում, եւ չեն բացառվում դեպքերը, երբ շենքի/տարածքի սեփականատերերը չհամաձայնեն շենքը/տարածքը ծանրաբեռնել տեսահսկման համակարգերով, դրա համար պահանջեն վարձավճարի ավելացում եւ այլն: Նշվածն ավելի մեծ հավանականություն կունենա այն դեպքում, եթե համապատասխան շենքում/տարածքում գործունեություն իրականացնեն այլ տնտեսավարողներ, որոնց համար պարտադիր չէ տեսահսկման համակարգի առկայությունը, եւ վերջիններս առարկեն համապատասխան տարածքի տեսահսկման կապակցությամբ:

Արդյունքում, որոշ տնտեսվարողներ ստիպված կլինեն ժամանակ եւ լրացուցիչ ծախսեր կատարել գործունեության իրականացման նոր տարածք վարձակալելու համար, տնտեսվարողների կողմից իրականացվող գործունեությունը շատ դեպքերում հնարավոր է, որ կասեցվի, ինչի կապակցությամբ էլ վերջիններս կարող են զգալի նյութական վնասներ կրել:

Բացի վերոնշյալից, համապատասխան պահանջների ապահովմամբ տեսահսկման համակարգերի առկայության ապահովումը/ձեռքբերումը, շատ դեպքերում դրանց գործարկման համար լրացուցիչ աշխատող/աշխատողներ ընդունելու, ինչպես նաեւ տեսահսկման համակարգերի տեխնիկական սպասարկումն ապահովելու անհրաժեշտությունը լրացուցիչ ծախսեր կառաջացնեն տնտեսվարողների համար: Եվ եթե այդ ծախսերն այդքան էլ զգալի չեն լինի խոշոր տնտեսվարողների համար, ապա նույնը չենք կարող պնդել մյուսների դեպքում: 

2. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածի նոր լրացվելիք 8-րդ մասի 1-ին նախադասության համաձայն. «Հարյուր քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող առեւտրի օբյեկտների մուտքերը եւ շինության բոլոր կողմերը դրսից, ինչպես նաեւ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերը պետք է ապահովված լինեն անընդմեջ եւ բարձր որակի տեսագրություն իրականացնող    տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու եւ տեսագրությունն առնվազն 15 օր պահպանելու հնարավորությամբ»:

Վերոնշյալի կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա սահմանել չափանիշներ, որոնց բավարարելու դեպքում տեսահսկման համակարգը կհամարվի «բարձր որակի տեսագրություն իրականացնող»: 

(«Բարձր որակի» տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգերի առկայության պահանջի վերաբերյալ նշված է նաեւ Նախագծերի փաթեթում ներառված՝ ««Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում, ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում, ««Փոստային կապի մասին» օրենքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում, ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում:): 

3. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածի նոր լրացվելիք 8-րդ մասի 2-րդ նախադասության համաձայն. «Տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ եթե տվյալ տարածքը տեղակայված է շենքի (շինությունների) առաջին հարկում, ապա տվյալ տարածքի երկայնքով ապահովվի երկկողմանի տեսահսկում՝ տեսախցիկների տեսադաշտում ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները), երկայնքով՝ ամբողջ տարածքը, եթե տվյալ տարածքը առանձին շենք (շինություն) է, ապա ապահովվի ամբողջ տարածքի պարագծի տեսահսկումը՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները), եթե տվյալ տարածքը առանձին շենք (շինություն) է,  որն առանձնացված է պարսպով, ապա ապահովվի ամբողջ պարսպի երկայնքով պարագծի տեսահսկումը՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները)՝ 2 մետր լայնությամբ, իսկ պարսպի բացակայության դեպքում տեսահսկման համակարգերը պետք է տեղադրվեն տնտեսվարողի սեփականություն հանդիսացող  տարածքի ողջ երկայնքով՝ 2 մետր լայնությամբ՝ ապահովելով տեսահսկումը տնտեսվարողի սեփականություն հանդիսացող ողջ տարածքով:»:

Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ, ինչպես վերը հիշատակվեց, տնտեսվարողները առեւտրային գործունեություն իրականացնելու համար համապատասխան շենքերը/շինությունները/տարածքները հիմնականում վարձակալում են: Այսինքն՝ բոլորովին պարտադիր չէ, որ գործունեության իրականացման տարածքը հանդիսանա տնտեսվարողի սեփականությունը: 

Ըստ այդմ, առաջարկում ենք համապատասխան ձեւակերպումները փոփոխել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածի նոր լրացվելիք 8-րդ մասում, 5-րդ հոդվածի նոր լրացվելիք 9.1 մասում, 11-րդ հոդվածի նոր լրացվելիք 9-րդ մասում, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթում ներառված՝ համապատասխան ձեւակերպումը պարունակող այլ օրենքների նախագծերում: 

4. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածի նոր լրացվելիք 8-րդ մասի վերջին՝ չորրորդ նախադասության համաձայն. «Տեսահսկվող տարածքում պետք է փակցված լինեն «Տարածքը տեսահսկվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից» բովանդակությամբ հայտարարություններ»: 

Առաջարկում ենք «Տեսահսկվող տարածքում» բառերից հետո ավելացնել «տեսանելի վայրում» կամ «տեսանելի մասում» արտահայտությունը՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածի նոր լրացվելիք 8-րդ մասում, 5-րդ հոդվածի նոր լրացվելիք 9.1 մասում, 11-րդ հոդվածի նոր լրացվելիք 9-րդ մասում, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթում ներառված՝ համապատասխան ձեւակերպումը պարունակող այլ օրենքների նախագծերում: 

5. Առաջարկում ենք նախատեսել դրույթներ, որոնք կկանոնակարգեն տեսահսկման համակարգերի անցկացման/ապահովման պահանջի իրականացման, ինչպես նաեւ տեսագրությունների տրամադրման գործընթացի վերաբերյալ հարցեր (տեսահսկման համակարգի անցկացման համար ժամկետների սահմանում, տեսահսկման համակարգի անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերի/պայմանագրի ներկայացում/ստորագրում եւ այլն): 


Եզրահանգում

Համաձայն լինելով Հիմնավորման մեջ նշված՝ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում մի շարք գործընթացների ադյունավետության բարձրացման վերաբերյալ պնդումների հետ, չենք կարող չնշել, սակայն, որ Նախագծերի փաթեթի ընդունումը, ինչպես վերը նշվեց, կհանգեցնի տնտեսվարողների համար լրացուցիչ ծախսերի, իսկ որոշ դեպքերում էլ՝ կարող է հանգեցնել զգալի  նյութական վնասների:

Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումներն ու առաջարկությունները՝  կարծում ենք, որ Նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                  ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

17.05.2024թ.