ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-673-03.10.2023-ՊԻ-011/0), «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6731 -03.10.2023-ՊԻ-011/0), «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6732 -03.10.2023-ՊԻ-011/0), «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6733 -03.10.2023-ՊԻ-011/0) եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6734 -03.10.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-673-03.10.2023-ՊԻ-011/0), «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6731 -03.10.2023-ՊԻ-011/0), «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6732 -03.10.2023-ՊԻ-011/0), «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6733 -03.10.2023-ՊԻ-011/0) եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-6734 -03.10.2023-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:









Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ նաեւ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք «իրավասու մարմնում» բառերը փոխարինել «իրավասու պետական մարմնում» բառերով՝ հիմք ընդունելով «Պրոբացիայի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում սահմանված հասկացությունը, այն է. «պրոբացիայի ծառայություն՝ պրոբացիա իրականացնող իրավասու պետական մարմին.»: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավադրույթից, որի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:»:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք «Պրոբացիայի մասին» օրենքի կրճատ անվանման հիշատակումից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված պահանջը, այն է. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

Նույն դիտարկումը վերաբերելի նաեւ Նախագծի 48-րդ հոդվածի 1-ին մասում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի եւ «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Պրոբացիայի մասին» օրենքում լրացվող նոր՝ 1.1-ին հոդվածի 2-րդ մասում «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի հիշատակմանը:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «3. Պրոբացիայի ծառայության կանոնադրությունը, կառուցվածքը եւ հաստիքացուցակը հաստատում է օրենսդրությամբ սահմանված ենթակայությանը համաձայն համապատասխան մարմնի ղեկավարը (այսուհետ՝ նախարար):»:

Հարկ ենք համարում նշել, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 15-րդ մասում սահմանված է պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության բովանդակությունը, որի համաձայն. «15. Պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրությունը, ի թիվս այլնի, ներառում է պետական կառավարման համակարգի մարմնի՝

1) անվանումը եւ գտնվելու վայրը,

2) կառավարման եւ ղեկավարման կազմակերպումը,

3) կառուցվածքը:»:

Այսպես՝ պրոբացիայի ծառայությունը լինելով նախարարությանը ենթակա մարմին ներառված է պետական կառավարման համակարգի մարմինների մեջ, հետեւաբար պրոբացիայի ծառայության կանոնադրությունը, ի թիվս այլնի, ներառում է նաեւ պրոբացիայի ծառայության կառուցվածքը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ նշենք, որ Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասում օրենսդրությամբ սահմանված ենթակայությանը համաձայն համապատասխան մարմնի ղեկավարի կողմից պրոբացիայի ծառայության կառուցվածքի հաստատման վերաբերյալ նշման անհրաժեշտությունը բացակայում է: 

Նույն դիտարկմամբ առաջարկում ենք վերանայել նաեւ Նախագծի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում սահմանված պրոբացիայի ծառայության կառուցվածքի հաստատման վերաբերյալ նախարարի լիազորությունը:

4. Նախագծի ամբողջ տեքստում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են տարբեր բառեր, հասկացություններ եւ տերմիններ: Մասնավորապես.

Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիա իրականացնող իրավասու մարմին» երկար արտահայտությանը տրվել է կրճատ տարբերակ, այն է. «(այսուհետ՝ Պրոբացիայի ծառայություն)»: Մինչդեռ Նախագծի ամբողջ հետագա տեքստում կիրառվում են նաեւ «պրոբացիայի ծառայություն» եւ «ծառայություն» ձեւակերպումները:

Նախագծի ամբողջ տեքստում կիրառվում են «պրոբացիայի ծառայող», «Պրոբացիայի ծառայող», «պրոբացիայի ծառայության ծառայող» եւ «ծառայող» ձեւակերպումները:

Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասում «օրենսդրությամբ սահմանված ենթակայությանը համաձայն համապատասխան մարմնի ղեկավար» երկար արտահայտությանը տրվել է կրճատ տարբերակ, այն է. «(այսուհետ՝ նախարար)»: Մինչդեռ Նախագծի ամբողջ հետագա տեքստում կիրառվում է նաեւ «Նախարար», «համապատասխան նախարար», «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար» եզրույթները:

Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում, 8-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 36-րդ հոդվածի 4-րդ մասում կիրառվում է «վարչապետ» եզրույթը, մինչդեռ Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասում՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետ» ձեւակերպումը:

Նախագծի ամբողջ տեքստում կիրառվում են «պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողով», «էթիկայի հանձնաժողով», «պրոբացիայի ծառայության էթիկայի հանձնաժողով» եւ «հանձնաժողով» եզրույթները:

Նախագծում կիրառվում են «պրոբացիայի ծառայության պետ», «Պրոբացիայի ծառայության պետ» եւ «ծառայության պետ» ձեւակերպումները:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծում կիրառել նորմատիվ իրավական ակտերով սահմանված հասկացություններ, ինչպես նաեւ միեւնույն միտքն արտայատելիս գործածել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ:

5. Նախագծի 3-րդ հոդվածում սահմանված է պրոբացիայի ծառայության համակարգը, որի 1-ին մասի համաձայն՝ «1.Պրոբացիայի ծառայությունը կազմված է կենտրոնական մարմնից եւ տարածքային մարմիններից:»:

Վերոնշյալ իրավադրույթում սահմանված է պրոբացիայի ծառայության կազմում ընդգրկված մարմինների սպառիչ ցանկ: Մինչդեռ Նախագծում բացակայում են պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի, ինչպես նաեւ տարածքային մարմինների կազմի վերաբերյալ կարգավորումներ:  Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում նշում է կատարվում նաեւ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի հիմնական մասնագիտական ստորաբաժանումների մասին, Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշվում է, որ պրոբացիայի ծառայությունն ունի նաեւ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ: Բացի այդ Նախագծում սահմանված են նաեւ պրոբացիայի ծառայության պետի եւ նրա տեղակալների վերաբերյալ իրավադրույթներ:

