ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-318-14.10.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ
Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը`
1. Կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի թիվ 846-Ն որոշումը, որպես անսարքության պատճառով ՀԴՄ-ների վերանորոգման կամ նոր ՀԴՄ-ների տրամադրման հարաբերությունները կարգավորող ակտ, հիշատակված է Նախագծի հիմնավորման մեջ, որն ուժը կորցրած է ճանաչվել Կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի թիվ 613-Ն որոշմամբ. միեւնույն ժամանակ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Կառավարության վերոնշյալ որոշումը ժամկետային կարգավորումներ չի նախատեսում: Մինչդեռ հսկիչ-դրամարկղային մեքենային եւ ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջներին, հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման եւ գրանցումից հանման կարգին ու հսկիչ-դրամարկղային կիրառության կանոնները ներառված են Կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1318-Ն որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում), որը մասամբ վերաբերում է Նախագծով նախատեսված ժամկետներին: Այսպես՝ Որոշման 2-րդ հավելվածով հաստատված կարգի 7-րդ կետով սահմանված է, որ «Բավարարված դիմումի հիման վրա «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առեւտրային կազմակերպության կողմից մեկ աշխատանքային օրվա ընթացքում կարգաբերվում են ՀԴՄ կիրառողին տրամադրվելիք ՀԴՄ-ները ( )», իսկ Նախագծով նախատեսվում է, որ սպասարկման կենտրոնը ՀԴՄ կիրառողի պահանջով՝ օգտագործման համար վերջինիս տրամադրում է ՀԴՄ սարք տվյալ աշխատանքային օրվա ընթացքում : Արդյունքում ստացվում է, նույնանման հարաբերությունները կարգավորվելու են տարբեր իրավական ակտերով, որոնցից գործող Որոշումը հաշվի չի առնվել Նախագծով նոր կարգավորում նախատեսելիս: Ուստի, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, առաջարկում ենք Նախադծով հղում կատարել նշված Որոշմանը:
2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացման արդյունքում ստացվում է, որ ՀԴՄ-ի անսարքության մասին տեղեկացնելու եւ անսարք ՀԴՄ-ն ստուգելու պարտականությունը դրված է տեխնիկական սպասարկում իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ վրա, ինչից բխում է, որ ցանկացած տեխնիկական սպասարկում իրականացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր կարող է իրականացնել անսարք ՀԴՄ-ի վերանորոգման աշխատանքները: Մինչդեռ Որոշման 2-րդ հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետով հստակ սահմանված է, որ «Անսարքության պատճառով ՀԴՄ-ի միջոցով դրամական հաշվարկների կատարման անհնարինության դեպքում ՀԴՄ-ի կիրառումը ժամանակավորապես դադարեցվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունից կամ ՀԴՄ-ների սպասարկում եւ նորոգում իրականացնող ընկերությունից (այսուհետ՝ սպասարկման կենտրոն) ժամանակավոր օգտագործման համար ստացված ՀԴՄ-ն ՀԴՄ կիրառողի կողմից գրանցելու դեպքում:»: Սույն դրույթից բխում է, որ ժամանակավոր օգտագործման համար ՀԴՄ-ն տրվում է կամ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առեւտրային կազմակերպության կամ ՀԴՄ-ների սպասարկում եւ նորոգում իրականացնող ընկերության կողմից: Հետեւաբար միեւնույնիրավահարաբերության վերաբերյալ տարբեր իրավակարգավորումներից խուսափելու համար առաջարկում ենք Նախագծով նախատեսված կարգավորումները համապատասխանեցնել գործող Որոշմամբ սահմանված նույնաբովանդակ կարգավորումներին:
3. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսվում է փոփոխություն եւ երկու լրացում` առաջարկում ենք Նախագծի վերնագրով սահմանված «ԼՐԱՑՈՒՄ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառերով: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի եւ 33-րդ հոդվածի պահանջներից:
4. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված չակերտները հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասությունը:
5. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով սահմանված իրավական ակտի անվանումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին:
6. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «այսուհետ նաեւ` Օրենսգիրք» բառերը, հաշվի առնելով, որ Նախագծում օրենսգրքին այլեւս հղում չի կատարվում:
7. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը` առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «կետից» եւ «կետ» բառերը փոխարինել «մասից», «մաս» բառերով:
8. Առաջարկում ենքՆախագծի 1-ին հոդվածում «ավելացնել» բառը փոխարինել «լրացնել» բառով եւ «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:
9. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է լրացնել նոր 7-րդ եւ 8-րդ մասեր, մինչդեռ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 381-րդ հոդվածն արդեն իսկ ունի 7-րդ եւ 8-րդ մաս: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասը` առաջարկում ենք Նախագծով լրացվող մասերը համարակալել լրացուցիչ համարով:
10. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ նախադասությունը եւ 21-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 7-րդ մասում «ՀԴՄ» հապավումն իր հոլովաձերով փոխարինել «հաշվիչ դրամարկղային մեքենա» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:
11. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 7-րդ մասի 1-ին մասում միեւնույն միտք արտահայտելիս կիրառվում են տարբեր հասկացություններ, այսպես, օրինակ, լրացվող հոդվածի տարբեր նախադասություններում «ՀԴՄ կիրառող» անձի մասին նշելիս կիրառվում է «իրավասու ղեկավար անձ ե , «դիմումատու ե , «ՀԴՄ կիրառող» հասկացությունները: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին ե օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն հասկացությունները:
12. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը` առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված Օրենսգրքի 381-րդ հոդվածի 8-րդ մասում նախատեսված փոփոխությունն ու լրացումը սահմանել առանձին հոդվածով` համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածին:
13. Նախագծի 1-ին հոդվածով սահմանված Օրենսգրքի 381-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված լրացումն արդեն իսկ առկա է Օրենսգրքի 381-րդ հոդվածի 7-րդ մասում, ուստի սույն լրացման անհրաժեշտությունը բացակայում է:
14. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով սահմանված թվականը նշել ամբողջությամբ` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարողներ՝ Զ. Հովասափյան
(հեռ. 011-513-248) (118) ,
Մ. Վասիլյան ( հեռ. 011-513-616) (201)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարողներ՝ Զ. Հովասափյան
(հեռ. 011-513-248) (118) ,
Մ. Վասիլյան ( հեռ. 011-513-616) (201)
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Պ-318-14.10.2019-ՏՀ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մ. Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :
1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :
2. Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:
ա ) Նախագծի 1-ին հոդվածով սահմանվում է, որ . « ՀԴՄ-ի աշխատանքի ընթացքում անսարքություն հայտնաբերելիս՝ պատասխանատու անձը պարտավոր է անջատել ՀԴՄ-ն եւ տեղեկացնել իրավասու՝ ղեկավար անձին»: Այս առումով, կարծում ենք, որ հնարավոր անորոշություններից խուսափելու համար տվյալ հոդվածի իմաստով անհրաժեշտ է հստակեցնել, թե ովքեր են հանդիսանում «պա տասխանատու անձ» եւ «իրավասու՝ ղեկավար անձ»: Բացի այդ, կարծում ենք, կարիք կա նաեւ հստակ սահմանել անսարքության մասին տեղեկացման ձեւը եւ կարգը, քանի որ նույն հոդվածում խոսք է գնում « դիմումատուի հայտ » -ի մասին:
բ) Նույն հոդվածում սահմանվում է, որ. «վերանորոգման աշխատանքների ողջ ընթացքում սպասարկման կենտրոնը , ՀԴՄ կիրառողի պահանջով՝ տվյալ աշխատանքային օրվա ընթացքում , ժամանակավոր օգտագործման համար վերջինիս տրամադրում է ՀԴՄ սարք» :Կ արծում ենք , անհրաժեշտ է հստակեցնել, թե այդ դեպքում աշխատանքային օրվա սահմանափակումը ո՞ր սուբյեկտին է վերաբերում՝ հսկիչ դրամարկղային մեքենա կիրառողին, թե՞ տեխնիկական սպասարկում իրականացնող սպասարկման կենտրոնին: Բացի այդ, մեր կարծիքով, հնարավոր են դեպքեր, երբ Նախագծով սահմանված երկու ժամկետների միջեւ կառաջանան հակասություններ: Այսպես, համաձայն Նախագծի, սպասարկման կենտրոնը ՀԴՄ-ի անսարքության մասին տեղեկանալուց հետո, առավելագույնը 24 ժամվա ընթացքում պետք է ստուգի անսարք ՀԴՄ-ն, մինչդեռ, նույն սպասարկման կենտրոնը ՀԴՄ կիրառողի պահանջով տվյալ աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավոր օգտագործման համար վերջինիս պետք է տրամադրի ՀԴՄ սարք:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)
2 8 .10.201 9 թ .
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-318-14.10.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :
1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :
2.Նախագծով առաջարկվում է սահմանել խափանված ՀԴՄ-ների նորոգման կամ նոր ՀԴՄ-ներով փոխարինման հատուկ ժամկետներ, ինչը կնպաստի տնտեսվարող սուբյեկտների կողմից շահագործվող ՀԴՄ-ների տեխնիկական անսարքություննրի առավել օպերատիվ վերացմանը:
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող`Ա. Հարությունյան (հեռ.` 011 513-273)
22.10.2019թ.