Նախագծի 3-րդ եւ 4-րդ հոդվածներում սահմանված իրավակարգավորումների համադրության վերլուծությունից հասկանալի չէ՝ պրոբացիայի ծառայության համակարգի կազմում ընդգրկվող մարմինների եւ պրոբացիայի ծառայության կազմում ընդգրկվող մարմինների տարբերակումը:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծում պրոբացիայի ծառայության կազմում եւ պրոբացիայի ծառայության համակարգում  սահմանված մարմինների վերաբերյալ իրավադրույթները: 

6. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պրոբացիայի ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է պրոբացիայի ծառայության պաշտոնների անվանացանկով: Անվանացանկը հաստատում եւ փոփոխում է պրոբացիայի ծառայության պետը:»

Հաջորդիվ Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանվում է պրոբացիայի առաջատար խմբի պաշտոնների դասակարգումը, այն է՝ «2) պրոբացիայի առաջատար խմբի պաշտոններ՝ պրոբացիայի ծառայության գլխավոր ծառայող եւ պրոբացիայի ավագ ծառայող՝ արդարադատության մայոր»:

Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով արդեն իսկ նշում են առաջատար խմբի պաշտոնների դասակարգումները, այնինչ, Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պրոբացիայի ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումը կարող է իրականացվել միայն պրոբացիայի ծառայության պաշտոնների անվանացանկով եւ ոչ օրենքով, որը հաստատում եւ փոփոխում է պրոբացիայի ծառայության պետը: 

Ուստի կատարված դիտարկման հիման վրա առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում կատարել համապատասխան փոփոխությունը: 

7. Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ հոդվածները խնդրահարույց են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի, այն է՝ «Արգելվում է կատարել՝ (…) շրջանաձեւ հղումներ, երբ նորմը, որին հղում է կատարվում, իր հերթին հղում է կատարում նախորդ նորմին», տեսանկյունից, քանզի Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը հղում են կատարում մեկը մյուսին: 

Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը առաջացնում են շփոթ նաեւ ընդհանուր նորմի եւ հատուկ նորմի տարբերակման տեսանկյունից: Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասը հանդիսանում է տվյալ հարաբերությունը կարգավորող ընդհանուր կարգավորում պրոբացիայի ծառայությունում նշանակվելիս շնորհվող սկզբնական կոչման վերաբերյալ:

Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասը հանդիսանում է այդ նորմից բացառություն, որը կարգավորում է նախատեսում պրոբացիայի ծառայությունում պաշտոնի նշանակվելիս այլ պետական մարմիններում ծառայություն անցած անձանց կոչումների պահպանման վերաբերյալ: Խնդիրը կայանում է նրանում, որ շարադրման այսպիսի հերթականությունը առաջացնում է շփոթ այդ նորմերի տարբերակման եւ կարգավորվող հարաբերության ծավալի վերաբերյալ:

Ուստի առաջարկում ենք նշված շփոթը, ինչպես նաեւ արգելվող շրջանաձեւ հղումը վերացնելու նպատակով Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը շարադրել հետեւյալ կերպ. 

«3. Արդարադատության լեյտենանտ կոչումը սկզբնական կոչումն է եւ շնորհվում է պրոբացիայի ծառայությունում պաշտոնի նշանակվելիս, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի: Պրոբացիայի ծառայությունում մյուս պաշտոններում նշանակվելիս ծառայողին շնորհվում է պրոբացիայի ծառայության տվյալ պաշտոնին համապատասխանող կոչում:

4. Այլ պետական մարմնում ծառայություն անցած (աշխատած) եւ զինվորական կամ հատուկ կոչում կամ դասային աստիճան կամ որակավորման դաս ունեցող քաղաքացիներին պրոբացիայի ծառայությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է իր զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դասային աստիճանին կամ որակավորման դասին համապատասխան կոչում:»:

8. Նախագծի 14-րդ հոդվածում սահմանված են պրոբացիայի ծառայությունում պաշտոնի նշանակելու պայմանները, որի 1-ին մասի համաձայն. «1. Պրոբացիայի ծառայության պետ կարող է նշանակվել այն անձը, որը զբաղեցրել է Պրոբացիայի ծառայության պետի տեղակալի պաշտոն կամ առնվազն երեք տարի՝ Պրոբացիայի ծառայության գլխավոր խմբի պաշտոն եւ ունի արդարադատության գնդապետի կոչում կամ համապատասխան կոչում կամ ունի բարձրագույն կրթություն եւ հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ ունի բարձրագույն կրթություն եւ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:»:

Վերոնշյալ իրավակարգավորումը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես հասկանալի չէ՝ պրոբացիայի ծառայության պետի պաշտոնում նշանակվելու համար «համապատասխան կոչում» ունենալու նախատեսված պայմանը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 14-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դրույթն իրավական որոշակիության տեսանկյունից, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասում պրոբացիայի ծառայության պետի տեղակալի նշանակման համար նախատեսված «համապատասխան կոչում» պայմանին:

9. Նախագծի 3-րդ գլուխը վերնագրված է «ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ»: Մինչդեռ Նախագծի 3-րդ գլխում ներառված է «Պրոբացիայի ծառայողի անձնական գործը» վերտառությամբ Նախագծի 7-րդ հոդվածը, որը նախատեսում է կարգավորումներ պրոբացիայի ծառայողի անձնական գործի վարման ընթացակարգի մասին: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի գլխի վերնագիրը համապատասխանեցնել բովանդակությանը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասում սահմանված պահանջից, այն է. «Բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը:»: 

Նախագծի 7-րդ հոդվածում առաջարկում ենք նաեւ կատարել շարադասական շտկում, մասնավորապես, «այնքանով,» բառից հետո լրացնել «որքանով» բառը:

10. Նախագծի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «3. Պրոբացիայի ծառայությունում զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի նշանակվելուց հետո պրոբացիայի ծառայողի ատեստավորման արդյունքները պահպանվում են, իսկ մրցույթի արդյունքներով առաջխաղացմամբ պաշտոնի նշանակվելիս ծառայողն ենթակա է ատեստավորման: Մինչեեւ հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորվելն՝ առաջխաղացմամբ պաշտոնի նշանակված ծառայողը պահպանում է նախորդ պաշտոնում հաշվարկված ատեստավորման արդյունքները: Հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքում՝ Պրոբացիայի ծառայությունում այլ պաշտոնի նշանակվելիս, այդ թվում՝ պաշտոնի մեկ աստիճանով իջեցման դեպքում, ծառայողներն ատեստավորման ենթակա չեն, բացառությամբ՝ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված ժամկետը լրանալու դեպքերի:»:

Վերոնշյալ իրավակարգավորումը սահմանում է հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքում` պրոբացիայի ծառայությունում այլ պաշտոնի նշանակվելիս, այդ թվում՝ պաշտոնի մեկ աստիճանով իջեցման դեպքում պրոբացիայի ծառայողների ատեստավորման ենթակա չլինելու կանոնը: Մինչդեռ վերը մեջբերված դրույթից հասկանալի չէ՝ արդյոք նշված դեպքերում ծառայողը պահպանում է հավելավճար հաշվարկելու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու ձեռք բերած իրավունքը: Առաջարկում ենք Նախագծի 19-րդ հոդվածի 3-րդ մասում հստակեցնել վերոնշյալ դրույթը՝ քննարկվող հատվածով:

11. Նախագծի 19-րդ հոդվածի 9-րդ մասում սահմանված է. «9. Հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողն ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո: Սույն մասով նախատեսված ծառայողներն ատեստավորման համար կարող են դիմել եռամսյա ժամկետի ավարտից հետո երեք տարվա ընթացքում: Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողն ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան ծառայության անցնելուց երկու ամիս հետո:»: Վերոնշյալ իրավակարգավորման երկրորդ նախադասությամբ նշված է, որ այդ դրույթում նշված ծառայողներն ատեստավորման համար կարող են դիմել եռամսյա ժամկետի ավարտից հետո երեք տարվա ընթացքում: Հարկ է նկատել, որ քննարկվող նորմում սահմանվում են ինչպես հղիության եւ ծննդաբերության, մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողների, այնպես էլ արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողների ատեստավորման վերաբերյալ կարգավորումներ: Ընդ որում՝ նշված դեպքերում ատեստավորման համար սահմանված են տարբեր ժամկետներ, մասնավորապես՝ ծառայության անցնելուց երեք ամիս հետո եւ երկու ամիս հետո, մինչդեռ քննարկվող նորմի երկրորդ նախադասությամբ նշում է կատարված միայն եռամսյա ժամկետի վերաբերյալ: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ  Նախագծի 19-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ նախադասությամբ կիրառված են «Սույն մասով նախատեսված ծառայողներ» բառերը՝ նշենք, որ այն տարածվում է ոչ միայն նորմի առաջին, այլեւ երրորդ նախադասությամբ նշված դեպքերի վրա: Հետեւաբար առաջարկում ենք վերանայել Նախագծի 19-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ նախադասության նույն դրույթով նախատեսված պրոբացիայի ծառայողների ատեստավորման համար դիմելու ժամկետի սկզբի մասին նշումը՝ հաշվի առնելով նաեւ երկամսյա ժամկետը: 

12. Նախագծի 19-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն. «13. Ատեստավորման մասնակցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 12-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված եզրակացությունը, ատեստավորման համար դիմելու ժամկետի ընթացքում ունեն ատեստավորման համար կրկին դիմելու առնվազն երկու հնարավորություն՝ համաձայն համապատասխան նախարարի կողմից հաստատված ժամանակացույցի:»: Վերոնշյալ իրավակարգավորումը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից հետեւյալ հիմնավորմամբ.

Նախագծով սահմանված չէ ատեստավորման համար դիմելու ժամկետ: Հետեւաբար վերոնշյալ դրույթում իրավական որոշակիության տեսանկյունից խնդրահարույց է «ատեստավորման համար դիմելու ժամկետի ընթացքում» ձեւակերպումը:

Նախագծի 19-րդ հոդվածի 13-րդ մասում սահմանվում է ատեստավորման մասնակցած ծառայողների ատեստավորման համար կրկին դիմելու առնվազն երկու հնարավորության վերաբերյալ իրավադրույթ: Մինչդեռ «առնվազն» եզրույթի կիրառումն իրավական շփոթ է առաջացնում, մասնավորապես՝ հասկանալի չէ՝ ինչպես է որոշվում ո՞ր դեպքերում պրոբացիայի ծառայողը կարող է ատեստավորման համար դիմել եւս երկու անգամ, ո՞ր դեպքերում պրոբացիայի ծառայողը կունենա հնարավորություն երկու անգամից ավել դիմելու ատեստավորման համար:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 19-րդ հոդվածի 13-րդ մասում սահմանված իրավադրույթն իրավական որոշակիության տեսանկյունից, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ: 

13. Նախագծի 19-րդ հոդվածի 15-րդ մասում սահմանված է. «15. Պրոբացիայի ծառայողը պարտադիր ծանոթացվում է ատեստավորման արդյունքներին եւ կայացված եզրակացությանը: Պրոբացիայի ծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները եւ կայացված եզրակացությունը՝ դրանց ծանոթանալու օրվանից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում կամ դատական կարգով:»: Այսպես՝ վերոգրյալ դրույթի շարադասությունից բխում է, որ «վերադասության կարգով» բառերը վերաբերում են նաեւ դատական կարգով բողոքարկմանը, հետեւաբար առաջարկում ենք քննարկվող նախադասությունը խմբագրել:

14. Նախագծի 6-րդ գլուխը բաղկացած է մեկ հոդվածից: Հարկ ենք համարում նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված է. «Օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում:»: Հիմք ընդունելով մեջբերված դրույթն՝ առաջարկում ենք Նախագծում ապահովել համասեռ մի քանի հոդվածի միավորումը Նախագծի  գլուխներում:

15. Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «1. Պրոբացիայի ծառայողի՝ առաջադրած պահանջների կատարումը պարտադիր է բոլոր պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների եւ քաղաքացիների համար:»:

Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասում հստակություն ապահովելու, իրավական որոշակիության բարձր մակարդակ երաշխավորելու եւ հետագա պրակտիկ խնդիրներից խուսափելու նպատակով առաջարկում ենք «ծառայողի՝» բառից հետո լրացնել «իր իրավասության սահմաններում» արտահայտությունը:

16. Նախագծի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ «Նախարարը՝

(…)

4) hաստատում է պրոբացիայի ծառայության կանոնադրությունը, Կառավարության հաստատմանն է ներկայացնում Պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը.»:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ «1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

2. Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:»: 

Նախագծի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում նախատեսված դրույթը սահմանում է նախարարի լիազորությունը Կառավարության հաստատմանը ներկայացնել պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը: Հարկ է նկատել, որ պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը հաստատելու վերաբերյալ Կառավարությանը լիազորող նորմը Նախագծում բացակայում է: Մինչդեռ Կառավարությունը իրավասու է կատարել միայն այնպիսի գործողություններ կամ ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր միայն Սահմանադրությամբ կամ օրենքներով դրանց համար լիազորված լինելու դեպքերում: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծում ամրագրել պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը Կառավարության կողմից հաստատելու վերաբերյալ լիազորող նորմ:

17. Նախագծի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ «Նախարարը՝

(…)

6) քննում է պրոբացիայի ծառայողների որոշումների, գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքները, օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով եւ իր լիազորությունների սահմաններում կասեցնում, փոփոխում, անվավեր կամ ուժը կորցրած է ճանաչում պրոբացիայի ծառայության պաշտոնատար անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող հրամանները, որոշումներն ու ցուցումները.»:

Հարկ ենք համարում նշել,  որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված են նորմատիվ իրավական ակտի գործողության դադարեցման դեպքերը, համաձայն որի. « Նորմատիվ իրավական ակտի, բացառությամբ Սահմանադրության, գործողությունը դադարեցվում է`

1) նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում.

2) նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչվելու դեպքում.

3) նորմատիվ իրավական ակտը չեղյալ ճանաչվելու դեպքում:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն. «1. Նորմատիվ իրավական ակտը չեղյալ է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտով, եթե այլեւս նպատակահարմար չէ ընդունված, սակայն դեռեւս ուժի մեջ չմտած ակտի կիրառումը:»:

Առաջարկում ենք Նախագծի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում նախարարին լիազորել օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով եւ իր լիազորությունների սահմաններում չեղյալ ճանաչել պրոբացիայի ծառայության պաշտոնատար անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող հրամանները, որոշումներն ու ցուցումները:

18. Նախագծի 25-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում առաջարկում ենք «քրեաիրավական ներգործության կատարումը» բառերը փոխարինել «քրեաիրավական ներգործության միջոցի կատարումը» բառերով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում սահմանված «քրեաիրավական ներգործության միջոց» հասկացությունը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դրույթը:

19. Նախագծի 26-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն. «Պրոբացիայի ծառայության պետը՝

(…)

8) քննում է պրոբացիայի ծառայողների որոշումների, գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքները, օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում, վերացնում, անվավեր, չեղյալ կամ ուժը կորցրած է ճանաչում պրոբացիայի ծառայության պաշտոնատար անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող հրամանները, որոշումներն ու ցուցումները.»:

Հարկ ենք համարում նշել, որ պրոբացիայի ծառայության պաշտոնատար անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող հրամանների, որոշումների ու ցուցումների վերացման լիազորության վերապահումը պրոբացիայի ծառայության պետին խնդրահարույց է հետեւյալ հիմնավորմամբ.

Նախկինում գործող «Իրավական ակտերի մասին» օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում էր իրավական ակտերի գործողության դադարեցման դեպքերը, որի 2-րդ կետում սահմանված էր իրավական ակտը վերացվելու դեպքը: Նույն օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված էր իրավական ակտի վերացման հասկացությունը, այն է. «1. Իրավական ակտը վերացված է ճանաչվում, եթե վերացել է դրանով կարգավորվող հարաբերությունների իրավական կարգավորման անհրաժեշտությունը, եւ այդ իրավական ակտի գործողությունը դադարեցնելու մասին իրավական ակտին տրվելու է հետադարձ ուժ:»: Մինչդեռ ներկայումս գործող «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը չի նախատեսում նորմատիվ իրավական ակտի վերացումը որպես նորմատիվ իրավական ակտի գործողության դադարեցման դեպքը: Հիմք ընդունելով ներկայումս գործող օրենսդրական կարգավորումներն՝ առաջարկում ենք վերանայել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող հրամանների, որոշումների ու ցուցումների վերացման լիազորության վերապահումը պրոբացիայի ծառայության պետին՝ բացառելով օրենսդրությամբ չսահմանված հասկացության կիրառումը, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել հապատասխան վարքագիծ:

20. Նախագծի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պրոբացիայի ծառայության պետը պատասխանատվություն է կրում պրոբացիայի ծառայության խնդիրների իրականացման համար:»:

Նշված կարգավորումը խնդրահարույց է, քանզի «պատասխանատվություն» եզրույթը իրավագիտությունը դիտարկում է որպես անձի համար առաջացող անբարենպաստ հետեւանքներ՝ որոշակի իրավունքների կամ ազատությունների սահմանափակում կամ որոշակի պարտականության առաջադրում: Նախագծի 26-րդ հոդվածի 2-րդ մասը պրոբացիայի ծառայության պետին առաջադրում է որոշակի պարտականություն՝ պրոբացիայի խնդիրների կատարում, եւ այդ պարտականության կատարումն ապահովում պատասխանատվության սպառնալիքով: Սակայն Նախագիծը չի պարունակում կարգավորումներ այդպիսի պատասխանատվության՝ անբարենպաստ հետեւանքների տեսակի, բնույթի, չափի, այն կիրառող մարմնի եւ այդ պատասխանատվությունը որոշակիացնող այլ հատկանիշների վերաբերյալ: 

Նախագծի 26-րդ հոդվածի 2-րդ մասը խնդրահարույց է նաեւ այն տեսանկյունից, որ պրոբացիայի ծառայության պետը պատասխանատվություն է կրում պրոբացիայի ծառայության խնդիրների իրականացման համար, սակայն այդ խնդիրները սահմանող նորմը, մասնավորապես «Պրոբացիայի մասին» օրենքի 4-րդ հոդածի 2-րդ մասը «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով ճանաչվում է ուժը կորցրած: Ուստի տվյալ պարագայում անհասկանալի է, թե ինչ խնդիրների իրականացման պարտականություն է առաջադրվում պրոբացիայի ծառայության պետին:

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի 26-րդ հոդվածի 2-րդ մասը լրամշակել՝ առաջացած բաց խնդիրները լուծելու եւ անորոշությունները վերացնելու նպատակով:

21. Նախագծի 27-րդ հոդվածը վերնագրված է «Պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի ղեկավարը», որի 1-ին մասում սահմանված են պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի ղեկավարի լիազորությունները: Նույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված է պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի լիազորությունների վերաբերյալ իրավադրույթ: Առաջարկում ենք Նախագծի 27-րդ հոդվածի վերանգիրը համապատասխանեցնել բովանդակությանը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է. «Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:»

22. Նախագծի 31-րդ հոդվածի վերնագրում եւ 2-րդ մասում առաջարկում ենք «վկայական» բառից առաջ լրացնել «ծառայողական» բառը՝ հիմք ընդունելով «Պրոբացիայի մասին» օրենքում կիրառվող հասկացությունը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դրույթը:

23. Նախագծի 36-րդ հոդվածը վերնագրված է «Պրոբացիայի ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը»: Մինչդեռ նույն հոդվածի 6-րդ մասում սահմանված իրավադրույթը վերաբերում է պրոբացիայի ծառայության էթիկայի հանձնաժողովին: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 36-րդ հոդվածի վերնագիրը համապատասխանեցնել բովանդակությանը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը:

24. Նախագծի 12-րդ գլուխը վերնագրված է «ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ»: Հարկ է նկատել, որ Նախագծի 12-րդ գլխում ներառված են նաեւ պրոբացիայի ծառայությունում տարիքային սահմանափակումների, պրոբացիայի ծառայությունից ազատվածներին տրվող վճարումների եւ կենսաթոշակի ապահովման, ինչպես նաեւ պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվի վերաբերյալ իրավակարգավորումներ: Առաջարկում ենք ապահովել Նախագծի 12-րդ գլխի վերնագրի եւ բովանդակության համապատասխանությունը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասում սահմանված պահանջը:

25. Նախագծի 38-րդ հոդվածի 4-րդ մասը խնդրահարույց է «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի, այն է՝ «Արգելվում է կատարել` (…) շարունակական հղումներ, երբ նորմը, որին հղում է կատարվում, իր հերթին հղում է կատարում մեկ այլ նորմի:», տեսանկյունից, քանի որ այն հղում է կատարում 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ մասին, որն էլ իր հերթին հղում է կատարում 41-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերին:

Ուստի առաջարկում ենք կատարել լրամշակում՝ վերացնելով այդպիսի շարունակական հղումները:

26. Նախագծի 40-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «2. Պրոբացիայի ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու դեպքում նրա լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել (կասեցվել) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:»:

Նշված իրավակարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածում սահմանված է պաշտոնավարման կասեցումը, որի համաձայն. «1. Պաշտոնավարման կասեցումը հանրային ծառայության մեջ գտնվող, ինչպես նաեւ աշխատանքային պայմանագրով աշխատող մեղադրյալի լիազորությունների իրականացման կամ աշխատանքային գործունեության ժամանակավոր ընդհատումն է։

2. Մեղադրյալի պաշտոնավարումը իրավասու մարմնի որոշմամբ կարող է կասեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ, պաշտոնավարումը շարունակելով, նա կխոչընդոտի քրեական վարույթին կամ կկատարի հանցանք:

3. Մեղադրյալի պաշտոնավարումը կասեցվում է համապատասխան որոշումը կայացնելու պահից։ Պաշտոնավարման կասեցման մասին որոշումն անհապաղ ուղարկվում է մեղադրյալի աշխատավայրի վարչակազմ, իսկ դրա պատճենը հանձնվում է մեղադրյալին։»:

Այսպես՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում կիրառվող հասկացություններն՝ առաջարկում ենք Նախագծի 40-րդ հոդվածի 2-րդ մասում կիրառված «լիազորությունների ժամանակավորապես դադարեցում (կասեցում)» ձեւակերպումը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում սահմանված հասկացություններին:

27. Նախագծի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «3. Պրոբացիայի ծառայությունից ազատումը, սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան, կատարվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքը լրանալուց հետո՝ հաջորդ ամսվա 1-ին, եթե պրոբացիայի ծառայողի ծառայության ժամկետը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով չի երկարաձգվել:»:

Վերոնշյալ դրույթում հղում է կատարվում Նախագծի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, որում նախատեսված է պրոբացիայի ծառայողի սահմանային տարիքը լրանալու կամ այն 5 տարի ժամկետով երկարաձգելուց հետո պրոբացիայի ծառայությունից  ազատման  հիմքը: Մինչդեռ Նախագծի 41-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված դրույթը նախատեսում է պրոբացիայի ծառայողի միայն սահմանային տարիքը լրանալու դեպքում պաշտոնից ազատման ժամկետը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 41-րդ հոդվածի 3-րդ մասում Նախագծի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին կատարված հղումը: 

28. Նախագծի 14-րդ գլխին հաջորդում է 14-րդ գլուխ: Առաջարկում ենք ապահովել Նախագծի գլուխների համարակալման հաջորդականությունը:

29. Նախագծի 46-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը առաջարկում ենք համապատասխանեցնել Նախագծի 45-րդ հոդվածին եւ «Ծառայությունից» բառից հետո ավելացնել «կամ պաշտոնից անհիմն կամ» բառերը, քանի որ Նախագծի 45-րդ հոդվածով նախատեսվում են ծառայության կամ պաշտոնի վերականգնման վերաբերյալ կարգավորումներ, իսկ Նախագծի 46-րդ հոդվածը միայն կարգավորում է Նախագծի 45-րդ հոդվածով սահմանված կարգով արդեն իսկ վերականգնված ծառայողի կոչումի շնորհման եւ ծառայության ժամկետի հաշվարկման ընթացակարգը: Ուստի անհրաժեշտ է պահպանել այդ նորմերի համապատասխանությունը մեկը մյուսին:

30. Նախագծի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ծառայությունից անօրինական ազատված, պաշտոնը կամ կոչումն իջեցված ծառայողներին մինչեւ դրանց վերականգնումն ընկած հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում՝ նրան չվճարված միջին աշխատավարձի չափով՝ բացառությամբ կադրերի ռեզերվում գտնված ժամանակահատվածում ստացած վարձատրության:»:

Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ պարապուրդն այն իրավիճակն է, երբ աշխատողը չի իրականացնում իր աշխատանքային պարտականությունները՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով: Հարկադիր պարապուրդը այդ աշխատանքային պարտականությունների կատարման անհնարինությունն է՝ ոչ աշխատողի մեղքով առաջացած: Տվյալ դեպքում հարկադիր պարապուրդում կարող են գտնվել միայն ծառայությունից անօրինական ազատված պրոբացիայի ծառայողները եւ նրանց նկատմամբ այս տերմինի կիրառումը ճիշտ է: Սակայն այն վերաբերելի չի կարող համարվել պաշտոնը կամ կոչումն իջեցված ծառայողներին, քանի որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը պաշտոնը կամ կոչումը իջեցված ծառայողների նախկին պաշտոնը կամ կոչումը վերականգնելիս հաշվարկում է աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը տվյալ գործատուի մոտ կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք:

Ուստի առաջարկում ենք նշված դիտարկման հիման վրա կատարել համապատասխան փոփոխությունները:

31. Նախագծի  47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «1. Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից: Հանձնաժողովի կազմում են Պրոբացիայի ծառայության պետի տեղակալներից մեկը՝ ծառայության պետի որոշմամբ, ծառայության մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից 3 ծառայող՝ ծառայության պետի որոշմամբ, եւ Նախարարի նշանակած 3 ներկայացուցիչ: Էթիկայի հանձնաժողովի անդամները նշանակվում են առավելագույնը 3 տարի ժամկետով: Հանձնաժողովում նոր անդամների նշանակումները սույն հոդվածի սույն մասով սահմանված կարգով կատարվում են հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան նախորդող օրը:»:

Վերոնշյալ իրավակարգավորումը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից հետեւյալ հիմնավորմամբ. 

Էթիկայի հանձնաժողովի անդամների նշանակման ժամկետ է սահմանված առավելագույնը 3 տարին: էթիկայի հանձնաժողովի անդամների պաշտոնավարման ժամկետի միայն վերին շեմի սահմանումը Նախագծում տարաբնույթ մեկնաբանությունների է հանգեցնում, մասնավորապես հասկանալի չէ՝ ո՞ր դեպքում է էթիկայի հանձնաժողովի անդամը նշանակվում 3 տարի ժամկետով, ո՞ր դեպքում 3 տարուց քիչ ժամկետով: Մինչդեռ էթիկայի հանձնաժողվի անդամների նշանակման ժամկետ սահմանելիս անհրաժեշտ է որոշակի եւ հստակ կարգավորել տվյալ իրավահարաբերությունները, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծում ապահովել էթիկայի հանձնաժողվի անդամների նշանակման հստակ կարգավորման անհրաժեշտությունը՝ սահմանելով էթիկայի հանձնաժողվի անդամի նշանակման հստակ եւ որոշակի ժամկետ: 

Իրավական շփոթից եւ տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու նպատակով առաջարկում ենք էթիկայի հանձնաժողվի նոր անդամների նշանակումների ժամկետը՝ հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան նախորդող օրը սահմանելիս, նշում կատարել նաեւ էթիկայի հանձնաժողովի նոր անդամի լիազորությունների ստանձման ժամկետի մասին: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ Նախագծի 47-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դրույթը էթիկայի հանձնաժողվի նոր անդամի նշանակման ժամկետը  սահմանում է, երբ փաստացի չի սպառվել հանձնաժողովի գործող անդամի պաշտոնավարման Նախագծով սահմանված ժամկետը:

32. Նախագծի 49-րդ հոդվածի վերնագիրը, ձեւակերպված լինելով հետեւյալ կերպ՝ «Պատասխանատվության առանձնահատկությունները պրոբացիայի ծառայողի վարքագծի կանոնները խախտելու, հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու, շահերի բախման կանոնները խախտելու դեպքերում», ըստ էության, չի համապատասխանում հոդվածի բովանդակությանը, քանի որ վերջինս պարունակում է նորմեր ոչ թե պրոբացիայի ծառայողի վարքագծի կանոնները խախտելու, հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու, շահերի բախման կանոնները խախտելու դեպքերում կիրառվող պատասխանատվության առանձնահատկությունների վերաբերյալ, այլ պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովի ծառայողական քննության արդյունքով կայացված եզրակացության մասին:

Ուստի առաջարկում ենք Նախագծի 49-րդ հոդվածի վերնագիրը համապատասխանեցնել բովանդակությանը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:

33. Նախագծի 51-րդ հոդվածի 1-ին մասում «կամ» բառից հետո առաջարկում ենք հանել «ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ» արտահայտությունը եւ այն ավելացնել նույն մասի «միջոցներ՝» բառից հետո, քանզի հակառակ դեպքում կբախվենք մի իրավիճակի, երբ պրոբացիայի ծառայողը հնարավորություն կունենա ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ կիրառել իրեն ցույց տրված ցանկացած դիմադրության դեպքում:

34. Նախագծի 52-րդ հոդվածը պարունակում է երկու 4-րդ մաս: Առաջարկում ենք ապահովել Նախագծի 52-րդ հոդվածի մասերի համարակալման հաջորդականությունը:

35. Նախագծի 15-րդ գլխի վերնագրում «ԵԶՐԱՓԱԿԻՉ» բառից հետո առաջարկում ենք լրացնել «ՄԱՍ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածում սահմանված նորմատիվ իրավական ակտի կառուցվածքը:

36. «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում «քրեակատարողական,» բառից հետո լրացնել «պրոբացիայի» բառը: Հարկ ենք համարում նշել, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում «քրեակատարողական,» բառը ստորակետ կետադրական նշանով բացակայում է: Հետեւաբար առաջարկում ենք վերանայել «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված լրացումը՝ «քրեակատարողական» բառից հետո դրված ստորակետը դնել «պրոբացիայի» բառից առաջ:

37. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «մարտի» բառն առաջարկում ենք փոխարինել «դեկտեմբերի» բառով՝ հիմք ընդունելով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի ընդունման ամսաթիվը:

38. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «ե)» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «ե.» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված կանոնը, այն է. «Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով:»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում կիրառված «բ)» ձեւակերպմանը:

39. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող լրացումը առաջարկում ենք կատարել նաեւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 16-րդ հոդվածի վերնագրում՝ «քրեակատարողական» բառից հետո լրացնելով «, պրոբացիայի» բառը, քանզի տվյալ հոդվածում կատարվող լրացման արդյունքում հոդվածի բովանդակային ծավալի ավելացումը հրամայական է նաեւ վերնագրում լրացում կատարելու եւ այն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջին համապատասխանեցնելու:

40. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 12-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրությամբ ամրագրված օրինականության սկզբունքի, ինչպես նաեւ իրավական որոշակիության տեսանկյունից: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը  «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

17.10.2023թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

17.10.2023թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է վերանայել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը` ներառելով այն պետական առանձին ծառայությունների ցանկում, միաժամանակ սահմանելով ծառայության արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ սոցիալ-իրավական երաշխիքներ: Մասնավորապես, առաջարկվում է Պրոբացիայի ծառայությունը սահմանել որպես պետական ծառայության առանձին տեսակ, իսկ Պրոբացիայի ծառայությունում ծառայողները կհամարվեն Պրոբացիայի ծառայողներ? Պրոբացիայի ծառայությունում նախատեսվում է պահպանել նաեւ քաղաքացիական ծառայության ինստիտուտը եւ որոշ քաղաքացիական ծառայողների հաստիքներ, որոնց նկատմամբ կիրառելի կլինեն «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի դրույթները: Բացի այդ, նախատեսված են նաեւ տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցների վերաբերյալ իրավակարգավորումներ, որոնց աշխատանքային հարաբերությունների նկատմամբ  կիրառելի է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը: 

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում անդրադառնալ Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) երկու հոդվածների:

1. Նախագծի 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ. «Պրոբացիայի ծառայողը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված միջոցների հաշվին վերապատրաստվելուց հետո (բացառությամբ կատարողականի գնահատականի արդյունքներով պարտադիր վերապատրաստման) մեկ տարվա ընթացքում  ծառայությունից ազատվելու դեպքում՝ փոխհատուցում է իր վերապատրաստման համար կատարված ծախսերը՝ ծառայություն չիրականացրած ամիսներին համամասնորեն (մեկ ամսվա փոխհատուցման չափը հաշվարկվում է կատարված ընդհանուր ծախսը բաժանելով 12 ամսվա):»: Եթե այս կարգավորման՝ որպես քաղաքացիական ծառայության տվյալ տեսակի առանձնահատկության սահմանումը սկզբունքային բնույթ ունի Նախագծի հեղինակի համար, ապա առաջարկում ենք գոնե տվյալ կարգավորումը տարածել միայն այն դեպքի համար, երբ Պրոբացիայի ծառայողն ազատվում է ծառայությունից սեփական դիմումի համաձայն կամ էլ այն դեպքում, երբ վերապատրաստաման արդյունքում Պրոբացիայի ծառայողը չի հավաքում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված՝ վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված համապատասխան կրեդիտները եւ վերապատրաստումից հետո մեկ տարվա ընթացքում ազատվում է ծառայությունից՝ անկախ ազատման պատճառներից: Այլապես, պետական բյուջեի հաշվին վերապատրաստման իրավունքի իրացման մասով տվյալ ծառայության աշխատակիցների սոցիալական երաշխիքները էականորեն կտարբերվեն քաղաքացիական ծառայության տեսակների մեծամասնության համար սահմանված երաշխիքներից: 

2. Թեեւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով վերապատրաստման գործընթացի ֆինանսավորման հետ կապված արդեն իսկ սահմանված է, որ այդ գործընթացն իրականացվում է պետական բյուջեի եւ օրենքով չարգելված միջոցների հաշվին, այդուհանդերձ, հաշվի առնելով նաեւ վերապատրաստման ծախսերի փոխհատուցման դեպքի ամրագրման փաստը, ինչպես նաեւ առավելագույն հստակություն ապահովելու նկատառումներից ելնելով, կարծում ենք, ավելորդ չի լինի Նախագծի 17-րդ հոդվածի վերջում նույնպես ամրագրել այդ դրույթը: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից որոշ լրամշակման կարիք ունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

12.10.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել է «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաեւ մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր: 

Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Պրոբացիայի ծառայությունը (այսուհետ՝ Պրոբացիայի ծառայություն) որպես պետական ծառայության առանձին տեսակ սահմանելու եւ որպես հետեւանք՝ պրոբացիայի ծառայողների կարգավիճակի վերանայման ու վերջիններիս նկատմամբ սոցիալական երաշխիքների ընդլայնման հանգամանքով:

Նախագծերի փաթեթի համաձայն՝

- Պրոբացիայի ծառայությունը սահմանվում է որպես պետական ծառայության առանձին տեսակ, իսկ Պրոբացիայի ծառայությունում ծառայողները համարվում են պրոբացիայի ծառայողներ.

- Պրոբացիայի ծառայությունը կազմված է լինելու կենտրոնական մարմնից եւ տարածքային մարմիններից.

- Պրոբացիայի ծառայությունն ունենալու է նաեւ գլխավոր քարտուղար, որի ենթակայությամբ աշխատելու են քաղաքացիական ծառայողները եւ տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցները.

- Պրոբացիայի ծառայության կառավարումն իրականացնելու է արդարադատության նախարարը, իսկ անմիջական ղեկավարումը՝ Պրոբացիայի ծառայության պետը.

- Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստացող ծառայողները նույն պաշտոնում ենթակա են լինելու ատեստավորման երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար.

- Պրոբացիայի ծառայողներին եւ քրեակատարողական ծառայողներին տրամադրվող սոցիալական երաշխիքների միասնականացման համար սահմանվում է զինվորական կենսաթոշակի իրավունք եւ այլն: 

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է բարեփոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը՝ այն դարձնելով պետական ծառայության առանձին տեսակ՝ միաժամանակ բացառելով տարբերակված մոտեցումը միեւնույն կարգավիճակն ունեցող պետական մարմինների միջեւ, ընդլայնել Պրոբացիայի ծառայողների սոցիալական երաշխիքները եւ ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ ծառայությունը մոտիվացված եւ պրոֆեսիոնալ կադրերի համար առավել գրավիչ դարձնելու համար: 

«Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նաեւ Նախագիծ) վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ նկատառումներն ու առաջարկությունները.

1. Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պրոբացիայի ծառայությունում, որպես պրոբացիայի ծառայող, ծառայության կարող է անցնել Պրոբացիայի ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով եւ հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից)»:»

Առաջարկում եմ վերոնշյալ դրույթից հանել «բարձրագույն կրթություն ունեցող» արտահայտությունը եւ ճկունության ապահովման տեսանկյունից բարձրագույն կրթություն ունենալու պահանջը պարտադիր լինել կամ չլինելու հարցը յուրաքանչյուր պաշտոնի համար նախատեսել Պրոբացիայի ծառայության համապատասխան պաշտոնի անձնագրով: Բացի այդ, նշված «բարձրագույն կրթություն ունեցող» արտահայտությունը հանվելու դեպքում վերոնշյալ դրույթն իր տրամաբանությամբ համահունչ կլինի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Քրեակատարողական ծառայության մասին», ինչպես նաեւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքների համանման դրույթներին.

2. Առաջարկում ենք Նախագծի 17-րդ հոդվածի 1-ին մասում «կարող են անցնել» արտահայտությունը փոխարինել «անցնում են» արտահայտությամբ.

3. Նախագծի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պրոբացիայի ծառայողը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված միջոցների հաշվին վերապատրաստվելուց հետո (բացառությամբ կատարողականի գնահատականի արդյունքներով պարտադիր վերապատրաստման) մեկ տարվա ընթացքում ծառայությունից ազատվելու դեպքում՝ փոխհատուցում է իր վերապատրաստման համար կատարված ծախսերը՝ ծառայություն չիրականացրած ամիսներին համամասնորեն (մեկ ամսվա փոխհատուցման չափը հաշվարկվում է՝ կատարված ընդհանուր ծախսը բաժանելով 12 ամսվա)».

Վերոնշյալ դրույթը վերանայման կարիք ունի՝ հաշվի առնելով հետեւյալ նկատառումները՝

նախ հնարավոր է տարբերակ, երբ օրինակ ծառայողը վերապատրաստումից  վերադառնալուց բավական կարճ ժամկետում, օրինակ, մեկ կամ երկու ամիս հետո իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ապահովում է համապատասխան վերապատրաստման նպատակը հետապնդող  խնդրի, հանձնարարականի արդյունավետ լուծումը: Հետեւաբար, հարց է առաջանում, թե ինչու՞ օրինակ 3 կամ 4 ամիս հետո ծառայողի՝ աշխատանքից ազատվելու դեպքում՝ վերջինս պետք է  փոխհատուցի վերապատրաստման ծախսերը.

Բացի այդ, հնարավոր են դեպքեր, երբ ծառայողը պաշտոնից ազատվում է ոչ թե սեփական դիմումի հիման վրա, այլ վերջինիս ազատում են պաշտոնից օրինակ՝ հաստիքների կրճատման արդյունքում.

Միեւնույն ժամանակ, առաջարկում ենք դիտարկել նաեւ համապատասխան պաշտոնը զբաղեցնող ծառայողի համար փոխհատուցման առավելագույն չափ սահմանելու, ինչպես նաեւ ծառայողի հետ մինչեւ վերջինիս վերապատրաստման ուղարկելը համաձայնագիր կնքելու մեխանիզմը. 

4. Նախագծի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «Պրոբացիայի ծառայողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, առանց իր համաձայնության կարող է փոխադրվել զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի, այդ թվում՝ այլ տարածքային մարմնի պաշտոնի՝ տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո».

Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ Նախագծում բացակայում են դրույթներ՝ կապված Պրոբացիայի ծառայողի՝ հեռավոր մարզում գտնվող տարածքային մարմնում ծառայության փոխադրվելու դեպքում վերջինիս բնակարանով ապահովելու, ծառայողի ընտանիքի անդամների տեղափոխման, վերջիններիս զբաղվածության ապահովման հետ. 

5. Առաջարկում ենք Նախագծի 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշել, թե ում կողմից ներկայացված առաջարկությունները, դիմումները եւ բողոքներն են քննության առնվելու եւ ընթացք տրվելու.

6. Նախագծի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն առաջարկում ենք վերախմբագրել, քանի որ պրոբացիայի ծառայողը ծառայությունից ազատվելուց հետո չի կարող ապահովել պրոբացիայի շահառուի, օրինակ, փաստաթղթերի պաշտպանությունը.

7. Նախագծի 28-րդ հոդվածի 1-ին մասում առկա է վրիպակ, այն է՝ «ապահովման» բառը պետք է դարձնել «ապահովումն»:


Եզրահանգում

Հաշվի առնելով վերոնշյալ առաջարկությունները եւ նկատառումները՝ կարծում ենք, որ  «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի նախագիծը լրամշակման կարիք ունի:

Նախագծերի փաթեթում ներառված այլ օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

20.10.2023թ.